Ինտերնետ. առաջընթացի կարեւորագույն բաղկացուցիչը շարունակում է լուրջ խնդիրներ ունենալ Հայաստանում

logo-eco

Կլոր սեղանի քննարկման թեման ինտերնետ կապին վերաբերող խնդիրներն են: Հարցերը շատ լուրջ են դրվում, տարիներ ի վեր քայլեր են արվում վերջապես պատշաճ մակարդակի հասցնելու ներկա ժամանակներում տնտեսության զարգացման համար անհրաժեշտ այդ կարևորագույն ոլորտը, սակայն, առ այսօր ինտերնետը շարունակում է անհամեմատ թանկ ու վատորակ լինել: Սա երկրի տնտեսության հետագա զարգացման համար անդառնալի կորուստների կարող է հանգեցնել, քանի որ օտարերկրյա ներդրումների համար գրավիչ դաշտ ունենալը այսօր առանց ինտերնետ հուսալի և որակյալ կապի պարզապես անհնար է: Լուրջ ձեռնարկների հաջողությունն է այն կարևորագույն գործոնը, որը կպահի արդեն ներդրումներ արածներին ու կավելացնի դրանց թիվը, ինչպես նաև կխթանի տեղական ընկերությունների, փոքր և միջին բիզնեսի զարգացումը:
Քննարկման մասնակիցները չկարողացան սպառել անգամ տարողունակ թեմային առնչվող հարցադրումները սրելը: Պարզվեց, դրանք շատ են, որոնց մի մասը նաև լրացուցիչ փաստական ճշգրտումների կարիք ունի, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ ու գործնական կարևորության եզրահանգումներ անել:

ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ – Այս շատ կարևոր խնդրի քննարկմանը ես հրավիրել եմ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանին, ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Հանրային խորհրդի ձեռներեցության հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանին, Արմինկո և Յունիքոմփ ընկերությունների նախագահներ Անդրանիկ Ալեքսանյանին և Արմեն Բալդրյանին: Քննարկմանը ներկա են նաև Սինոփսիսի ղեկավար աշխատողներ:
Սինոփսիս ընկերության օրինակով ամեն օր առնչվում ենք վատ հեռակապի տխուր հետևանքներին: Տարիներ շարունակ հարցը բարձրացնելով, այն ամենայն լրջությամբ սրելով` հաջողվեց որոշակի տեղաշարժ ունենալ, սակայն այն իրողությունը, ինչ դեռևս առկա է, պարզապես ամոթալի վիճակ է ստեղծում մեր երկրի վարկանիշի համար: Մի կողմից ինտերնետի որակի, արագության խնդիրն է դրված ամենայն սրությամբ, մյուս կողմից հանրային օգտագործման ծավալները շարունակում են հետ մնալ իրական անհրաժեշտության մակարդակից` դրանով իսկ բացառելով նոր հնարավորությունները զարգացման ու առաջադիմության նպատակներին ծառայեցնելը: Մի բան, որի ներուժը մեր ժողովուրդն ունի, սակայն հետաձգելով դրա օգտագործումը` իր իսկ կամքով իրեն հետ է թողնում ժամանակակից զարգացումների դինամիկ ընթացքից: Մինչդեռ մեր ժամանակները արագության ժամանակներ են: Յուրաքանչյուր կորցրած օրը իր կործանարար հետքը անմիջապես թողնում է, ինչը, ցավոք, տեսանելի է միայն գիտակներին: Մինչդեռ ոլորտի զարգացմանն առնչվում են նաև խնդրի լրջությունը ըստ ամենայնի գիտակցող, և, ցավալի է, նաև չգիտակցող պետական չինովնիկներ, ինչը ջանքերը բազմապատկելու պահանջն է ավելացնում: Ունենալով ամենաբարձր միջազգային վարկանիշը նոր տեխնոլոգիաների արտադրության ոլորտում, սակայն հետ մնալ մատուցվող ծառայությունների ոլորտում, պարզապես աններելի է: Եվ դա արդեն ձգվում է բավական երկար տարիներ:

ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ – Ես ավելի սրությամբ կդնեմ հարցը և ինձ իրավունք կվերապահեմ ոլորտին տալ զավեշտի հասնող վատ գնահատական…Զավեշտի հասնող, որովհետև, մեր ներուժի և նախորդ հասարակարգից ժառանգած հնարավորությունների տեր երկիրը արժանի չէ այսպիսի վիճակի: Առավել ևս, որ, անկախ ամեն ինչից, այսօր էլ կան լավ ինտերնետ ունենալու հնարավորությունները: Անշուշտ, դրա համար մեծ գումարներ են պետք, սակայն, եկեք խոսենք այն մասին, թե, այնուամենայնիվ, ի՞նչն է խանգարում, որ առ այսօր չի կարգավորվում այդ խնդիրը: Եկեք այսօր հարցադրումները սրենք, հետագայում շարունակենք քննարկումը, քանի որ թեման բավական տարողունակ է ու դժվար է մեկ կլոր սեղանի շրջանակում հասցնել ամեն ինչի մասին խոսելն ու եզրահանգումներ անելը:
ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ – Ես ղեկավարում եմ ՙԱզգային համագործակցություն՚ հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է ստեղծել համազգային տվյալների բազա: Ծրագրել ենք բոլոր 250 գաղթօջախներում ստեղծել ինտերնետ ակումբներ, մեկ հատ էլ մայրաքաղաքում, և բնական է, թիվ մեկ խնդիրը նորմալ հեռակապ ունենալն է` որպես 10 մլն հայությանը մեկ ամբողջություն միավորող հաղորդակցության միջոց: Ես ինքս այս տեսակետից նայելով եմ խնդիրը գերկարևոր համարում: Երկար տարիներ ԱԺ պատգամավոր լինելը և, մասնավորապես, Արմենթելի հետ կապված քննարկումներին իմ մասնակցությունը, կարծում եմ, ինձ կօգնի մասնակցություն ունենալ ոլորտի զարգացմանը խոչընդոտող հարցերը կարգավորելուն: Որքան հասկանում եմ Հյուսիս-հարավ գիծը ևս նորմալ չի օգտագործվում: Օպտիկական մալուխային մագիստրալը տրվեց Արմենթելին, որին մենք դեմ էինք, բայց չհաղթեցինք: Դեմ լինելու հիմնական կռվանն այն էր, որ ռազմավարական կարևորության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կապը, ինչը համարում եմ երկրի նյարդային համակարգը, կամ էներգետիկան` որպես երկրի արյունատար անոթներ, ուրիշին տալ չի կարելի: Դա իմ համոզումն է:
ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ – Համաձայն եմ, որ ինտերնետի և թողունակությունը, և արագագործությունը, և գնային մակարդակը, մեղմ ասած, չի բավարարում և չի համապատասխանում ոչ պահանջներին, ոչ էլ հավակնություններին, որոնք որդեգրել է Հայաստանը: Խնդիրը միայն Սինոփսիսի մեջ չի, որը հանրապետության համար կարևոր նշանակության ընկերություն է: Պիտի ասել, որ նրա ու նրա նման այլ ընկերությունների կողմից առաջ քաշված հարցերը անշուշտ ուշադրության են արժանանում, քանի որ նաև երկրի վարկանիշի խնդիրն է առաջին պլան գալիս: Շատ ավելի սուր է լինում խնդիրը փոքր ընկերությունների համար: Որովհետև սա ակնհայտ սահմանափակում է, մեր ժամանակներին անհարիր խոչընդոտ, որը նրան զրկում է բիզնեսը զարգացնելու հնարավորություններից: Թեև պիտի նշել, որ վերջին տարիներին էական փոփոխություններ կան: Մենք եկել ենք մի վիճակից, երբ մեկ ընկերության մենաշնորհ կար, որի պատճառով էլ բավական ժամանակ ոլորտը զարգացում չապրեց և այսօրվա լուծելիք խնդիրներն ավելացրեց: Բայց այսօր արդեն մի քանի խոշոր ինտերնետ ներկրողներ ու ծառայություն մատուցողներ կան` Արմենթել, Արմինկո, ԷյԴիՍի, Ֆայբեռնետ, Ջի Էն Սի -Ալֆա, որը օտարերկրյա և հայկական ներդրողների ընկերություն է:
Հ. Մ. – Վերջին ծրագիրը 2010-ի համար է հայտարարվել:
Վ. Դ. – Այո, բայց Հայռուզգազարդի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գազամուղի բնական տարածքը, որն արդեն շինարարական առումով բավական պատրաստ է նոր կոմունիկացիաներ անցկացնելու համար, օգտագործել և հարավից մինչև Երևան անցկացնել 72 ժիլանոց օպտիկա-մալուխային կաբել, որից 24-ը զիջվելու է Հայռուսգազարդին, 48 զույգը մնալու է ընկերության իրավասության տակ: Նախատեսվում է երեք հյուսիսային ելք: Առաջինը գազամուղին զուգահեռ չի լինելու: 2010-ի վերջին ընկերությունը ապահովելու է նաև բոլոր քաղաքային բնակավայրերի մուտքերը: 4 էս տէ էն և 10 մգբթ էյզերնեթ արագություն հարավային գծի վրա, և 16-ից 64-ին արագ անցում կկատարվի և, ըստ էության, այսօր նոր տեխնոլոգիաները մեկ մալուխի պարագայում արագագնացության խնդիրը կլուծեն: Լավ կլինի, որ գիծ տնօրինողները մի քանիսը լինեն: Տեխնոլոգիայի առումով Հայաստանը որևէ սահմանափակում չունի: Պետությունը հայտարարել է, որ ինքը սեփական մալուխներ չի ունենալու, քանի որ սխալ է համարում դա, և ամբողջությամբ պատրաստ է ծառայությունները գնելու ազատ շուկայում: Մյուս կողմից, պետությունը վերացրել է մենաշնորհը, ստեղծել է դաշտ, որտեղ հնարավոր է արագ զարգացում ապահովել: 10 մլն բնակչության և հայկական միջավայրի ձևավորման հեռանկարի հետ համաձայն եմ, մանավանդ որ դա նոր դաշտ է ստեղծում, քանի որ հայկական բովանդակության պահանջարկն է բարձրացնում: Այստեղ առաջանում է սպառողների քանակի ավելացման խնդիրը, որն այսօր շատ ավելի կարևոր հարց է: Հնարավորինս շատ անհատ սպառողներ են անհրաժեշտ: Հաջորդը, որ ես առավել կկարևորեի` վերջին մղոնի խնդիրն է: Կա ևս մեկ կարևոր գաղափար, դա այն է, երբ գծի տիրոջը առանձնացնում են օպերատորից: Գծի տերը պիտի ունենա իր բիզնեսը, և իր գիծը վարձակալության տալով օպերատորների` նրանց հնարավորություն տա զբաղվել և զարգացնել այդ ծառայությունների ոլորտը: Ունենք Ֆրանս տելեկոմի օրինակը, երբ ինքն իր ընկերությունը բաժանեց մասերի, գծի տիրոջը և օպերատորին` Օրանժին, առանձնացնելով և հնարավորություն տալով իր ընկերությանը մյուսների հետ հավասար մրցակցել գծի սպասարկման ոլորտում: Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա դա ենթադրում է սպառողների քանակի ավելացում, հայկական սերվերներում պետք է ստեղծվի հայկական բովանդակություն: Այդ դեպքում մեր կախվածությունը դրսի ռեսուրսներից կպակասի: Երբ հայկական սպառողները կսկսեն ներսի բովանդակություն օգտագործել, դա ևս կօգնի գինը իջեցնելու հարցում:

ԱՐՄԵՆ ԲԱԼԴՐՅԱՆ – Ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ պետական ծառայության ոլորտում ևս դանդաղում է ինտերնետի լիարժեք մուտքը:
Վ. Դ. – Համաձայն եմ, որ բավական լուրջ առաջընթացի հետ միասին կա նաև հապաղում: Վերջին մեկ տարում բավական գործ է արվել, իսկ մեկ տարին բավականին մեծ ժամանակ է մեր պարագայում: Բոլոր ռեֆորմների համար որպես առանցք դրվել է էլեկտրոնային բովանդակությունը: Բոլոր լուծումները բխելու են ինֆորմացիոն տեխնոլոգիաներից: Նույն բիզնես միջավայրում օրենսդրական բեռի, խոչընդոտների հաղթահարումը, լուծումները պիտի գտնվեն էլեկտրոնային ձևով: Արդեն իսկ պատրաստ են էլեկտրոնային հարկերի, կենսաթոշակների, քննարկվում է Այ Դի քարտերի ծրագիրը: Սա ծառայության մի տեսակ է, որ երաշխավորում է մնացած համակարգերի հավաստման և անվտանգության համակարգը: Ընթացքում է նաև էլեկտրոնային առողջապահության համակարգը: Միակ բանը, որ դեռևս խոչընդոտում է գործերի արագ ընթացքին, միասնական ստանդարտների մշակումն է, ինչը ոլորտի զարգացումը խթանելուց բացի պետության` որպես երաշխավորի դերը կհաստատի առ այն, որ ապակենտրոնացված մշակումները կլինեն միասնական տեխնոլոգիական հենքի վրա: Իսկ այստեղ իրականում փորձի պակասի խնդիր կա: 7-8 ամիս է ոլորտի հետ քնարկում ենք այս հարցը, լավագույն լուծումը եղավ այն, որ միջազգային մրցույթ պիտի հայտարարենք: Ակնկալում ենք, որ միջազգային փորձագետները մի քանի ուղղություններով մեզ համար կմշակեն այդ ստանդարտները` Ազգային համացանցի, Այ Դի քարտի առանցքային ծրագրի, ունիվերսալ ծառայությունների ստանդարտներն ու պահանջները, իսկ դա նշանակում է, թե երկրի ցանկացած քաղաքացի ինչ նվազագույն ծառայությունների և հասանելիության հնարավորություն պիտի ունենա:
Ա. Բ. – Հեռանկարի ու հետագա անելիքների մասին խոսելն, անշուշտ, հաճելի է, սակայն հենց այսօր, ամեն պահի այնքան խանգարող հանգամանքներ կան, որ, կարծում եմ, ոչ պակաս կարևոր է, այսօրվա հավակնությունը նախ և առաջ պիտի օրախնդիր հարցերի կարգավորումը լինի:
Վ. Դ. – Դրա համար էլ մենք փորձելու ենք ոչ թե նոր հեծանիվ հորինել, այլ օգտվել եվրոպական փորձառությունից: Մենք կկենտրոնանանք այն ստանդարտների վրա, որոնք ամենակարևորն են երկրի ռազմավարական խնդիրներում` կրճատելով ժամանակը: Միաժամանակ` մեկ քայլ առաջ կգնանք` լրջորեն զբաղվելով նոր տեխնոլոգիաների վրա հիմնված ստանդարտներն ստեղծելու հարցերով: Սրանք մեծ ներդրումներ չեն պահանջում: Պրովայդերները ևս բավական գործ ունեն անելու, նրանք պիտի պատրաստ լինեն ակնկալվող նոր իրավիճակին, պիտի փոխեն սարքավորումները, բայց նրանք պնդում են, որ դա կարվի այն ժամանակ, երբ սպառումը կմեծանա:
Ա. Բ.- Կարևոր խնդիր է և այն, որ առկա կապուղիներից օգտվելու հնարավորություն պիտի տարբեր օպերատորների տրվի, ինչի արդյունքում միայն ոլորտը կդառնա մրցունակ:
Ա. Ս. – Հյուսիս-հարավ գիծը իմ տեղեկություններով միջազգային գիծ է:
Վ. Դ. – Ջի Էս Էմ-ը ցանկանում է հյուսիսից հարավ տրանզիտ ապահովել և գծի ընդամենը 30 տոկոսն է օգտագործվելու Հայաստանի համար: Որքան ես գիտեմ, Ռոստելեկոմը մեծ շահագրգռվածություն ունի տրանզիտ ապահովելու հարցում, և որքան ես գիտեմ, ՋՍՄ-ը արդեն ունի նախնական պայմանավորվածություն այդ ուղղությամբ:
ԱՆԴՐԱՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ – Արդեն 18 տարի այս ոլորտի մեջ եմ, ինձ համար շատ ցավալի է հավաստել, որ առ այսօր նույն խնդիրների մեջ ենք: Տեսական պրոբլեմներն իրար հետևից անընդհատ շարունակվում են: Ունեցանք Արմենթելի տխրահռչակ ժամանակները: Սակայն մենաշնորհային ժամանակներին հաջորդած առկա վիճակը շատ քիչ է տարբերվում նախորդից, պարզապես այսօր Արմենթելին հաջողվեց իր կարգավիճակից հանել« ՙմենաշնորհ՚ բառը` ինչը թույլ տվեց այլևս չունենալ որևէ պարտականություն: Հյուսիս հարավ մալուխ քաշելու նույն ծրագիրը ժամանակին մենք առաջարկել ենք, բայց մերժում ենք ստացել, քանի որ« միջազգային ՙելքի՚ մենաշնորհը այդ ժամանակ Արմենթելինն էր: Ես ունեմ 1997 թվականին գրված նամակ Արմենթելին, որտեղ խնդրել եմ տեղեկացնել իրենց հեռանկարային ծրագրերի մասին, որպեսզի մենք կողմնորոշվենք, թե ինչպես զարգացնենք մեր բիզնեսը: Նրանք այն ժամանակ ասացին, որ իրենք ոչինչ չեն նախատեսել, և մենք կարող ենք հանգիստ սեփական օպտիկական մայրուղին զարգացնել: Այդ էր պատճառը, որ մենք նախաձեռնեցինք այդ գործը: Հետագայում Արմենթելին զրկեցին մենաշնորհից, որովհետև ներդրումային խոստումները չէր կատարել, եկան հաջորդ սեփականատերերը, նրանք էլ անում են այն, ինչ իրենց է հետաքրքրում: Տարին մեկ տնօրեն են փոխում, ինչ-որ լարեր են փոխում, հեռախոս են բաժանում: Ինչ վերաբերում է ինտերնետին: Իրականում, ամենասկզբից 2 մբիթ/վրկ հզորության համար մենք այն ժամանակ վճարել ենք 60 հազար դոլար ամսական, հիմա այն անհամեմատ էժան է:

Լավ, ընդունենք, Վրաստանով, հետո` Ռուսաստանով ենք դուրս գալիս, եթե երկու հատվածներում էլ գիծը կտրվի, հուսալիության խնդիրը բաց է մնում: Զարգացածությունը շատ հետ է: Սինոփսիսը մեր բաժանորդն է, լաց լինելու աստիճան վատ կապ ենք տալիս իրենց: Հիմա դարձյալ մի էժան օպերատոր են վերցնելու, դարձյալ անորակ կապ են տրամադրելու, էլ զարգացումը ո՞րն է: Ասացին Տրասեկա-ի գծերը կարող ենք օգտագործել, սակայն պարզվեց, այնտեղ պարզապես տեղ չկա, բոլորն զբաղված են: Վրաստանում 150 մբիթ/վրկ հզորությունն արժե ամենաթանկը 50.000 դոլար: Հաշվարկում ես` ստացվում է, որ միայն տրանզիտը երկու անգամ թանկ է նստում մեզ վրա: Ասում է` շատ ուզի, էժան տամ: Լավ, շատ եմ ուզում, բայց ո՞ւմ վաճառեմ: Հիմա, երբ անկախ հանձնաժողովը փորձում է կանոնակարգել ոլորտը, եկեք ճշտենք, թե ինչ ենք իրարից ուզում: Մի օրինակ բերեմ. եկեք Արմենթելին ասենք` եթե դու քո ապրանքը գնում ես մեկ դոլարով, ինչո՞ւ ես այն մեզ վաճառում չորս անգամ թանկ: Գերիշխող դիրքի դասական օգտագործում է: Նման շահութաբերությունը որակավորվում է որպես գիշատիչ գներ: Եթե լիներ մենաշնորհ` կտուգանվեր: Այսօր ոչ թե մենաշնորհ, անգամ գերիշխող չի ճանաչված, թեպետ համարյա թե ոչինչ չի փոխվել, ուղղակի տուգանքներից է ազատվել:
Շարունակ զարգացնելու մասին ենք խոսում, եկեք, օրինակ, քննարկենք, թե ի՞նչ է նշանակում վերջին մղոնը: Ենթադրենք մի շենքից մյուսը լար պիտի քաշենք: Արմենթելի դուռն ենք գնում ինչպես սրբի դուռը կգնայիր: Խնդրում ենք իրենց խողովակներում առկա ազատ տեղերում մեզ տեղ տալ, չի տալիս, մերժում է: Գնում ես թաղապետարան, տեղ ես ուզում` լույսերի սյուների վրա մի կերպ համաձայնվում են: Իսկ երբ ստորգետնյա շինարարությունների ժամանակ տեղ ենք խնդրում սեփական խողովակները քաշելու համար, թույլ չեն տալիս` բնական է, ինչու քանդել քաղաքի փողոցները, երբ արդեն իսկ գործող խողովակաշար կա:
Ապշելու անհեթեթություն. Հյուսիսային պողոտայում անգամ թույլ չտվեցին տեղ ունենալ: Ժամանակակից շինարարությունն ավարտեցին` առանց ինտերնետ գծերի համար ճանապարհ հատկացնելու: Խնդիրների մի խումբ էլ առաջանում է, երբ շենք ես մտնում: Ուզում ենք շենք մտնենք, ստիպում են տանիքը նորոգել, շենքի այլ կարիքներ հոգալ` բնակիչները մի կողմից ուրախ են նոր ծառայության համար, մյուս կողմից` սեփականատեր լինելով, միանգամից սկսում են պահանջատիրություն ցուցաբերել:
Եթե այս նույն տեմպերով գնանք, մոտ ժամանակներս հայկական օպերտատոր չի մնա: Ղարաբաղում ամենաբարդ ժամանակներում մեր մասնաճյուղը բացեցինք, նախ և առաջ փորձեցին խանգարել, հետո սահմանափակ հնարավորություն տվեցին:
Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում հստակ նշված է` չօգտագործվող թողունակությունը Արմենթելը պարտավոր է վարձակալական հիմունքներով տալ մրցակից օպերատորներին: Սակայն Արմենթելը հանգիստ հրապարակավ հայտնում է, որ իր ենթակառուցվածքները ոչ մեկին չի տա վարձակալությամբ, հիմա մենք մրցակիցներ ենք: Ընդ որում` հայտարարեց կարգավորողի ներկայությամբ: Մի գուցե իրոք, անհրաժեշտ է վերցնել բահերն ու քլունգները և փորել փողոցները: Էլ չեմ ասում Արեմնթելի ցանցից ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի կամ կառավարության կայքերին Արմենթելի կողմից արգելափակված մուտքի մասին: Չեն թողնում, որ իրենց օգտվողները մտնեն և վերջ: Անհրաժեշտ է շտապ կարգավորել այս հարցը, ուղղված են բազմաթիվ դիմումներ, մեկ տարի առաջ կարգավորող հանձնաժողովում վեճ է հարուցվել Արմինկո-ի կողմից, բայց սայլը տեղից չի շարժվում:
Վ.Դ. – Ես դեմ եմ այն տեսակետին, թե պետությունը հայկական արտադրողին չի օգնում: Բայց պիտի միանշանակ ընդունել, որ ցանկացած օտարերկրյա կապիտալի ներհոսք, մանավանդ ճգնաժամի պայմաններում, ողջունելի է:
Ա. Ս. – Հայկական հեռակապը հույներին վաճառելուց հետո մոտավորապես 10 անգամ վատ կապ ունեցանք մենք և շատ թանկ ժամանակ կորցրինք:
Վ.Դ. – Եկեք ոչ հայկական ռեզիդենտների ներհոսքը առանձնացնենք կապիտալի ներհոսքից: Ցանկացած ընկերություն, որ գրանցվում է Հայաստանում, Հայաստանի քաղաքացի է, ռեզիդենտ է: Այլ բան, որ այդ ընկերության հիմնադիրները կամ բաժնետերերից մի քանիսը կարող են լինել ոչ Հայաստանի ռեզիդենտներ, օրինակ, Սինոփսիսը, որոնք ռեալ գումարներ են բերում և ռեալ գործեր են անում երկրում: Սա սկզբունքորեն տարբեր է այն ամենից, ինչ վերաբերում է ՕՏԷ-ին: Եվ գնման, և վարչարարության տեսակետից: Եթե կան ընկերություններ, որոնք գալիս են փող են ներդնում և չեղած տեղից ինչ-որ բան են ստեղծում երկրում, դա միայն գովելի է: Մենք մի բան ենք նախաձեռնել և կուզենայինք դուք ևս ներգրավվեիք դրանում: Եթե Արմինկո-ն ցանկանում է ներգրավվել ոչ միան քաղաքային բնակավայրերի ներսում մալուխների անցկացման, այլ նաև ինտերնետի ներմուծման և արտահանման բնագավառում, ինքս անձամբ կօժանդակեմ դրանում: Կառավարության վերջին ռազմավարություններից մեկն այն է լինելու, որ բոլոր ընկերություններին, որոնք լուրջ ներդրումներ են կատարել մագիստրալային կապուղիներ անցկացնելու գործում, պիտի պարտադրել հավասար փայատիրական իրավունքով մասնակցել այդ շինարարությանը և իրենց մալուխը զուգահեռ գցել: Օրինակ, ՋիԷնՍի-Ալֆայի հյուսիսային գծում երբ մենք այդ ընկերությանը տալու ենք հողի սերվիտուտ, մենք առաջարկելու ենք բոլոր ինտերնետ պրովայդերներին համատեղ բաժնեմասերով կիսվել և իրենց մալուխը այդ նույն ուղով անցկացնել: Տվյալ դեպքում, եթե խոսքը վերաբերում է 50-50 տոկոսին (կեսը հողային աշխատանքը, կեսը մալուխի անցկացումը), դրանց կեսը վերցրեք ձեզ նույն սերվիտուտի շրջանակում և մասնակցեք ձեր փայաբաժնով: Այսինքն, եթե Արմինկոն կուզենա որևիցե մալուխից` հյուսիսային կամ հարավային, սեփական գիծն ունենալ, մենք պատրաստ ենք աջակցելու, որ նա ստանա այդ սերվիտուտը պետությունից, որովհետև այսօր որևէ սահմանափակում չկա: Նախկին պատմությունները մի կողմ թողնենք: Ձեզ հետ համաձայն եմ սակագների հարցում: Այո, փորձը ցույց է տալիս, որ մենաշնորհ, գերիշխանություն ունեցող գծի տերը եթե ստանում է նաև ինտերնետ ծառայություն մատուցելու իրավունք, վարձում է ամենավատ օպերատորին, օգտվում է գերիշխողի իր դիրքերից, գնում է էժան փողի հետևից` ամենավատ տրանզիտ օպերատորին է վարձում: Այսօր մենք փորձում ենք ներմուծուղ ընկերությունների գործընկերներին բացահայտել: Սահմանից դուրս փորձելու ենք հասկանալ, թե ինչ գործընկերների ծառայությունից են օգտվում նրանք: Վրաստանում մի քանի օպերատորներ են աշխատում և անհամեմատ էժան գին են առաջարկում: Խնդիրներն ինստիտուցիոնալ համակարգելու ճանապարհով գնալը ավելի ճիշտ է: Այնպիսի մրցակցություն պիտի լինի, որ վատ ծառայություն մատուցելը ձեռնտու չլինի:
Ա.Ս. – Եթե Վրաստանում ինտերնետը 5 անգամ էժան է, հարևան Ադրբեջանում և Թուրքիայում` 10 անգամ, պարզ չի՞, որ մեզ մոտ գերշահույթ են ստանում: Ինչո՞ւ ենք դա թույլ տալիս: Սահմանի վրա ինտերնետը ստանում ենք 1 մգբ 400 դոլարով, սպառողին է հասնում 800 դոլարով: Երբ փորձում ես ուսումնասիրել Արմենթելի փաստաթղթերը, այնպես են մոլորեցնում, որ ոչինչ չես հասկանում:
Վ.Դ. – Ամեն ինչ կախված է շերրինգից, այսինքն` սպառողների թվից: Նայած թե վերջին մղոնում քանի համակարգիչներ են օգտվում ծառայությունից: Ավելի կարևոր հարց է, թե արդյոք 800 դոլարը շատ է, թե ոչ: Իրականում դա խնդրի լուծման ամենափոքր մասն է: 400 դոլար լինելու դեպքում էլ հնարավոր է, որ վերջին մղոնում գինն ավելի թանկ լինի, եթե այն օգտագործողների թիվը նվազ լինի:Անհատ օգտագործողների թվի ավելացումն է սակագինն իջեցնելու հիմնական երաշխիքը:
Ա.Ա. – Խնդիրը որակին է վերաբերում: Վատ ապրանքի դիմաց ենք վճարում, այն էլ` թանկ, և մեր բաժանորդի առջև ամոթով ենք մնում: Արմենթելը գերիշխող դիրք ունի, պարտավոր է ապրանք վաճառի մեզ, բայց նա ինքն է աշխատեցնում իր գիծը` փակելով մեր զարգացման ճանապարհը:
Վ.Դ. – Ներկայումս մենք բանակցում ենք քաղաքապետարանի հետ, որպեսզի նոր շինարարությունների ժամանակ կապուղիների համար ճանապարհ հատկացվի, դեպի բոլոր շենքերը մուտք լինի: Սա լուրջ բիզնես է քաղաքապետարանի համար, որի գիտակցումը փոխշահավետ է բոլոր կողմերի համար:

Սկզբնաղբյուր՝ Էկոնոմիկա ամսագիր, 2(11) 2009, ամառ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s