Նավթային գործոնին հակադրվելու միակ ճանապարհը

logo-eco

2005թ. հոկտեմբերին մամուլում հրապարակվեց, որ կիսահաղորդիչների նախագծման ծրագրերի մշակման աշխարհի առաջատար ՙՍինոփսիս՚ ընկերությունը ձեռք է բերել միկրոսխեմաների արտադրողականության կառավարման և թեսթային միկրոսխեմաների լուծումների մշակման համաշխարհային առաջատար HPL Technologies ընկերությունը: Տեղեկատվության մեջ ուշադրություն էր գրավում ՙՍԻՆՈՓՍԻՍ Արմենիա՚ ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանի հայտարարությունն այն մասին, որ այս միացումը նշանակալից իրադարձություն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլ ամբողջ աշխարհում: Դա, փաստորեն, տարածաշրջանում ոլորտի զարգացման կենտրոն որպես Հայաստանն ընտրելու որոշման ամրագրում էր: Գործարքն արժեր 13 մլն դոլար:
ՙՍինոփսիսն՚ արդեն հայաստանյան երկու ընկերություն էր ձեռք բերել, LEDA դիզայնը/նախկին LEDA Sistems-ը/ և Monterey Arset-ը: Ձեռնարկությունների ձեռքբերման միջոցով ընկերությունը խոշորացնելը խոսում է այն մասին, որ տարածաշրջանային կենտրոն դառնալու ուղղությամբ գործնական քայլերը հաջորդում են մեկը մյուսին:
Ներկայումս Հայաստանում ՏՏ ոլորտի ինժեներական կադրերի թիվը 5000 է, 2010թ. այն կհասցվի 13-14 հազարի: Սպասվում է անգամ մրցակցություն: Մասնագիտական որոշ գնահատականների համաձայն ՏՏ ոլորտը առաջիկա տասնամյակում ի վիճակի է ընդհանուր հասույթը հասցնել 300-400մլն դոլարի, որը կնպաստի արտասահմանյան այլ ընկերությունների մուտքին, և, որպես հետևանք, կադրային խնդրի առաջացմանը:Ոլորտում աշխատավարձը էականորեն ավելացել է և տեղի կունենա արտագաղթած ուղեղների ներհոսք: Եթե արտերկրներում մասնագետներին հրավիրում են դրսից, ապա մեր դեպքում ակնկալվում է ոլորտը զարգացնել հայ մասնագետների վերադարձով և տեղում կադրերի պատրաստումն ընդլայնելով:
HPL ընկերության փոխնախագահ Բրաեն Գորդոնն այն ժամանակ նշել էր, որ հայ մասնագետներն ընկերությանն օգնել են միկրոսխեմաների արտադրության մեջ արտադրողականությունն ավելացնելուն նպաստող ծրագրերի ստեղծման գործում առաջատար դառնալ աշխարհում:
ՙՍԻՆՈՓՍԻՍ՚-ի փոխնախագահ Ռիչ Գոլդմանը նշել է, որ Հայաստանը ՙՍԻՆՈՓՍԻՍ՚-ի խոշոր կենտրոններից մեկն է դարձել և որ Հայաստանում բարենպաստ մթնոլորտ է ներդրումների համար: Որպես կարևորագույն խնդիր է դրված տեղական բարձրակարգ կադրերին հենց հայրենիքում արժանապատիվ մասնագիտական աշխատանքով ապահովելը, որի արդյունքում արդեն բավական հայտեր կան նաև արտերկրում աշխատանք փնտրելու մեկնած մասնագետներից:
Եվ կրկին`ՙՍԻՆՈՓՍԻՍ՚: Մեր զրուցակիցն է Հովիկ Մուսայելյանը, որ ղեկավարում է ՙՍԻՆՈՓՍԻՍ Արմենիա՚ ընկերությունը: Հանրապետությունում գերակա հայտարարված ոլորտը զարգացման ի՞նչ ճանապարհ է անցել:

ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
տեխնիկական գիտությունների թեկնածու

Ավարտել է պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցը, ապա` պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: 1980-84թթ. աշխատել է արտադրությունում, ապա ընդունվել է Մոսկվայի Բուտնիկովի անվան շինարարական տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական թեզ: Զբաղվել է մասնավոր բիզնեսով, 93-95թթ. աշխատել է կառավարության ապարատում` որպես փոխվարչապետի օգնական և արտաքին հարաբերությունների գլխավոր մասնագետ, 96թ. քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետն էր: 97թվականից ՏՏ ոլորտում է: Նախագահական 2 հանձնաժողովների անդամ է` գիտության, կրթության և տեխնիկայի ոլորտում մրցանակներ շնորհող և լավագույն ուսանողներին և աշակերտներին ամենամյա մրցանակներ շնորհող: Դա ՙՍԻՆՈՓՍԻՍ՚-ի կողմից ֆինանսավորվող մրցանակ է, դրամական խրախուսանքով և, ըստ էության, ՏՏ ոլորտում լավագույն ձեռքբերումների համար ՀՀ նախագահի պարգևը: Նաև ՀԱԳ/Գ/Մ նախագահության անդամ է: ՀՀ անկախության 15-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով:

– Հայաստանի նման երկրի համար շատ կարևոր է կարողանալ ճիշտ գնահատել ճյուղային գերակայության խնդիրը: Եվ եթե կառավարությունը որևէ ճյուղի զարգացումը գերակա է հռչակում տվյալ պահին, ապա պետք է հստակեցվի, թե ինչ քայլեր են հաջորդելու դրան, որի արդյունքում անպայմանորեն ոլորտը զգալի շահաբաժին պիտի բերի երկրին:
Ինչ վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաներին, կարող ենք բերել թվեր, որոնք պերճախոս ձևով կներկայացնեն այդ ոլորտի լրջությունը, կարևորությունը և ճյուղում Հայաստանի դերակատարությանն առնչվող խնդիրները: Հետխորհրդային տարիներին միկրոէլեկտրոնիկայի բնագավառում Հայաստանը բավական զարգացած ենթակառուցվածքներ ուներ, բայց Խորհրդային Միության փլուզումից հետո, ցավոք սրտի, բավական մասնագետներ լքեցին երկիրը, ոմանք էլ սկսեցին բիզնեսով զբաղվել, արդյունքում շատ քիչ մասնագետներ մնացին, իսկ նրանք էլ դժվարին կացության մեջ հայտնված երկրում պահանջարկ չունեին: Ի բարեպատեհություն մեզ, համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ Հայաստանում 90-ականների 2-րդ կեսին սկսեցին բացել իրենց մասնաճյուղերը և, պետք է ասեմ, որ դրանում շատ կարևոր դեր խաղաց սփյուռքի գործոնը, որովհետև դրանք բացեցին մարդիկ, ովքեր կամ սփյուռքահայ էին, կամ Հայաստանից գնացած մասնագետներ: Հայաստանում մի շարք ընկերություններ սկսեցին մասնագետներ հավաքագրել, հիմնականում ծրագրավորողներ, որովհետև ծրագրավորման լեզուներին տիրապետող ինժեներների որոշ քանակ դեռևս մնացել էր երկրում: Հայաստանում արդեն հիմնավորվեցին HPL-ը, LEDA Sistems-ը, APG Laps-ը, Virage Logic-ը և այլն: Այդ ֆոնի վրա 2004թ. Հայաստան է մտնում ըստ էության առաջին բրենդը, SYNOPSYS կորպորացիան, որը համաշխարհային առաջատար է էլեկտրոնային ավտոմատ նախագծման և այդ նախագծերի ծրագրային գործիքավորման ասպարեզում: ՙՍինոփսիսը՚ գլոբալ ընկերություն է, աշխարհի շուրջ 22 երկրներում ունի մոտ 65 ստորաբաժանումներ, շուրջ 5000 ինժեներներ են աշխատում ՙՍինոփսիսում՚: Հայաստանում այն սկզբում ձեռք բերեց երկու ձեռնարկություն` LEDA Sistems-ը և Mօnterey Arset-ը և տառացիորեն վերջերս նաև HPL-ը, այդ ընկերությունների ինժեներական թիմերին ինտեգրելով` Հայաստանում ստեղծեց ՙՍինոփսիս Արմենիա՚ ընկերությունը, որտեղ այսօր արդեն աշխատում են 400 ինժեներ: Կարծում եմ, որ սա ՙՍԻՆՈՓՍԻՍ՚-ի համար ռեկորդային արդյունք էր, որովհետև կարճ ժամանակամիջոցում, մեկ տարում , իհարկե նաև այլ ընկերություններ գնելու շնորհիվ, աշխատողների թվաքանակն ավելացավ մոտ 100 տոկոսով: Ըստ էության,իր մեծությամբ, Միացյալ Նահանգների մեր մասնաճյուղից հետո, Հայաստանը, փաստորեն, 2-րդն է, և դա բավական լավ ցուցանիշ է: Շատ կարևոր հարցադրումներ են եղել և տարածաշրջանային, և տեխնիկական ապահովվածության, կրթական համակարգի առումով, թե ինչու Սինոսիսը մտավ հենց Հայաստան: Եթե այս հարցերին մենք կարողանում ենք տալ իրատեսական պատասխաններ, ապա կարողանում ենք ունենալ նաև այսօր Հայաստանում ՏՏ ոլորտում տեղի ունեցող գործընթացների որոշակի պատկերը: Կարող եմ ասել,որ ՙՍԻՆՈՓՍԻՍ՚-ի ղեկավարությունը բավական գոհ է հայկական մասնաճյուղից, գոհ են, որ հենց մեր երկրում են այն ստեղծել: Ահա իմ ձեռքին է Ռուսաստանում լույս տեսնող ՙԷլեկտրոնիկա՚ ամսագրում տպագրված հոդվածը,որը հիմնականում հենց վերաբերում է այդ հարցին: Ելույթ ունենալով Ռուսաստանում տեղի ունեցած միկրոէլեկտրոնիկայի մեծ կոնֆերանսում` ընկերության փոխնախագահ Ռիչ Գոլդմենը հստակորեն պատասխանել է, թե Հայաստանը ինչ առավելություն ունի տարածաշրջանային առումով: Այստեղ շատ կարևոր է, որ ՙՍԻՆՈՓՍԻՍ՚-ը Հայաստանում տեսավ հստակ զարգացման միտումներ, այն, որ նախկինում ՙԼեդա սիստեմս՚-ն արդեն ուներ բուհերի հետ աշխատելու փորձը, համաձայն որի երեք մասնագիտությունների գծով` ռադիոէլեկտրոնիկա, հաշվողական տեխնիկա և կիբեռնետիկա, ճարտարագիտական համալսարանի լավագույն ուսանողներին 3-րդ կուրսից ամեն տարի վերցնում ենք, օրինակ, այս տարի 70 ուսանող ենք ընդունել և,ըստ էության, ուսանողները 4 տարի բակալավրական և մագիստրոսական կրթությունն ստանում են մեր ընկերությունում մշակված կրթական առարկայական ծրագրերով, տիրապետում են ընկերության տեխնոլոգիաներին, ծրագրային գործիքներին և ավարտելուց հետո ի զորու են մեզ մոտ աշխատելու և նրանցից շատերը ստանում են այդ առաջարկությունը: Այս պահին ունենք 175 ուսանող ճարտարագիտական համալսարանից, իսկ մեկ տարի առաջ պայմանագիր ստորագրեցինք պետական համալսարանի հետ և 30 ուսանող էլ այնտեղից ունենք, փետրվարին այդ թիվը կհասնի 60-ի: Ցավոք սրտի մենք չենք կարողանում կողքից մարդիկ վերցնել, որովհետև պատրաստի կադրեր չկան, մենք ինքներս ենք պատրաստում մեր կադրերին, որի համար բավական մեծ ներդրումներ են արվում ընկերության կողմից: Դասավանդում են բուհերում աշխատող, բայց մեր կողմից ընտրված դասախոսները և մեր առաջատար մասնագետները: Եվ բնական է, նրանք ևս պարբերաբար որակավորման դասընթացներ են անցնում, որովհետև այս ճյուղը դինամիկ զարգացող ճյուղ է և անընդհատ նորույթների ու նոր տեխնոլոգիաների մասին տեղեկությունների պակաս է զգացվում: Որակավորման կուրսերի միջոցով կարողանում ենք այդ բացը լրացնել: Չենք բավարարվում միայն սեփական կադրեր պատրաստելով: Երեկոյան ժամերին պարբերաբար դասընթացներ ենք անցկացնում նաև այլ մասնագետների համար: Բայց հիմնական շեշտը, կադրային դարբնոցը մեր համալսարանական ծրագրերն են երկու բուհերի հետ:

Այս տարի սկսեցինք նաև համալսարանական 3-րդ ծրագիրը: Զելենոգրադում, Մոսկվայի ինժեներա-տեխնիկական ինստիտուտում սեպտեմբերի 1-ից 30 ուսանող սկսեցին ՙՍԻՆՈՓՍԻՍ՚-ի մագիստրոսական ծրագրի ուսուցումը: Ծրագիրը ղեկավարում և իրականացնում է ՙՍԻՆՈՓՍԻՍ՚-ի հայկական մասնաճյուղը: Իրականում դա ֆանտաստիկ երևույթ է: Երկրի համար ռազմավարական կարևորագույն նշանակություն ունի, որովհետև այս ինստիտուտը դեռևս խորհրդային տարիներից և այժմ էլ ամենաբարձր վարկանիշ ունեցող ինստիտուտն է Ռուսաստանում: Այսօր նման բուհում մագիստրոսական ծրագիր իրականացնել և ղեկավարել Հայաստանից, կարծում եմ, ոչ միայն կարևոր նշանակություն ունի ՙՍԻՆՈՓՍԻՍ՚-ի, այլև մեր երկրի համար, ոլորտում Հայաստանի դերի և ճանաչման, ինչպես նաև` զարգացման առումով: Մեր ուսումնական պրոցեսում ուսանողներն օգտագործում են գերժամանակակից ծրագրային միջոցներ: Շատ քիչ երկրներում կարող ես հանդիպել, որ այդպիսի հնարավորություններ են տրված ուսանողներին: Բավական է ասել, որ ներդրված ծրագրային գործիքների գինը շուկայում հասնում է 250 մլն դոլարի, և դրա հիմնական նպատակն այն է, որ ուսումնառությունը վերջացնելուց հետո ունենանք պատրաստի կադրեր մեզ մոտ աշխատելու համար: Ընկերությունն ամենախոշորն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, որովհետև նույն Ռուսաստանում միկրոէլեկտրոնային միկրոսխեմաների նախագծման բնագավառում 100-ից ավել ինժեներներով կազմակերպություն չկա: Փոքր, միջին չափի ընկերություններ են,և, պետք է ասել, որ իրենք ևս զարմացած են, որ Հայաստանում 400 հոգանոց կոլեկտիվ կա, որոնք բոլորն էլ աշխատում են համաշխարհային առաջատար ընկերությունում և կատարում են հանրահայտ ընկերությունների պատվերներ, օգտվում գերժամանակակից տեխնոլոգիաներից: Անշուշտ դա երևույթ է, որի մասին կարելի է խոսել, բայց մենք դրանով չենք բավարարվում և լրջորեն զբաղվում ենք նաև կադրային համալրման խնդիրներով, քանի որ մտածում ենք, որ առաջիկա տարիներին անպայմանորեն կունենանք զարգացումներ:
Հաճախ են հարցնում ընդհանրապես ճյուղի զարգացածության մասին և թե Հայաստանը ինչ տեղ է գրավում ՏՏ ոլորտում: Կարծում եմ, հարցադրումը կոռեկտ չէ, որը մենք բազմիցս նշել ենք: ՏՏ տնտեսության առանձին ճյուղ չէ, այլ համակարգ է: Համակարգից օգտվում են տնտեսության տարբեր ճյուղեր և ունենում են զարգացումներ: Ցանկացած ոլորտում եթե ՏՏ չներդրվեն, ապա այդ ճյուղը զարգացման ոչ մի միտում ունենալ չի կարող: Այդ պատճառով պետք է հստակեցնել, թե խոսքը ՏՏ որ ճյուղին է վերաբերում: Բազմաթիվ ճյուղեր կան. հեռահաղորդակցություն, մուլտի մեդիա, ինտերնետ ծրագրավորում, միկրոէլեկտրոնիկա, միկրոսխեմաների նախագծում և այլն: Պետք է անպայման նշել ճյուղը և հետո նոր խոսել այն մասին, թե Հայաստանը ինչ ինդեքս ունի այդ ոլորտում: Օրինակ, հեռահաղորդակցության առումով Հայաստանը աշխարհում վերջին տեղերից մեկում է: Դա բոլորին է հայտնի: Ինչ վերաբերում է միկրոէլեկտրոնիկայի, միկրոսխեմաների, չիփ դիզայնի բնագավառներին, ապա ես կարծում եմ, որ այն տեխնոլոգիաները, որոնք առկա են Հայաստանում, 2-3 համաշխարհային ճանաչում ունեցող ինժեներական ընկերությունների ներկայությամբ, թույլ է տալիս ասել, որ Հայաստանը բավական պատկառելի տեղ կարող է ունենալ, որովհետև ցանկացած նորագույն, գերժամանակակից տեխնոլոգիաների առկայությոնը տվյալ երկրում խոսում է նաև այդ երկրի տեխնոլոգիական զարգացվածության աստիճանի մասին: Կարծում եմ Հայաստանը բավական անելիքներ ունի օգուտներ քաղելու առումով, և դա ռազմավարական նշանակություն ունի նաև երկրի համար:
ՙՍԻՆՈՓՍԻՍ՚-ը աշխարհի 450 համալսարանների հետ համագործակցում է: Ենթակառուցվածքներն այնքան զարգացած են Հայաստանում, որ որոշում ընդունվեց Ռուսաստանում կրթական ծրագրի ղեկավարումը իրականացնել Հայաստանից: Եվ Զելենոգրադի պրոֆեսորադասախոսական կազմը գալիս է Հայաստան, կուրսեր է անցնում մեր ընկերությունում, մեր առաջատար մասնագետները գնում են այնտեղ դաախոսություններ են կարդում, այդ կերպ փորձում ենք ծրագիրն այնտեղ ևս իրականացնել, որը կարևոր է նաև Ռուսաստանի համար, քանի որ մեր պատրաստած մասնագետները կարող են աշխատել համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր ընկերություններում: Այսպիսով, մեր միջոցով նրանք ևս ներգրավվում են ՙՍինոփսիսի՚ ընդհանուր կրթական համակարգում:

Սկզբում ռուսական կողմը կասկածանքով էր նայում մեր հնարավորություններին, նրանք պատկերացում անգամ չունեին, որ մեզ մոտ կան նման ընկերություններ:Այստեղ տեղին է հիշել, որ հայկական կողմը 3-4 ընկերություն պարտքի դիմաց հանձնեց Ռուսաստանին, որը չի կարողանում աշխատեցնել դրանք, կադրեր պիտի լինեն, ներդրումներ պիտի արվեն: Վստահ եմ, հեռու չէ ժամանակը, որ մեր մասնագետները կներգրավվեն այդ ձեռնարկություններում:
-Ինչ որ տեղ իզուր չէր, որ ասում էինք, թե Մերգելյան ինստիտուտ ունենք, որը մեր երկրի հարստությունն է: Ծանր տարիներին կարծես թե փոշիացրինք այդ հարստությունը, հիմա փշրունք-փշրունք կրկին հավաքում ենք: Տաշած քարը կարծես թե իսկապես գետնին չի մնում:
-Այո, մանավանդ որ այդ տաշած քարը տեսնող է լինում: Շատ է կարևոր, որ այդ տաշած քարը նկատվի: Ահա նկատվել է, և փայլում է այնպես, որ լուսավորում է նաև ռուսաստանյան երկինքը: Իսկ եթե այս միտումները շարունակվեն, մասնագետների թիվն ավելանա, այս ոլորտի արտադրանքի պահանջարկն աշխարհում այնքան շատ է, որ աշխատանքի պակաս չի զգացվի: Այսօր ողջ տեխնիկան աշխատում է միկրոսխեմաներով, որոնք նախ պետք է նախագծվեն, ապա արտադրվեն և տեղադրվեն: Գերժամանակակից շատ սարքավորումների միկրոսխեմաներ նախագծվում են Հայաստանում: Դա անհավանական է թվում, բայց իրողություն է: Նախագծումից մինչև արտադրություն պատվիրատուն անընդհատ քո կողքին է, թեսթավորման միջոցներ կան, որոնք ստուգում են նախագծի արդյունավետությունը: Ամեն ինչ արվում է բացարձակ որակ ապահովելու համար:
Մեր ընկերությունում շատ հստակ ձևավորված է արտադրություն-գիտություն-կրթություն ինտեգրման հնարավորությունները և շատ-շատ աշխատակիցներ նաև գիտական թեզեր են գրում, որոնց թեման հենց բուն իրենց աշխատանքային գործունեությանն է վերաբերում, կատարում են գիտահետազոտական աշխատանքներ: Տեսաք նաև, որ մենք կրթական ուրույն մեթոդներ ունենք համալսարանների հետ, իսկ արտադրությունն, անշուշտ, ամենագլխավորն է: Երեք բաղադրիչների ինտեգրումը տալիս է իր դրական արդյունքները: Շատ են խոսում ինովացիոն ծրագրերի մասին, ահա ինովացիայի հրաշալի օրինակ, որ առկա է Հայաստանում: Ցավոք սրտի մենք կղզիացած ենք հասարակության մեջ, տնտեսությունում, սակայն եթե շղթայական ռեակցիա տեղի ունենա և այլ ճյուղերում ևս ներդրվի մեր փորձը, այն ժամանակ միջավայրը ընդհանուր կլինի բոլորիս համար: Միակ ճանապարհը սա է:
Բիլ Գեյթսը վերջերս եկել էր Ռուսաստան և ռուսներին սովորեցնում էր, թե ինչպես պետք է աշխատել, և ներկայացնում էր այն մոդելները, որոնք մենք արդեն կիրառում ենք: Գիտահետազոտական աշխատանքներ, նոր տեխնոլոգիաներ, կրթական աշխատանք համալսարանների հետ և գիտատար արտադրություն: Իսկապես ուրիշ ճանապարհ չունենք, մանավանդ որ, իմ համոզմամբ, նավթային գործոններին հակադրվելու միակ ճանապարհը իրոք սա է: Պահանջարկն անսպառ է, ինչքան էլ մասնագետներ ընդգրկենք, քիչ է լինելու: Մի պերճախոս օրինակ էլ բերեմ. միջազգային ասոցիացիաների միջոցով կան հստակ ինդեքսավորված թվեր, թե այս բնագավառի յուրաքանչյուր ինժեներ սպասարկման ոլորտում քանի լրացուցիչ աշխատատեղ է ստեղծում: 6-8, այսինքն, սա բարձր վարձատվող բնագավառ է, բարձր վարձատրվելով` ծրագրավորողը սպասարկող լրացուցիչ աշխատողների կարիք է զգում: Եթե այս ամենին ավելացնենք այն, որ դադարում է ուղեղների արտահոսքը և, հակառակը, ներհոսք է նկատվում, ապա պատկերացրեք, թե այս ոլորտի զարգացումը երկրի համար ինչ ռազմավարական նշանակություն կարող է ունենալ:

ՙՍԻՆՈՓՍԻՍ՚ ընկերության հիմնադրման 20-ամյակի առթիվ հայաստանյան մասնաճյուղի 400 աշխատակիցները 2006թ. նոյեմբերի 11-ին Երևանի Հաղթանակի զբոսայգում 400 ծառ տնկեցին: Սա արդեն երրորդ նմանատիպ նախաձեռնությունն է: Աշխատողների թվաքանակի ավելացմամբ` ավելանում է նաև անտառ դառնալու հավակնություն ունեցող տնկիների թիվը:

Սկզբնաղբյուր՝ Էկոնոմիկա ամսագիր, #3-2006, դեկտեմբեր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s