Երկխոսություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ
Ռալֆ Յիրիքյան.«Մենք չենք կարող անտարբեր լինել մեր հայկական միջավայրի հանդեպ, որի մի մասն ենք կազմում նաև մենք: Հայրենիքն է բոլորիս գլխավոր ապրանքանիշը, որը հզորացնելու համար որքան զենք ունես, այնքան ուժեղ ես: Լեզուների իմացությունը հզոր զենք է»:
Հայկական աշխարհի գաղափարը ձևակերպված հասկացություն չէ: Այն հայության համար այնպիսի իրողություն է, որի գոյության փաստը պետք է ի շահ Հայաստան երկրի ծառայեցնել: Հայկական աշխարհը ամբողջ աշխարհի տարածքում է, հայրենիքի կարոտով և նրա հանդեպ պատասխանատվությամբ ապրող հայորդիները համախմբվում են նույն տանիքի ներքո իրենց համաձույլ մտորումներով, երազանքներով, գործերով, աղոթքներով և ներհայեցողական աշխարհի և իրական գործունեության ուժերը ուղղորդում դեպի Հայրենիք:
Հայոց մտքի և զգացմունքների այդպիսի հոսք ունենք տարվա այն մեկ օրը, երբ սգում ենք եղեռնի զոհերին ու միակամ համախմբվում ազգային անելիքների շուրջ:
Այժմ գաղափարը կյանքի է կոչվում որպես ամենօրյա գործուն մեխանիզմ: Այդ մասին խոսում են երկրի ղեկավարները, գործարարները, մշակույթի մարդիկ, երիտասարդները: Հայկական աշխարհը նեղացնում է ՙսփյուռք՚ հասկացության տիրապետման սահմանները, քանի որ ողջ աշխարհի հայությունը դիտվում է մեկ պետության, որն է Հայրենիքը, շահերի ու բարգավաճման քաղաքականության ու գործելակերպի ակտիվ մասնակիցն ու պատասխանատուն:
Ակտիվ գործունեության շրջանակների տեր մարդիկ իրենց աշխատանքի մի մասն են դարձրել Հայկական աշխարհի ներուժը բազմացնելուն ծառայելը: Ռալֆ Յիրիքյանը Լիբանանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում բազմաթիվ հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցներին պատմել է Հայաստանում ծավալած իր գործունեության մասին, պատասխանել տարաբնույթ հարցերի, որոնց հիմնական մասը վերաբերել է զանազան պահերով հայրենիքում տնտեսական գործունեություն սկսելու հարցում անվստահության հանգամանքներին: Հայաստանի մասին տեղեկատվությունը արտերկիր հասցնող տարբեր աղբյուրներ կան, որոնց թվում քիչ չեն վատաբանողները, Հայաստան երկրից իրենց հեռանալը Հայաստանը պախարակող մեկնաբանություններով արդարացնողները: Այսօր գնացողներին հակակշիռ` վերադարձողներ ևս պիտի լինեն և մեծ հոսքով, նպատակասլաց գործունեության ծրագրերով ու դրսում ապրած տարիներին վաստակած գումարներով, կենսափորձով, գիտելիքներով: Առատաջուր գետից անգամ միայն ջուր բաց թողնելով` այլևս չես ունենա այդ գետը: Չի կարելի դժվարությունները պատճառ բռնելով` միայն հեռանալու մեջ փրկություն գտնել: Փրկությունը առավելապես վերադառնալու մեջ է:
ՌԱԼՖ ՅԻՐԻՔՅԱՆ-Երբ հունվարին ծնողներիս այցի էի գնացել Լիբանան, համայնքից հրավեր ստացա խոսել Հայաստանի և այստեղ ծավալած իմ գործունեության մասին: Հանդիպեցի դպրոցների աշակերտության, հայկական համալսարանի ուսանողների հետ և պատմեցի մեր փորձի մասին: Սկսելով զրոյից, վստահելով մեր ուժերին և ստեղծելով մեր ապրանքանիշը` կառուցել ենք ընկերություն, որը օրինակելի է դարձել երկրի տնտեսության մեջ և առաջատար` ոլորտում, ապրանքանիշի թևերի վրա նստած` մենք թռել, դուրս ենք եկել նրա սահմաններից դուրս: Մեզ համար հայոց աշխարհն այնտեղ է, որտեղ հայ մարդ կա: Մեր առջև խնդիր ենք դրել այս ապրանքանիշի միջոցով փորձել նրանց հասցնել մեր գերագույն ապրանքանիշը, որ Հայրենիքն է: Եվ մեր փորձն օգտագործելով և քաջալերելով` ասել, որ միայն ինտերնետով,կամ որոշ մարդկանց հաջողակ կամ ձախողած փորձով չէ, որ պիտի հայրենիքի համար գործ անելու ձեր որոշումը կայացնեք: Պիտի հայրենիքի վրա դնեք ձեր ոտքը, հայրենիքի ջուրը խմեք, օդը շնչեք, որ հասկանաք ինչ է հայրենիքը: Շփվեք հայրենակիցների հետ և կարծիք կազմեք: Սեփական փորձով պիտի դա անել: Արտասահմանի մեր հայրենակիցները վախի և անվստահության զգացումներ ունեն, պիտի նրանց քաջալերել, որ առաջին քայլն անեն: Մենք դա անում ենք մեր գործունեության մասին պատմելով, ինչը հույս և հավատ է ներշնչում, որ կարելի է գործ սկսել, անկախ այն բանից, որ հնարավոր են նաև դժվարություններ: Ոչ մի երկրում էլ բիզնեսը առանց դժվարությունների չի լինում:Կա երկու ճանապարհ. կամ աշխատել թափանցիկ` օրենքը հարգելով, կամ ոչ թափանցիկ կամ կիսաթափանցիկ` շրջանցելով օրենքները: Ահա հենց այս դեպքում են սկսվում դժվարությունները` կախված այն բանից, թե որ ճանապարհն է ընտրվում գործարարի կողմից: Սա պետք է բացատրել, փոխանցել մեր հայրենակիցներին, ստեղծել վստահության կապը: Այս աշխատանքը մեր սոցիալ-տնտեսական ծրագրի մեջ է մտնում, սա մի մաս է կազմում մեր կորպորատիվ պատասխանատվության մտածելակերպի, որովհետև մենք չենք կարող անտարբեր լինել մեր հայկական միջավայրի հանդեպ, որի մի մասն ենք կազմում նաև մենք: Եթե մենք խոսում ենք մեր ինքնության, ազգային պատկանելության մասին, ուրեմն դա պիտի անենք աշխատանքով,պահպանենք մեր ինքնությունը հայրենիքի համար գործ անելով, ոչ թե փառավոր կենացներ խմելով: Դա ինքնություն չի պաշտպանի, դա ազգ չի զարգացնի, աշխատանքով կարելի է հասնել բարեկեցիկ վիճակի, որը յուրաքանչյուրը ցանկանում է: Սա մի մոդել է, որ մենք սկսել ենք` վստահ լինելով, որ հաջողակ ապրանքանիշերը խոնարհ ծառա պիտի լինեն Գերագույն ապրանքանիշի` Հայրենիքի հանդեպ: Մեր սերը պիտի աշխատանքով ապացուցենք: Ուրիշ երկրներում ևս պիտի հանդիպումներ ունենանք և այս գաղափարները տարածենք:
Հովիկ Մուսայելյան- Փաստորեն, որպես գործարար, դուք ստանձնել եք Հայաստանի գրավչությունը տարածող դեսպանի առաքելությունը, որը, կարծում եմ բացառիկ նշանակություն ունի, որովհետև կարևոր է, թե ով է մեր երկիրը ներկայացնում, հաջողության պատմությունները իրականում դրսում կարևորվում են: Առանց անցած ճանապարհի, առանց իրական գործ անելու խոսելն ուրիշ է, այս դեպքում վստահության պակասի խնդիր է միշտ լինում: Հավատացած եմ, շատերի մոտ անվստահությունը ի չիք է դարձել ձեր հանդիպումների ժամանակ: Բայց սփյուռքն էլ բազմաշերտ է և միայն հայրենիքի նկատմամբ վստահություն-անվստահություն խնդիրը չէ, որ ունեն: Նաև կան մարդիկ, ում համար ավելի լավ է հայրենիքում լավ չլինի, որպեսզի իրենց արդարացնեն: Կան մարդիկ, ովքեր պատվիրատու և ֆինանսավորող են ավելի ցածրաճաշակ ապրանքների, որոնք արտահանելով` գցում են երկրի վարկը: Դուք չե՞ք զգում այդ բազմաշերտության պատճառած դժվարությունները:
Ռ.Յ.-Զգում եմ, բայց ցավ չէ,որովհետև նման դեպքերը մտավորական մարտահրավեր են առաջացնում: Փոփոխությունը միանգամից տեղի չի ունենա: Մարդը պիտի մտածի, երբ մարդ սկսի մտածել, որ այս ընկերությունը եկել է, այսպիսի բաներ է պատմում, այսպես է մտածում, ուրեմն գուցե ե՞ս չեմ ճիշտ եղել: Դա կլինի այն կայծը, որը հիմքը կդառնա նոր մտածելակերպի, փոփոխություն կառաջացնի նրա մոտ: Ով զբաղվում է նման գործով, բնավ չպիտի քաշվի, պիտի ավելի ուժեղացնի դրականությունը: Մեծ հավատով մենք մեր գործունեության ամենասկզբից այս գործելակերպով ենք սկսել` մենք հայ ենք, մեր մտածելակերպը հայկական է, ուրեմն մեր ընկերությունը պիտի այս մոդելով աշխատի: Այս մտածելակերպի մշակույթը պիտի զարգացնենք, ինչը արդեն տարածում է գտնում: Բայց արդյունքների հասնելու համար ժամանակ է պետք: Օրինակ, մենք մեր աշխատողներին բավական շատ հատուցումներ ենք տալիս, և ահա մի քանի օր առաջ կարդացի, որ մեկ այլ ընկերություն սկսել է հատուցումներ տալ, ուրեմն, ձնագնդիկը մեծանում է, գլորվում է: Լավ օրինակները տարածվում են: Հետևաբար, այս օրինակը ևս ուշ, թե շուտ` տարածում կգտնի:
Հ.Մ.-Հայ գործարարը լայն աշխարհայացք ունի և պարփակված չէ ներքին միջավայրով: Ձեր դիտարկմամբ Հայաստանում բիզնես մտածելակերպը փոխվո՞ւմ է, այն բոլոր տարիներին, որ դուք այստեղ եք, նման շարժ տեսնո՞ւմ եք:
Ռ.Յ.-Նախկինում չեմ տեսել, ներկայում սկսել եմ տեսնել, ինչը լիցքեր է տալիս, որ ավելի քաջությամբ ասեմ, որ ապագայում ավելի շատ եմ տեսնելու:
Հ.Մ.-_Շրջանառվում է ՙԼեզվի մասին՚ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Դեմ արտահայտվողները հիմնականում ասում են, որ հնարավոր չէ մեկից ավելի լեզվամտածողություն մեկ մարդու գլխում լինի: Գիտեմ, որ դուք մի քանի լեզվամտածողության եք տիրապետում: Օգտվելով մեր հանդիպման առիթից, Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ. Դուք բիզնեսի բերումով լինում եք աշխարհի տարբեր երկրներում, շփվում տարբեր ազգությունների մարդկանց հետ: Ի՞նչ է Ձեզ տալիս լեզուների իմացությունը: Եթե դուք միայն մեկ լեզվամտածողություն ունենայիք, արդյոք նման հաջողություններ, հայրենասիրական գործունեության մեջ նման նվաճումներ կունենայիք:
Ռ.Յ.-Հարուստ խառնուրդը շատ կարևոր է: Որքան շատ լեզու գիտես, այնքան լավ: Դպրոցում սովորել եմ արաբերեն, հայերեն, անգլերեն, մի քիչ էլ ֆրանսերեն: Չեք պատկերացնի, թե ինչպիսի հնարավորություններ են տալիս այս լեզուները, երբ ես շփվում եմ աշխարհի տարբեր ազգությունների միջավայրերում: Արաբական,կամ Միջին Արևելքի, Լիբանանի, կամ,անգամ հայրենիքի գործարար միջավայրում: Կախված այն բանից, թե ինչ լեզվական մշակույթում ես գտնվում, անմիջապես ավտոմատ ռեժիմով փոխվում է մտածելակերպդ, և արդեն մտածելակերպդ, խոսքդ այդ լեզվով է, ու կարողանում ես հասկանալ, թե ինչ են մտածում նրանք: Միայն որևէ եզվով խոսել իմանալը քիչ է, արաբի հետ չեմ կարող հայկական մտածելակերպով խոսել, դա նրա համար ուրիշ, օտար մի բան է, պիտի կարողանամ նրա մտածելակերպով մոտենալ խնդրին: Նույնը` Հայաստանում, անգամ` Ղարաբաղում: Ինչքան կկարողանաս այդ հարուստ խառնուրդն ունենալ մտածելակեպիդ, մտքիդ, գործիդ մեջ, այնքան հաջողություն կունենաս, դա շատ կարևոր է: Եթե միայն արաբերենն իմանամ, կամ միայն հայերենը, ինչպես շփվեմ ամերիկացու, անգլիացու, էմիրաթցու հետ: Ինչպես շփվեմ ամերիկացու, ֆրանսիացու, արաբի հետ: Ասենք, Էմիրաթներում հանդիպեցի մեկ այլ ազգության ներկայացուցչի, օրինակ` պակիստանցու հետ, ում հետ կարող եմ շփվել միայն անգլերենով:
Լեզուն զենք է: Որքան զենք ունես, այնքան ուժեղ ես:
Սկզբնաղբյուր՝ Էկոնոմիկա ամսագիր, 2(14) 2010, ամառ