Խորագիրը վարում է տեխնիկական գիտությունների թեկնածու, ՙՍինոփսիս Արմենիա՚ ընկերության գործադիր տնօրեն, ՀՀ հանրային խորհրդի և ՙԷԿՈնոմիկա՚ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը
Քննարկմանը մասնակցում են ՀՀ հանրային խորհրդի անդամներ ՀՀ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը:
Կլոր սեղանի այս անգամվա քննարկման թեման հայկական հեռուստաեթերներից հանրությանը տրամադրվող ակնհայտ և ենթագիտակցական շերտի վրա ազդող բովանդակությունն է: Քննարկման մասնակիցները տագնապ են հնչեցնում` միանալով մամուլի հրապարակումներում հնչած մտահոգություններին ու ահազանգերին, ինչը նաև հանրային լսարանի շատ վճռորոշ մի հատվածի կարծիքն է:
Խնդիրը դիտարկվում է ազգային անվտանգության տեսակետից:
Հանրային գիտակցությանն օդի ու ջրի պես անհրաժեշտ է դրական խոսքը, գործը, օրինակը, կերպարը, երևույթը: Մարդու զգացական աշխարհի առողջության և ստեղծագործ կյանք ունենալու համար անբեկանելի ճշմարտություն է դա: Մասնավոր սեփականության իրականությունը վարագուրել է մասնավոր ձեռնարկության անցուդարձը հանրային իրազեկման դաշտից, բաց և փակ լինելու խնդիր կա, վճարելու, գովազդի առևտուր կա, ինչն էլ երկրում կատարվող լավ, խոստումնալից, հույս ու հավատ ներշնչող գործերի մասին քիչ խոսելու հիմնական պատճառն է դառնում: Ու բազմաթիվ հեռուստաեթերների դաշտում ամուր տեղավորվում են մեկը մյուսին քննադատելը, վճարովի գովաբանությունները, ինքնագովասանքները, քաղաքական խոսակցությունները: Որքան շատ քննադատություն, մեկը մյուսին սխալ հանելու հնարքներ` այնքան լավ: Լուրը գրավիչ կլինի:
Խորհրդային տարիների լրատվության մեջ գերակշռում էր դրական տեղեկատվությունը: Ամեն օր մարդկանց էր հասցվում լրատվություն, որը հասարակության մեջ տեղի ունեցող ստեղծարար նորություններն էր մեկտեղում: Եթե խնդիրներ էին ներկայացվում, ապա դրանք լուծում էին ստանում, կար դրանք լուծող ուժը, մարդիկ վստահ էին, որ պետական ապարատը ի վիճակի է դրանք կարգավորելու, միայն թե իմանա այդ մասին: Հավատը, վստահությունը, դրական մթնոլորտը կյանքը լցնում էր հավեսով, օրը` արդյունավետությամբ, նպատակասլացությամբ:
Անկախությանը հաջորդած հայկական ծանր տարիներին անգամ մարդկանց հույս ու վստահություն տվողը միմիայն դրական լուրերն էին: Երբ խավարի մեջ հարևաններով իրար գլխի հավաքված ինչ-որ մեկի տանն առկա մարտկոցով աշխատող փոքրիկ հեռուստացույցի էկրանին գամված լուրեր էին լսում, լրագրողների ջանքերով պեղված-հայտնաբերված ու մոմի լույսի պես առկայծող դրական լուրերից հուսավառվում ու վստահությամբ էին լցվում: Բայց անգամ նման պայմաններում այդ լուրերը կային, ու լրագրողները դրանք որոնում, գտնում էին:
Երբ մարդկանց տեղեկացնում ես երկրում և աշխարհում կատարվող դրական իրադարձության մասին, ապրելը իմաստավորվում և հեշտանում է: Երիտասարդներին ուղղելով խոսքս, ասեմ, որ խորհրդային հասարակարգում ընդունված չէր վատ թեմաները հրապարակայնացնել: Հանցագործության, աղետների, դժբախտ պատահարների մասին հասարակությունը լրատվամիջոցներից ոչինչ չէր իմանում: Պետք էր ներկայացնել միայն արտադրական հաջողություններ, աշխատանքային սխրանքներ, մշակութային նվաճումներ` ամբողջ տեղեկատվությունը պարուրված էր խորհրդային երկրի բացառիկ հզորության և բարեկեցիկ, երջանիկ կյանքի շղարշով:
Հենց որ Գորբաչովը ազատ խոսքի համար կապանքները բացեց, լռության դատապարտված խոսքի ջինը դուրս թռավ շշից ու …սկսվեց…Ինչեր ասես չիմացանք այն երկրի մասին, որտեղ անհոգ ապրում էինք: Ինչեր ասես չիմացանք այն ղեկավարների ու գործիչների մասին, որոնց գովում էինք դպրոցական շարադրություններից սկսած` պատմության բազմաթիվ քննություններով վերջացրած: Ծարավածի պես կուլ էինք տալիս վատ տեղեկատվության հեղեղը: Հետո խորտակեցինք այդ նավը, չդիմացանք նվաստացումին, խաբված լինելուն: Ահա թե ինչ արեց բացասական տեղեկատվությունը հանրությանը չնորմավորված բաշխելը:
Ներկայում մեկ այլ իրողություն է:
Բացասական տեղեկատվությունը լուրջ վերլուծություններով, փաստական արխիվային բացահայտումներով ու բանիմաց մարդկանց կողմից հրամցվող տեղեկատվական դաշտում այսօր ամբողջովին տիրապետում է հումորը: Հումորը քարկոծում ու զավեշտալի, պախարակելի, ոչնչանալու արժանի է դարձնում ամբողջ հասարակությունը: Իսկ հասարակությունը բերանը բաց ծիծաղում է ու կամաց կամաց ատում, արհամարհանքով լցվում իր ապրած կյանքի հանդեպ:
Այդ ոչնչացնող հումորը տիրապետում է նախկին խորհրդային տարածքի գոնե այն մասին, որը տեսնում ենք` Ռուսաստանին և Հայաստանին: Այդ հումորի առջև փակ թեմա չկա, անհարմարության զգացողություն չկա, ընդհակառակը, չափանիշը` որքան կարող ես, որքան ուժդ ու խելքիդ, գիտելիքներիդ չափը բավականացնում է` դիր ու ՀՈՒՄՈՐԻՐ:
Հումորին հակադիր մյուս դաշտը ևս մի լավ տրորվել է ուզում: Հասարակությունից փակ մնացած, բայց հասարակության մեջ որպես զուգահեռ հասարակություն գոյություն ունեցած գաղութային աշխարհը ընդհատակից դուրս է եկել ու մտել մյուս հասարակության մեջ: Ու գրավել է այն: Հանցագործ աշխարհի հեղինակությունները պակաս զորեղ չեն սովորական հասարակության գործիչներից: Ավելին, նրանք կարծես թե միաձուլում են իրենց օրենքներն ու գործելաոճը, իշխանության հաճույքներն ու տհաճությունները:
Այս ամենը տեղի է ունենում օրվա բոլոր ժամերին, միմյանցից առաջ ընկնելու մրցավազքի մեջ գտնվող հեռուստաեթերներում,բոլորիս աչքի առաջ ու ծափահարությունների ներքո: Այս տեղեկատվական ագրեսոր նավի նավավարները չեն երևում, բայց լավ վճարված թատերատոնախմբության մասնակիցները ջանում են լիովին գոհացնել իրենց տաղանդը արժանի գնահատող պատվիրատուներին:
Զավեշտը, հեգնանքը, ամեն ինչը սատիրայի ոտքի տակ գցելը, ինչպես նաև հակառակ նժարին դրված հանցավոր աշխարհի բարքերի իշխանական, հզոր լծակներով ու ճոխ ապրելակերպով ներկայանալը տեղ չեն թողնում հասարակության առողջ և հիմնական հատվածի համար: Խեղճ վարձու դերասաններն էլ նրանց թվում: Որովհետև տեսախցիկի առջև իրենցը համարվող շքեղ մեքենաները, առանձնատները, բիզնեսները, մարդասպան ծառաները ևս կինոդեկորներ են ընդամենը:
Ինչո՞ւ են հայկական հեռուստաընկերությունները հանցագործաշխարհամոլության մեջ ընկել: Ինչո՞ւ ոտք ու ձեռք ընկած` վաղ առավոտից բացասական լուրերով տագնապի մեջ են գցում բազում խնդիրներ լուծելու համար գիշերային հանգիստն առած մարդկանց: Ինչո՞ւ եթերից խոսում են ինչպես պատահի:
Վաղ առավոտյան ծրագրերից սկսվում է. նախ բարձր տրամադրություն պարգևել խոստացող հաղորդավարների ժպիտներն են ու աշխարհի չգիտեմ որ անկյուններում ավտովթարները, հանցագործությունները, սպանությունները: Երևանի որ անկյունում երկու մեքենաները կպան իրար` անմիջապես մեզ տեղեկացնում են: Բանգլադեշում ավտոբուսի վթար էր եղել, 20 մարդ էին զոհվել: Լուրը հաղորդվել էր առավոտյան եթերներից մեկում և ինչ-որ մեկի կողմից ընկալվել էր որպես երևանյան բանգլադեշում տեղի ունեցած դժբախտ պատահար ու վշտահար դարձրել լուրը լսած կնոջ մերձավորների ու նաև նրանց մերձավորների մի հսկա շղթայում: Այդպես ենք սկսում Հայաստանի բարգավաճմանը նվիրաբերվող մեր յուրաքանչյուր օրը: Այս լուրերի արանքներում ուրախանալ փորձելուց հետո ընկնում ենք շարունակվող տեղական սերիալների մեջ, որոնք մեզ ու ի լուր համայն սփյուռքի շտապում են տեղեկացնել ու կոնկրետ բազմաթիվ սյուժեներով ապացուցել, թե ինչ վայրենաբարո երկիր է այդ հայրենիք կոչվածը և, բնական է, ինչ խելոք են նրանք, որ ժամանակին փախել են տնից էլ, հայրենիքից էլ, այն կարգին երկիր դարձնելու ապարդյուն վատնվող ջանքերից էլ: Իսկ օտար սերիալները իրենց սիրային ծամծմված ու անպարկեշտ սյուժեներով փորձում են փոքր ինչ շեղել ու քաղցրացնել ստացած տպավորությունները, նրանց տարօրինակորեն անհեթեթ պրոբլեմները, գեղեցիկ ու կիսամերկ կանայք ու աղջիկները, կրկին շեշտում են մեր երկրի ծանր ապրելակերպը: Հետո երեկոյան նորից է սկսվում ամեն ինչ, կրկնակի չափաբաժնով է տրվում պրոպագանդան, որպեսզի հանկարծ մեկնումեկը դուրս չմնա ուղեղների մեծ լվացքի արարողությունից:
Հակված ենք կարծելու, թե համաշխարհային տեղեկատվական պատերազմում մեզ շատ ակտիվորեն ներքաշել են` առանց մեզ ՙտեղեկացնելու՚: Ինչ-որ մեկը մեզ ՙպետք՚ է ասեր այդ մասին, որպեսզի մենք միավորվեինք ու նրանց ջարդը տայինք: Բայց, քանի որ չեն իրազեկել, գաղտնի են մեր դեմ պատերազմում, մենք հանգիստ, խաղաղ, ծափահարություններով պարտվում ենք` ամեն օր հատվածներ կորցնելով մեր ազգային ներուժից, ինչը հայկականությունն է, ավանդականությունը, մեր դիմագիծը, մեր գլխավոր կռվանը մեր երկրում ու աշխարհում մեր ձևով ապրելու համար:
Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ այսօր մեզ օդ ու ջրի պես պետք են հերոսական ֆիլմեր, պատմական և ժամանակակից դրական հերոսներ, մենք պետք է ամեն ջանք գործադրենք մեզ ոգևորելու, հայրենասիրական գիտակցությունը բարձր նիշում պահելու, հպարտանալու ուրիշների արածով և մեր սեփականը ներդնելու ուժեր ստանալու: Մեր հասարակությանը օգնություն է պետք, ինչը անելու հիանալի հնարավորությունն ունենք` հանձինս բազմաթիվ հեռուստաեթերների:
Եվ այսպես,ինչպիսի եթերի է արժանանում հայ հասարակությունը, ո՞վ է ո՞ւմ պարտադրում մեր ժամանակն ու մտածելակերպը տիրապետող հեռուստամշակույթի հայկական տարբերակը: Տեղեկատվական պատերա՞զմ է դա, թե՞ փող աշխատելու մոլուցքի տիրապետություն:
Հեռուստաեթերը բիզնե՞ս է, հանրային լասարանի վրա ազդեցություն ունեցող հզոր գործի՞ք, մշակո՞ւյթ:
Բոլորը միասին` նաև լավ կամ վատ դաստիարակ
Հովիկ Մուսայելյան- Ես ուզում եմ սկսել ինձ մտահոգող մի հարցից: Արդեն հինգերորդ տարին է, ինչ մեր ընկերության նախաձեռնությամբ անց է կացվում հանրապետության լավագույն ուսանողների մրցույթ հանրապետության նախագահի մրցանակին արժանացնելու համար: Բուհերում ընտրում են 10-ական ուսանողներ, ապա հատուկ հանձնաժողովը յուրաքանչյուրի հետ ամենատարբեր հարցերի շուրջ զրուցելուց հետո` որոշում է հաղթողին:
Ուսանողներին տրվող հարցերի թվում է նաև հետևյալը. ո՞վ է նրանց համար հեղինակություն մեր իրականության մեջ: 120 ուսանողներից մոտ 10-ը նշում են իրենց ծնողներին: Հիանալի է: Մի քանիսը` Ազնավուրին, մի քանիսը` Քրք Քրքորյանի ու Ռալֆ Յիրիքյանին: Ընդամենը 20 հոգի: Ստացվում է այնպես, որ լավագույն ուսանողների այս ընտրանու 80 տոկոսը որևէ հեղինակություն չի առանձնացնում, չի կարողանում նշել ոչ իրականությունից, ոչ գրականությունից, ոչ տեղեկատվական այսօրվա հսկայական դաշտից: Այստեղ միակ մխիթարականն այն է, որ նրանք չեն նշում նաև հայկական սերիալների գողական հեղինակություններին: Գոնե դրանից հեռու են: Ես ձեզ բոլորիդ հարց եմ ուղղում. ինչ եք կարծում` ո՞վ մտնի երիտասարդական մի ենթադրական միջավայր, ասենք` համալսարան, որ բոլորը ճանաչեն և հուզված մոտենան նրան: Վաստակաշատ ինչ անուն ուզում եք տվեք, կպարտվի, եթե նրա հետ միասին նույն միջավայր մտնի եթերից փայլող ու երիտասարդության վրա իր ազդեցությամբ մեզ այսօր խիստ մտահոգող որևէ հաղորդավարՙաստղ՚:
Անելկա Գրիգորյան – Իմ կարծիքով այս խնդրի արմատները կրթության ու կրթվածության մեջ են:Բոլորը գիտեն, որ այսօր համարյա թե ոչ մի բուհ ի վիճակի չէ ժամանակակից բարձր մակարդակի կրթություն ապահովելու, որովհետև դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները չունի, բայց, այդուհանդերձ, ոչինչ չի արվում, որ այդ միջոցները վճարելու պատրաստ մեկը, որ մղոններով հեռու է սովորելուց, բուհ չմտնի և հետագայում դիպլոմավորված ՙմասնագետ՚ կոչվելու իրավունք չունենա: Այն, որ հասարակության տարբեր մակարդակներում այսօր առկա են շատ լուրջ խնդիրներ, կարծում եմ, դրա արդյունքն է. մոլախոտը պատել է ամենուր :
1870թվին Անգլիայում ընդունվեց ՙԱկտ կրթության մասին՚, համաձայն որի քաղաքաբնակն ու գյուղաբնակը նույն կրթությունը պետք է ստանային: Հետևանքը եղավ այն, որ գյուղը լքած և քաղաքաբնակ դարձած մարդը կտրվեց իր արմատներից, որն ըստ էության նույնն է թե` իր էությունից: Եվ հայտնվելով ու չկողմնորոշվելով օտար միջավայրում` այդ մարդը դիմակայելու հետ մեկտեղ դարձավ սպառող և վատնող` անհոգ ու անգետ այդ միջավայրի իրական արժեքներին:
Ինչ վերաբերում է դրական տեղեկատվության սուր պակասին, դա ևս իշխող հոգեբանություն է դարձել:: Մեզ մոտ, պատմության թանգարան լրագրողները գալիս են ու առաջին հարցը, որ տալիս են` ի՞նչ պրոբլեմ ունեք, կարծես թանգարանից ուրիշ սպասելիք չունեն:
Հովիկ Մուսայելյան-Դեռևս Լեդա սիսթեմս-ում աշխատելու տարիներին լրատվամիջոցները մեզ շատ էին դիմում: Նորաստեղծ ընկերություն էր, նորություն էր, հետաքրքրությունը մեծ էր: Բայց այս վերջին երկու տարիներին զգում եմ փոփոխությունը. դրական լուրի հանդեպ հետաքրքրությունը նվազել է, կարծես թե պահանջարկի ուղղությունը փոխվել է: Համատարած կոմերցիալիզացիայի ժամանակներում ենք հայտնվել: Մինչդեռ մի քանի տարի առաջ ՙՍինոփսիս Արմենիա՚-ն բարձր տեխնոլոգիաներին վերաբերող փոքր շոուներ էր անում ՙԱրմենիա՚ հեռուստատեսության եթերում, որը բավական մեծ վարկանիշ ունեցավ միանգամից: Տեղեկատվական հասարակության ձևավորման աշխատանք էր դա, մասնագետներ էինք հրավիրում արտասահմանից, հանդիսատեսի հետ էինք աշխատում և ՙԱրմենիա՚-ի համար բավական մեծ հեռուստալսարան ապահովեցինք: Այդ հաղորդման առիթով պարզեցինք, որ նման հաղորդման պահանջը բավական մեծ էր: Չիփեր էինք բերել, ինտերակտիվ հարցուպատասխան էր գնում, որովհետև մի բան է, երբ խոսում ենք, մեկ այլ բան`, երբ հասարակությունը տեղեկացված է առաջընթացից ու տեսնում է այն: Իսկ հիմա նույն հեռուստատեսությամբ հայոց լեզվի մասին բարձրակարգ հաղորդմանն անմիջապես հաջորդում է ՙԳյալուբոյ՚-ական բառապաշարով հաղորդումը: Սա արդեն որևէ գնահատականի չի դիմանում: Բանը հասել է նրան, որ ամանորյա եթերում որպես տոնական հաղորդում հեռարձակում են այդ նույն մարդկանց ամերիկյան համերգները, որտեղ 7 հազարանաց լսարանը բուռն ծափահարում է անճաշակ, վիրավորական, գռեհիկ հումորին:
Հանրային խորհրդի հիմնական առաքելություններից մեկը հանրային ճանաչողության խնդիրներ դնելն ու լուծում գտնելն է: Հանրային խորհրդում հեղինակություն ունեցող մարդիկ են, և նրանցից ոչ մեկը չի ցանկանա հեղինակազրկվել` խուսափելով հանրության մտահոգող հարցերից: Մանավանդ, երբ դրանք այն աստիճանի սրված են, որ ազգային անվտանգությանը սպառնալիքի մակարդակի են հասել: Մենք պարտավոր ենք հանրությանը մտահոգող հարցեր բարձրացնել և օգնել լուծում գտնելուն: Ինքս հեռուստաեթերի բովանդակությունը նման հարցերի թվին եմ դասում: Իմ կարծիքով, երբ առանձնացնում ես որևէ խնդիր և ուշադրությունդ սևեռում ես դրան, հաջողություն ես ունենում: Մենք կարևորում ենք հեռուստաեթերի խնդիրը: Ընդամենը մի քանի օր է ռուսական հեռուստաալիքով ցուցադրում են ՙԴպրոցը՚ ֆիլմը, և ամբողջ Ռուսաստանը երկու մասի է բաժանվել: Ոմանք կտրականապես դեմ են ցուցադրմանը, մյուսները կողմ են, քանի որ ֆիլմը բացում է հասարակության աչքերը` ցուցադրելով իրականությունը: Բայց ամենակարևորը` հանրության տեսակետները անմիջապես քննարկման դրվեցին նույն եթերում:
Մենք շատ երկար հանդուրժեցինք հայկական սերիալներից հորդացող հանցավորությունը: Մեզ փորձում են համոզել, թե լսարանի պահանջարկն է թելադրում նման արտադրանքի թողարկումը: Կամ, ասում են, փոխեք ալիքը, մի նայեք: Կարելի է նաև այդպես անել, եթե չլիներ հատկապես երիտասարդության վրա դրանց ազդեցության հետևանքների հանդեպ մտահոգությունը: Ինչպիսի երկիր են ներկայացնում սերիալների հեղինակները: Այդ սերիալներից մեզ մոտ այն կարծիքն է առաջանում, թե բոլոր հարցերը լուծվում են գաղութներում: Դրական հերոս է նա, ով մարդ սպանելու ավելի քիչ հրաման է տալիս: Ամեն մեկի կողքին երիտասարդ մարդասպանների թիմ է աշխատում: Նրանք ամենուր են, բոլոր առաջատար եթերներում, որոնք հեռարձակվում են նաև արտասահմանում: Սա՞ է մեր երկիրը: Եթե արբանյակային հեռուստաալիքներով օտարները միանան մեր եթերներին, ի՞նչ կարծիք պիտի կազմեն մեր երկրի մասին: Բայց մենք իսկապե՞ս այն երկիրն ենք, որպիսին ցուցադրում ենք այդ ֆիլմերում: Մենք բոլորս հասարակական ակտիվ դիրքերում ենք և նման պատկեր չենք տեսնում, որպեսզի տագնապ բարձրացնենք: Շարունակելո՞ւ ենք հանդուրժել, թե ինչպես են արհեստականորեն աղավաղում մեր երկրի ու նրա քաղաքացիների հեղինակությունը` նրանց ներկայացնելով որպես հանցագործության մեջ թաթախված երկիր ու հանցագործների շրջապատում գոյություն ունեցող մարդիկ:
Աստղիկ Գևորգյան-Իրականում այդ սերիալները ավելի մեծ ավերածություններ են գործում, քան կարծում ենք: Ես ոչ մի սերիալ չեմ նայում, սակայն.շրջապատիս ցուցաբերած հետաքրքրությունը պատճառ դարձավ, որ դրանցից մեկի վերջին մասերը դիտեմ` հասկանալու համար, թե ի՞նչն է այդպես գրավել մարդկանց: Պարզապես սարսափելի էր. անմակարդակ, մերժելի գործողությունների ցուցադրության խորքում իմ գիտակցության մեջ մեխվեց վիրավորանքը, հուսահատությունը այն բանի համար, որ երկրում, որտեղ ծավալվում էին գործողությունները, իսկ դա Հայաստանն է, չկա պետություն, չկա հասարակություն, չկա օրենք, ոստիկանություն, ոչ մի բան չկա, միայն հարուստ և զորեղ մարդիկ են, ովքեր զինված են և թիկնազոր ունեն, հարցերը լուծում են իրենց թիկնազորային ուժերով` սպանելով և իրենց ճանապարհից հեռացնելով բոլոր նրանց, ովքեր իրենց խանգարում են: Եվ որևէ բանի համար որևէ պատիժ չեն կրում, Էլ չեմ ասում բարոյական նորմերի մասին` տղան ամուսնանում է հոր երկրորդ կնոջ հետ, նորածին տղաների պապը փոխում է երեխաներին և հիվանդ մանուկին մանկատանը կորցնում: Նման բաները մեզ ծանոթ են այլ երկրների սերիալներից, բայց ոչ հայկական իրականությունից: Խորհրդային երկրում ևս հաճախ էինք հարցադրումներ անում, թե ուր է դատական համակարգը, ինչու են շրջանցվում օրենքերը և այլն, սակայն այդ երկրում, իր բոլոր թերություններով հանդերձ, գնում էր պրոպագանդա, որ հզոր պետություն կա իր ամբողջ համակարգով: Այսօր համակարգված ձևով, հետեւողականորեն հիվանդացնում են հասարակությանը, երկրորդվում, ավելին` ստվերվում են երկրի, պետության դերը, մինչդեռ հասարակության լավագույն մասը, իսկ դա մեծամասնություն է, ուզում է լինել հզոր պետության արժանավայել քաղաքացի:
Ուզում եմ փոքր ինչ շեղվել և միանալ տիկին Գրիգորյանի բարձացրած հարցին` կրթության ոլորտին: Մասնավոր բուհերի մրցավազք սկսվեց: Առատորեն արտոնագրեր տրամադրվեցին եւ սկսեցին տրցակներով դիպլոմներ բաժանել: Արդեն անեկդոտի ենք վերածում, թե Սասունցի Դավթի մասին ասում են, թե նա ազատամարտիկ է: Մովսես Խորենացին չգիտեմ ինչ է: Բուհերից մեկում պետական քննության հանձնաժողովի նախագահ եմ, գեղեցիկ մի աղջիկ պիտի պատասխաներ ՙԱրդի հայ մամուլը՚ հարցին: Քրտնամխել է, լացակումել, ճակատն է տրորում ու հառաչում` ախր ես գիտեի, ախր ես գիտեի…թե ինչ է նշանակում ՙարդի՚ բառը… Աղջիկը այդ մակարդակով հասել էր ավարտական կուրս: Ինչ վերաբերում է հեռուստաեթերի մակարդակին, պիտի ասեմ, որ կտրականապես բողոքում եմ այն տեսակետի դեմ, իբր կյանքն է այդպիսին, ու լսարանը դրա պահանջարկն ունի: Բայց ո՞րն է լրատվամիջոցի դերը: Եթե պետք է կյանքի ստվերոտ կողմը պատճենահանի, ընդհանրացնի և դեռ մի բան էլ գույները խտացնի: Բայց ո՞րն է պետության դերը: Վերջին հաշվով, եթե մասնավոր եթերի հետ կապված որևէ իրավունք գործադրել չես կարողանում, իբր թե արտոնագիրը ստացել է և իր իրավունքն է, թե ինչ ցույց կտա, բայց հանրային եթերի վերաբերյա՞լ ինչ ասենք: Չէ որ այն բյուջեից, այսինքն` հարկատուների վճարած հարկերով է սնվում: Պատկերն արդեն այն աստիճան մտահոգիչ է, որ սփյուռքին մատուցում ենք ինչ պատահի, մեր հայրենակիցներն էլ գնում և ծափահարում են մի ներկայացում, որը անճաշակության ու ապազգայինի խառնուրդ է ամբողջովին: Այնպես որ, հասարակությունը դրա պահանջը չունի, մենք նրան իջեցրեցինք այդ մակարդակին: Կրթելու փոխարեն` գռեհկություն ենք սովորեցնում, ամոթից կարմրելու փոխարեն` ծիծաղում ենք ու ծիծաղում…
Հ.Մ.-Հիշո՞ւմ եք ինչի վրա էին ծիծաղում ու ծափահարում, երբ բեմում հայտնված ու բուռն ծափահարություների արժանացած անձը շուռ եկավ դեպի դահլիճն ու ասաց` արա, էս ինչ երկիր է, սաղ գյալուբոյ են…ու 7 հազար հոգի խանդավառված ծափ տվեցին:
Ա.Գ.-Ես ուզում եմ հատուկ ընդգծել պետության դերը: Գիտեք այսօր ռուսական պետությունը ինչպես է հսկում հեռուստաեթերը, պետության և ռուս մարդու արժանապատվությունը վիրավորող որևէ արտահայտություն արգելվում է: Պետությունը հենց իր շահերը պաշտպանելու համար պետք է միջամտի այս գործին: Օրինակ, ես առաջարկում եմ առանձին հաղորդումների պետպատվեր իջեցնել, հեռուստադիտողն իմանա, որ որոշակի օր, որոշակի ժամի պետք է հեռարձակվեն իրոք հասարակական պահանջ ունեցող, սերնդին կրթող հաղորդումներ, որոնք որևէ գովազդատուի կողմից վճարվելու կարիքը չպիտի ունենան: Մասնավորի կողմից հեռարձակվող պախարակելի հաղորդումներին պիտի հակադրել հանրայինով հեռարձակվող բովանդակալիցը, ազգայինը, հետաքրքիր մարդկանց գործունեությունն ու խոսքը ներկայացնողը: Ո՞վ է նայել Վազգեն կաթողիկոսի մասին հաղորդումը: Խորապես վիրավորված եմ: Ինձ համար Վազգեն կաթողիկոսը վեհ էր որպես մշակութային անձ, կրոնավոր, հիանալի մարդ, մայրն էլ իրոք վեհամայր էր: Հաղորդման մասնակիցներից ում մտքով ինչ անցավ` ասացին: Չկարողացան վեր հանել նրա հայրենանվեր գործունեությունը` չհիշատակեցին նրա գործուենությունը մեր Առաքելական եկեղեցու, սփյուռքահայ մտավորականության, պետության հետ շատ նուրբ քաղաքականություն վարելու առումով: Ինչ է կատարվում: Բոլոր ազգային արժեքները սևացնելու, կորցնելու քաղաքականություն է տարվում և շատ անսքող, հանգիստ ձեւով: Ինձ համար շատ կարևոր է, որ հանրային խորհուրդը ակտիվ լինի: Այնտեղ հավաքված են կուսակցական պատկանելությունից ազատ, արժանավոր կենսագրության տեր մարդիկ: Նրանց մտավոր ներուժը կարելի է շատ լավ օգտագործել: Մարդիկ մեզնից շատ հարցերի պատասխան են ուզում, պահանջում են` պատասխան տվեք, եթե կամուրջ եք հասարակության և իշխանության միջև: Ժողովուրդը սպասելիք ունի, մենք պետք է կարողանանք հարցեր դնել ու լուծել: Այս հարցը հենց այդպիսին է, քանի որ եթերում այսօր այնպիսի աղբ է լցված, որ վաղուց լրջորեն անհանգստանալ էր պետք:
Հ.Մ.-Տարեկան 30 մլն դոլար է դրվում գովազդների վրա: Գովազդատուն կարող է մուլտիկի վրա դնել գովազդը: Ասում են` վարկանիշային սկզբունքով են գովազդները դրվում: Այսօր ամենամեծ վարկանիշը ՙԱրմենիա՚-ինն է, իսկ հաղորդումը` ԵրեՎանը: Պատկերացնո՞ւմ եք ուր ենք հասել, ասում են սփյուռքում այս հաղորդման ժամանակ փողոցում մարդ չկա:
Ա.Գ.-Բայց հասարակությանը ո՞վ դարձրեց այդպիսին: Մենք դաստիարակվել ենք Եղիշեի ՙՄահ իմացյալ անմահություն է…՚ ոգով, մինչդեռ տեսեք, թե ինչպես եթերից թեթևորեն, բոլորի ծիծաղի տարափի տակ վարկաբեկեցին և նվաստացրին այդ արտահայտությունը: Ինչ-որ մեկն իրեն իրավունք էր վերապահել Վարդան Մամիկոնյանի կերպարը խեղաթյուրել ու իր բթամտությանը համապատասխան ՙիմպրովիզ՚ անել: Էլ վրանում սպասող ռուս աղջիկ, էլ բեմում Վարդան Մամիկոնյանին հրապուրող շորորացող արվամոլ…այս ուր ենք գահավիժում այսպես արագընթաց: Եվ դահլիճը ծիծաղում է, ծափ է տալիս: Դեմիրճյանը ՙՎարդանանքը՚ գրել է հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ պետք էր թշնամու դեմ պայքարի ոգեկոչել ժողովրդին: Ինչ է կատարվում: Ասել, թե պետությունը գումար չունի հաղորդումներ պատվիրելու համար, չեմ հավատում: Հեռուստահրապարակախոսական, սերունդ դաստիարակող հաղորդումների վրա պետք է պետությունը պատվեր իջեցնի և աջակցի նրանց կայացմանը: Ո՞րն է այսօր մեր երկրի այցեքարտը, կարո՞ղ ենք ինչ-որ բան մատնանշել: Շատ կարևոր է շեշտադրումը: Բանը հասել է այն աստիճանի լկտիության, որ Մադամ Տյուսոյի թանգարանում շրջագայելուց հետո եթերից կարող է հնչել ՙհանճարեղ՚ գուշակություն. ՙեթե այս թանգարանը հայերինը լիներ, նրանք կհալեին այս տիկնիկները, մոմ կսարքեին ու կծախեին՚:
Հ.Մ.-Հետաքրքիրն ինչ է, որ թանգարանում ճանաչեց միայն Էլթոն Ջոնին, ասաց` գյալուբոյ ա, մյուսներին ոչ ոքի չճանաչեց, բայց բոլորին գյալուբոյ ասելով պտտվում էր թանգարանում: Այդ բառը իր միջոցով տվյալ հեռուստաընկերության համար դարձրել է վարկանիշ ապահովող միջոց:
Ա.Գ.- Սա ազգային անվտանգության շատ լուրջ խնդիր է: Շատ ուզում եմ գիտակցենք, որ միայն սերիալների հարցը չէ, այլ եթերային որակի լավացման, ազգային արժանապատվության, ազգային արժեհամակարգի վերանայման հարցն է, որը խոսելով չի լուծվում: Այդ ֆիլմերի ու հաղորդումների ազդեցությունը պիտի նահանջի լավ հաղորդումների շնորհիվ:
Հայկ Դեմոյան-Հայկական հեռուստաեթերը վերածվել է հայ հասարակության և սփյուռքի դեմ ուղղված իսկական խափանարար մի գործիքի: Այն հետևողականորեն ոչնչացնում է հայ ազգի նկարագիրը, արժեհամակարգն ու մշակույթը: Մեր դեմ գործում է մեր իսկ կողմից ստեղծված վտանգավոր մի քարոզչական համակարգ, որի միջոցով գիտակցաբար ու անգիտակից կերպով արդյունավետորեն իրականացվում է ամբողջ հասարակությանն ու ազգին ուղղված ՙփչացնելու՚ բազմաքայլ նախագիծ: Նրանք, ովքեր տիրապետում են հոգեբանության, հոգեբանական ներգործության ժամանակակից տեխնոլոգիաներին, կարող են հաստատել, որ այս ամենը դրսում խնամքով մշակված և կոնկրետ խնդիրներ լուծելուն միտված լայնածավալ մի նախագծի մի մասն է միայն: Այսօր հեռուստաեթերի միջոցով պարտադրվում է իսկական բռնության մշակույթ` անբարո կենցաղի ու վարքուբարքի քարոզչությամբ: Ցածրարժեք սերիալների, որևէ բովանդակությունից ու իմաստից զուրկ հեռուստահաղորդումների հեղեղումը հեռուստաեթերից շատ կարճ ժամանակում դաստիարակելու է խեղված ու բարոյահոգեբանական արգահատելի նկարագիր ունեցող մի սերունդ:
Ամբողջ հեռուստամշակույթը կավէէնիզացիայի է ենթարկվել: Հումորային հաղորդումները սերտաճել են կավէէնին: Տեսեք, թե եթերի տիպական կերպարներն ովքեր են. հարբեցողը` Գեվո, թմրամոլը` Հայկո, Մկո, Դաժանիկի և մյուսների կերպարը մուլտիպլիկացիայի ենթարկող մարդը: Պատահական չէ, որ Հովոն գնում թակում է դրսում ապրող հայերի դռները, այստեղ թաքուն գնում է դրսի հայի գովազդը: Գնում է նրանց տուն, ովքեր դրսում շքեղ կյանք են վայելում: Շատ փայլուն ձևով մշակված է Հայաստանից դուրս լավ ապրելու գովազդը: Եվ նա ստանում է խրախուսում, թանկարժեք նվերներ: Նրա կերպարի մեջ հեռուստաընկերությունը փող է ներդնում, բազմաթիվ խնդիրներ է լուծում: Հայկո Մկոն-ամուսնական անհավատարմություն, թմրանյութ ծխել, բանակի ոչ կանոնակարգային հարաբերություններ, որոնցով սարսափելի վնասում են բանակի հեղինակությանը, հենց միայն այն բանով, որ տեսարանները բեմադրում են զինվորական համազգեստը հագին: Ավելին, բանակին նվիրված շատ սիրված երգի բառերը փոխած երգում են ու ջարդում բանակի հեղինակությունը: Այն գումարը, որ ներդրվում է այդ հաղորդումների մեծամասնության վրա, ցավոք, լսարան է ունենում,չնայած հայկական միջավայրի արժեհամակարգին է խփում: Փողոցում հարցրեք, թե ով է ազգային հերոս, ոչ մեկը չգիտի: Չգիտեն խորհրդային դարաշրջանը, կատարյալ վակուում է: 200.000 զոհ ենք տվել, ոչ ոք չգիտի այդ մասին: Հայրենական պատերազմում հաղթանակի վաթսունհինգամյակն է մոտենում, Ադրբեջանը վաղուց պատրաստվում է, իսկ մենք մոռացության ենք տալիս մեր հայրերի սխրանքը, ովքեր ֆաշիստների դեմ տարած հաղթանակում իրենց լուրջ ներդրումն են ունեցել:
Հ.Մ.-Սերիալները մեծ հնարավորություններ ունեն սերունդ դաստիարակելու և հասարակություն կրթելու իմաստով: Մեզ մտահոգում է այն բովանդակությունը, ինչը հանրությանն է մատուցվում այսօր: Կան ընտանիքներ, որ բերդերի ու գաղութների հետ առնչվում են, բայց դա ողջ հասարակության հետ կապ չունի: Եվ պետք չէ կպչել այդ թեմայից ու պոկ չգալ` բոլոր հեռուստաընկերություններով միմյանց հետ մրցակցելով դաժանության, այլասերումի, հասարակության տականքը իր բոլոր մանրամասներով ամիսներ շարունակ եթերում պահելով: Սպանության դասընթացներ են կարծես անցկացնում ջահելության համար` մեր օրերում ու մեր կողքին իբր կատարվող հանցագործություններում ներկայացնելով հենց հայ երիտասարդների: Դրվագներ են նկարում և ցույց տալիս, որ սահմռկում ես: Ում խելքին ինչ բռթում է, խելքներին զոռ են տալիս, թե ինչ ահասարսուռ տեսարաններ սարքեն, որ լսարան գրավեն:
Հ.Դ.-Սուրբ ծնունդի օրը ՙՈրբերը՚ սերիալն սկսվեց բռտնաբարության տեսարանով: Խայտառակություն: ՙԷմիգրանտներ՚ ֆիլմի մասին: Շքեղ կյանքի խորհրդանիշ յախտա են ցույց տալիս, դերասանների տիտրերի փոխարեն բացվում է ամերիկյան անձնագիր, որի մեջ հայի ազգանուն է: Կարող է գլխի չեն ընկնում, բայց նման մշակված սցենարներով քայքայում են մեր պետությունը: Հայը միայն Ամերիկայում կարող է նման շքեղ կյանք ունենալ: Ժամանակին ԽՍՀՄ-ի կործանման մեխանիզմներն էին մշակվում Մյունխենում: Ես աշխատել եմ մյունխենյան արխիվներում, նրանց ձեռագրին ծանոթ եմ: ՙԱզատություն՚ ռադիոկայանի միջոցով էին աշխատում նրանք: Օրինակ, 1984թ.Նևթչի- Արարատ հանդիպման ժամանակ ՙԱրարատ՚-ը 2 -0 հաշվով հաղթեց, որից հետո Բաքվում խանութներ ջարդեցին, զանգվածային անկարգություններ եղան: Այդ դեպքերի առիթով հատուկ վերլուծություններ էին արել և բացահայտել ազգամիջյան խնդիրները: Ընդհանրապես, մանրամասն հետազոտվում էին խորհրդային երկրի թույլ տեղերը և տարբեր մեթոդներով քայքայիչ գործողություններ էին իրականացնում,ընդհուպ մինչև` սիրված մարդկանց մասին անեկդոտներ էին մշակվում և տարածվում: Այս ամենն ուղղված էր թիրախ երկրի դեմ: ՙԳարնան 12 ակնթարթը՚ ֆիլմի ժամանակ փողոցները դատարկվում էին, և ահա Շտիռլիցի սիրված կերպարը ջարդելու համար անեկդոտների հատուկ շարքեր ստեղծեցին ու տարածեցին ԽՍՀՄ-ում: Պետք չէր երկաթե պատը ջարդելու վրա չարչարվել, անեկդոտն անցնում էր սահմանը: Չապաևը, Շտիռլիցը և ուրիշները ծաղրի առարկա դարձան: Սա արվում էր արժեքները վարկաբեկելու միջոցով հասարակությունը վերահսկելի դարձնելու համար: Այն, ինչ կատարվում է այսօրվա մեր եթերում, նույնի կատարելագործված տարբերակն է: Ընդ որում, մեթոդը բազմաձև է: Օրինակ, արդեն նշվեց Գլենդելյան համերգ կոչվածը: Ամերիկյան բեմում հայ հանդիսատեսին ներկայացնում են Հոկտեմբերյանի պլանքաշի կերպար, երգում են երգ խոպանչու մասին, ով գնում է ռուս աղջիկներից և տղամարդկանցից վարակվում ու գալիս վարակում է ամբողջ գյուղը: Եվ ցույց են տալիս, թե ինչպես է դահլիճը ծափահարում: Այս մարդիկ հիմա էլ իրենց կերպարներով մտել են գովազդի դաշտ: Այսօր երկփեղկված են արժեքները, Գլենդելում Հայաստանի կեսն է: Այնտեղից են ներմուծվում նոր արժեքները: Բոլոր մեծ միջոցառումների պատվերները տրվում են կավեենշիկներին: Դրանք բիզնես ծրագրեր են: Թե հետո ինչ կլինի, նրանց չի հետաքրքրում: Հիմա տեսեք, թե ինչ մեծ պրոպագանդա է գնում սաունաների, խմիչքների: ՙԴժբախտ երջանկություն՚ ֆիլմում սաունայի, այլասերումի տեսարաններ են: Խանութների, խմիչքների ակնհայտ գովազդներ: Փողն է իրենց համար կարևոր: Ամեն ինչի գնում են փող շահելու համար: Այս մարդիկ նաև հարսանիքներում են, ամենատարբեր տոնական միջոցառումներին:
Ես ուզում եմ պոպուլիզմից զերծ մնանք: Խնդիրը դնենք այնպես, որ հասկանալի լինի հանրությանը: Եթերում պետք է որոշակի նշաձող պահանջել: Գովազդ չլինի թմրամոլության, արվամոլության, չլինի ազգային արժեքների վարկաբեկում, գոնե սկսենք սրանից, հարբեցողի, թմրամոլի, այլասերվածի գռեհիկ այս կերպարները մեջտեղից հանենք:
Հ.Մ.-Բայց նրանք կասեն` մենք ծաղրում ենք նրանց:
Հ.Դ.- Կարծում եմ մեզ կօգնեն դպրոցներում, բանակում, ներքին գործերում, որտեղ արդեն հանցավորության աճ է գրանցվել և սերիալների հանցագործ հերոսների նմանակում: Նրանց խոսքը շատ կարևոր է:
Ան.Գ.-Փող ունեցողը իրեն դրել է ամենալուրջ ազնվականի տեղ և պատվիրում է այն, ինչ իր մակարդակին է վայել:
Ա.Գ.-Ես մեկ առաջարկ ևս ունեմ: Մոսկվայում, Լոս Անջելեսում հանդես են գալիս խմբեր, որոնք ոչ մի կապ չունեն մեր արվեստի հետ: Նրանց հյուրախաղերի թույլտվություն տալու համար պետք է ստեղծել հատուկ գեղարվեստական խորհուրդ: Մշակույթի նախարարությունում ասում են` մենք իրավունք չունենք ոչ պետական խմբերի գործերին միջամտել: Իսկ ով է մեզ խանգարում միջամտել, եթե դա անմիջականորեն առնչվում է մեր ազգային անվտանգությանը: Կարելի է գետինը մտնել այդ համերգները դիտելիս: Պետք է վերահսկվի, թե ինչ հայերենով են խոսելու, ինչ թեմայի շուրջ և ինչպես, ովքեր են մեր մշակույթը ներկայացնելու և ինչ բովանդակության համարներով:
Ան.Գ.-Այդ բառապաշարով և վարքագծով դերասանները ցանկանում են նմանված լինել հարուստներին, որոնցից շատերի միջավայրում այդ մակարդակն է տիրում:
Ա.Գ.-Ես ուզում եմ հետ բերենք հայ մտավորականի կերպարը: Փող ունեցողները կենտրոնում են, մտավորականը, ով փող չունի արտասահմաներում հանգստանալու, բիզնես ունենալու` հայտնվել է ստվերում: Մենք պետք է նյութապաշտության դեմ պայքար ծավալենք: Արցախյան հերոսամարտում հերոսացած մեր համբուրելի տղաների պանծացմանը նվիրված ֆիլմեր, հաղորդումներ պետք է ցուցադրենք, պետք է ստեղծենք ու պահպանենք հաղթած ժողովրդի մթնոլորտը, ինչպես արվեց Հայրենական պատերազմի ժամանակ:
Հ.Մ.-Եթերում պակասում են դրական, հայրենասիրական կերպարները: Առաջատար երիտասարդի կերպար չկա, խեղված արժեքներ են նրանց տեղը գրավել:
Հ.Դ.-Մեր պատմությունը սերիալների համար այնպիսի հրաշալի թեմաներ ունի:
Կերչի ափհանման ձախողված օպերացիա է եղել 1942 թվականին, որի ժամանակ 10.000հայ երիտասարդ մեկ օրում զոհվել են, ուղղակի կոտորվել են, բայց ո՞վ է հիշում նրանց: Մեր թանգարանը գիրք է տպում ՙՄարդը Ադաբազարից՚, մի մարդու մասին է, ով եղեռնից փրկվել է, Հայաստան է եկել, հետո գնացել պատերազմ, մինչև Բեռլին հասել: Տղան ձեռագիրը բերել է մեզ, պատմում է, որ պատերազմից վերադառնալով` հայրն ասել է. գնացի հայության վրեժը լուծեցի, եկա: Այնպիսի պատմություններ կան, որ հիանալի ֆիլմեր կարող են դառնալ: ՙՍպանված աղավնի՚ են նկարում մեկ դերասանի համար, անգամ ՙԽաչագողի հիշատակարանը՚ այսօր այդքան կարևոր չէ, որքան ուրիշ բազում անհայտ ու հայտնի սյուժեներ:
Հ.Մ.-Տարրական դասարանների երեխաները հայերենից բացի այլ լեզու չգիտեն: Նրանք դատապարտված են միայն հայկական եթերը նայել: Ու պիտի տեսնեն այն, ինչ այսօրվա մակարդակով ցուցադրում են:
Հ.Դ.-Թաքնված տեսախցիկով սյուժե են նկարում երգիչներից մեկի մասին, ում համար գյուղական բեմում համերգ են կազմակերպում, երիտասարդության աչքի առաջ լկտի պահվածքով աղջիկներ են բեմ բարձրացնում և լպիրշ տեսարան խաղում դահլիճի աչքի առաջ: Իբր` կատակում են: Խնդիրն այնքան է բարդացել, որ ազգային անվտանգության մակարդակի է հասել: Մենք մտահոգված ենք մեր սերնդի բարոյահոգեբանական դաստիարակությամբ, ազգային անվտանգությամբ: Հատկապես երեկոյան հեռուստաեթերում գովազդվում է հանցագործություննն ու հանցավոր կենսակերպը, անբարոյականությունը, քինախնդրությունը, ահաբեկչությունը, պոռնկությունը, թմրամոլությունը, անազնվությունը, հայատյացությունը…և այդ ամենն արվում է ցինիզմով և ամենաթողությամբ:
Մինչդեռ Հայաստանը պետք է միշտ առաջատարի դերում հանդես գա, սակայն ավերվել է այդ հասկացությունը:Ընդհակառակը, ջանում են որքան կարող են ցեխ շպրտեն երկրի վարկանիշի վրա: Միմյանց շաղկապված մի հանգամանք ևս կա, որի պատճառով պատմությունից ու պատմական արժեքներից անտեղյակ մարդիկ են ներխուժել եթեր: Ոչ միայն վատ կրթությունը, այլև թանգարանների դերակատարության նվազելը ևս: Ամբողջ աշխարհում թանգարանային բում է, թանգարաններ ստեղծող հատուկ ընկերություններ կան, ժամանակակից թանգարանագիտության մասնագետներ չունենք, մինչդեռ դրանով է ուղղորդվում երկրի հիշողությունը: Աշխարհի թանգարաններում հերթեր են, Ամերիկայում հիշողության փոխանցման ինդուստրիան կատարելության է հասցված: Իսկ մենք արդեն դատարկություն ենք ստեղծել, Խորհրդային Միության դարաշրջանն անգամ չգիտի այսօրվա երիտասարդությունը:
Հանրությունը պարտավոր է խառնվել հեռուստաբիզնեսի գործերին, քանի որ նրա ազդեցության ու ագրեսիայի միջավայրում է ամեն վայրկյան
Խմբագիր-Հանրային խորհրդի քննարկմանը ներկայացնելուց առաջ հանձնաժողովը կհանդիպի հեռուստաընկերությունների ղեկավարներին, նրանց աշխատակիցների հետ կլինի մարզերում, հանդիպումներ կունենա հեռուստալսարանի հետ` փորձելով պարզել նաև հասարակական կարծիքը, լսել առաջարկներ, ձևավորել եթերային մշակույթի բարելավման համար առաջադրվող հիմնարար խնդիրները:
Իսկապես, ժողովրդի արժեքներին չտիրապետող մի խավ է մտել եթեր, ով զբաղված է հասարակություն դաստիարակելով:
Անշուշտ, փոքր լսարանի պայմաններում մրցակցային այսպիսի դաշտում աշխատելը բավական մեծ հմտություններ, իմացություն, նպատակասլացություն է պահանջում: Հեռուստաբիզնեսի ոլորտը մեծ պատասխանատվություն է նաև, քանի որ ունի բազմամիլիոն լսարանի հասարակական, քաղաքացիական, մշակութային տեսակետներ ձևավորելու, նրանց մտածելակերպի վրա անմիջականորեն ազդելու ամենպահյա ուժը:
Ահա այս վերջինն է, որ հանրությանը ստիպում է խառնվել այդ բիզնեսի գործերին և շտկումներ կամ գաղափարախոսության փոփոխություն պահանջել: Հեռուստաեթերը աշխարհները միավորելու, բայց նաև` ուղեղների վրա նպատակային ազդեցություն ուղղորդելու միջոց է, ինչը ենթադրում է աչալրջություն թե հանրության, թե պետության կողմից: Վտանգավոր են հավասարապես թե ազատամիտ, թե պետության բռունցքի մեջ գտնվող եթերները: Այնպես որ, աչալրջությունը երկուստեք լինելու դեպքում է միայն հնարավոր հասարակական համաձայնություն բոլոր երեք կողմերի միջև:
Բավական երկար ժամանակ է, ինչ դեմոկրատական ազատության պայմաններում աշխատում և կայանում են հայկական հեռուստաընկերությունները: Հեշտ չէ եթերը գրավիչ ու օգտակար արտադրանքով լցնելը: Հեշտ չէ նաև այն տեսակետից, որ այս բիզնեսում վաղուց հայտնի բոլոր կանոնները չէ, որ ընդօրինակելի ու ընդունելի են: Պիտի ստեղծես, ուրիշից գնածը պիտի հարմարեցնես տեղական շուկայի առանձնահատկություններին, օրվա հրամայականներին պիտի հետևես, գրագետ ու հեռուստաեթերային մասնագետներ պիտի ճարես, պիտի լսարանի բոլոր խավերի նախասիրություններն իմանաս: Բայց այն նախ և առաջ բիզնես է եթերի ու ընկերության տիրոջ համար:
Ամեն ինչ պարզ է, բայց կայացման այս ճանապարհը կարծես թե որևէ հսկողության տակ չի գտնվում, իսկ բացարձակ ազատությունը հեռուստաբիզնեսում ընդգրկված մարդկանց դարձրել է ինքնավստահ ու ճշմարիտ ամեն ինչում: Եթե որևէ հեռուստադիտող զանգահարում և դիտողություն է անում, մի այնպիսի հարձակում է սկսվում, անգամ հաջորդ զանգահարողները կրկնակի գովաբանություններով շահում են քննադատվողին` հանկարծ չնեղանա…Բայց ո՞վ, ընդամենը հեռուստահաղորդավար աշխատող մեկը, ով իր աշխատանքի բերումով իր դեմքով հայտնի է դառնում, բայց հայտնի է դառնում նաև իր գրագիտության, դաստիարակության, ճաշակի չափով, ինչը աննկատ վիրուսի նման տարածում է լսարանի վրա: Այ սա արդեն լուրջ խնդիր է:
Մամուլում վերջերս հաճախ են քննադատում հեռուստաեթերը: Հրապարակված հոդվածաշարերը փրկօղակի նման են. կարծես թե հանրության մարտնչող հատվածի` գրավոր լրատվամիջոցների համբերությունն սպառվում է: Նրանք ընդվզման ու այդ խեղկատակություններին վերջ տալու կոչ են անում:
Զարմանալի համբերությամբ բոլորս, մեծ ու փոքր, հասարակ գյուղացի ու բարձրաստիճան պաշտոնյա լուռ սպասում էինք, թե մինչև ուր են մեզ տանելու փող աշխատելու ղեկը բռնած հեռուստանավավարները: Հայաստանում, թե սփյուռքում տիրաժավորվում ու համայն հեռուստադիտողին է ներկայացվում հանցավորության մեջ կատարյալ ավար ունեցող հայ մարդը: Նրանց հետ մի լավ ծանոթանալուց հետո կարելի է բոլորին վռնդել ամեն տեղից ու դադարել ականջալուր լինել արդարության վերականգնման և գողացված հայրենիքն ու մշակութային արժեքները վերադարձնելու այդ ՙթշվառ՚ ժողովրդի պահանջներին: Այդպիսին եք ներկայացնում մեզ բոլորին, եթերի հարգարժան տերեր:
Խնդիրը մեզանում բարդանում է այն առումով, որ երկիրը փոքր է, հորինվածքը իրականություն լինելուն շատ մոտ է, մանավանդ որ բոլորիս կոնկրետ ծանոթ մեր ժամանակներն ու մեզ հետ կողք-կողքի ապրող մարդիկ են ներկայացվում: Շուրջդ այդպիսիք չկան, բայց ֆիլմերից այն տպավորությունն ես ստանում, թե նրանք բռնագրավել են մեր միջավայրը և մեր վերջը եկել է:
Հաղորդմա՞ն, թե՞ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇՆ է կարևոր, հարգելի գովազդատուներ
Այդ աստիճան անարժանապատվություն որտեղի՞ց են հայտնաբերում այդ ֆիլմերի հեղինակները: Մեկին չոգևորե՞ց մեր պատմությունը, որն այդպես էլ անտեր ննջում է գրքերում, սերիալներ նկարահանելու բարեպատեհությունն օգտագործելով` մեզ լավագույնս ներկայացնելու, ազգային կենսագրությունը հեռուստապատում դարձնելու և աշխարհին վաճառելու այնպես, ինչպես մերոնք են գնում բրազիլական ու արգենտինա-վենեսուելականները, ի՞նչ վատ կլիներ: Այդ տեսակետից մեր ժողովրդին ու պատմությանը ներկայացնելու հազար անգամ ավելի լավ ժամանակներ են եկել, քան խորհրդային տարիներն էին: Հարյուրավոր սերիաներով պատմիր, ցույց տուր երկիրդ, պատմիր քո մասին, վաճառիր քո ազգային արժանապատիվ նկարագիրը վեր հանող աշխատանքդ, մասնագիտական գործով օգտակար եղիր այս երկրի դարավոր խնդիրների լուծմանը: Այ, բիզնեսը սա կլիներ: Մեզնում դեռևս բաց տարածք է ու խիստ արդիական: Թե չէ` Հայաստանում` հանցագործներ, սփյուռքում` հանցագործներ, սփյուռքից Հայաստան եկած ռեժիսորը միայն հանցագործության թեմաներ է որոնում, այստեղից սփյուռք գնացողը` նույնը: Բայց ինչո՞ւ: Ի՞նչ եք կպել հասարակության տականքից ու պոկ չեք գալիս: Գոնե եթե միայն մեկը լիներ, կողքին ծնվեին արժանապատիվ պատումներ…
Ուրիշները քիչ են տրորել ու նվաստացրել մեզ, քիչ ենք տառապել կրկին հառնելու համար, հիմա ինքներս ենք ամեն օր ոչնչացնող զավեշտի մամլիչի տակ դնում մի կերպ ոտքի կանգնող ազգայինը:
Գավառամիտ, դատարկագլուխ մարդասպանների մի այնպիսի բույլ են ներկայացնում իրենք իրենցից դուրս եկող սցենարիստներն ու ռեժիսորները…բայց նրանք դա անում են փող վաստակելու համար, իսկ մե՞նք հանուն ինչի ենք հանդուրժում այդ ստորացումը:
Մենք միանում ենք մեր գործընկեր լրատվամիջոցներին և հանրապետության ղեկավարների վճռական խոսքին ենք սպասում: Հեռուստաեթերը հանրային գիտակցության վրա ազդող ամենահզոր զենքն է այսօր: Տպավորությունն այն է, թե եթերը գողունի զավթել են մեր ուժը, կամքը, հաղթողի հոգեբանությունը ոչնչացնել ցանկացող օտարները: Եվ դա հիանալի հաջողեցնում են այդ ամենից անգետ մերոնց ձեռքով:
Հ.Գ. Ի դեպ, եթերի տերերը ՙվարկանիշային՚ են անվանում այն հաղորդումները, որոնք, իբր թե, այդ պահին առավել հեռուստադիտող ունեն: Գովազդատուները հովանավորում են հենց դրանք, այդպիսով նպաստելով երկարակեցությունը հենց այն հաղորդումների, որոնք թաքնված չարիքներ են պարունակում սերունդների դաստիարակության գործում: Չափորոշիչը դարձել է դիտողների թիվը, ոչ թե հաղորդման որակը, նրա ազդեցության դաստիարակչական, ուսուցողական հետևանքները: Լուրջ և արժանապատիվ հաղորդումներին սատարելով` գովազդատուն կօգնի հենց այդպիսի հաղորդումների երկար կյանքին, ինչը կհանգեցնի լսարանի ընդարձակմանը: Բայց գոնե վստահ կլինես, որ խոսքդ ավերածություն չի անի, այլ դրական հույզեր ու միտք կրթող բովանդակություն կփոխանցի ժողովրդին: Եթերում էլ տիրապետող կլինեն գրագետ և կիրթ մարդիկ:
Գովազդատուներին պիտի հորդորել որպես կողմնացույց մի լավ տնտղել ընտրված հաղորդումների հնարավոր ազդեցությունները, առաջին պլան բերել հանրային շահը, պետության վարկանիշը: Լսարանը դիտողն է, առաջնորդը եթերն է, դաստիարակողն ու կրթողը ևս: Դե ինչ, լսարանին բարձրացնե՞լ, թե՞ դիպուկ կամ գողունի հարվածներով ջնջխել, ոտքի տակ գցել, տրորել նրա բարոյական նկարագիրը: Բոլորով ու ամեն օր:
Սկզբնաղբյուր՝ Էկոնոմիկա ամսագիր, 1(13) 2010, ձմեռ