Երբ խոսում ենք բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեր ավանդական ներուժի մասին, ցավով նշում ենք նրա տրամաբանական զարգացման կանգառի` 1990-ականներին հաջորդած մեկ տասնամյակի ընթացքում ունեցած հարկադիր կորուստները եւս: Իրականում, այդ կանգառը անհրաժեշտ իրողություն էր, որովհետեւ երկիրը նոր իրավիճակում նոր մարտահրավերներ էր ընտրում , որոնց պիտի ընդառաջ գնար` հաղթելու մեծ կամքով: Այդ տարիներին եւ’ Հայաստանում, եւ’ սփյուռքում ձեւավորվում էր այդ հաղթանակի համար աշխատելու, պայքարելու պատրաստ նոր մտավորականություն: Արդեն լուրջ իրողություն է տեխնիկական նոր որակի, նոր գաղափարները ավանդական հայկականին միաձույլ առաջ տանող երիտասարդ թիմի գոյությունը: Նրանք ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման առաջամարտիկներ են, այլ նաեւ հանրային շահին նվիրված իրենց ակտիվ գործունությամբ դարձել են հասարակական կարծիք ձեւավորող գործիչներ:
Համախոհների ուժեղ եւ նպատակասլաց թիմի կարեւոր անդամներից է Հովիկ Մուսայելյանը, ով բազմազբաղ լինելով հանդերձ` ՙԷԿՈնոմիկա՚ ամսագրում վարում է երկու կարեւոր խորագիր, որոնք նպատակաուղղված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խնդիրները ամենատարբեր մակարդակներում աշխատող մարդկանց հետ քննարկելը:
– Բավական ուշագրավ երեւույթ է, որ Հայաստանի նման փոքր երկիրը Սիլիկոնային հովտում պարբերաբար նման հավաքներ է կազմակերպում: Դա խոսում է այն մասին, որ մեր երկիրը իրապես մեծ հավակնություններ ունի: Հնարավոր չէ նման հավակնություններ ունենալ, եթե չկա մասնավոր հատվածի եւ կառավարության համատեղ ներդաշնակ գործունեություն: Այս առումով բավական ուշագրավ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնավոր ընկերությունների նախաձեռնողականությունը: Սա շատ կարեւոր պահ է, երբ մասնավոր հատվածը իր վրա է վերցնում ոլորտի առաջնահերթությունը, երկրի համար կարեւորությունն ու հեռանկարայնությունը իշխանություններին ներկայացնելու, հիմնավորելու պատասխանատվությունը: Եվ միայն փոխադարձ ներդաշնակ աշխատանքով է հնարավոր ճիշտ եւ հեռանակարային հարցադրումներ դնել եւ լուծել դրանք: Բիզնես ոլորտի համար գերկարեւոր է ռիսկերի կրճատման խնդիրը, ինչին կարելի է հասնել կառավարության հետ համագործակցված աշխատանքով: Սա եւս հիմնական պատճառներից է, թե ինչու պետք է մասնավոր հատվածը նախաձեռնող լինի: Այն վարկանիշը, հեղինակությունը, որ ունի Սինոփսիսը Հայաստանում, ինքնին կարեւոր է դարձնում ընկերության դերակատարությունը: Մենք պետք է շոգեքարշի դեր կրենք մեզ վրա, եւ մենք չենք խուսափում այդ պատասխանատվությունից, որովհետեւ ` էլ ո՞վ, եթե ոչ մենք պիտի դա անենք: Եվ մեզ վրա վերցնում ենք պատասխանատվություններ, ծանրություններ, հոգսեր, որոնք կարծես թե անմիջականորեն չեն առնչվում ընկերության գործունեությանը, սակայն միջավայրը ձեւավորելու համար խիստ կարեւոր են: Եթե մենք չլինենք առաջամարտիկը, չկրենք այդ ծանրությունը,չենք ունենա այն հաջողությունները, ինչ այսօր ունի մեր տեղեկատվական համայնքը: Կորպորատիվ պատասխանատվության զարգացման է բերել այս ներդաշնակ համագործակցությունը:
Սկսելով տեղական միջավայրում` միավորվեցին նաեւ սփյուռքի ուժերը, որի արդյունքում է, որ հասանք միջզգային միջավայր դուրս գալու այսօրվան: ԱրմԹեք-ի կարեւորությունը երեք մասի կբաժանեի. այն հետապնդում է հեռահար բիզնես հետաքրքրություններ, նպաստում է երկրի կանխատեսելիությունը ձեւավորելուն, կորպորատիվ պատասխանատվությամբ մասնակցում է տվյալ երկրի հանրային կյանքին: Սինոփսիսը հենց այս նկատառումներով է, որ ոչ միայն ԱրնԹեք-ի գլխավոր կազմակերպիչներից ենք, այլ գլխավոր հովանավորը: Սա կարեւորագույն միջոցառում է, յուրօրինակ պլատֆորմ, որտեղ քննարկվում են այսօրվա մեր հաջողություններն ու բացթողումները: Սա շատ կարեւոր է նաեւ կառավարության համար, որովհետեւ հստակեցնում է առաջ գնալու հիմնական ուղղությունները, դրանց խանգարող խնդիրները, բաժանում է կառավարության եւ մասնավորի անելիքների սահմանները: Այս տարիների մեր աշխատանքի արդյունքում փաստորեն ձեւավորվել է մի մոդել, որն էլ արդյունավետ է դարձրել բոլորիս ջանքերը: Եվ պատահական չէ, որ շատերը զարմանում են, թե այդ ինչպես է, որ Հայաստանի նման փոքր երկիրը նման հաճախականությամբ համաժողովներ է անցկացնում` երկու տարին մեկ Սիլիկոնային հովտում, մյուսները մեկ այլ տեղ:
Երբ ինձ հարցնում են, թե ինչ արդյունքներ են գրանցվել նախորդ համաժողովներից հետո, դժվարանում եմ պատասխանել, քանի որ սա այն դեպքն է, երբ չես կարող թվեր, փաստեր, պայմանագրեր կոնկրետացնել: Այս համաժողովը մի պլատֆորմ է, որի արդյունքները միանգամից չես տեսնի: Սա ցուցահանդես չէ, որում տեսանելի արդյունքներ ունենաս: Լինել Սիլիկոնային հովտում, զգալ մտածելակերպը, հոգեբանությունը, միջավայրը, համաշխարհային հեղինակություն ունեցող այդ միջավայրում քո երկրի զարգացման խնդիրները քննարկել. ահա, թե հոգեբանական ինչ բարձր վիճակ է այն պարգեւում, ինչը շատ արագ դառնում է նաեւ քո աշխատաոճը եւ ապրելակերպը: Ահա թե ինչու ԱրմԹեքի կազմակերպիչները կարեւորում են համաժողովի պարբերականությունն ու հստակ մշակված գործելակերպը, հենց Սիլիկոնային հովտում մեր երկրին վերաբերող բիզնես քննարկումները:
Սկզբնաղբյուր՝ Էկոնոմիկա ամսագիր, 3(12) 2009, աշուն