Ռալֆ Յիրիկյան. «Ժամանակն է ասել` մենք` հայերս: Մենք` 8 միլիոն հայերս, այսպե’ս ենք ուզում»

logo-eco

Երկխոսություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ

Հովիկ Մուսայելյան – Վերջին տարիներին մեզանում անընդհատ խոսվում է այն մասին, որ մեր երկրի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը տեղեկատվական հասարակության ձևավորումն է, բայց հասարակության տեղեկացվածության ուղղությամբ շատ քիչ բան է արվում: Եթե այսօր փորձենք մի փոքրիկ մոնիթորինգ անել, թե հասարակության տարբեր շերտերում որքանով են տեղյակ ընդհանրապես հեռահաղորդակցության և, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների բնագավառից, համոզված եմ` կպարզվի, որ գերակշիռ մասը չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը: Ահա թե ինչու ամսագրում բացված խորագրի շրջանակներում ցանկանում ենք բնագավառում աշխատող մարդկանց, հեղինակավոր գործիչների միջոցով քննարկվող հարցին մասնագիտական լրջությամբ վերաբերվել և հասարակությանն ու նաև իշխանությանը տեղյակ պահել մեր պատկերացումների, արածի ու անելիքների, ընթացքում հանդիպող ու խանգարող խնդիրների մասին: Ձեզ հետ զրույցը ցանկանում եմ սկսել սփյուռքի գործոնից: Ինձ թվում է` մենք հաճախ գերագնահատում ենք այս գործոնը: Շատ պետական այրեր, հասարակության տարբեր շերտեր ներկայացնող մարդիկ պատասխանատվության որոշ բեռ միշտ փորձում են դնել սփյուռքի վրա` ապավինելով նրա օգնությանը: Իրարամերժ մի վիճակ է, իսկապես, կարծես թե գերագնահատվում է այդ ուժի կարողությունը, սակայն, իմանալով, թե ինչպիսի ներուժ ունենք սփյուռքում, օրինակ, մասնավորապես, ՏՏ բնագավառում, մյուս կողմից էլ` ճիշտ է նաև հակառակ տեսակետը` շատ քիչ են օգտագործվում նրա հնարավորությունները:
Եթե պատմական էքսկուրս անենք, թե հետխորհրդային շրջանում Հայաստանում ինչպես սկսեց զարգանալ ՏՏ ոլորտը, կտեսնենք, որ դա իրականացավ սփյուռքահայերի շնորհիվ: Նրանք էլ այսօր բաժանվում են երկու մասի` դասական սփյուռքահայերը և խորհրդային երկրից արտագաղթածները: Իսկ Ձեր կարծիքով սփյուռքը դեռևս ի՞նչ չօգտագործված հնարավորություններ ունի Հայաստանում այս ոլորտի զարգացման համար:
Ռալֆ Յիրիկյան – Նախ նշենք, որ սփյուռքը միայն ամերիկահայերը չեն: Հայաստանի ու Արցախի սահմաններից դուրս որտեղ հայեր կան` սփյուռք է: Հնարավորությունները շատ ավելին են, անշուշտ: Բայց կա մի մտավախություն, մի անկայուն հոգեբանություն, որ ստեղծում է այդ մտավախությունը: Շատերն են ցանկանում Հայաստան գալ և զարգացնել. օրինակ, ՏՏ ոլորտը, բայց անվստահություն ունեն: Այս ոլորտում փոփոխությունները, զարգացումներն ամենօրյա են: Եվ եթե այսօր մենք ինչ-որ հաջողություն ունենք, շատ չպիտի ուրախանանք, որովհետև այն, ինչ ունենք այսօր, մի քանի օրից կամ հաջորդ ամսից արդեն հնացած է լինելու: Կարճ ժամանակ անց կտեսնենք, որ միջազգային շուկայում մեր ունեցած համակարգն արդեն փոխարինվել է նորով: Սփյուռքի արժեքն այս դեպքում շատ կարևոր է, որովհետև իրենք ավելի շատ են շփվում այս փոփոխությունների հետ, իրազեկ են օրեցօր տեղի ունեցող փոփոխություններից: Պիտի աշխատենք Հայաստանում ևս այս զարգացումներն ապրել օրեցօր, ոչ թե սպասել սփյուռքից եկած կամ ուրիշ ինչ-որ խմբերի ներդրումներին: Մենք հետևում ենք զարգացումներին, սակայն դժվար է ամեն ինչից իրազեկ լինել: Գիտենք, որ ՏՏ ոլորտը միայն մեկ ճյուղ չէ. համակարգիչները, միջազգային զանգերը, երկրից երկիր ինտերնետը, թվայնացված հաշվիչները, որոնք օգտագործվում են խանութներում, բոլորը տեղեկատվական տեխնոլոգիաներ են: Իհարկե, սփյուռքը կարևոր դեր ունի այս փոփոխությունները արագորեն հայրենիք փոխանցելու ուղղությամբ: Կառավարությունը պիտի ակտիվ համագործակցի ոլորտում աշխատող առաջատար ընկերությունների հետ, կանխի հիասթափության և անվստահության պատճառները և համատեղ լուրջ ծրագրեր իրականացնի: Բայց, մյուս կողմից էլ, ես մեղադրում եմ սփյուռքին, որովհետև հայրենիքը լաբորատորիա չէ, և, եթե ուզում ես հայրենիք գալ, ուրեմն պիտի քաջություն ունենաս ու նետվես հայրենիքիդ դաշտ: Կարող են լինել նաև ձախողումներ, բայց պրպտող, ձգտող մարդը անպայման հաջողություն կունենա, և, ի վերջո, մի օր էլ իր աշխատանքով կօժանդակի տնտեսության զարգացմանը:

– Լավ կլիներ, որ ձեր կարծիքը ինչ-որ կերպ փոխանցվեր նաև սփյուռք: Այլ բան է, երբ մենք ենք դա ասում, այլ բան` երբ ձեզ նման գործարարը: Սակայն, դա առանձին խոսակցություն է: Ես ուզում եմ վերադառնալ տեղեկատվական հանրությանը վերաբերող խնդրին: Եթե փողոցում որևէ մեկի հետ չիփ դիզայնից խոսենք, հիմնականում ոչինչ չեն հասկանա, սակայն բջջային հեռախոսներից խոսելիս, անմիջապես ոգևորվում են, բավական տեղեկացված են: Երիտասարդությունը արագ է ընկալում ամեն ինչը, մինչդեռ մենք կորցրինք այս բնագավառում միջին և ավագ սերնդի գիտելիքները նպատակային օգտագործելու ժամանակակից ուժեղ առավելությունը: Առանց փնովելու, քննադատելու անցյալի սխալները, որոնց պատճառով այսօր մենք զիջել ենք մեր երբեմնի առաջատար դիրքերը, առաջ նայելով` փորձենք գտնել այն պատճառները, որոնք արգելակում են ոլորտի զարգացումը:
– Կարծում եմ, այլևս չպետք է Սփյուռքը տարանջատենք Հայաստանից: Ժամանակն է ասել` մենք` հայերս: Երևի ճիշտ կլինի արդեն արմատավորենք այս գաղափարախոսությունը:
– Իսկ ո՞վ պիտի նախաձեռնի դա:
Եկեք մենք սկսենք` գործարարներս: Մենք ենք շփվում մարդկանց հետ, եկեք հանդիպումների ընթացքում հայտարարենք, մենք` 8 միլիոն հայերս, այսպես ենք ուզում: Չեմ ուզում որևէ որևէ մեկի վրա գցել, ոչ էլ, ինչպես ընդունված է, կառավարության վրա: Ինքներս սկսենք: Վերադառնալով սկզբին` կարող եմ ասել, որ կապի ոլորտը բավական զարգացած է: Սակայն այդ զարգացումը ամեն օր պիտի լինի: Մրցակցությունը շատ կօգնի: Տարբեր ենթաոլորտներում, օրինակ, բջջային կապում, ֆիքսված կապում, երբ կա մրցակցություն և ազատ է թողնվում այդ մրցակցությունը` նոր տեխնոլոգիա, նոր ծառայություներ կմտցվեն շուկա: Իսկ երբ ընկերությունը նոր ծրագրեր է մտցնում շուկա, անպայման արտասահմանյան ընկերությունների հետ պայմանագրեր պիտի ունենա: Եվ ահա, մրցակցային դաշտում մենք վազքի մեջ ենք` ո՞վ կարող է ավելի նոր ծրագրեր ներմուծի, և դա անձրևի նման մեզ վրա է բերում տարբեր ընկերությունների առաջարկները:
– Նոր տեխնոլոգիաներ ձեռք բերելու, նոր գաղափարներ իրականացնելու համար փող է պետք: Կարծում եմ, ինձ հետ համաձայն եք, որ սա այն ոլորտն է, որտեղ ներդրումներ են արվում ապագայի մեջ: Եթե ապագայի մեջ ներդրումներ չանես, դուրս կմնաս համաշխարհային զարգացումներից: Սակայն ապագայի մեջ ներդրում անելը հայ գործարարների մտածելակերպին հարիր չէ: Եթե նա այսօր մեկ լումա ներդրում է անում, մտածում է, որ վաղն անպայման կրկնապատիկը պիտի հետ ստանա: Երբ լսում է, որ իր ներդրած գումարը տասնապատիկ արդյունք կբերի 7 տարի հետո, դա իրեն լուրջ գործ չի թվում: Այնքան մեծ ռիսկ է տեսնում դրա մեջ, որ հրաժարվում է քայլ անելուց: Նման ռիսկի դիմում են միայն միջազգային հեղինակավոր ընկերությունները, որոնք մեր երկրում բացառիկ կղզյակներ են, որոնք շատ լավ գիտակցում են խնդրի լրջությունը և մեծ գումարներ են ներդնում ապագայի համար: Չե՞ք կարծում, որ ժամանակն է, որպեսզի մեր գործարարները հասկանան, որ ՏՏ-ը նաև տնտեսության ցանկացած ճյուղի զարգացման հիմնական երաշխիքն են, և եթե ներդրումներ չարվեն նոր տեխնոլոգիաներ ներմուծելու ուղղությամբ, կկորցնենք ապագայի հեռանկարները: Ունենք հարուստ գործարարներ, որոնց ընկերություններում միայն ինքն ու իր ընտանիքի անդամներն են աշխատում, չեն գիտակցում, որ մասնագետներ են պետք, կադրային ներուժ, ժամանակակից տեխնոլոգիաներ, աշխատաոճ է պետք:

– Եթե քնենք ու զարթնենք` հույսով, թե ինքն իրեն ինչ որ բան կստացվի, ամեն ինչ կկորցնենք, իսկ եթե ուզում ենք առաջ գնալ, այո, արդեն սահմանները բացվել են, ելք ու մուտքը հեշտացել է, հնարավորություն ունենք տեսնելու, թե ինչպես են դրսում աշխատում, չմոռանանք նաև, որ արտասահմանյան ներդրումներով աշխատող որոշ ընկերություններ իրենց աշխատաոճը, հարցերին իրենց մոտեցումը ներմուծել են երկիր և փոխում են իրավիճակը: ՎիվաՍելը, մտնելով շուկա, հայտարարեց իր ծրագրերի մասին ու կարողացավ իր նպատակադրածին հասնել, հաջողություններ արձանագրել: Մարդիկ սովորելով ինքնավստահություն են ձեռք բերում ու համոզվում, որ իրենք ևս կարող են նման ձևով աշխատել: Մեր գործընկերների հետ շփումներում մենք ևս արդեն տեսնում ենք փոփոխությունները, սկսած նամակագրությունից` վերջացրած ֆինանսական խնդիրներով: Բայց պիտի ընդունենք, որ տնտեսության զարգացումը ցիկլային է, անմիջապես տեղի չի ունենում: Վերցնենք բանկային համակարգը, մեկը ներդրեց նոր ծառայություններ, մյուսները ևս ավելացրեցին իրենց ծառայությունների քանակը: Սովորելու համար պետք է միշտ կրկնել արդեն սովորածը, որպեսզի այն, ինչ սովորել ես, ամրապնդվի: Օրինաչափություն է, որ պատերազմից դուրս եկած պետությունները դեռ 15-20 տարի դժվարություններ են կրում: Հայաստանը նաև համակարգ փոխեց, շրջափակման մեջ էր: Հայաստանը միայն Երևանը չէ, Հայաստանը նաև շրջաններն են: Բայց արդեն սկսվել է առաջընթացը: Ես ինձ վրա եմ վերցնում: 2001-ին, երբ Հայաստան եկա, արդեն օդանավակայանում շոկի մեջ էի: Այն ամենը, ինչ սովորել էի հայրենիքի մասին, ունեի իմ երազանքներում, հօդս ցնդեցին: Սակայն ընդամենը 7 տարի է անցել, ու տեսեք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել: Սա արդեն զարգացում է նշանակում, բավական առաջադիմել ենք: Սակայն, դա չնչին բան է զարգացման ընդհանուր ճանապարհի վրա, բայց ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք ամենաբարձր մակարդակի, իհարկե` ոչ մեկ-երկու տարում: Ամենակարևորը, մենք` գործարարներս, չպիտի հուսահատվենք, միշտ պիտի առաջ գնանք և մյուսներին էլ սովորեցնենք, թե որն է ճիշտ ճանապարհը և նրանց ևս առաջ տանենք:
– Երբ տեղացի գործարարները հավաքվում են և զրուցում, գերիշխում է նիհիլիզմը, և շատ ավելի բողոքական կեցվածք կա: Ձեզ հետ զրուցելիս ավելի շատ ոգևորություն է առաջանում, և դա ոչ միայն զրուjցից է, այլև բխում է այն գործունեությունից, որ տանում եք դուք, և ընկերությունը, որը նիհիլիզմից բավական հեռու է: Հասկանալի է, որ հեռահաղորդակցության օպերատորը երկրում արտադրանք է վաճառում, որի օգտագործողները մեր երկրի քաղաքացիներն են, ծառայություններ եք մատուցում, և բնական է, որ մրցակցությանը դիմանալու համար պիտի ծախսեր անեք: Բայց այսօր դրանից զատ Ձեր անվան շուրջ մի բարի իմիջ է ստեղծվել, որ տարբեր բնագավառներում ծրագրեր իրականացնելու առիթով շատերն են մտածում Ձեզ դիմելու մասին: Որտե՞ղ է սկսվում Յիրիկյանի գործունեությունը և որտե՞ղ են վերջանում հնարավորությունների սահմանները:

– Ինձ համար գործունեությունն սկսել է զերո օրից և սահման չունի: Ես կարծես ՎիվաՍելի, Վիվա Սել բրենդի զինվորը լինեմ: Բայց, սկսած առաջին օրից, մեր ռազմավարական նպատակներից մեկն այն է, որ, եթե մենք ինչ-որ բան ենք պարտավորվում` մենք մեր խոստումը պիտի անպայման կատարենք: Այսպես մենք աշխատում ենք ոչ միայն մեր բաժանորդների, գործադիրի հանդեպ, այլ` մեր աշխատակիցների: Մենք, կարելի է ասել, գործարան ունենք, որն արտադրում է այդ դինամիկան, որը թարգմանվում է ցանց, ծառայություններ, որը բացատրում է, որ անկարելի է, որ ցանցը խափանվի, որ եթե ինչ-որ բան պատահի, մենք պիտի գիշեր ցերեկ աշխատենք, որպեսզի վերականգնենք այն: Միշտ մեր խոսքի տերն ենք եղել: Մեր գործընկերների հետ ինչ պայմանավորվում ենք, անպայման կատարում ենք: Մենք ձգտում ենք ավելի բարելավել մեր աշխատաոճը, օրինակելի դառնալ: Եվ ոչ միայն դրսի գործընկերների հետ հարաբերություններում: Նույն դրվածքն է նաև մեր գործավորների նկատմամբ, քանի որ նրանք մեր ապագայի գործարարներն են, նրանք ապագայի տնօրեններն են, ինչ որ տեսնում են, այն էլ սովորում են: Ահա թե ինչու ես վստահությամբ եմ նայում ապագային: Ինչպես Սինոփսիսը, մենք ևս արտադրում ենք ապագայի կադրեր, ապագայի սերունդների մտածելակերպ, տարբեր մտածելակերպ: Եթե մյուսները ևս այսպես աշխատեն, և, ընդհանրապես, որքան նման հիմնարկների թիվն ավելանա, այնքան արագ տեղի կունենան ընդհանուր փոփոխությունները: Այս նոր մտածելակերպն է լինելու մեր ապագան: Սա կոչվում է կորպորատիվ քաղաքացու մտածելակերպ: Երկու տիպի քաղաքացիություն կա` մարդն ինքը` որպես անհատ քաղաքացի, և աշխատող հիմնարկը` որպես կորպորատիվ քաղաքացի, որը պիտի ամեն կերպ հաջող բիզնես ծավալի, հնարավորինս եկամուտ վաստակի հասարակությունից, բայց նաև ամեն ինչ պիտի անի, որպեսզի այդ եկամուտից օգուտ տա նույն այդ հասարակությանը: Ոչ թե ծառայության կամ արտադրանքի տեսքով, այլ սոցիալական, առողջապահության, բնապահպանական, գազի, գիտության, գյուղերի զարգացման, կրթության և այլ ոլորտներում ծրագրեր իրականացնելու միջոցով: Կորպորատիվ քաղաքացու մտածելակերպն արդեն մեր աշխատակիցները տեսնում են, ամեն օր իրենք ապրում են այդ միջավայրում, մտածում ու վերլուծում են, թե ինչի համար է իրենց հիմնարկն անում այդ ամենը, նույնը փոխանցվում է իրենց ընտանիքի միջավայր, երեխաներին: Ապագան այդպես է ձևավորվում: Աշխարհը շարունակում է օրեցօր զարգանալ, որովհետև մարդիկ ունեն այդ հույսը, կյանքի սերը: Սա է, որ պիտի մեր մեջ պահենք, ոչ թե վատի մասին մտածենք, նիհիլիզմով մոտենանք հարցերին: Հայաստանում դա շատ ընդգծված է արտահայտվում: Գուցե պատճառը գիտենք, դա մեր անցյալն է, սակայն պիտի ազատագրվենք դրանից: Ես ուրախ եմ, մեր աշխատակիցները կարծես դեսպաններ լինեն, աշխատանքից հետո այս միջավայրում ստացած դրական մտածելակերպն իրենց հետ դուրս են հանում, տանում իրենց տուն, այլ միջավայրեր: Ահա այսպես կամաց-կամաց կփոխվի միջավայրը:
– Աշխատակիցները գնում են տուն, ընտանիքը երևի թե, նաև հպարտ է, որ իրենց հարազատը նման հիմնարկում է աշխատում: Բայց ընտանիքի կենսամակարդակի խնդիրները առաջնահերթ են: Եվ, եթե գնաճը այսօր մեր երկրում այնպիսի սահմանի է հասնում, որ կարող է գերազանցել եկամուտները, ընդհանուր տրամադրությունը դժվար է փոխվում:
– Գնաճը ամբողջ աշխարհի խնդիրն է: Այո, եկամուտները հաճախ բավարար չեն լինում ընտանիքի խնդիրները հոգալու համար: Բայց այդ տեսնելով` չի նշանակում, որ մենք պիտի հուսահատվենք: Զուգահեռաբար, ինչո՞ւ չտեսնենք, որ մեր տնտեսությունը զարգանալու ճանապարհին է: Երբ տնտեսությունը զարգանում է, դա նոր աշխատատեղեր է նշանակում: Ահա, երրորդ օպերատորն է մտնում շուկա, դա նշանակում է 500-1000 աշխատատեղ, հարակից ոլորտների զարգացում` գովազդային, հրատարակչական և այլն, դա նշանակում է եկամուտների ստեղծում, ավելի մեծ պահանջների բավարարում: Սա միայն բջջային կապի ոլորտի օրինակով: Նման օրինակներ կան նաև այլ ոլորտներում: Իհարկե, ընթացքում առաջանում են նաև լուրջ խնդիրներ: Մի քանի օր առաջ միասին զրուցում էինք այդ մասին: Մենք մի վտանգավոր երևույթի առաջ ենք կանգնած. Հայաստանում լավ մասնագետները մի քիչ ավել գումար վաստակելու համար գնում են արտասահման, որովհետև զգում են, որ իրենք ավելի ապահով կարող են լինել այնտեղ: Եվ չի բացառվում, որ հետագայում այդ երկրի քաղաքացիության համար դիմեն ու հիմնավորվեն այնտեղ: Եթե մենք արդեն նման բաներ ենք նկատում, պիտի արագ քայլեր ձեռնարկենք, որպեսզի նրանք մնան Հայաստանում և մեր երկրի համար աշխատեն: Գաղափարախոսությունը շատ կարևոր է: Պիտի հույսով խոսենք, ապագայի ծրագրերի իրականացման մասին պիտի խոսենք: Պիտի խոսենք այն մասին, որ ապագան այսօր կամ վաղը չէ, ապագան մի քանի տարի հետոն է, և նախանշված ծրագրերի իրականացման գործում ցանկալի է այդ մասնագետների մասնակցությունը` նրանց փորձը, գիտելիքները, նոր գաղափարներ ներմուծելու ունակությունները, և հնարավորինս ասպարեզ ստեղծել նման կադրերի համար: Անելիքներ ունենք նաև մենք, մեզ նման հիմնարկները:

– Մեր հարևան երկրները մի ռազմավարություն են որդեգրել և տարեկան պետական աջակցությամբ ուսանողներ են գործուղում արտասահմանյան լավագույն համալսարաններ: Միայն հույսի և հավատի վրա հիմնվել չենք կարող, պիտի քայլեր անենք: Սակայն, երբ այս հարցը բարձրացնում ենք, ասում են` կգնան ու չեն վերադառնա: Այդպես մտածելով չենք առաջադիմի: Տեղական գործարարները ևս ակտիվ չեն այս հարցում: Դրսում կրթություն ստանալը, նրանց ոգևորելը, որ իրենց հիմնական գործունեությունը պիտի հայրենիքում լինի, շատ կարևոր է:
– Եթե մասնագետը տեսնում է, որ արտասահմանում տարբեր առավելություններից է օգտվում, զարգանալու հնարավորություններ ունի, ապահովագրություն ունի, անշուշտ, կարող է նախընտրել այնտեղ աշխատելը: Արտասահմանում երկու տիպի համալսարաններ կան` պետական և մասնավոր: Մասնավորում տարբեր ոլորտների հզոր ընկերություններ մասնակցում են կրթական գործին` Մայքրոսոֆթը, Նեշնըլ ինսթրումենթսը: Մենք կարող են սկսել լսարան հովանավորել, արտասահման գործուղել: Անգամ եթե երիտասարդները գերադասեն մնալ արտասահմանում, նրանք կզարգանան, նոր գաղափարներով կզինվեն: Այսօր ուսանողների թվում փայլուն գաղափարներով երիտասարդներ կան, գաղափարներ, որոնք կարելի է արտադրության համար օգտագործել, արդյունքից մասհանում անել, և այդ մարդը կսկսի ծրագրեր կազմել, ընկերներին ոգևորել, ընտանիք ծրագրել: Մենք, գործարարներս, կարող ենք սկսել և օրինակ դառնալ մյուսների համար: Դրսի համալսարանները այդպես են անում, իրենց ուսանողների գաղափարները արտադրություն են իջեցնում: Մենք բուն կրթական պրոցեսում դեռ ընդգրկված չենք, սակայն ամառային պրակտիկայի ժամանակ մենք շատ ուսանողներ ենք ունենում, որոնցից մեզ համար կադրեր ենք ընտրում: Իսկ մեզ մոտ ամառային պրակտիկայի են գալիս ոչ միայն տեխնիկական ոլորտի բուհերից, այլ նաև իրավաբանական, հաշվապահական և այլն:
– Դրա վառ օրինակներից է Սինոփսիսի օրինակը: Չորս տարի է ընդամենը նրա կրթական ծրագիրը գործում է: Բոլոր այն համալսարանները, որոնք համապատասխան կադրեր են պատրաստում, դիմել են մեզ, ամբիոններ են ստեղծել: Սինոփսիսի կողմից հիմնականում ներդրումներն արվել են սեփական կադրային համալրումն ապահովելու համար, և ովքեր մեզ մոտ աշխատանքի հրավեր չեն ստանում, այլ ընկերություններում են գտնում այն: Ուսման ընթացքում մենք ստեղծում ենք այն միջավայրը, որն անհրաժեշտ է: Չիփ դիզայնի առումով ուսանողը նոր գաղափար չի կարող տալ, դա շատ ավելի բարդ ոլորտ է, բայց մենք փայլուն ուսանողներ ունենք: Հատկապես զարմացնում են աղջիկները, նրանք այսօր ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս: Համաձա՞յն եք ինձ հետ, որ հայերի մոտ նոր գաղափարները հեշտորեն յուրացնելու գենետիկ հակվածություն կա:
– Միայն միջավայրի տարբեր գործոններն են խաղում հիմնական դերը: Ուրիշ ազգեր մեզնից լավը չեն, ոչ էլ մենք ենք ուրիշներից լավը: Իմ համոզումն այն է, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե մարդն ինչպես է կարողանում օգտվել իրեն ընձեռված առիթից: Այդ առիթը կարող է պարզապես անցնել, գնալ նրա կողքով, բայց եթե նա նկատեց իր դեմ դուրս եկած հնարավորությունը և լավագույնս օգտվեց դրանից, հաջողություն կունենա: Սակայն այդ առիթները տեսնելու համար ևս որոշ պայմաններ են պետք: Առայժմ մարդիկ հիմնականում զբաղված են օրվա խնդիրներ լուծելով: Չմոռանանք, որ ոչ հեռավոր անցյալը մեզ շատ է խանգարել, սակայն մեր միջավայրում էլ անպայման որոշ պայմաններ պետք են, որ օգնեն մեզ կարողանալ օգտվել առիթներից` ավելի զարգացնելու գաղափարները, մտածելակերպը: Մեր մեջ պիտի սկսենք ներդնել նորարարական գիտելիքներ, որոնք կկարողանանք օգտագործել մեր մտածելակերպի մեջ: Օրինակ, ամենավերջին տեխնոլոգիան եթե չիմանանք, մեր մտածելակերպը սահմանափակված կլինի միայն այն տեխնոլոգիայի շրջանակում, որը գիտենք, բայց, եթե նորությունների մասին տեղեկացված լինենք, այն ևս մեր մտածելակերպի մեջ, մեր սեփական չիփի վրա լինի, և այդ նորությունն էլ կարողանանք օգտագործել մեր մտածելակերպի մեջ, ահա այդ ժամանակ կարող ենք փոփոխություններ իրականացնել: Բայց, եթե համեմատության մեջ դնենք մարդուն, որը տիրապետում է բոլոր նորություններին և նոր տեխոլոգիաներով աշխատելու հնարավորություն ունի, մեկ ուրիշի հետ, որը պարփակված է իր փոքրիկ սենյակում, ու մի կարևոր հարցի պատասխանն է փորձում գտնել, ապա, իհարկե, նորություններին տիրապետող մարդն ավելի լավ կարող է տալ այդ պատասխանը և լուծում առաջարկել: Մյուսը գուցե ևս գտնի հարցի լուծումը, բայց` ավելի երկար ժամանակ ծախսելով: Ամերիկայում, Սուդանում կամ մեկ այլ երկրում գտնվող մարդիկ միմյանցից շատ չեն տարբերվում, պարզապես միջոցների, հնարավորությունների առումով են տարբեր: Բոլոր ազգերի մեջ էլ և խելացին կա, և ոչ խելացին, դավաճանը, հանցագործը:

– Բայց, այնուամենայնիվ, ինձ թվում է` հայերի մեջ զարգացած է արագ ընկալելու հատկանիշը: Օրինակ բերեմ հեռավոր գյուղում դպրոցն ավարտած երեխան գալիս է մայրաքաղաք, ընդունվում բուհ, երրորդ կուրսից գալիս է Սինոփսիս, ամերիկյան ընկերություն, շատ արագ յուրացնում է մեր միջավայրի տրամադրած հնարավորությունները, երկու տարի սովորում է մեզ մոտ, գործուղում ենք Կանադա, Ամերիկա և այլն, անցնում է մի քանի ամիս, նա այնքան արագ է յուրացնում ամեն ինչ, վերադառնում, որ դժվարանում ես մտածել, որ նա ընդամենը մի քանի տարի առաջ հեռավոր գյուղում ամեն ինչից անտեղյակ երեխա էր: Մինչդեռ` գյուղից` քաղաք, քաղաքից` համալսարան, համալսարանից` մեկ ուրիշ երկիր` այնքան էլ հեշտ ճանապարհ չէ: Իմ կարծիքով դա անպայման գենետիկ առանձնահատկություն է, որովհետև չի կարող պատահել, որ մեկի դեպքում դա լինի, մյուսի դեպքում` չլինի: Բոլորն են այդպիսին:
– Ես Լիբանանում եմ ծնվել, մեծացել, հայկական դպրոց գնացել: 15-16 տարի պատերազմի մեջ ենք ապրել, ոչ հաց ունեինք, ոչ ջուր, հեռու տեղերից ջուր էինք բերում, դժվար պայմաններ էին: Սակայն այս ամենին դիմակայեցին նաև լիբանանցիները, պատերազմից հետո կրկին վերափոխվեցին և հարմարվեցին նոր միջավայրին: Իմ կարծիքն այն է, որ ոչ թե գենետիկայի հարցն է այստեղ առաջնային, այլ` պայմանների: Եթե դրանք չկան, նպաստավոր միջավայրը չկա, ոչինչ տեղի չի ունենա: Պայմաններն են, որ գաղափարներ են ծնում, իսկ եթե շատ լավ գաղափարներ ունեք, սակայն պայմանները չկան, այդ ամբողջը կմեռնի այդ սենյակի մեջ: Մենք պիտի վստահություն ունենանք մեր ուժերի հանդեպ: Եթե նստենք և սպասենք, թե մեկ ուրիշը պիտի գա և մեզ օգնի, պիտի իմանանք, որ ոչ ոք առանց իր շահի ոչ մի օգնություն ցույց չի տա:
– Հայաստանի միջավայրում արդեն բավական ժամանակ է ինչ լուրջ գործունեություն եք իրականացնում: Առաջին տպավորությունից ի վեր` ի՞նչ փոփոխություններ եք տեսնում:
– Շատ մեծ փոփոխություններ: Վերցնենք ամենաառօրեականները` համակարգչից օգտվողների թիվը, լեզուների իմացությունն ու օգտագործումը: Աշխարհը միայն Հայաստանը, Ռուսաստանը կամ Ամերիկան չէ, աշխարհը Աֆրիկան է, Ավստրալիան, Եվրոպան: Մի քանի տարի առաջ համակարգիչներին և մի քանի լեզուներին տիրապետող մասնագետները քիչ էին: Արդեն շատ են արտասահման գնում, իսկ շփումը դրսի հետ շատ կարևոր է, փոփոխություններն անգամ մարդկանց հագուկապից են երևում: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ ենք այդքան շատ կարևորում բարեգործական ակցիաները: Պիտի շատ խնդրեմ դրանք բարեգործություն չանվանել: Եթե մեկը մի հարուստի դիմում է անձնական խնդրանքով, և նա օգնության ձեռք է մեկնում, դա գուցե բարեգործություն է: Իսկ մեր արածը Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն է կոչվում: Կրկնում եմ այն, ինչի մասին արդեն խոսել եմ: Տնտեսության մեջ աշխատող հիմնարկը կորպորատիվ քաղաքացի է, հիմնարկ-քաղաքացի: Եթե հիմնարկը կարողանում է աշխատել տնտեսության մեջ, ուրեմն հասարակությունը նրան ընդունել է: Նա առնչվում է հասարակության հետ, նշանակում է իր եկամուտն ստանում է հասարակությունից: Հիմնարկն իր բիզնեսը հիմնում է հասարակությունից և նրա մեջ գործող հիմնարկներից փող ստանալու ակնկալիքով: Եթե հասարակությունը քեզ հնարավորություն է տալիս քո բիզնեսը զարգացնելու և օգտվելու բարիքներից, ուրեմն դա փառք է: Ուրեմն, դու` իբրև կորպորատիվ քաղաքացի, չպիտի մոռանաս, որ այդ ձեռքը, որ երկարեց և օգնեց քեզ, պետք է մի բան հետ ստանա: Փոխշահավետ հարաբերություն է: Պիտի միշտ մտածենք հասարակության մասին: Պիտի միշտ հիշենք, որ հասարակության շնորհիվ ենք մենք փող աշխատել: Ուրեմն, մենք միշտ պիտի այդ փողի մի մասը վերադարձնենք հասարակությանը, ոչ թե ստիպողական ձևով, այլ պարտավոր ենք դա անել` որպես ճիշտ, մաքուր մտածելակերպով քաղաքացի: Բայց պիտի վերադարձնենք ծրագրերի տեսքով, որովհետև հասարակության մեջ տարբեր խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում: Եթե մենք տեսնում ենք այդ հարցերը և գտնում ենք, որ կարող ենք օգնել դրա լուծմանը, պիտի անենք դա:
– Եթե սրա կողքին ունենք նաև գործարար, որը մտածում է միայն իր գրպանի մասին, ավելին, դեռ նաև թաքցնում է եկամուտները և խուսափում հարկերից, պիտի չքաշվենք և ասենք, որ դրանք թշնամի մտածելակերպով մարդիկ են: Իսկ կորպորատիվ քաղաքացի լինելու հասկացությունը ընդունված գործելակերպ է արտասահմանում, և խիստ կարևոր է այն Հայաստանում ևս սերմանելը: Մնացած բոլոր գաղափարախոսությունները պիտի գան կպչեն և ջարդվեն այս գաղափարի ուժից: Պետք է ամեն կերպ ջանալ մեր գործարարների մեջ արմատավորել հասարակության առջև պատասխանատվության հարցը: Կարծում եմ, շատ հետաքրքիր զրույց էր: Ռալֆը փորձ արեց կոչ անել, որ նոր մտածողությամբ գործարարների ակումբ ստեղծվի: Տարբեր առիթներով, տարբեր միջավայրերում այդ մասին խոսում ենք, սակայն կոչի ձևով այն չի հնչել: Խոսեցինք կորպորատիվ քաղաքացիության մասին, որը ՙԷԿՈնոմիկա՚ հանդեսում նոր խորագիր դառնալու իրավունք ունի և կօգնի ձևավորելու այդ մտածողությունը: Հայաստանը միայն Երևանը չէ: Դուք ևս դա շեշտեցիք: Քանի որ Ձեր գործունեությունը միայն Երևանով չի սահմանափակվում, կարո՞ղ եք մարզերի վիճակի վերաբերյալ Ձեր դիտարկումները ներկայացնել:
– Չեմ ուզում և սխալ եմ համարում թույլ տեղերի մասին անընդհատ խոսելը, դժվար տեղերը շարունակ ցույց տալը: Շատ ենք ասում` այս բանը չկա, այս բանը թույլ է, այս բանը խանգարում է: Պիտի սա դադարեցնենք, մոռանանք, այլ ասենք` ես գտնում եմ, որ այս կամ այն ծրագիրն իրականացնելը ճիշտ է, ես պետք է սկսեմ այս գործը: Պիտի սկսենք խոսել` այս բանն ուզում ենք անել և իսկապես անել: Չորս տարեկան տղաս վերջերս տան մեջ պտտվելով բարձր-բարձր ասում է. ՙԵս սիրում եմ Հայաստանը, իմ հայրենիքը Հայաստանն է՚: Այս չորս տարեկան երեխան հավատով է ասում, որվհետև դա է նրան դաստիարակվել, դա է լսել միջավայրում: Եվ եթե գործարարների համար ևս այս հավատն ու միջավայրն է ստեղծվում, որ Հայաստանը Հայաստանն է ծայրից ծայր, ապա այդպես էլ ընդունվում է: Հերիք է լացենք` վա~յ, ափսո~ս, այլ գործ անենք բոլորս:
– Այս խորագրի ավանդույթի համաձայն` այժմ դուք պիտի հարց ուղղեք ինձ:
– Չեմ ուզում հարց տալ, ուզում եմ խնդրանքի պես մի բան ասել: Դուրս գանք նեգատիվ մտածելակերպից, դուրս գանք ապագան սև տեսնելու մտածելակերպից, մեր առջև միշտ սպիտակ պատկեր տեսնենք: Եթե չենք էլ տեսնում, փորձենք երևակայել, մեր մտքի սքրինսերվերը միշտ թող սպիտակ բացվի մեր առջև, թող միշտ հույսով, հավատով և պայծառությամբ նայենք ապագային, անկախ նրանից, որ դժվարություններ կան: Շատ խնդիրներ կհայտնվեն մեր ճանապարհին, այդ պատճառով, այս տեսանկյունից նայենք մեր հարցերին: Սա Հայաստանում է միայն տարածված: Սփյուռքը իր ապրած երկրի պարտադրած տրամադրության մեջ է: Հայաստանում դա շատ ուժեղ է հասկանալի պատճառներով` միանգամից բազմաթիվ խնդիրների լուծման ծանրության տակ են հայտնվել մարդիկ: Բայց, նկատում եմ` նեգատիվից ազատագրվելու ճանապարհին ենք արդեն:

Սկզբնաղբյուր՝ Էկոնոմիկա ամսագիր, 2(18) 2008, աշուն

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s