Վիգեն Սարգսյան. «Մարդկային ներուժը, մարդ անհատն է այսօր հասարակության գլխավոր առաջմղիչը»

logo-eco

Երկխոսություն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ

Հովիկ Մուսայելյան- Կառավարությունը տարիներ առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը առաջնահերթային համարեց, այդ ժամանակամիջոցում բավական ձեռքբերումներ ունեցանք, թեպետ, իհարկե, դեռևս կան նաև բավականաչափ լուրջ անելիքներ: Համակարգում զբաղված մասնագետներին հետաքրքրում էր, թե իշխանափոխությունից հետո շարրւնակվելու՞ է պահպանվել առաջնահերթությունը: եվ, երբ աշնանը հանւապետության նախագահն այցելեց ՙՍինոփսիս՚ ընկերություն և մասնագետների նեղ շրջանակում ելույթ ունեցավ, բոլորս ոգևորվեցինք այդ ելույթի բովանդակությունից, քանի որ հստակ էր, որ ոլորտը շարունակվում է գտնվել բարձր ուշադրության կենտրոնում: Տարբեր հանդիպումներում, քննարկումներում մենք կամա, թե ակամա, անընդհատ անդրադառնում ենք այդ ելույթին: Դուք ինքներդ ինչպե՞ս եք տեսնում այս ճյուղի զարգացումը առաջիկա տարիներին: Ձեզ հայտնի ի՞նչ նոր ծրագրերի շուրջ կկիսվեիք մեզ հետ:

Վիգեն Սարգսյան-Նախագահը խոսում էր Հայաստանում գիտատար տնտեսության զարգացման մասին, այդ թվում, հատկապես ՏՏ ոլորտի մասին: Կարծում եմ, որ այն հայեցակարգերը, որոնք քննարկվում են կառավարությունում, առաջիկայում կբերեն նրան, որ օրենսդրական դաշտը ավելի նպաստավոր կդառնա Հայաստանի տնտեսության այդ ոլորտի զարգացման, այդ հատվածում ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Կարծում եմ, որ շատ կարևոր քայլ կլինի նաև այն, որ դպրոցներում և մնացած կրթական հաստատություններում նոր տեխնոլոգիաների հանդեպ ընդհանուր մոտեցումները փոխվեն: Որովհետև, այնուամենայնիվ, տեղեկատվական հասարակություն կառուցելու կարևոր բաղադրիչը սպառողի ձևավորումն է, իսկ դա սկսվում է դպրոցից, կրթությունից, հասարակության գիտակցությունից: Այսպիսով, երկու ուղղություններ եմ առանձնացնում` օրենսդրության համապատասխանեցում տնտեսության զարգացման համար, սպառողի ձևավորում, որն այդ ոլորտում դառնա շահառու, ակտիվ մասնակից և այդպիսով իր մասնակցությունն ունենա ոլորտի զարգացմանը: Այս երկուսը զուգահեռաբար պիտի ընթանան:
Հ.Մ.-Հայտնի է, որ տարբեր երկրների վիճակագրական տվյալների, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպությունների հարցումների արդյունքում Համաշխարհային տնտեսական ֆորումը ամեն տարի ներկայացնում է Մրցունակության համաշխարհային զեկույց, որին Հայաստանը մասնակցում է արդեն չորրորդ տարին:: 2008թվականի տվյալներով Հայաստանը 134 երկրների թվում 97-րդն էր: Բնական է, որ դա այնքան էլ պատվաբեր տեղ չէ մեզ համար: Եթե, օրինակ, աշխատուժի արդյունավետության սանդղակում 45-րդ տեղում ենք, ապա բավական աննախանձելի վիճակում են մենեջմենթի առումով: Պատահական չէ, որ օտարերկրյա ընկերությունները մեզ մոտ մասնաճյուղեր բացելով, դժվարությամբ են գտնում ընկերության ղեկավար մենեջերին: Սա, իհարկե, լուրջ բաց է, որը նաև կառավարությանն է մտահոգում: Ի՞նչ քայլեր եք տեսնում առաջիկայում վիճակը շտկելու ուղղությամբ:
Վ,Ս-Խնդիրը, որին անդրադարձաք, իր տեղն է գտել նաև կառավարության առաջնահերթությունների ծրագրում, որը ներկայացվել է Ազգային Ժողովի հաստատմանը: Իրոք, որակյալ մենեջերների խնդիրն ունենք, որն արդեն բարձրաձայնվում է: Խնդիրն ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Հայաստանում, կարելի է ասել, ընդհանուր առմամբ բավականին ցածր է կորպորատիվ մշակույթը, և միշտ գերակայություն է տրվել ընտանեկան տիպի միջին և մանր բիզնեսներին, որտեղ ընտանիքի գլխավորին տրվել է ղեկավարի իրավունքը և հարաբերությունները սոցիալական այլ հարթության մեջ են կառուցվել: Դա կապված է նաև համայնավարական տնտեսության, պետականության բացակայության հետ:: Համաշխարհային հեղինակության ընկերությունների մուտքը մեր տնտեսական դաշտ , բացի ներդրումներից, բերում է նաև կորպորատիվ մշակույթի բաղադրիչներ, որոնք շատ կարևոր են ու միջավայրում դառնում են օրինակելի: Դրան զուգահեռ, այս ընկերութուններում աճում է մենեջերների նոր սերունդ, որն աշխատաշուկա է դուրս գալիս բոլորվին նոր որակով և փնտրում է նոր պայմաններ: Կա հետաքրքիր մի սուբյեկտիվ գործոն ևս, որը նկարագրված է նաև Դերենիկ Դեմիրճյանի ՙՀայը՚ գործում: Հայը միշտ գերադասում է իր ուժերը ծառայեցնել իր սեփական բիզնեսին: Մենք այդ մասին բազմաթիվ անգամ լսում ենք ճանաչված ընկերություններից, որ հենց մենեջերը հասնում է լավագույն աշխատանքային վիճակի, նախընտրում է սեփական բիզնեսը հիմնել և հեռանում է ընկերությունից: Կա նաև մենեջերների պատրաստման կրթական ծրագրի ավանդույթի և մշակույթի պակաս: Կարծում եմ, մոտ ապագայում կունենանք մենեջերների մի նոր սերունդ, ովքեր կորպորատիվ մշակույթի նոր էջ կբացեն մեր տնտեսության մեջ:

Հ.Մ.-Լիովին համամիտ եմ Ձեզ հետ: Խոսեցիք Հայաստանում մենեջերների պատրաստման կարևորության մասին: Մեր հարևանները այդ բացը լուծում են երիտասարդներին արտասահմանյան լավագույն կրթօջախներ գործուղելով և ուսման վարձը հոգալով: Մեզ մոտ ևս նման քայլեր սկսվել են: Սակայն, առայժմ բավական քիչ է պետպատվերով, թե այլ ուղիներով արտասահմանում կրթվող ուսանողների թիվը: Չե՞ք կարծում, որ այդ թիվը պիտի ավելացնել: Կա նաև կարծիք, թե նրանք ետ չեն վերադառնում, ուստի պետք չէ մեծ հույսեր կապել նրանց հետ: Սակայն իրական պահանջն այն է, որ մեծ քանակի ուսանողներ պիտի սովորեն դրսի միջավայրում:
Վ.Ս.-Շատ հետաքրքիր ու բազմաշերտ հարց է: Սկսեմ նրանից, որ հանրապետության նախագահի նախաձեռնությունն է ՙԼույս՚ հիմադրամի ստեղծումը, որը պիտի ֆինանսավորի արտասահմանյան լավագույն կրթօջախներում սովորող հայ ուսանողներին: Նվազագույնի է հասցված կեղծիքների հնարավորությունը: Պիտի ընտրվեն բուհերի լավագույն ուսանողները: Հարևանների փորձի մասին խոսելիս, պիտի ասեմ, որ ես անձամբ կտրականապես դեմ եմ նախօրոք վճարվող կրթական ծրագրերին: Ինքս սովորել եմ նման մի բուհում, և գիտեմ, որ այնտեղ նման ուսանողներին միշտ մատների արանքով են նայում, քան իրենց հիմնական ուսանողներին: Մեզ ծանոթ բառերով եթե բնութագրելու լինեմ, ապա ՙխոպան՚ կամ ՙգրդոն՚ բառերը պիտի մեջբերեմ, քանի որ այդ տիպի ուսանողներին հենց նման վերաբերմունք են ցույց տալիս դրսում: Կա իքս երկրի իքս վճարը, կա ուսանողը, սկսում են աչքերը փակել դիմորդի կամ ուսանողի իրական հնարավորությունների ու առաջադիմության վրա: Չեմ կարծում, թե ցանկալի է նման վիճակում հայտնվել: Եվ հետո, նման ցուցակներում միշտ գերակայում են ծանոթություններով հայտնված երեխաները, երկրորդը, այդ շրջանավարտի առաջադիմության որակը հաճախ զիջում է նույն բուհի այլ ուսանողների գիտելիքների որակին: Երրորդը` կորչում է բուհի` ֆինանսավորելու և կրթաթոշակ տրամադրելու մոտիվացիան, որն ամբողջությամբ մնում է բուհի ուսերին: Ես կողմնակից ու համամիտ եմ ՙԼույս՚ հիմնադրամի որդեգրած սկզբունքին` ֆինանսավորվելու են այն երիտասարդներըը, ովքեր ինքնուրույն դիմել և ընդունվել են մեծ մրցույթում հաղթելով: Դա կտրուկ տարբերվում է ջերմոցային պայմաններում բուհ ընդունված դիմորդից, ով մեկ տեղի համար 20-25 դիմորդ մրցույթի պայմաններում հաղթել և ընդունվել է միջազգային հեղինակավոր բուհ: Դու ուղղակի նրան տալիս ես ֆինանսական հնարավորություն իրականացնելու իր մեծ երազանքը:: Ձեր հարցի երկրորդ կարևոր շեշտադրումը տուն վերադառնալու կամ չվերադառնալու խնդիրն է: Մի բան, որից մենք ձերբազատվեցինք խորհրդային ժամանակներից, շրջանավարտների պարտադիր տեղաբաշխումն էր: Ես կարծում եմ, որ լավ մասնագետին ուժով որևէ տեղ աշխատել պարտադրելը անշնորհակալ և անիմաստ գործ է: Կամ պիտի մրցունակ աշխատավարձով և փաթեթով փոխհատուցումներով աշխատանք առաջարկես, կամ պարզապես կունենաս նրա ֆիզիկական ներկայությունը ընդամենը և իր ներդրումը համաչափ չի լինի այն ամենին, ինչ կարող էր լինել, եթե ինքը հարմարավետ զգար ձեր առաջարկած պայմաններում: Մենք նպատակ ունենք, որ մեր շրջանավարտները վերադառնան և ինչ-որ կերպ աշխատե՞ն, թե՞ մենք ուզում ենք, որ նրանք առավելագույնը ներդնեն իրենց ստացածի: Կարծում եմ, որ երկրորդն ավելի նախընտրելի տարբերակ է: Հիմա զարգանում է մի տեսություն, որը գալիս է փոխարինելու ուղեղների արտահոսք հասկացությանը: Մեր հասարակության մեջ, որտեղ սահմանները, տարածքը և ժամանակը կորցնում են իրենց արդիականությունը, կտրուկ փոխվել է արմատացած շատ հարցերի իրական նշանակությունը: Օրինակ, առաջ երեք ամիս էր պետք, որպեսզի սովորական նամակը հասներ Ամերիկա, իսկ այժմ` ընդամենը երեք վայրկյան, որ էլեկտրոնային փոստով նամակ առաքես ուր ցանկանաս: Կամ, եթե ես կարող եմ վայրկյանի ընթացքում առաջատար գիտական հաստատությունում համապատասխան ինտերնետային պլատֆորմների օգնությամբ իմ գիտական գաղափարի շուրջ կիսվել այնտեղի գործընկերոջս հետ, ապա կարելի է արձանագրել, որ նոր իրողությունում ուղեղների արտահոսքը փոխարինվում է ուղեղների ներդրման ընդլայնման գաղափարով: Այսօրվա պայմաններում կարող ես քո երկրից մեկնած երիտասարդից շատ ավելի մեծ օգուտ ստանալ, եթե ինքը իր գիտելիքներով աշխատում է ԷՄ ԱՅ ԹԻ որևէ մասնաճյուղում, իր հետ Հայաստան է բերում, կամ իր միջոցով Հայաստանի հետ կապվում են ԷՄ ԱՅ ԹԻ-ի լավագույն ուղեղները և մտածողները: Իսկ եթե դու անպայմանորեն, ցանկացած գնով նրան պարտավորեցնում և վերադարձնում ես և Հայաստանի որևէ չգործող գիտահետազոտական ինստիտուտում անգամ պաշտոն ես տալիս և ակնկալում, որ նա իր ներկայությամբ պիտի հեղափոխություն անի այնտեղ, դժվար թե համարժեք ստանաս: Որովհետև գիտությունը և ընդհանրապես գիտելիքը մշտապես փոխսնուցվող և փոխսնուցման կարիք ունեցող ոլորտներ են: Լավագույն մասնագետը, ով 1-2 տարով կտրված է իր միջավայրից, իր նմանների միջավայրից, որտեղ իր գիտական գաղափարները կարող են քննադատական վերլուծման ենթարկվել, կարճ ժամանակ անց սկսում է ժանգոտվել: Դրա համար մենք պետք է լավագույն կրթություն ստացած երիտասարդներին ամեն կերպ օգնենք աշխատանքի անցնել լավագույն ընկերություններում, թե Հայաստանում, թե արտերկրում, և ստեղծենք համացանցային մեխանիզմներ, որոնցով նրանք կարող են երկրի հետ մշտական կապ պահպանել և հենց իրենց արտասահմանում լինելո’վ ուժեղացնել Հայաստանը: Կարծում եմ, որ սա ևս խնդիր է, սա ևս տարբերակ է, մանավանդ որ բխում է այսօրեական իրականության պահանջներից: Իհարկե, կարելի է ակնկալել, որ նրանց մի մասը անպայման Հայաստանում կցանկանա իրեն տեսնել, հոգևոր կապը երկրի հետ, ի վերջո, հաճախ որոշիչ է լինում, կամ, թեկուզ պետության աջակցության դիմաց պարտավորվածության հանգամանքը ոմանց մոտ ուժեղ է արտահայտվում, սակայն դա պիտի պարտադրված չլինի: Որովհետև մյուս տարբերակը ևս խիստ կարևոր է Հայաստանի զարգացման համար, որը պիտի աշխատեցնել:

Հ.Մ.- Ուրախ եմ լսելու, որ պետական մոտեցումները կշռադատված և նպատակասլաց են: Տպավորությունն այնպիսին էր, որ կրթական նոր մոտեցումներում իներցիան է գերակշռում: Բայց, իրականում, շատ ռացիոնալ և հիմնավոր մոտեցում է: Ցանկանում եմ շեշտադրել ևս մի կարևոր հանգամանք: Դրսից եկած շրջանավարտը բախվում է մեր իրականությանը, և, ավելի հաճախ, պարզապես հիմնովին հակառակ մտածելակերպերի հետ է առնչվում: Դրա վառ ապացույցը կորպորատիվ քաղաքացիության պահն է, որի օրինակը ցույց է տալիս Վիվա Սելը: Այս ընկերությունն իր կորպորատիվ պատասխանատվությունը բնավ երբեք բարեգործություն չի համարում: Մինչդեռ մեր տեղական գործարարները ամեն մի չնչին գործ համարում են բարեգործություն: Իհարկե, ունենք նաև գործարարներ, ովքեր սիրով և սրտացավորեն աջակցում և մասնակցություն են ունենում տարբեր կարևոր ծրագրերին, սակայն այդ ուղղությամբ չօգտագործված պոտենցիալը շատ մեծ է: Կորպորատիվ քաղաքացիությունը մանավանդ մեր երկրում կարող էր լուրջ ազդակ լինել: Պետությունն այստեղ խնդիր ունի՞, թե դա միայն գործարար աշխարհի խնդիրն է:
Վ.Ս. -Ես կարծում եմ, դա ոչ պետական-քաղաքական,, ոչ տնտեսական-բիզնես խնդիր է: Դա հասարակական խնդիր է: Բիզնեսը, որը կորպորատիվ քաղաքացիություն է դրսևորւմ, դա անում է, որովհետև ինքը իրեն համարում է կորպորատիվ քաղաքացի: Մեր հասարակության անդամները իրենք իրենց հանդեպ են անփույթ, ուր մնաց, թե հասարակության մյուս անդամի հանդեպ լինեն ուշադիր: Օրինակները ամենուր են: Դուք ուշադրություն դարձրե՞լ եք պետական ֆինանսավորմամբ մանկապարտեզների խայտառակ վիճակի վրա: Մանկապարտեզները ֆինանսավորվում են տեղական բյուջեներից: Ես հիմա չեմ ուզում թվաբանության մեջ մտնել, թե համայնքները տալիս են արդյոք անհրաժեշտ ամեն ինչ: Ես ցանկանում եմ մանկապարտեզներին նայել այն ծնողների դիտանկյունից, ովքեր իրենց երեխաներին բերում են այդ մանկապարտեզները: Կա շենք, կա ջեռուցում, կա ուտելիք: Բայց ընդհանուր միջավայրը տհաճ է և երեխայի զարգացմանը ակնհայտորեն չի նպաստում: Ի՞նչ արժե ծնողների համար կես տարին մեկ հավաքվել և մանկապարտեզի տարածքը իրենց երեխաների համար դարձնել ավելի հաճելի: Ճիշտ է, ամեն մեկը կարող է ասել, որ դա իր գործը չէ, և ինքը վճարում է հարկեր, համայնքը այդ հարկերից պիտի վճարի մանկապարտեզի կարիքների համար: Հենց այստեղ է, որ առնչվում ենք հասարակական, համայնքային մտածողության պակասի հետ: Նայենք մեր բնակելի շենքերի շրջակայքը: Բնակարանները արտակարգ վիճակում են, բայց մուտքը, բակը հակասանիտարական խայտառակություն է: Չե՞ն կարող նույն մուտքի բնակիչների հետ պայմանավորվել և մաքուր պահել իրենց իսկ շենքը: Գաղտնիք չէ, որ համատիրությունները չեն գործում, բայց ոչ մեկս նրանց առաջ մեր պահանջները կատարելու պահանջը չենք դնում: Կամ, դպրոցների կառավարման խորհրդում ծնողները լուրջ տեղ ու դերակատարություն ունեն, սակայն, եթե ծնողը անտարբեր է և չի հետաքրքրվում, թե դպրոցում ինչպես և ինչպիսի՞ պայմաններում է սովորում իր երեխան, նա իրավունք ունի՞ պահանջելու: Ծնողն այսօր ոչ թե պիտի խնդրողի, այլ պահանջողի և մասնակցողի ակտիվ դերում լինի, նա պիտի տնօրենի հետ միասին խնդիրներ քննարկի, աշխատի, ոչ թե անտարբեր ամեն ինչ թողնի դպրոցի հույսին: Նույնը բիզնեսում: Ամենահեշտն է` ՙիմ գործը չի՚ ասելը, բայց եթե դու հասել ես ինչ-որ մի բանի, իսկ քո կողքին աղքատներ ու անհաջողակներ են, դա երջանկություն չէ: Երջանկությունը ներդաշնակության մեջ է: Դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ դու, բացի ստանալուց, նաև տալիս ես: Իհարկե, պետությունը պետք է նպաստի և անում է ինչ-որ բան: Նույն շաբաթօրյակները: Նորմալ համայնքային մտածելակերպ է: Օրինակ, վերցնենք ֆիզիկայի ինստիտուտի թաղամասը: Այն շատ յուրահատուկ կառուցված, գեղեցիկ թաղամաս է, սակայն նույն ընդհանուր խնդիրներով: Եթե մարդիկ մեկտեղվեն և լուրջ վերաբերվեն իրենց համայնքին, համատեղ միջոցներով և ուժերով կարգի բերեն ընթացիկ հարցերը, վստահ եմ, որ այն կարող է օրինակելի համայնք դառնալ: Ինքս ժամանակին Երևանի արվարձաններից մեկում բնակարան գնեցի մի շենքում միայն այն պատճառով, որ շենքի բնակիչները ունեին համայնքային կուլտուրա, օրինակ մուտքում դրված էին հողով լի ծաղկամաններ գեղեցիկ և խնամված ծաղիկներով, մուտքի դուռը միշտ փակ էր, ապակիները տեղում, ներսը և շրջապատը միշտ մաքուր: Մեծ բան չէ ըստ էության, բայց օրինակը բացառիկ է, ցավոք:

Հ.Մ.-Ամեն ինչը նոր ձևով ընկալելու խնդիր կա, ուղեղների մաքրման խնդիր կա: Ցավոք, վարակիչ օրինակները քիչ են, ինքնահոս վիճակում տեղաշարժ ակնկալելը երկար ժամանակի խնդիր է: Պարոն Սարգսյան, կարո՞ղ ենք Ձեզ հետ քննարկել նաև համաշխարհային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու հարցերը:
Ծ.Ս.-Ես դրա մասնագետը չեմ և չեմ կարող Ձեզ օգտակար տեղեկատվություն ապահովել: Որքան որ հետևում եմ կայացվող քաղաքական և տնտեսական որոշումներին, կառավարությունը լուրջ միջոցառումներ է իրականացնում: Օրինակ, երբ հանքարդյունաբերության ոլորտում կրճատումներ սկսվեցին, տեսանք, թե ինչ արագությամբ արձագանքեց կառավարությունը, արտագնա նիստերով եղավ տեղերում և քննարկեց իրավիճակը: Կամ, թե ինչպես փոքր և միջին բիզնեսի ոլորտի համար հատուկ արտոնյալ վարկավորման նոր փաթեթներ բերվեցին, նաև բանկային համակարգում որոշ քայլեր արվեցին: Չեմ կարող վերլուծել, բայց կարող եմ վստահեցնել, որ նախագահի աշխատակազմում ևս դրանով լրջորեն զբաղվում են:
Հ.Մ- Չե՞ք կարծում, որ հանրության մեջ վստահություն ձևավորելու խնդիրը ևս ունենք: Լրատվության մեջ տագնապալի երանգները գերիշխում են, առաջին պլան են գալիս բացասական լուրերը, հաճախ աննկատ են թողնվում դրական և լավատեսական իրողությունները: Համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար ներքին ուժերի հավաքական ամբողջություն է պետք:
Վ.Ս.- Լրատվության արդյունավետության կարևորագույն բաղադրիչներից մեկը դրական և խնդիրներ առաջադրող լրահոսի համաչափության պահպանումն է: Լավն ու վատը համաչափ պիտի ներկայացվեն: Եթե դու նորությունները կառուցու ես վթարների, սպանությունների, աղետների վրա, անտեսելով դրականը, անշուշտ, ճիշտ չէ: Համաչափության ոսկե կանոնը պահելն է ճիշտը: Էլեկտրոնային լրատվամիջոցների աշխատանքը գոյացրել է բոլորովին նոր իրավիճակ: Այսօրվա լրատվական դաշտի հնարավորություններն այլևս անհամատեղելի են ընդունված բոլոր միջազգային կոնվենցիաներին: Մեկ համակարգիչ ունենալով դու կարող ես լրատվամիջոց լինել, ազդեցություն ունենալ: Իհարկե, առայժմ հեռուստատեսությունը առավել լսարան ունի, բայց ամեն ինչ օր-օրի է փոխվում: Օրինակ, Սոնին մշակել է մի սարք, որը միացնելով քո տան հեռուստացույցին, կարող ես աշխարհի ցանկացած ծայրում գտնվելով քո վեբ թոփի վրա ինտերնետի միջոցով հետևել այն հեռուստատեսային ալիքներին, որոնք բռնում է քո տան հեռուստացուցը: Ինչ հաճախականությունների, ինչ մրցույթների, ինտերնետի, էլեկտրոնային կայքի առկայության պայմաններում ինչ լիցենզավորման մասին կարելի է խոսել, երբ ցանկացած տեսանյութ աշխարհի ցանկացած մասից կարելի է հաշված վայրկյանների ընթացքում տեղադրել բոլորին հասանելի ցանցում: Ինչ խոսքի ազատության մասին է խոսքը, երբ տեղեկատվության փոխանցման հեղափոխական փուլ ենք ապրում` ակնթարթորեն տեղեկատվությունը տարածվում է աշխարհով մեկ: Երբ հասարակությունը դրան պատրաստ լինի, այն ժամանակ միայն արդյունավետությունը և բովանդակային արտացոլումը կամբողջացվի նաև մեզանում:
Հ.Մ.-Ձեր դիտարկմամբ, առաջիկա 5 տարիներին մենք առաջընթացի պոտենցիալ հնարավորություն ունե՞նք:
Վ.Ս.-.21-րդ դարի գլխավոր ներուժը մարդկային անհատի ներուժն է, որի լավագույն դրսևորումը կրթված, ուսյալ հասարակություն ունենալն է: Եթե մենք ունենանք կիրթ հասարակություն, եթե մենք ունենանք մասնագետներ, ովքեր բաց են արտաքին շփման համար, իհարկե ունենալու ենք մեծ հաջողություններ և տարածաշրջանում, և նրանից դուրս:

Սկզբնաղբյուր՝ Էկոնոմիկա ամսագիր, 3(9) 2009. ձմեռ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s