Ճյուղը հայտարարված է գերակա, սակայն միջազգային սանդղակում խոշոր անկում ունենք

logo-eco

ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ- Մենք աշխատում ենք նույն բիզնես միջավայրում և, անգամ որոշ հարցերում տարակարծությունների դեպքում, մեր աշխատանքի ընթացքում հիմնականում նույն խնդիրներին ենք առնչվում: Ճարտարագիտական համալսարանում այս տարվա մեր կրթական ծրագրում ընդգրկվելու հավանական դիմորդների հետ ավանդական հանդիպման ժամանակ ուսանողներից մեկը հարցրեց. ՙԲազում գրականություն եմ կարդում, մամուլին, հեռուստատեսությանն եմ հետևում, ոմանք հաստատապես պնդում են, թե Հայաստանը ՏՏ ոլորտում առաջնակարգ դիրքեր է գրավում, մյուսները կտրականապես հերքում են դա: Ես ինքս եմ փորձում հասկանալ, թե Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում, ի՞նչ տեղ է զբաղեցնում իր ներուժով, չեմ կարողանում՚:
Երիտասարդը շատ լավ հարց ուղղեց մեզ, որը մենք, ոլորտում անմիջականորեն և լրջորեն զբաղվածներս ևս, տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով ինքներս ենք փորձել և շարունակ փորձում ենք պարզաբանել: Ահա այսօր կլոր սեղանի եմ հրավիրել մարդկանց, ովքեր շատ լավ գիտեն դաշտը, գիտեն առավելությունները և թերությունները, որոնք լայն հասարակությանը հայտնի չեն, թեկուզև դրանց առկայությունը էական ազդեցություն ունի նույն այդ հասարակության բարեկեցության աստիճանի վրա: Կուզենայի մեր զրույցն սկսենք` փորձելով պարզաբանել ՏՏ ոլորտում Հայաստանի գրաված նիշը: Նախ, մենք ունե՞նք այդ նիշը, թե՞ ոչ:
Համաձայն Դավոսի տնտեսական ֆորումի վերջին զեկույցի, օգտագործելով տարբեր ցանցային բաղադրիչներ, 135 երկրների թվում Հայաստանին վերագրել են 116-րդ տեղը, որն, իմ կարծիքով, խայտառակ ցուցանիշ է մի երկրի համար, որտեղ 7-8 տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ճյուղ: Հիմա եկեք ինքներս փորձենք որոշել Հայաստանի ճիշտ տեղը: Որքանո՞վ օբյեկտիվ է մեր երկրի համար 116-րդ տեղը: Ճի՞շտ է ներկայացված իրողությունը: Համենայնդեպս, այդ տեղը մեզ բոլորովին պատիվ չի բերում:
ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-Կարծում եմ, հարցի պատասխանը համեմատության մեջ պիտի որոնենք: Մենք պետք է մեր երկրում տիրող իրողությունը համեմատենք այն երկրների հետ, որոնց հետ միասին տնտեսություն էինք զարգացնում և միասին էլ նույն պայմաններում բաժանվեցինք խորհրդային երկրից: Որտե՞ղ են գտնվում Ռուսաստանը, մյուս 15 հանրապետությունները:
ԱՐՄԵՆ ԲԱԼԴՐՅԱՆ- Իրականում, բոլորովին էլ նույն պայմաններում չբաժանվեցինք, որովհետև բաժանման տարում մենք այդ հանրապետությունների հետ համեմատության մեջ` առնվազն 4-րդն էինք բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացածության աստիճանով:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ.-Պարոն Բալդրյանը ճիշտ է ասում, որովհետև այն տարիներին, երբ բաժանվում էինք, Խորհրդային Միության ռազմական էլեկտրոնիկայի մոտ 30 տոկոսն արտադրվում և մշակվում էր Հայաստանում: Ավելին, ոչ միայն Խորհրդային Միության, այլև Տնտեսական զարգացման եվրոպական երկրների թվում էր Հայաստանը առաջատար: Այդ իմաստով երևի մենք այդ ժամանակ անհամեմատ ավելի լավ վիճակում էինք գտնվում, քան մյուսները: Առհասարակ, պետք է անպայման շեշտել, որ ՏՏ ոլորտն իր մեջ շատ բան է ներառում: Եթե խոսենք արդյունաբերության մասին, իհարկե, այն հավասարապես չէր զարգացած Խորհրդային Միությունում, և Հայաստանը մեծ առավելություններ ուներ այդ ասպարեզում: Իսկ բնակչության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման տեսանկյունից` բոլորովին այլ պատկեր էր: Այն ժամանակ բոլորի մոտ էլ շատ ցածր մակարդակ էր այդ առումով: Անկախության տարիներին մեր ունեցած հաջողությունները հենց նախկին արտադրական ներուժի շնորհիվ ունեցանք:
Ուստի, ներկայումս խիստ կարևոր է հասկանալ, թե երկիրն ու ժողովուրդը ինչի՞ կարիքն ունեն ՏՏ ոլորտում, և, թե այդ պահանջները որքանո՞վ են բավարարված: Այնուհետև դրանից բխեցնել զարգացման մակարդակը, այն համեմատել աշխարհի տարբեր երկրների մակարդակի հետ: Պիտի խոստովանեմ, որ անձամբ ես թերահավատ եմ տվյալ զեկույցի համար վերցված չափանիշների նկատմամբ, սակայն, անկախ ամեն ինչից, անշուշտ, վատ է 116-րդ տեղում լինելը: Ըստ էության, ընդամենը մի քանի ընկերությունների ուժերով փորձում ենք իրավիճակը շտկել: Մեր նպատակը, ինչ խոսք, բիզնեսն է, սակայն դրա արդյունքում են նոր ապրանքներ ու ծառայություններ ծնվում, որի շնորհիվ փոխվում է պատկերը: Այստեղ ուզում եմ շեշտել մի շատ կարևոր հանգամանք. ոչ ոք սոցիալական վիճակը բիզնեսից առաջ չի դնում, իսկ բիզնեսի զարգացումը ներդրումների համար նպաստավոր պայմաններ է ենթադրում, որը չի եղել և, ցավոք, չկա երկրի անկախացումից ի վեր: Պիտի շիտակ լինենք և խոստովանենք, որ այն, ինչ ունենք այսօր, կար նաև 10 տարի առաջ: Վերջերս մենք վերլուծում էինք իրավիճակը` փորձելով հասկանալ, թե ի՞նչն է փոխվել այս տարիների ընթացքում, և հանգեցինք այն եզրակացության, որ բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ պայմանները գործնականում մնացել են նույն վիճակում: Թեպետ արդեն 5 տարի է կառավարությունը ՏՏ ոլորտը գերակա ճյուղ է հայտարարում, և, չնայած որ այդ տարիներին մի շարք ընկերություններ են առաջացել, որոնք իրենց համար կարիերա են անում, դրամաշնորհներ են ստանում, ծրագրեր են իրականացնում, իրականում այդ ամբողջ աղմուկը ոչ մի շոշափելի արդյունք չի տվել:
ԱՐՄԵՆ ԲԱԼԴՐՅԱՆ -Եկեք նախ սկսենք չափանիշներից: Այսինքն, այդ 116-րդ տեղը որ կա, դա որոշակի պայմանների առկայություն է ենթադրում` ՏՏ հասանելիություն, օգտագործելիություն և այլն: Բնակչությանը պատկանող մասը` օգտագործելիությունը, առանձնացնենք ՏՏ արտադրության ոլորտից: Այսինք, երբ ասում ենք, թե Խորհրդային Միության ժամանակ Հայաստանը 3-րդ կամ 4-րդ տեղում էր, խոսում ենք արդյունաբերության մասին: Եվ, ընդհանրապես, այն ժամանակ, ճիշտ է, բնակչությանը հասանելի լինելու մասին խոսք անգամ գնալ չէր կարող: Այսինքն, համեմատելու եզրերը խիստ տարբեր են: ՏՏ այն ճյուղն է, որն ինքն է պահանջարկ ստեղծում: Ոչ թե սպասում է, թե երբ պիտի պահանջարկը լինի, հետո այն բավարարելու ուղղությամբ աշխատանք տարվի: Ինչ է` պիտի սպասենք, որ գյուղերի բնակչությունը մի օր վերջապես ասի` եկեք, նոր տեխնոլոգիաներ բերեք գյո՞ւղ: Իրականում, մենք ինքներս քայլ չենք անում և բնակչության շրջանում չենք ստեղծում այդ պահանջարկը: Պետությունը շատ պասիվ վիճակում է, սպասում է մինչև դանակը ոսկորին հասնի, մինչդեռ պիտի կարողանալ գոնե մի կես քայլ առաջ լինել պահանջարկից: Այս տեսակետից 116-րդ տեղը համապատասխանում է իրականությանը: Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, բոլորիս էլ պարզ է, որ անկախության տարիներին այն Հայաստանում զարգացավ, քանի որ նախկին համակարգից ժառանգություն մնացած ներուժ կար: Ներուժը կար, սակայն արդեն խորհրդային արդյունաբերությունը չկար: Կային անգործ մասնագետներ, որոնք հիմնականում հեռացան երկրից, իսկ մնացածների հենքի վրա արտասահմանյան ընկերությունները նոր արդյունաբերություն ստեղծեցին: Դատարկ տարածություն ունեինք, որը լցվեց, սակայն չընդլայնվեց: Մինչդեռ, եթե ընդլայնում չլինի, եթե բիզնեսը չզարգանա, այն պարզապես կվերանա, քանի որ այս բիզնեսը միջին վիճակ չի սիրում: Օրինակ, Սինոփսիսն այն ընկերությունը չէ, որ ասի, թե հասել եմ զարգացման գագաթնակետին և այլևս հավակնություններ չունեմ: Նույնը վերաբերում է նաև տեղական ընկերություններին: Իսկ երբ զարգացման հնարավորությունները նվազում են, բիզնեսն այլ միջավայր է փնտրում: Սա է, որ լուրջ հարց է դառնում երկրի տնտեսության զարգացման տեսակետից: Տնտեսության զարգացման հարցերը ամեն օր պիտի քննարկվեն, վեր հանվեն բոլոր մանրամասները, հակառակ դեպքում զարգացումը պարզապես վտանգված է: ՏՏ զարգանում է ամեն օր, եթե նույնիսկ ՏՏ արդյունաբերության գծով ոչ թե 116, այլ, ենթադրենք 70-րդ տեղում ենք, իրավիճակը նույնը պահելու դեպքում, միևնույնն է, հետընթացը արագորեն շարունակվելու է:

ԳՐԻԳՈՐ ԲԱՐՍԵՂՅԱՆ- Մեր ընկերությունը երեք տարի է, ինչ հետևում է այդ դինամիկային: 3 տարի առաջ կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարեց գերակա ճյուղ: Նախքան հայտարարելը մենք 57-րդ տեղում էինք, երեք տարվա ընթացքում եկել հասել ենք 116 տեղ: Ի՞նչ է կատարվել: Նախ պիտի հասկանանք, թե ինչ բաղկացուցիչներ են նկատի առնվում այդ տեղերը բաշխելիս` պետական, հանրային, կրթական և այլ բաղկացուցիչների համախմբման արդյունքում են բաշխվում այդ տեղերը և դառնում ինդեքս: Հիմա մենք ակնհայտորեն հետընթաց ունենք: Մենք կարծես թե առ այսօր էլ չենք հասկանում, թե ի՞նչ է ՏՏ ընդհանրապես: Պետք է վերջապես գիտակցենք, որ առանց ՏՏ-ի մրցունակ լինել, տնտեսական, ժողովրդագրական զարգացում ունենալ այսօր պարզապես անհնար է: եթե ՏՏ չունենք, ոչ մի զարգացում չենք ունենա, վերջ: Սա արդեն դոգմա է: Եվ, եթե տարեցտարի նվազում են մեր առավելությունները, դա ոչ միայն այսօրեական լրջագույն հարց է, այլ, ավելին. սա նաև նշանակում է, որ տնտեսական զարգացման վաղվա հնարավորությունն ենք կորցնում: ՏՏ բավական բարձրացնում է արդյունավետությունն ամենուր: Վերցնենք ամենասովորական մի ոլորտ` Երևանի ստորգետնյա անցումների շինարարությունը, ստեղծված և շարունակվող անհարմարությունները և դրանից առաջացած խնդիրները: Չտեղեկացված մարդկանց կարող է զարմանալի թվալ, բայց ոչ` մասնագետներին, այն հաշվարկը, որ ինքս եմ արել: Տեսեք, իմ հաշվարկով այդ շինարարության ընթացքում ամեն երևանցի 100 դոլարի վնաս է կրել, այսինքն` 20 մլն դոլարի ներդրում է արվել, մինչդեռ այդ ողջ ընթացքում կորցրել ենք 100 մլն դոլար: Փողոցների խցանումները ոչ թե ստորգետնյա անցումներ կառուցելով պիտի հանվի, այլ առօրյա կյանքում ՏՏ-ի օգտագործման ծավալները պիտի մեծացվեն: Որքա~ն մեքենաներ ու մարդիկ են անընդհատ փողոցում այս ու այն կողմ շարժվում, փաստաթղթեր տանում, բերում, մինչդեռ կարող են գրասենյակում կամ տանը նստած այդ ամենն անել համակարգչային ծառայություների միջոցով: Անգամ կարելի էր պարզապես ՏՏ-ի միջոցով այնպիսի համակարգ ստեղծել, որը խցանումները կվերացներ: Այսինքն` գիտականորեն հիմնավորված որոշումներ կայացվեր, օգտագործվեր ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները: Որովհետև, աշխարհի մյուս մեծ քաղաքներում նման խցանումներ չկան, ո՞վ է գիտականորեն հիմնավորել, որ անպայման անցումներ են պետք կառուցել, չգիտենք: Կամ, նույն տեխնոլոգիաների միջոցով կարելի է ճշտել, թե ասենք, եթե այսօր Հայաստանում գարեջուր ենք արտադրում, որն ավելի թանկ է նստում, քան ներմուծումը, ի՞նչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի երկիրը դառնա մրցունակ միջազգային շուկաներում: ՏՏ չօգտագործելու հետևանքով արտադրողականությունը մեր երկրում խայտառակ վիճակում է: Ի՞նչ է նշանակում 116-րդ տեղը: Այն, որ մոտակա տարիներին չենք կարողանալու այն բարձրացնել: Սա մի ահազանգ էր, որին պետք էր անմիջապես արձագանք լիներ թե կառավարության, թե հանրության կողմից, որը չեղավ:
Իսկ եթե արտադրության կտրվածքով դիտարկենք, այո, նախկինում զարգացած արդյունաբերություն ենք ունեցել: Երբ խորհրդային համակարգը փլվեց ու մեր երկիրը զրկվեց իր ունեցած հզորությունները նպատակային օգտագործելու հնարավորությունից, որովհետև, օրինակ, ամենասովորական էլեկտրական հոսանքը չկար, որ համակարգիչ միացվեր, էլ ինչպե՞ս էր հնարավոր պահպանել ժառանգություն ստացած ներուժը: Ով կապեր ուներ` գնաց արտասահման, իսկ ով մնաց, կամ կրպակ պիտի աշխատեցներ, կամ փորձեր ինքը ներսում մասնագիտացված ընկերություն հիմնելու նախաձեռնություն ցուցաբերեր, որն էլ արվեց մեծ մասամբ արտասահման գնացած իրենց գործընկերների օգնությամբ նաև: Բայց դա որոշ իմաստով հարկադիր իրողություն էր:
Այսօր դանդաղելը բոլորովին այլ իմաստ է ստանում, մանավանդ որ մեր ունեցած ներուժը նկատվել է, արտասահմանյան ընկերությունները մուտք են գործել Հայաստան, զգալի ներդրումներ են կատարվել, որը ոչ թե պետական քաղաքականության, այլ զուտ անհատների աշխատանքի արդյունք էր: Այն հիմքերը, որ կային, այդ կերպ կրկին սկսեցին աշխատել: Եվ փառք աստծո, որ այդ ներդրումների շնորհիվ հնարավոր եղավ ոչ միայն պահպանել, այլև զարգացնել եղածը: Դա փաստ է, որի շուրջ վիճելն անիմաստ է: Մենք շատ երջանիկ էինք, որ այն ծանր տարիներին ՏՏ էինք ստեղծում, անգամ առանց պետական աջակցության: Հետո, կարծես թե ունեցանք այդ աջակցությունը, ցավոք, որի արդյունքը չտեսանք, ընդակառակը, նոր խնդիրներ առաջացան: Ինչևէ, մեր մասնագետներն աճեցին, սակայն նրանց ուժն օգտագործվում է արտասահմանյան մշակումների համար: Երկրի ունեցած պոտենցիալը երկրի համար չի օգտագործվում: Նորմալ բիզնեսն ունի իր զարգացման տրամաբանությունը. սկզբում տեղական շուկայի համար ես աշխատում, թափ ես հավաքում, հետո դրսի շուկա ես դուրս գալիս: Տեղական շուկայում դեռևս չի ձևավորվում անհրաժեշտ պահանջարկը, եթե այն լիներ, եթե ՏՏ մասնագետները գնահատվեին, նրանց կարիքն զգային թե կառավարությունում, թե կրթական ոլորտում և այլուր, այն ժամանակ միայն այդ բիզնեսները կզարգանային երկրի ներսում` զարգացնելով նաև երկիրը: Դրանից հետո նոր կարելի կլիներ դրսի շուկայի մասին մտածել, մի քայլ առաջ գնալ: Ոլորտում աշխատող ձեռնարկությունների համար այսօր առաջնահերթ կարևորության խնդիրն առնչվում է հարկային և մաքսային կառույցներին: Նրանց պարտադրած աշխատաոճն այնպիսի պրոբլեմ է դարձել, որ արդեն անհանգստացնում է դրսի ընկերություններին: Մինչդեռ պետք էր մեկ քայլ առաջ գնալ, քանի որ եթե հարկային վարչարարությունների հետ կապված խնդիրները լուծվեին, այդ ընկերությունները շահագրգռված կլինեին խուսափել երկակի հարկերից և կնախընտրեին հարկերը մուծել Հայաստանում, քանի որ այստեղ դրանք անհամեմատ ցածր են: Օրինակ, Գերմանիայում նա պիտի մուծի 40 տոկոսից ավել ԱԱՀ, իսկ Հայաստանում` 20 տոկոս:
Ես խոսեցի մեծ ընկերությունների մասին, իսկ տեղական ընկերությունները մաքսայինից, հարկայինից, սանէպիդկայանից սկսած խնդիրներ են ունենում: Փոխանակ օգնեն, կարծես թե բոլորն էլ ուզում են խանգարել: Եթե իսկապես ցանկանում ենք հարկային հաշվետվությունների խնդիրը լուծել, նշանակում է հաշվետվությունները պիտի օն լայն ուղարկել, եթե ավտոտեսուչի պրոբլեմներն ենք ցանկանում լուծել, դարձյալ ՏՏ-ի միջոցով կարելի է դա անել: Պետությունը կարող է շատ մեծ օգուտներ ունենալ շատ լուրջ թերություններ մեկընդմիշտ վերացնել ՏՏ-ի միջոցով, որն առ այսօր չի անում:
ԱՐՄԵՆ ԲԱԼԴՐՅԱՆ-Երևի թե այն պատճառով, որ շատ մարդիկ էլ կտուժեն դրանից:
ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ- Եթե փորձենք ամփոփել ասվածը, ամենամտահոգիչը, թերևս, Գրիգորի ասածն էր, որ 116-ից ավելի հետ գնալու հնարավորություններն ավելի շատ են, քան վեր բարձրանալու: Որովհետև, իսկապես, այն, ինչ ունենք այսօր, ավելի շատ նախկին ձեռքբերումների, ավանդույթների, ձևավորված որոշակի գործելակերպի արդյունք է, քան նորի: Կամաց-կամաց սկսել ենք կորցնել, քանի որ խելամիտ գործողություններ չեն հաջորդել, որպեսզի զարգացնենք ունեցածը:

ԱՐՄԵՆ ԲԱԼԴՐՅԱՆ-Եթե մեր այսօրվա ունեցածի ամենի ինչի հիմքը իներցիան է, ապա այժմ իներցիան մեզ տանում է դեպի ներքև:
ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ- Մեր ամենամեծ մոլորություններից մեկը, որը նաև գերիշխում է կառավարությունում, այն է, որ ՏՏ դիտարկում են որպես մի ինչ-որ միավոր և մտածում են, թե այդ միավորը կարո՞ղ են առաջ կամ հետ տանել, առանց մտածելու, թե այդ միավորը արդյոք համակարգային, թե՞ պարզապես միավոր է: Քննարկվող 116-րդ տեղի դեպքում հաշվարկում ցանցային բաղադրիչներ են օգտագործված, եթե լինեին միայն միկրոէլեկտրոնիկայի, չիփ դիզայնի բաղադրիչները, ինձ թվում է Հայաստանը բավականաչափ բարձր դիրքերում կլիներ: Եթե այսօր հաշվարկ արվեր անգամ բնակչության մեկ շնչին ընկնող միջազգային բարձր համարում ունեցող ընկերությունների քանակով, դարձյալ առաջին դիրքերում կլինեինք: Այսօր ոլորտում համաշխարհային երեք հսկաներից երկուսը իրենց ուժեղագույն կառույցներից մեկը Հայաստանում ունեն: Սինոփսիսի կառուցվածքում ամենամեծ ձեռնարկությունը Հայաստանում է, որը նաև կրթական ծրագրեր է իրականացնում, ինչը աշխարհի ոչ մի երկրում չի անում, սոցիալական կորպորատիվ խնդիրներ է լուծում, որը մեկ այլ երկրում չի անում: Ի՞նչ է սա նշանակում: Հայաստա՞նն իրեն դուր եկավ, թե՞ Մասիս սարը: Ոչ, ինչ-որ մի բան տեսել էին մեր երկրում, որի վրա ավելացնել էին ցանկանում: Սակայն, եթե եղածը կորցնենք, կամ, եթե ընկերությունը վախ ունենա, թե իր կառուցածը կկորցնի, ի՞նչ կլինի այնուհետ: Խոսեցինք հարկային և մաքսային վարչարարության մասին: Այդ հարցը վաղուցվանից է խոսակցության նյութ, սակայն այնքան ուշացրինք հարցի լուծումը, որ արդեն օտարերկրյա ընկերություններն են ահազանգում: Օտարերկրյա ներդրումները տնտեսական աճը ապահովելու հիմնական բաղադրիչներից մեկն են: Եվ ի՞նչ է ստացվում: Երկրի Նախագահը հայտարարում է, թե նման խնդիր չկա, որովհետև իրեն այդպես են զեկուցում: Մինչդեռ, տարիներ շարունակ գերավճարների հաշվին պետությունն իր համար բավականաչափ մեծ գումարի պարտք է գոյացնում ընկերություններին, օրենքով պարտավորվում է այն վերադարձնել, սակայն չի վերադարձնում, որը կուտակվում և բավական մեծ գումար է դառնում: Արդյունքում` միլիոնավոր դոլարների պարտք է գոյանում:
Հետագայում խնդիրն արդեն ոչ միայն այդ պարտքի վերադարձին է վերաբերում, այլ տարօրինակ վարչարարական պատիժներին այն ընկերությունների նկատմամբ, ովքեր փորձում կամ համարձակվում են պարտքի վերադարձի, հաշվանցման հարց դնել: Ստացվում է մի վիճակ, որ անգամ պատիժներ են սահմանում, կարծես ուզում են ասել` դու ո՞վ ես, որ նման հարց ես բարձրացնում և ինձ հետ փոխհամաձայնության խնդիրն ես դնում, և եթե եկամտահարկի կամ շահութահարկի քո պարտավորությունները չկատարես, ես կձերբակալեմ քո գույքն ու հաշիվները: Տեղական արտադրողին դեռ չանդրադառնանք, նա ի սկզբանե բարդույթներ ունի և իր համար խնդիր ստեղծելուց խուսափում է: Բայց օտարերկրյա ընկերությունը, որն աշխարհի 60 երկրներում բիզնես ունի, որն Հայաստանին ի սկզբանե գերապատվություն է տալիս ու ավելի շատ բան է ցանկանում անել մեր երկրում, նրան փակուղու մեջ դնե՞լ:
Մեր հարցադրումներն արդեն փոխվել են: Մինչ այժմ հույսի պաշարներ ունեինք, թե խնդիրները կլուծվեն, բայց`ապարդյուն: Տարիներ առաջ խանդավառությունը իներցիայով մեզ առաջ էր տանում: Որևէ մեկը հաշվարկե՞լ է, թե որքան ներդրումներ կարվեին երկրում, բայց չեն արվել հենց խայտառակ անօրինականությունների ու վարչարարությունների պատճառով: Այս հարցը մենք տվել ենք վարչապետի հետ հանդիպմանը: Մեզ ասում են, թե տեղյակ ենք, եկեք մի որոշ ժամանակ անց հանդիպենք: Դա ասում էին երեկ, ասում են նաև այսօր: Հանդիպենք, միշտ էլ հանդիպում ենք, բայց արդյունքը չենք տեսնում: Այս ողջ դժվարությունների համար մեզ են մեղադրում: Վաղը մյուս օրը որ այս տարիների դժվարությամբ ստեղծվածը կկորցնենք, կրկին մեզ են մեղադրելու, ասելու են` դուք գլոբալ մտածողություն չունեք, ձեր մենեջմենթը, ձեր ցածր արտադրողականությունը բերեց հասցրեց նրան, որ արտասահմանյան ներդրողը փակեց իր բիզնեսն ու գնաց:
Ա.Բ.- Նախարար պարոն Երիցյանը հենց այդպես էլ ասաց վարչապետի հետ հանդիպման ժամանակ` տեղական բիզնեսը գլոբալ մտածողություն չունի:
Հ.Մ.-Դա աբսուրդ է: Ասեմ, որ ՏՏ-ի բաղադրիչներից մեկն այն է, որ բիզնեսը գլոբալ չի մտածում: Ուրեմն, ստացվում է այնպես, որ իրենք մտածում են մեր երազանքի երկիրը կառուցելու մասին, մինչդեռ մենք մտածում ենք միայն այն մասին, թե երբ պիտի մեր պարտքերը վերադարձնեն:

Ա.Հ. -ՏՏ ոլորտը բազմաճյուղ է: Բայց Հայաստանում երեք հիմնական ուղղություններ են զարգացել այս տարիներին: Հեռահաղորդակցության ոլորտը, մտավոր սեփականության արտադրանքի մշակման ոլորտը, այսինքն, ընկերությունները, որոնք ծրագրավորման հարցերով են զբաղվում, և, 3-րդը` համապատասխան տեխնիկա ներմուծող ոլորտը: Ընդ որում, մտավոր սեփականություն ստեղծող ոլորտը զարգանում է հիմնականում արտասահմանյան օֆշորային ընկերությունների ներդրումների հաշվին: Այսինքն, ամերիկյան և եվրոպական ընկերությունները մուտք են գործում մեր բիզնես դաշտ, ստեղծում են իրենց դուստր ձեռնարկությունները, իրենց ծրագրերի մի մասն են բերում և մեզ մոտ զարգացնում իրենց բիզնեսը:Նրանք եկել են այստեղ, որովհետև այստեղ տաղանդ կա, կա կրթական համակարգ, որը զարգացնում է այդ տաղանդը, ենթակառուցվածքներ, որոնք ապահովում են մրցունակություն` ցածր աշխատավարձ, ցածր ինքնարժեք: Սա կար մի քանի տարի առաջ: Բումը 90-ականների վերջին էր, երբ մի քանի ամերիկյան ընկերություններ մուտք գործեցին Հայաստան, և այժմ 15-16 ընկերություններ զբաղվում են համակարգչային ծրագրերի մշակմամբ: Այժմ այդ ներդրողները գտնվում են տնտեսական նոր իրողության մեջ, որը դժվար են ընկալում: Խնդիրն այն է, որ վերջին տարիներին Հայաստանում տեղի է ունեցել կյանքի մակարդակի անհամեմատ բարձրացում: 1995-96-ին, երբ առաջին ընկերությունները Հայաստան եկան, ինժեները կարող էր գոհանալ ամսական 50-60 դոլար աշխատավարձով, սակայն այժմ կյանքի արժեքը մոտեցել է ԱՄՆ-ի կենտրոնական նահանգների մակարդակին: Դա ոչ թե նշանակում է, որ ընկերությունը վճարում է դրան համարժեք աշխատավարձ, այլ որ բնակչության վրա հսկայական ճնշում է գոյացել, քանի որ նա ստիպված է միջոցներ որոնել արժանապատիվ ապրելակերպի համար: Այսօրվա վիճակով բոլոր հիմնական գները գործնականում համարժեք են ամերիկյան կենտրոնական նահանգներում առկա գներին: Ուտելիքինը նույնն է, վառելիքինը, էլեկտրականությանը նույնն են, ինտերնետը անհամեմատ թանկ է, բոլոր կենցաղային իրերը հիմնականում ներմուծվում են և ավելի թանկ են, որովհետև գնին ավելանում են նաև մաքսատուրքը և ավելացված արժեքի հարկը: Մեզ մոտ դեռևս էժան են մնում կրթությունը և բուժսպասարկումը: Եվ սա տեղի է ունեցել վերջին 2-3 տարում: Անշարժ գույքի գինը ևս հավասարվել ու գուցե թե անգամ որոշ նահանգներից ավելի թանկ է դարձել:
Մենք խոսում ենք Երևանի մասին, որտեղ կենտրոնացված է ՏՏ ոլորտի արդյունաբերությունը: Ընկերությունների վրա աշխատողների կողմից ճնշում է գործադրվում աշխատավարձերը համապատասխանեցնել բարձրացրած գներին: Սակայն ընկերությունները նման հաշվարկ չեն արել, որ ընդամենը 5 տարում այսպիսի փոփոխություններ կլինեն: Աշխատողները աշխատավարձի եռակի, քառակի բարձրացում են ակնկալում: Եթե այս ամենը շարունակվի, հույսի այս պատուհանը կփակվի: Գների բարձրացումը դժվար թե կանգ առնի, քանի որ Հայաստանը ամբողջ թափով գնում է դեպի Եվրոպա: Երկրի գրավչությունը կորչում է, հայտնվում են ավելի գրավիչ պայմաններ առաջարկող ուրիշները: Ելքը թերևս հարկային համակարգում կտրուկ փոփոխություններն են, որոնց նպատակը պետք է լինի այնպես շահագրգռել արտադրողին, որպեսզի զարգացումը շարունակվի: Հակառակ դեպքում կարելի է արտագաղթի երկրորդ ալիք սպասել: Կա ևս մեկ մտահոգություն: Ընկերություններում բարձր աշխատավարձ ստացած և կենսաթոշակի տարիքին մոտեցող մարդիկ մտահոգ են իրենց սոցիալական անապահով ապագայի հեռանկարով: Նրանք վարձու աշխատողներ են, բիզնեսմեններ չեն: Ահա ապագայի այդ ռիսկը հաշվի առնելով, արժանապատիվ ծերության ակնկալիքով` նրանք ևս արտագաղթի ճամփան կբռնեն: Շատ ընտանիքներ այժմ բավարար կենսամակարդակ ունեն, սակայն մի քանի տարի հետո նրանց անորոշ վիճակ է սպասում: Այնպիսի հարկային քայլեր պիտի արվեն, որպեսզի անգամ ոչ մեծ բիզնես ունեցողները զարգանան, արտադրողը շահագրգռված լինի վաճառքն իրականացնել Հայաստանից: Սոսկ ծրագրեր մշակելու տեսակետից շատ ուժեղ մրցակիցներ ունենք հանձինս Հնդկաստանի և Չինաստանի, ովքեր գրավչության առումով մեզ գերազանցում են: Ինչպես Եվրոպան գրավիչ չէ ամերիկյան բիզնեսի համար, այնպես էլ մենք շուտով կդառնանք այդպիսին:

Հ.Մ.-Հարկային մեխանիզմների փոփոխությունը չի ենթադրում խիստ հարկային վարչարարություն: Այսինքն, մեզ մոտ պատկերացում կա, թե բյուջեն ավելացնելու համար պետք է հարկերն ավելացնել: Սա ամենապրիմիտիվ և սխալ մոտեցումն է: Եվ ՙհարկային վարչարարություն՚ բառը վախի զգացում տարածելու միտումն ունի: Հարկային վարչարարություն ասելով չենք պատկերացնում պարզեցում: Որոշ երկրներում, օրինակ, գնացել են հարկատեսակների տոկոսադրույքներն իջեցնելու ճանապարհով և դրանց բյուջեն այդ տարիներին ավելի շատ հարկ է հավաքել: Շատերը խուսափում են գործ ձեռնարկել, որովհետև վախենում են ձախողվելուց: Կան երկրներ, որոնք եկամտահարկը իջեցրել են 10 տոկոսի, արդյունքում շատ ավելի տնտեսվարող սուբյեկտներ են մտել դաշտ: Անընդհատ խոսում ենք ստվերից, սակայն որո՞նք են ստվերը հարկային դաշտ բերելու մեխանիզմները: Հարկային բարենպաստ միջավայրով շատ ավելիին կարելի է հասնել, քան թե դատաիրավական միջոցառումներով:
Պետության խնդիրն առաջին հերթին չխանգարելն է, երևի նախկինում չէին խանգարում, այդ պատճառով աշխատանքը հաջողությամբ առաջ էր գնում: Այսօր երբ մտածում ես աշխատավարձ վճարելու մասին, հանկարծ անհանգստություն ես ապրում, որ ինչ-որ մի փոխանցում ուշացնելու համար հարկայինը կարող է գալ և հաշվիդ վրա արգելք դնելով` պատժել քեզ: Եթե նման անհանգստություն մեզ նման ընկերությունն ունի, երկրում նման վարկանիշ ունենալով հանդերձ, ապա ի՞նչ ասեն տեղական կազմակերպությունները, նրանց երևի հերոսի կոչում է պետք տալ, որ կարողանում են դիմանալ բոլոր դժվարություններին: Եթե եկամտահարկը լիներ անգամ 30 տոկոս, մեր կորպորատիվ ընկերությունները կվճարեին այդ տոկոսը` հարգելով օրենքը: Սակայն օրենքից դուրս կատարվող գործողությունները նրանց համար անհասկանալի են մնում: Եվ նախագահը, և վարչապետը հայտարարում են, որ վերջ պիտի տրվի հովանավորչությանը և այլն: Ուզում ես հավատալ, որ այդպես էլ կլինի:
Ոչ թե ոստիկան պիտի լինել, միայն պատժելու մասին մտածել, այլ օգնող:
Ա.Բ. – Գործարարության հանդեպ նման մոտեցումը իր մեջ վտանգ է պարունակում, որ վաղը, մյուս օրը բիզնեսը Հայաստանից կտեղափոխվի դեպի ավելի նպաստավոր միջավայր ապահովող երկրներ: Օրինակ, ես երկու բիզնես պլան էի ներկայացրել Ինթելին, ուսումնասիրեցին, ասացին` ամեն ինչ շատ լավ է, սակայն այս ի՞նչ թվեր են: Դեռ բիզնես չծավալած` արդեն 20 տոկոս ավելացած արժեքի հարկ պիտի մուծե՞նք: Եկեք այս բիզնեսը Ղազախստանում դնենք: Դրսի ընկերությունները հոյակապ գիտեն բոլոր երկրների դաշտը: Ես ամեն օր ցավով արձանագրում եմ, որ իմ աշխատողների աշխատավարձը բարձրացնել չեմ կարողանում, որի պատճառով հոսունությունը բարձր է, մի քիչ փորձ են ձեռք բերում և կամ արտասահման կամ արտասահմանյան ընկերություն տեղափոխվում: Այսօր շատերն են մտածում իրենց բիզնեսը Վրաստան տեղափոխելու մասին, որովհետև այնտեղ գործում է այն, ինչ գրված է օրենքով: Եվ այն, ինչ պիտի մեկ օրում անես, մեկ օրում ես անում, ոչ թե 5 օրում, կորցնելով թանկարժեք ժամանակը, որի արդյունքում կորուստն ավելին է, քան պիտի շահեիր: Մեր աշխատանքից պետությունն ավելի է շահում, քան ընկերությունը:
Հույս ունեինք, որ նոր կառավարությունում ՏՏ ոլորտի գիտակ մարդ կներգրավվի: Չեղավ: Բոլորին թվում է, թե ՏՏ ոլորտի խնդիրները բարձրացնելով` մենք ընդամենը մտահոգ ենք մեր սեփական բիզնեսի շահով: Եթե մեր բիզնեսի շահը լիներ առաջին պլանում, մենք թերևս Հայաստանում չէինք լինի: Մենք մտածում ենք ընդհանուր զարգացման մասին:
Հ.Մ.-Կառավարությունում կարծում են, թե պետական մտածողություն միայն կառավարության անդամն ունի, բիզնեսմենը չունի: Հայաստանի տնտեսությունը զարգացնող բիզնեսմենները Հայաստանի զարգացման մասին չեն մտածում: Ես ուզում եմ հարցնել իմ ընկերներին, թե ինչո՞ւ նրանք ևս արտասահման չեն գնացել, ի՞նչն է նրանց պահել Հայաստանում, չէ՞ որ որպես ՏՏ մասնագետ, մյուս գնացածներից վատ չէին օգտագործի իրենց գիտելիքները:
Ա.Բ.-Ես սիրում եմ Հայաստանը և նախընտրել եմ Հայաստանում աշխատել, մինչդեռ իմ ընկերներից շատերը հեռացան այն ծանր տարիներին: Ցուրտ ու մութ տարիներին շատ դժվարություններ հաղթահարեցինք, կարծես թե կայացանք, բայց տարիներն անցնում են և հիասթափեցնող նոր բաներ են ի հայտ գալիս: Հարկայինից գալիս են ստուգելու և ասում են. եթե այսքան հարկ պետությանն ես փոխանցել, դեռ որքան էլ մնացել է քեզ: Ե՞րբ կլինի մի օր, որ հարկայինը կասի` որ այսքանը փոխանցել ես բյուջե, կարողացե՞լ ես բիզնեսի զարգացման համար գումար պահել: Կամ, գան ստուգելու և հանգիստ արձանագրեն, որ որևէ թերացում չկա: Անհնար է, անպայման պիտի մի բան արձանագրեն: Սա ի՞նչ մոտեցում է:
Ա.Հ.-Մի հինգ տարի առաջ կասեի, որ ինձ Հայաստանում պահում է իմ ընկերական շրջապատը, աշխատանքս և աշխատավարձը: Հիմա կասեմ, որ միայն աշխատավարձը, քանի որ բոլոր մոտիկ ընկերներս արտագաղթել են Հայաստանից: Նաև դեռ մնացել է ու կա ցանկություն, քաղաքացիական պատասխանատվություն` նպաստել Հայաստանի զարգացմանը: Սակայն երիտասարդների ապագայի խնդիրը լավ մասնագետներին դեպի դուրս է տանում: Վերջերս Ամերիկայից ինքնաթիռով վերադառնում էի Կանադայում ութ ամիս անցկացրած երիտասարդների մի խմբի հետ, որոնց հետ զրույցի ընթացքում տխուր բան պարզեցի. նրանք այնպես ոգևորված էին իրենց նոր միջավայրով, դրսևորվելու հնարավորություններով, որ բոլորի մտքում Հայաստանից դուրս ապրելու ցանկություն էր առաջացել: Ասում էին` միայն կարոտն է, որ տանջում է, թե չէ մասնագիտական ապագայի համար Հայաստանում անորոշություն էին միայն տեսնում: Երիտասարդներին պահելը դժվար կլինի, եթե կարճ ժամանակում փոփոխություններ չունենանք մեր երկրում: Մարդիկ պիտի վաղվա օրվա հանդեպ հույսով լինեն:
Ա.Բ.-Ես հայրենասեր եմ, շատ եմ սիրում Հայաստանը: Մինչդեռ ստացվում է, որ հայրենասիրությունը պատժելի է, կարելի է գալ և անընդհատ խանգարել աշխատանքին: Առանց այն էլ բիզնես ֆանտազիաները փոքր շուկաներում զարգացնելը դժվար է:
Գ.Բ.-Հայաստանում ինձ շատ բան է պահում` մոտիկները, հարազատները,դրական փոփոխություններին մասնակից լինելու ցանկությունը: Ցավոք, հեռանալու վտանգ եմ տեսնում երիտասարդ սերնդի մեջ: Շատերը գիտակցաբար հեռանում են ավելի լավ ապագայի հետևից: Հայերը շատ հաջողակ են դրսում և բիզնեսում, և արվեստում, գնում են ու հաջողություն են ունենում: Նշանակում է, դրսում ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծված հաջողություն ունենալու համար: Հետևաբար, այդ պայմանները պետք է նաև հայրենիքում ստեղծել, և եթե մարդիկ այստեղ դրսևորվելու հնարավորություն ունենան, հեռանալու մասին այլևս չեն մտածի:
Հ.Մ.- Զրույցի վերջում, ավանդույթի համաձայն, հակադարձ հարց պիտի ուղղեք ինձ:Ո՞վ ինչ հարց ունի:
Գրիգոր Բարսեղյան- Դուք հավատո՞ւմ եք, որ այն փոփոխությունները, որոնց կարիքն զգում է ՏՏ ոլորտը , և որոնք մենք քննարկեցինք մեր զրույցի ընթացքում, մոտ ապագայում իրականություն կդառնան:
Հովիկ Մուսայելյան-Թույլ տվեք այդ հարցին պատասխանել մեկ ամիս հետո: Կառավարությունում մեզնից մեկ ամիս ժամանակ են խնդրել մեր բարձրացրած խնդիրներն ըստ ամենայնի ուսումնասիրելու համար: Այդ պատասխանից է կախված` հավատա՞լ, թե՞ չհավատալը:

Սկզբնաղբյուր՝ Էկոնոմիկա ամսագիր, 2(18) 2008, աշուն

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s