Արմեն Աշոտյան. «Երբ կրթական համակարգից հասարակության մի ստվար հատված ակնկալում է փաստաթուղթ` դիպլոմ, և ոչ թե գիտելիք, ապա կարող ենք ասել, որ խեղվել է գիտելիքի հանդեպ մոտեցումը,ինչը իրավունք է տալիս եզրակացնելու, որ հասարակական պահանջարկը գիտելիքի հանդեպ որպես այդպիսին չի ձևավորվել»

logo-eco

Երկխոսություն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ

Հովիկ Մուսայելյան- Մի առիթով ՙՍինոփսիս՚ ընկերության նախագահ Չի Ֆունը դահլիճում հավաքված հայերին դիմեց հետևյալ խոսքերով. ՙԶարմանալի մարդիկ եք հայերդ` սիրում եք անգամ բացահայտ ճշմարտություների նկատմամբ տարակարծիք լինել: Օրինակ, հայերենի այբուբենում քանի՞ տառ կա՚: Եվ թվարկեց 39,36,33, և բոլորի դեպքում էլ ձեռք բարձրացնողներ եղան: ՙՏեսնո՞ւմ եք՚ իր կածիքը հաստատեց նա: Սա ծիծաղով ընդունվեց, բայց, ի վերջո, մտահոգիչ բան է: Պարոն նախարար, մեր օրերում շատ է խոսվում գիտելիքի վրա հիմնված տնտեսության կառուցման մասին, անգամ արդեն շահարկում ենք այդ թեզը, բայց կարծես թե այդ ճանապարհին անտեսվում էր կրթության գործոնը: Մինչդեռ դա պարզից էլ պարզ ճշմարտություն է, որի շուրջ անընդհատ բանավիճում ենք` առաջ գնալու փոխարեն: պարզից էլ պարզ է` առաջին հերթին լավ կրթություն պիտի ապահովենք, որի վրա էլ պիտի հենվի գիտելիքահենք տնտեսությունը: Վերջին միջազգային լրջագույն կազմակերպությունների, այդ թվում նաև Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի զեկույցներում Հայաստանը բավական հետընթաց ապրեց և աշխարհի երկրների թվում 97-րդ տեղն է զբաղեցնում: Այնտեղ ՏՏ ոլորտը առաջնահերթ տեղ է գրավում, և100-ից ավել ինդեքսների թվում նաև կրթությունն է: Այս ոլորտում միջին դիրքերում ենք: Հակամենաշնորհային քաղաքականության առումով աշխարհում վերջին տեղում ենք:Համաձայն այդ զեկույցի` կրթական բարելավումների, կրթական ցենզի առումով միջին տեղերում ենք, բայց դա իմ կարծիքով իրական պատկերը չի ներկայացնում, քանի որ երկու գործոն է հաշվի առնվում` համատարած գրագիտությունը, ինչը մեզ մոտ երևի թե 100տոկոս է,գուցե նաև Գինեսի գրքում գրանցվելու արժանի ենք, մյուսը որակական խնդիրներն են:

Դուք չե՞ք կարծում, որ նորանկախ Հայաստանում, չնայած որ պետական այրերի կողմից կրթության դերը կարևորվել է, իրականում շատ քիչ գործ է արվել այդ ուղղությամբ:
Արմեն Աշոտյան- Մի քանի շատ արդիական, ցավոտ հարցեր նշեցիք:Ես չեմ ուզում մեկնաբանություններ անել հարակից խնդիրների մասին, որոնք շաղկապված են կրթության ոլորտին, բայց չեմ կարող չխոստովանել, որ մեր հասարակության մի որոշակի հատված բավական երեսպաշտական մոտեցում ունի կրթության նկատմամբ: Մեզ մոտ տարիներ շարունակ ձևավորվել է, թույլ տվեք ասել, միֆական մոտեցում, որ մենք շատ ենք սիրում կրթությունը: Վերջին տարիներին մենք ավելի շատ ենք սիրում կրթության մասին վկայող ձևական փաստաթղթերը, քան բուն գիտելիքը: Եվ երբ կրթական համակարգից հասարակության մի ստվար հատված ակնկալում է փաստաթուղթ` դիպլոմ, և ոչ թե գիտելիք, ապա կարող ենք ասել, որ խեղվել է գիտելիքի հանդեպ մոտեցումը,ինչը իրավունք է տալիս եզրակացնելու, որ հասարակական պահանջարկը գիտելիքի հանդեպ որպես այդպիսին չի ձևավորվել: Դրա համար տարիներ շարունակ թմբկահարվող այն միտքը, թե կրթական համակարգում լուրջ բարեփոխումներ են իրականացվում, չի բերում ակնկալվող արդյունքը: Բնական պահանջարկ պիտի լինի կրթական արդյունքի բարձր մակարդակի հանդեպ: Համակարգը ունի բարեփոխման լուրջ կարիք, բայց քանի որ չկա այդ գիտակցումը, արդյունքը ևս չի լինում:
Մեր ուսանողների մոտ պակասում է սովորելու մոտիվացիան, որովհետև դեռևս հասարակության մեջ չի ձևավորվել կրիտիկական զանգված, որը ցույց տա, թե կրթություն ունեցող մարդը ինչպիսի հաջողությունների է հասել իր երկրում, կամ գոնե կարողանում է այսօրվա կենսապայմաններից մի քիչ բարձր կեցություն ապահովել իր ընտանիքի համար: Ակնհայտ է, որ ներկա պայմաններում գիտելիքը որպես բարեկեցության հիմք, կորել է: Սա է նաև պատճառը, որ որքան էլ փորձում ենք վարչարարությամբ,այլ տեսակի բյուրոկրատական խստացումներով պայքարել կրթության ցածր որակի դեմ, այդ պայքարի արդյունքները գոհացուցիչ չեն, որովհետև դժվար է պատկերացնել մեկ այլ հասարակություն, բացի հետխորհրդային այս հասարակությունը, որտեղ ծնողը պատրաստ է վճարել ոչ միայն իր երեխայի գիտելիքի, այլ նաև առանց գիտելիքի`սոսկ փաստաթղթի համար: Սա է կոռուպցիոն հիմնական շարժի պատճառը. ուսանողության մի հատված պարզապես շահագրգռված է կոռուպցիայի գոյությամբ, որպեսզի այս կերպ իր նպատակին հասնի: Մեզ պիտի քննադատել, որ ուշացել ենք, ոչ թե դանդաղեցնել մեր ընթացքը:
Մյուս կողմից, իհարկե պետք է խոստովանել, որ մեր բուհական ենթակառուցվածքները, դասախոսական կազմը նույնպես արդիականացման կարիքն ունեն: Ինչքան էլ խոսում ենք, որ ներկա տեղեկատվական դարաշրջանում մոտիվացված մարդն ինքնակրթությամբ կարող է բավական բարձր ցենզի հասնել, որ տեղեկատվական դաշտը բաց է ու հասանելի բոլոր ցանկացողների համար, որովհետև ինֆորմացիայի հոսքը իրականում շատ ուժգին է և, եթե ունես նպատակ, կարող ես բավական լավ օգտվել դրանցից ու արդյունքի հասնել ինքնուրույն, այնուամենայնիվ, բուհական համակարգի արդիականացման խնդիրը հրատապ է: Խոսքը չի գնում շենք- շինությունների նորացման, այլ լաբորատորիաների, սարքավորումների, դիտակտիկ նյութերի, այն ամենի մասին, ինչը ստեղծում է կրթական միջավայր համապատասխան գիտելիք և հմտություններ ձեռք բերելու համար: Մյուս կողմից, իհարկե, պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացման խնդիրն է ծառացած: Ցավոք, դասախոսական կազմի մոտ նույնպես բացակայում է մոտիվացիան` ինչու աշխատել մասնագիտական մակարդակը բարձրացնելու վրա, եթե այն ոչ մի կերպ չի ազդելու աշխատավարձի, բարեկեցության բարձրացման վրա` ի համեմատ նրանց, ովքեր գոհանում են իրենց ունեցածով: Պետք է նախ և առաջ կարգավորել  մոտիվացիոն դաշտը, և ուսանողների, և դասախոսների համար տարբերակված ֆինանսավորման համակարգ  ձևավորել: Գիտելիք արտադրող և փոխանցող համակարգի հանդեպ բնականոն պահանջ պիտի առաջացնենք, ենթակառուցվածքները հստակեցնելու վրա աշխատենք: Կրթական հաստատության տված փաստաթուղթը պիտի լիարժեք արտացոլի նրա տիրոջ գիտելիքի մակարդակը: Մեր պրոբլեմների մի ստվար զանգված հոգեբանական է: Ես ավելի քան վստահ եմ, որ անգամ ներկայիս ցածր վարձատրության պայմաններում ճիշտ մենեջմենթի և մոտիվացիա ապահովելու դեպքում կկարողանանք ապահովել ավելի բարձր մակարդակ, քան ունենք այսօր: Իհարկե, բեկումնային աճը պահանջում է բեկումնային ներդրումներ: Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի պետության կողքին մասնավոր հատվածը ևս ներդրումներ անի: Խոսքը չի գնում 90-ականներից առ այսօր գոյություն ունեցող արատավոր մեխանիզմների մասին, երբ մասնավորը մտավ կրթական շուկա, սկսեց զբաղվել կրթություն տալով,բայց երևի մեր հանրապետությունում սա այն միակ ոլորտն է, որ հասարակական ընկալման մեջ պետականը մասնավորից լավն է:Ուրիշ այդպիսի ոլորտներ չունենք, օրինակ, մասնավոր հիվանդանոցն ավելի լավն է, քան պետական,մասնավոր ռեստորանն ավելի լավն է, մասնավոր ծառայություններն ավելի լավն են, բացառությամբ կրթական համակարգի: Մեր կրթական համակարգում աշխատող մասնավոր բիզնեսը շուրջ 20 տարվա ընթացքում չի հաջողել ձևավորել հասարակական ընկալման այնպիսի աստիճան, որ իր բրենդային, վարկանիշային առումով դառնա ավելի բարձր ընկալունակ և պահանջարկ ունեցող, այսինքն` մասնավորը չի կարողացել  պետական համակարգի համար մրցակից դառնալ: Մասնավորի արած ներդրումները եղել են ոչ թե առողջ բիզնեսի, հետևաբար, ինքնակատարելագործման կորպորատիվ կուլտուրայի, բրենդային ծառայության մակարդակի անընդհատ աճի, այլ այդ պահին կատարված ներդրումներից առավելագույն գերշահույթ ստանալու գերնպատակով` առանց զարգացման ռազմավարության: Այսօր մենք տանում ենք քաղաքականություն երկու կողմերին զրկել ընձեռված արտոնություններից, այն է` մասնավորին` բուհական ընդունելության արտոնյալ համակարգից,որտեղ դիմորդների հավաքած բալերը չէին համապատասխանում բուհական կրթություն ստանալու համար անհրաժեշտ նախնական  մակարդակին, և  պետական համակարգի բուհերին` տարկետման արտոնյալ պայմանից, երբ վճարովի ուսուցման համակարգում մենք ունենք մի զգալի հատված, որտեղ բուհը ոչ միայն փաստացի վաճառում է կրթություն ստանալու, այլ նաև տարկետման իրավունքը: Չէ որ ուսանողը վճարում է բուհին վճարովի ծառայությունների դեպքում` գիտելիք ստանալու համար: Կողքի  բոնուսային իրավունքը, որ երկար տարիներ ունեցել ենք կրթական համակարգում, խեղել է կրթական շուկան, և շատ հաճախ հենց այդ բոնուսն է դարձել ավելի գրավիչ, քան թե բուն կրթությունը` որպես արդյունք: Այսինքն, մարդիկ պատրաստվում են վճարովի համակարգով ընդունվել բուհեր, առանց մասնագիտությանը էական նշանակություն տալու, որովհետև վերջին տեղում նշում են ցածր մրցութային մասնագիտություններ` այնքան որ մի տեղ  ընդունվելու և բանակ չգնալու համար: Հենց այդ է պատճառը, որ ունենք մեծ քանակությամբ ուսանողներ, ովքեր հայտնվել են այս կամ այն տեղ ոչ թե այն պատճառով, որ երազել են այդ մասնագիտության մասին, այլ այնքան, որ մի տեղ ընդունվեն և ազատվեն բանակ գնալուց: Եվ սա այն պատճառով, որ ապագա ուսանողին ութ մասնագիտություն ընտրելու իրավունքից բացի տվել ենք նաև տարկետման բոնուսը: Ընդունելության քննությունների արդյունքում ձևավորված ուսանողական մի ստվար քանակը ինքնանպատակ ուսանողություն է, որը տարկետման խնդիրների հետ կապված, առանց բուն կրթություն ստանալու մոտիվացիայի, ուղղակի հայտնվել է ինչ որ մի տեղ: Հետո ասում են կրթության որակը ցածր է:

Հ.Մ.-Միջազգային կրթական մոդելների միջև մրցակցություն է գնում: Ես կառանձնացնեի ամերիկյան, եվրոպական, ասիական, չինական, մրցակցային առավելություն է ստանում այն մոդելը, որը մեծ տեղ է տալիս բնագիտական ուղղվածությանը: Չինաստանում այսօր ամբողջ կրթական համակարգում մոտ 40 տոկոս են դարձրել բնագիտական ուղղությունը: Մենք հակառակ գործընթացն ենք տեսնում մեզ մոտ: Շարունակ բարձր է տնտեսագետ, իրավաբան, բժիշկ դառնալ ցանկացողների թիվը: Երբեմն զարմանում ես, թե այդ մարդիկ որտեղ են աշխատանք գտնում, եթե աշխատաշուկան հագեցած է նման մասնագետներով: Մինչդեռ բավական կարիք կա բարձր տեխնոլոգիաների մասնագետների: Կա Էրիկտոնի վառ օրինակը: Ժամանակին այն ստեղծվեց որպես եվրոպական բարձր տեխնոլոգիական կադրեր պատրաստող ժամանակակից լուրջ կրթօջախ, որը զարկ կտար ՏՏ ոլորտի զարգացմանը, և Հայաստանը կդառնար լուրջ մրցակցային կենտրոն տարածաշրջանում: Դա տեղի չունեցավ, ավելին` նույն կրթօջախում արդեն տեսնում ենք տուրիզմի, տնտեսագիտական, իրավաբանական ֆակուլտետներ: Հասկանալ կարելի է, ֆինանսական ներհոսքի խնդիր կա, սակայն պետության կարգավորիչ դերը կարևոր չէ՞ այստեղ:
Ա.Ա.-Ամբողջությամբ ձեզ հետ համաձայն եմ, և հենց այդպես էլ այս տարվանից վարվելու ենք: Երկար տարիներ պետական պատվերը ձևավորվում էր իներցիոն սկզբունքով: Խոստովանենք, որ այսօր էլ դեռևս չենք տիրապետում այն մեթոդաբանությանը, որ կարողանանք ճշգրիտ հաշվարկել այս կամ այն մասնագիտությունից ունեցած կադրային պահանջարկը: Այս տարի կիրառել ենք նոր մոտեցումներ: Դադարեցրել ենք պետական պատվերով իներցիոն պլանավորումը և փորձել ենք մեզ համար նախանշել գերակայություններ: Միաժամանակ, չէի ցանկանա, որ գերակայությունը միայն տեխնոկրատական ուղղությանը տրվի: Գերակայության շարքում դրել ենք և տեխնոկրատական, և հումանիտար ոլորտները: Այս տարվա պետական պատվերը բաշխվել է բնագիտական, մշակութաբանական մասնագիտությունների վրա, որոնք շուկայական պահանջարկ չեն վայելում, բայց անհրաժեշտ են մշակութային միջավայր ձևավորելու համար` կոնսերվատորիայում, գեղարվեստի ակադեմիայում, կինոյի և թատրոնի ինստիտուտում, հայագիտական, հայոց լեզվի և գրականության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում: Կտրուկ նվազեցրել ենք անվճար տեղերը տնտեսագիտական բաժիններում, իսկ իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում անվճար տեղեր պարզապես չենք ունենա: Չենք կարող սահմանափակել կրթական շուկան, անգամ անտրամաբանական պահանջարկի դեպքում նման քայլը սխալ կլիներ: Մոտակա տարիների համար կձևավորենք պահանջարկը կանխատեսելու և հաշվելու մեթոդաբանությունը: Այստեղ կարևոր է նաև տարբեր ոլորտների ակտիվ ներգրավվածությունը: Տեսեք, այնտեղ, որտեղ արագ զարգացում կա` ՏՏ և բանկային գործը, ունենք առավել կայացած կրթական համակարգեր և առավել որակյալ կրթություն, որովհետև տնտեսությունը ձևակերպեց պահանջարկը, ինչը սպասարկելու համար կրթությունը շատ արագ փորձեց մատուցել այդ ծառայությունը: Վերցնենք Ձեր ղեկավարած ձեռնարկության օրինակը: ՏՏ ոլորտի համար պատրաստվող մասնագետների կրթության հարցում ՙՍինոփսիսը՚ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերեց և մեծ արդյունքների հասավ: Համաշխարհային շուկա դուրս եկած կրթական ծառայություն է մատուցում Հայաստանում: Նույնը` բանկային ոլորտը: Երբ եղավ պահանջարկը, լուրջ շարժ նկատվեց: Ցավոք, այլ ոլորտներում այս պահին չեմ կարող արձանագրել, թե տնտեսությունը կամ հասարակությունը խթանած լինի որակյալ կադրերի պահանջարկը: Եթե վաղը, մյուս օրը գյուղատնտեսության ոլորտում կայացող բարեփոխումները աշխատեն և գյուղատնտեսությունը ձևակերպի իր պահանջարկը, վստահ եմ, կունենանք արագ փոփոխություններ: Ինքնանպատակ կադրեր թողարկել, որոնք աշխատաշուկայում իրենց տեղը չեն ունենալու, վտանգավոր է: Մյուս կողմից էլ ՏՏ հատվածում պետք է մասնագետների կրիտիկական զանգված ստեղծվի, որպեսզի ներդրումների համար համապատասխան գրավչություն առաջանա: Պարտադրված ու պարտավորված ենք բոլոր ճյուղային նախարարությունների հետ փոխկապակցված և նպատակասլաց աշխատելու, որպեսզի միասին ձևավորենք աշխատանքի և կրթական շուկաների հարաբերությունների միասնական դաշտը, հակառակ դեպքում այս մեկուսի աշխատաոճը արդյունք չի բերի: Ցավոք պիտի արձանագրեմ, որ ՌԴ-ից ստացանք 100 անվճար տեղ` նանոտեխնոլոգիաներ, միջուկային էներգետիկա, քաղաքաշինություն, ճանապարհաշինություն` պահանջարկ չվայելեցին, փոխարենը կրկին բժշկական, իրավաբանական, տնտեսագիտական մասնագիտություններն ընտրվեցին, առաջարկված տեղերի ընդամենը 30տոկոսը: Կրկին ունենք ՙխեղված ճաշակը՚: Պետք է ավելի մեծ ընկալում ունենալ գիտելիքահենք հասարակության մասին, որովհետև տնտեսությունը այդպիսին չի լինի, եթե հասարակությունն ու կրթությունն այդպիսին չեն: Մյուս կողմից, այն երկրները, որոնց հաջողվել է բեկումնային աճ ապահովել կրթական ու տնտեսական ոլորտներում, օրինակ, Ճապոնիան կամ Իսրայելը, անցել են յուրաքանչյուրն առնվազն 25-30 տարվա ճանապարհ: Նույն իսրայելական տնտեսական և կրթական համակարգերի բարեփոխումները, որոնք այսօր արդյունքներ են տալիս, չնայած իրենք դժգոհ են, 2-րդ համաշխարհային պատերազմից հետո են սկսվել և 30-35 տարի հետո միայն արդյունքներ են տվել, և դա այն դեպքում, երբ նախադրյալները բավական լավն էին, քանի որ աշխարհի տարբեր երկրներից վերադարձան բազմաթիվ լուրջ գիտնականներ, համաշխարհային գիտական էլիտայի ներկայացուցիչների մի պատկառելի զանգված: Նրանց շնորհիվ է, որ այսօր իսրայելական 3 բուհ աշխարհի լավագույն 200բուհերի թվում են: Ճապոնական կրթական համակարգը շուրջ 30 տարի հետո տվեց ակնկալվող արդյունքը: Դուք սկզբից մի շատ կարևոր բան ասացիք` չպետք է վիճենք ակնհայտ ճշմարտությունների շուրջ: Կրթական մոդելները պատրաստի ներմուծել չի կարելի, բայց պետք է դրանք բերել Հայաստան և տեղայնացնել մեր մտածելակերպին, մեր իրականությանը:
Հ.Մ.-Այսօր հասարակությունը լուրջ քննարկում է, մեծ հնչեղություն է ստացել ՙԼեզվի մասին՚ օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ ձեր նախաձեռնությունը: Շատ օբյեկտիվ պատճառներով կողմ լինելով ձեր առաջարկին` մի մտավախություն ունեմ, որ օրենքի փոփոխության հակառակորդները հասարակությանը փորձում են վախեցնել կրթության ռուսալիզացիայի վերադարձով, որը խորհրդային տարիներին իսկապես մրցակցային անառողջ գործոն է եղել: Ուզում եմ այդ առումով հիշել, որ աշխարհի 500  վարկանիշային համալսարանների թվում ընդամենը երկու ռուսական համալսարան կա: Միայն այդ փաստը ցույց է տալիս, որ ռուսական կրթական համակարգը բավական հնացած է, և մենք այսօր խնդիր չունենք ռուսաց լեզվի դասավանդման այլընտրանքային դպրոց հիմնելու: Ուզում եմ հիշել Սինգապուր պետության հիմնադիր վարչապետ Լինգվանդուի այցը Հայաստան և կառավարության կողմից կազմակերպված հանդիպումը նրա  հետ: Երբ մենք նրանից խորհուրդ հարցրինք, թե մեզ ինչ է պետք անել իր երկրի նման առաջընթաց ապահովելու համար, նա առաջին հերթին կարևորեց կոռուպցիայից ձերբազատվելը: ՙԵթե դուք ձեր ճանապարհը Ռուսաստանի հետ եք տեսնում, ես ձեզ ոչ մի խորհուրդ տալ չեմ կարող՚,-շարունակեց: Հորդորեց անգլերեն սովորել և փոխառել ամերիկյան կրթական մոդելը: Այսինքն, աշխարհը գնում է մի այլ ուղղությամբ, իսկ մենք շարունակում ենք տապակվել մեր յուղի մեջ: Ամենավտանգավորը ինքնագոհության և հարմարվողականության սովորույթն է, նորի հետ անընդհատ չհամակերպվելը, նոր գաղափարներ առաջ քաշող մարդկանց հանդեպ անհանդուրժողականությունը: Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ մի առիթով քննարկում էինք ազգային մրցակցային առավելությունների հարցը և շատ հետաքրքիր պատասխանների հանգեցինք: Իմ կարծիքով առաջին տեղում հարմարվելու մեր գենետիկ ունակությունն է: Այս ազգային հատկանիշի դրականն այն է, որ հայերը շատ արագ հարմարվում են նոր միջավայրին: Ես օրինակներ եմ բերում, որ հայ երիտասարդը գյուղից գալիս է մայրաքաղաք, սովորում, գործուղվում արտասահման, ասենք, այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք ԱՄՆ-ն ու Կանադան են, 7-8 տարվա ընթացքում դառնում  հիանալի մասնագետ` ամբողջովին ինտեգրվելով նոր միջավայրին: Շատ կարճ ժամանակվա ընթացքում, ու տպավորությունն այնպիսին է, թե հենց այդ միջավայրում էլ ծնվել, մեծացել է: Բայց հարմարվելը, յոլա գնալը մյուս ծայրն էլ ունի, որը վնասակար է: Դա եղած վիճակին հարմարվելն է ու նորի հանդեպ անվստահությունը: Անշուշտ, անկախանալուց հետո լեզվի մասին օրենքը շատ դրական քայլ էր: ժամանակն առաջ է գնում, իրադարձությունները շատ կտրուկ են զարգանում, անգամ չենք էլ ասում անփորձ ճանապարհով գնանք, այլ պետությունների անցած ճանապարհից ենք օրինակ վերցնում, արդեն փորձարկված, բոլորի կողմից ընդունված, արդյունքներում վստահություն ձեռք բերած: Անգամ դա է դատապարտվում,ապազգային ու այլ պիտակներով անվանարկվում,  գովաբանվում միայն մեր ունեցածը, մեզ բնորոշը: Ինչպես ոչ քիչ դեպքերում` մի տասնամյակ անց մենք կրկին կասենք, որ հետ ենք մնացել, մեղավորներ կփնտրենք, կքննադատենք նախկիններին ու կսկսենք բաց թողնվածը լրացնել` փորձելով հասնել ուրիշներին: Սա կրկնվում է ամեն անգամ: Դուք, գիտակցելով, թե ինչ լուրջ ճակատամարտեր են լինելու, գնացել եք այդ քայլին: Ի՞նչ է լինելու, կանգնեցնելու եք, թե առաջ եք գնալու, դեմ արտահայտվողները հպարտանալո՞ւ են, որ խանգարել են, թե նախաձեռնությունն առաջ է գնալու:

Ա.Ա.-Ես չեմ ցանկանում, որ այս նախաձեռնությունը քաղաքականացվի և արտաքին քաղաքականության հետ կապվի, ինչը,ցավոք, անում են հրապարակավ դեմ արտահայտվողները: Իհարկե, ռուսական կրթական համակարգի ազդեցությունը մենք դեռևս կրում ենք և, կարծում եմ,ամբողջությամբ հրաժարվել ռուսական կրթական միջավայրից չի կարելի, հաշվի առնելով այն խորը տնտեսական, քաղաքական կապերը, որ մենք ունենք Ռուսաստանի հետ: Մենք շատ ենք ինտեգրված նրան, սակայն մեր ռուս գործընկերները ևս այսօր խորը բարեփոխումների ուղղությունն են վերցրել: Մենք շատ ենք ուսումնասիրել այսօր գործող ռուսական մոդելը: Նրանք ևս նորամուծություն են արել, միայն Մոսկվայում 100 օտարալեզու դպրոցներ կան, որոնց հետ լուրջ հույսեր են կապվում: Ռուսաստանում բավական մեծ հաջողությամբ գործում են օտարալեզու բուհեր: Պետք չէ ոչ մի մոդել կրկնօրինակել, որովհետև պետք է փորձել այդ բոլորից մեզ համար ներդնել այն, ինչ ավելի մոտ է մեզ և ելնել մեր երկրի տնտեսական զարգացման մոդելից: Կուրորեն անգլո-սաքսոնական մոդելը ներդնելը ևս ճիշտ չեմ համարում: Կրթական շուկայում պետք է թողնել բոլորն էլ զարգանան:
Ես ավելի հակված եմ եվրոպական մոդելին, որն իրականում ռուսական կրթական համակարգի սկիզբն է հանդիսացել դեռևս միջնադարում: Ակնհայտ է, որ եվրոպական մոդելը թելադրված է գերմանա-ֆրանկյան մոդելից: Կարող ենք թույլ տալ, որ մեզ մոտ բոլոր մոդելներն էլ զարգանան: Ինձ ուրախացնում են այս բուռն քննարկումները, որպիսին չեմ հիշում բավական երկար ժամանակ: Մյուս կողմից, տխրեցնում է, որովհետև այն, ինչ առաջարկում ենք անել, արդեն ուշացած է, որովհետև վաղուց գրեթե բոլոր երկրներում նման ծառայությունները թույլատրված են և արդեն արդյունք են տալիս: Նաև այն պատճառով, որ մենք հետ ենք մնում համաշխարհային կրթական զարգացումներից: Որևէ մեկը չի առաջարկում և չի էլ հանդգնի առաջարկել այս ամենը անել հայոց լեզվի ու հայագիտության հաշվին: Ամենահեշտ բանն է զբաղվել նացիոնալ-պոպուլիզմով: Ասել ժողովրդահաճո բաներ, որոնք ոչ մի պատասխանատվություն չեն ենթադրում և ընդամենը արյան կանչի վրա են խարսխված: Ես չեմ կարծում, որ մեր ընդդիմախոսները ավելի հայրենասեր են, քան մենք ու մեզ սատարողները: 21-րդ դարում հայրենասիրությունը մնալով իր պարզագույն ձևակերպմամբ որպես սեր առ հայրենիք, այլ հարթակ պետք է ունենա: Ինչ է այսօր հայրենասիրությունը, ինչով պետք է արտահայտվի այդ սերը: Ինձ համար ամենաանհայրենասերը այն մարդն է, ով ինքն իր վրա չի աշխատում, ով տգետ է մնում, իր վրա չաշխատելով` չի օգնում առաջ գնալուն: Այսօր մենք երկու կարևոր գերխնդիր ունենք, որպեսզի պահպանվենք որպես էթնոս, ունենանք մեզ հարիր մի տեղ մադկության քարտեզին: Բազմանալ և սովորել: Գիտելիքը և ժողովրդագրական վիճակը,իսկ մնացածը` և պաշտպանությունը, և տնտեսությունը, ածանցվում են նրանցից, թե ինչ քանակի ես որպես ժողովուրդ և ինչ գիտելիքներ ունես որպես ժողովուրդ: Ուրիշ բանաձև չունենք: 21-րդ դարի համար սովորելը պետք է դառնա ամենահայրենասիրական գործը, տգետ հայը պիտի դիտվի որպես անբան և անհայրենասեր հայ: Սա է այն պահանջը, որ իմ խորին համոզմամբ մեր կրթական համակարգն ու հասարակությունն ունի: Այս բանավեճը իրականում վեր է ածվել աշխարհայացքային բախումների: Ես չեմ ուզում հասարակությունը բաժանել ռետրոգրադների և ավանգարդիստների, ազգայնամոլների և լիբերալների: Ես ինքս ազգայնական և լիբերալ մարդ եմ, ինչպես շատ-շատերը, ովքեր այս նախագծին դեմ կամ կողմ են արտահայտվում: Պետք չէ Գարեգին Նժդեհի արտահայտությունները տրոհել ցիտատների և ամեն պատեհ կամ անպատեհ առիթով գրպանից ինչ-որ հերթական ցիտատ հանել և շահարկել: Աստվածաշունչը, որ մեր սուրբ գիրքն է, այդպես չի շահարկվում, ինչպես Նժդեհը:Նրա ողջ կյանքն ու գործոունեությունը ապացույցն է այն բանի, որ կարելի է ստանալ օտարալեզու կրթություն և դառնալ մեծ հայ: Եթե նա չստանար այդ կրթությունը, չէր կարող հաղորդակցվել օտար հեղինակներին ու մշակույթին և չէր կարող հայերիս համար դառնալ փիլիսոփա հանճար: Այդ Մեծն Հայի փիլիսոփայությունը ուղղված է մեկ նպատակի` պահպանվել որպես ժողովուրդ և ունենալ սեփական տարածք, որի վրա կառուցել սեփական պետություն: 20-րդ դարում դա եղել է մի գործիքակազմով, այսօր հայապահպան պետությունը լրիվ ուրիշ գործիքակազմ պետք է ունենա: Մյուս կողմից, այո, ես պատկերացնում էի, թե ինչ դժվարություններ կունենայինք: Մենք այս քայլով չենք լուծում կրթությանն առնչվող խնդիրները: Իրականում այս փոփոխությունը համադարման չէ: Ինքներս ենք համամիտ, որ օրենքով պիտի ամրագրվեն փոփոխությունները: Լուրջ խոսակցության փոխարեն մարդկանց պիտակավորում են ամենանողկալի բառերով` որպես օտարամոլ, հայատյաց, դինամիտ, և այն էլ այնպիսի մարդիկ, որոնց ճնշող մեծամասնությունը ոչ մարդկային, ոչ բարոյական, ոչ իրավական առումով որևէ իրավունք պարզապես չունի: Զավեշտ է, որ մեղադրանքներ է հնչեցնում սկանդալային համագումարներով և ոչ ստեղծագործական աշխատանքով հայտնի ստեղծագործական միությունը, նախկինում վարկաբեկված որևէ գործիչ: Մտքի գեներացիայի առումով քննադատությունների 90 տոկոսը առ ոչինչ էր, զուտ զգացմունքային ելույթներ: Ուրիշին քարկոծելով հանրությանը ներկայանալու առիթն են օգտագործում: Եթե մենք չհավատայինք, որ սա ճիշտ ճանապարհ է, կանգ կառնեինք:
Իրական հարցախույզները ցույց են տալիս, որ հասարակությունը ընդունում է այս գաղափարը` որոշակի մտահոգություններով: Մտահոգությունները կփարատենք օրենքով, գաղափարը կյանքի կկոչվի, և ես վստահ եմ, որ երբ մեզ մոտ սկսեն գործել այդ դպրոցները,մեր ընդդիմախոսների ճնշող մեծամասնությունը կամաչի իր խոսքերի համար:

Հ. Մ.-Քանի որ մեր զրույցը նաև հիմնականում բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունի, գաղտնիք չէ, որ տեխնոլոգիաիական համակարգում որակյալ կադրեր պատրաստելու առումով երկու խնդիր կա` որակյալ դասախոսական կազմը և տեխնիկական գործիքակազմը: Ցավոք, պետությունն այսօր ի վիճակի չէ անհրաժեշտ մեծ ֆինանսական ներդրումներ ապահովել կրթական ոլորտում: Դուք նշեցիք մեր ընկերության կողմից իրականացվող մոդելի մասին, որը բացառիկ մոդել է և տարածաշրջանի երկրներում ցանկանում են այն կիրառել իրենց մոտ: Հաջողակ օրինակների հարցը շատ կարևոր է: Սակայն մեր փորձը անտեսվում է մեզ մոտ: Ունենք փորձ, ունենք արդյունք, սակայն այն չի դառնում կապիտալ: Բայց գոնե կառավարությունը, որ դեռևս 8 տարի առաջ այս ոլորտը գերակա ճյուղ է հայտարարել, հաշվի առնելով նաև, որ տնտեսական ճգնաժամի արդյունքում երկրիը14.5տոկոս անկում ունեցավ, իսկ ՏՏ ոլորտում, ընդհակառակը, 17 տոկոս աճ արձանագրեցինք, ժամանակն է, որ կապիտալիզացվի մեր հաջողությունը, լրջագույն ուշադրություն դարձնենք այս բնագավառին Հայաստանում, մենք շատ արագ հաջողություն կունենանք միկրոէլեկտրոնիկայի ոլորտում և շատ արագ կմոռանանք, որ փոքր երկիր ենք, և սա այն բնագավառն է, որ մեր մասին խոսել կստիպի:
Ա. Ա.-Ես համաձայն եմ ձեզ հետ, որ տեղեկատվական հասարակության մասին խոսելիս պիտի ավելի մեծ ուշադրություն դարձնենք դրական լրահոսին, որովհետև իրականում ինքնախարազանման մի պտույտի մեջ ենք ընկել և հաճույք ենք ստանում, երբ խոսում ենք միայն պրոբլեմի մասին: Պրոբլեմների մասին խոսելը ուրիշ է, սևացնելը` ուրիշ: Աճի մասին խոսելը կնշանակի աջակցել այն բեկումնային դարձնելուն: ՙՍինոփսիսի՚ կրթական մոդելի վերաբերյալ նախարարության մոտեցումը հստակ է, մեր նպատակն է դրսից ուսանողներ բերել, մի քիչ գծուծ եղեք նման ծրագրերը դրսում վաճառելու, մոդելը փոխառելու առումով, այլ փորձեք պայմաններ ստեղծել, որպեսզի ուսանողներ գան Հայաստան: Հարցադրումների մի մասը այլ նախարարությունների էր վերաբերում: Մեր մասով մենք կսպասենք ձեր առաջարկություններին, թե ինչպես ամրագրել հաջողությունը, այն դարձնել հասարակության սեփականությունը և դրա հիման վրա նոր հարկ կառուցել և ոչ թե ամեն անգամ սկսել զրոյից: Իրականում ամեն մի նոր հաջողություն փորձենք ածանցել նախորդից, և այդ դեպքում շարունակականությունը կապահովվի: Եթե կան առաջարկներ բակալավրիատի, մագիստարատուրայի, ասպիրանտուրայի վերաբերյալ, պատրաստ ենք միասին քննարկել:
Հ. Մ.-Կան: Մենք մասնագիտացում ունենք, որի դեպքում ուղղակի հրամայական է, որ կոնկրետ առարկան դասավանդվի անգլերեն: Հայաստանում, ՙՍինոփսիսում՚ ուսանելու պիտի գան հնդիկներ,և կան առարկաներ, որոնք պիտի դասավանդվեն անգլերեն: Ընդ որում, հենց մեր ուսանողները պիտի դասավանդեն այդ առարկաները, այն էլ անգլերեն լեզվով: Դրանից այն կողմ գնահատական կա՞: Ահա այդ առաջարկությամբ պիտի մոտենանք նախարարությանը:

Սկզբնաղբյուր՝ Էկոնոմիկա ամսագիր, 2(14) 2010, ամառ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s