Երկխոսություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ի սկզբանե եղել է մեր ուշադրության կենտրոնում: Հատուկ խորագրի ներքո է ներկայացվել այն, խորագիրն ունեցել է իր մասնագետ խորհրդատուն: Սինոփսիս ընկերության տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը սիրով համաձայնել է զրույցների, կլոր սեղանների միջոցով ներկայացնել խնդիրները, արված գործերը: Եվ` կարծում եմ, հիանալի ներկայացրել ենք` առանց հավակնելու, թե ամեն մի իրադարձություն հայտնվելու է մեր ուշադրության տեսադաշտում:
Հոկտեմբեր ամսին, արդեն ավանդաբար, երևանյան աշնանը հատուկ դարձած լուրջ միջոցառումներ տեղի ունեցան, որոնք նախորդ տարիներից շարունակական լինելով հանդերձ` բոլորովին նոր մակարդակ, պնդություն, հստակություն և առավել սահուն հեռանկարներ խոստացող որակներ էին պարունակում` Արմթեք համահայկական կոնգրեսը, Սինոփսիսի շաբաթվա միջոցառումները, միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան, ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին հավակնելու մրցանակաբաշխությունը, Դիջիթեք ամենամյա ցուցահանդեսը…: Եվ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ այդ ոլորտի զարգացման հեռանկարների ջատագովներն էին, գոհ էին ձեռք բերած արդյունքներով:
Այս անգամ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» խորագրի զրույցը վարում եմ ես, որպես ամսագրի գլխավոր խմբագիր` ցանկանալով հարգարժան երկու զրուցակիցներիս ներկայացնել նաև իմ դիտարկումներն ու տեսակետները:
Լուսյա Մեհրաբյան-Տարբեր միջավայրերում եմ լինում, տարբեր ոլորտների մարդկանց հետ եմ շփվում, ի վերջո, ապրում ենք մի երկրում, որտեղ տեղի ունեցող իրադարձություններից տեղեկանում ենք նաև մամուլից և հեռուստատեսությունից: Անկեղծ ասած, ինձ թվում է, թե տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի միջավայրը հայկական իրականության մեջ զուգահեռ աշխարհի նման իրողություն է: Այնքան տարբեր է այն, ինչ կատարվում է այստեղ, և այն, ինչ կա մյուս կողմում: Ձեր ոլորտում ես տեսնում եմ արագություն, մտքի և գործողությունների ճկունություն, նպատակներ և դրանց արագ իրականացում: Լսում եմ ինչ որ նոր մտահղացման մասին, չանցած մի քանի ամիս, այն արդեն իրականացած եմ տեսնում: Ընդ որում, դրանք հիմնարար մտահղացումներ են, որոնց համար իսկապես կարելի էր բավական ժամանակ ծախսել: Շատ տպավորված եմ այս տարվա Արմթեքից, ինչի առաջին հավաքից սկսած մեր ամսագրում գրել ենք դրա կարևորության մասին: Ընդամենը չորրորդ անգամ հավաքվել և այդպիսի բարձր մակարդակի զեկույցներ լսել, Հայաստանի մասին դրական կարծիքներ ու ապագային միտված հույսեր արտահայտել: Մի ոլորտ, որը համարյա թե զրոյացրել էր իր հնարավորությունները սովետական երկրի փլուզման ու անլույս ու խավար տարիների արդյունքում: Մինչդեռ մյուս հատվածում անգամ տասնյակ տարիներ են անցնում հարցադրումը դնելուց հետո, օրախնդիր, երկրի համար կարևորություն ներկայացնող, անգամ ռազմավարական նշանակության, բայց դրանց մասին այդ բոլոր տարիների ընթացքում միայն լսում ու լսում ես, որ այդ խնդիրը կա և այն պետք է լուծել: Հոգնել ենք: Ավելի շատ հոգնել ենք լսելուց, քան թե դրանք չլուծված տեսնելուց: Ինչո՞ւ նույն իրականության մեջ այդքան շատ է տարբերությունը: Ինչո՞ւ այդ նույն արագությունը սովորական գործելաոճ չի դառնում նաև մյուս հատվածի համար:
Հովիկ Մուսայելյան-Պարոն Յիրիկյանի հետ այս տարիների ընթացքում շատ-շատ զրույցներ ենք ունեցել: Դրանք բոլորն էլ ուղղված են եղել մեր երկրի զարգացմանը, բազմաթիվ հարցեր ենք քննարկել, ծրագրեր ենք մշակել: Որպես կանոն` միշտ փորձել ենք նեգատիվի մասին քիչ խոսել, դա էլ երևի գալիս է նրանից, որ Ռալֆը իր տեսակով չի սիրում նեգատիվի վրա սևեռվել, որովհետև գուցե թե հասկանում է նաև, որ հայկական միջավայրում դա կարող է ամբողջովին քեզ ներքաշել իր մեջ, այնպես, որ չկարողանաս դրանից ազատվել: Ավելի շատ կենտրոնանում է ապագայի, դրականի վրա և փորձում է նաև դրանով վարակել իր շրջապատը: Բոլորս գիտենք, որ դա շատ լավ է ստացվում իր մոտ:
Մենք համոզված ենք և նաև տեսնում ենք, որ մեր երկրում դեռևս չբացահայտված շատ հնարավորություններ կան: Շատ: Այսինքն, չբացահայտված ներուժը իրականում շատ մեծ է: Եթե մենք դա չհասկանանք ու չընդունենք որպես իրողություն, մեզ համար դժվար կլինի նոր գաղափարներ մտահղանալը: Այ դու նոր ասացիր, որ մենք մեր որոշումները երկու երեք ամիս հետո իրականություն ենք դարձնում, ճիշտ էիր: Եթե իմանաս, թե ինչ կարճ ժամանակամիջոցում վերջերս տեղի ունեցավ Եվրոպական համալսարանում նոր ամբիոն ստեղծելը, կզարմանաս: Բուհական կրթական համակարգում նոր մասնագիտացումը տարիների բան է, նոր կրթական ծրագրեր, մասնագետներ, միջավայր, միջոցներ են պետք, իրապես, շատ դժվար բան է: Բայց մենք ծրագրեցինք, և շատ արագ այն իրականություն դարձավ:
-Ինչպես է ձեզ մոտ ստացվում այդ արագությունը: Նույն երկրում ենք ապրում, նույն մարդկանց միջավայրում, բայց սարեր ու ձորերի տարբերություն կա ձեր նախաձեռնությունների և մյուսների երազանքների իրականացման ժամկետների ու ընդհանրապես կայացման մեջ:
Հ.Մ.-Կարծում եմ, հարցը մարդկանց մեջ է: Նախ, առաջինը, մեզ վստահում են, սա ամենակարևորն է: Երկրորդը, մենք հաստատակամ ենք, եթե մի բան որոշում ենք, ապա փորձում ենք այն արագ իրագործել, որովհետև այնքան հետաքրքիր բաներ կան կյանքում, բիզնեսում այնքան բան կա անելու, որ շտապում ենք պարապ զրույցների չվերածել մեր գաղափարները, այլ նյութականացնել դրանք և վաղը մյուս օրը արդյունք ունենալ:
-Գուցե նաև այն է, որ դուք ճիշտ ուղղություններ եք ընտրում:
Հ.Մ.-Խոսքը համատեղ ծրագրերի մասին է, որովհետև ամեն մեկս մեր հիմնական գործունեությունն ունենք:
Ռալֆ Յիրիկյան- Այնքան անելու գործեր կան, այնքան զարգացնելու ուղղություններ, դաշտեր, իսկ ժամանակը քիչ է: Այդ պատճառով, երբ գաղափար է ծնվում, մենք անպայման ցանկանում ենք այն արագ իրականություն դարձնել, մի գաղափարով կամ երկուսուվ չենք բավարարվում, դա կնշանակեր լճացում: Եվ եթե մենք մտածում ենք զարգացման ընթացքի մասին, որը կտանի սոցիալ-կենցաղային բարեկեցության,ապա անընդհատ աշխատանք, զարգացումներ, նոր ուղիներ, բարելավման ցուցանիշներ են պետք, ահա այստեղ արդյունավետության մասին մտածելը շատ կարևոր է: Մենք կարող ենք այնքան բաների մասին երազել, բայց այդ ամենը թողնել սոսկ խոսքերի մեջ: Դժվարությունն այն է, որ գաղափար հղանալուց հետո անպայման պետք է այն իրագործել և այն էլ` շատ արագ, քանի որ անգամ կարճ ժամանակ անց այն կարող է սառել, մարել: Հենց այն կյանքի է կոչվում, պետք է անմիջապես մտածել հաջորդի մասին: Մարդն իր էությամբ ինչպե՞ս է զարգանում, առաջադիմում: Նա անընդհատ սովորում է ինքն իրենից, դասեր է քաղում, որ ավելի լավն անի, այս պատճառով է, որ ծրագրերը պետք է միշտ շարունակական լինեն, միշտ նորություններ լինեն, չբավարարվենք մեկով, երկուսով: Չի կարելի հանգստանալ: Մարդիկ, որ հավատում են այս երկրի լինելուն, շարունակությանը, մարդիկ, որ իբրև ազգ վստահ են, որ այն աճելու, զարգանալու տեղ ունի, պետք է այդպես մտածեն: Կարող է պատահել նաև, որ ձախողումներ, անհաջողություններ լինեն: Միշտ սկիզբը շատ դժվար է, բայց երբ սկսում ես ու կորիզում կա հավատք, որ այն պետք է և հեռանկարում օգուտ է բերելու սոցիալ կենցաղային, տնտեսական առումով, նաև` իբրև երկիր, ապա պետք է վստահաբար առաջ գնաս: Դուք քիչ առաջ ասացիք, որ այս տարի Արմթեքը շատ լավ անցավ: Բայց այն սկսվեց 2007-ին, այն ժամանակ կաղալով, քննադատելով, թերահավատորեն, բայց հիմա մենք կամաց-կամաց տեսնում ենք, որ այն արդեն կայուն ուղղություն է վերցրել և գնում է առաջ ու կարճ ժամանակ անց մեր տնտեսության համար կատալիզատոր է դառնալու: Մի շարժիչ ուժ, որը միավորում է տարբեր ենթաոլորտներ, որոնք հեռահաղորդակցության մեծ աշխարհի մեջ են: Ինչպես ՏՏ ոլորտը և առանձնացված տարբեր տեխնոլոգիաներ: Ես անձնապես միշտ լավատես եմ եղել և լինելու եմ: Բայց նաև գիտեմ, որ դժվարություններ, անհամաձայնություններ միշտ լինելու են, որովհետև տարբեր մարդիկ տարբեր ընկերություններ ունեն ու տարբեր մտածելակերպ, աշխատաոճ, և դրանք համախմբելը միանգամից չի ստացվի: Մինչև իրար սովորեն, իրար հասկանան, ժամանակ ու համբերություն է պետք, բայց երբ ի վերջո միավորվում են` ավելի հզոր աշխատանքային ուժ է ստացվում: Իսկ դա ի վերջո կբերի բարեկեցության ամբողջ երկրի մակարդակով: Հեռանկարային ռազմավարական մտածելակերպը այդպիսին պիտի լինի: Պետք է ոչ թե միայն մեր քթի առջևը տեսնենք, այլ բավական հեռուն, և այդ հեռուին պիտի ձգտենք հասնել` իմանալով, որ բնավ չենք հասնելու, որովհետև եթե հասնենք, կանգ ենք առնելու: Մենք պետք է անընդհատ վազքի մեջ լինենք, շարունակենք կառուցել, շարունակենք առաջ գնալ, որպեսզի ամեն ինչ լավ և արդյունավետ լինի: Ես այդպես եմ մտածում:
-Հետաքրքիր է, որ բոլոր առումներով դուք երկուսով միանման եք մտածում` հիմնարար գաղափարներ, երկրի համար արժանապատիվ և օգտակար ծրագրեր, որոնց վերջնական արդյունքը դեպի հեռուն է միտված:
Հովիկ Մուսայելյան-Արմթեքի նշանաբանին ուշադրություն դարձրեք. ՙՍովորել անցյալից և բացահայտել ապագան՚: Ապագան բացահայտելու կարողությունը, հաջողակ բիզնեսի հիմնական բաղադրիչը հենց հեռուն տեսնելն է: Այն բիզնեսմենները, որոնք չեն կարողանում տեսնել հեռուն, այսինքն` ապրում են միայն առօրյայով, հեռուն գնալ չեն կարող, երկար կյանք չեն ունենա: Հեռուն տեսնելը միայն իրենց բիզնեսի հաջողությունների առումով չեմ ասում, այլ իրենց երկրի ապագան տեսնելու առումով: Որովհետև այսօր մենք ոչ մի կերպ չենք կարող միգրացիոն խոսակցությունից խուսափել, այսօր դա մեր առջև կանգնած ամենակարևոր խնդիրներից մեկն է: Եթե մարդն իր երկրում չի տեսնում իր ապագան, նա այդ ապագան ուրիշ տեղ է փնտրում` լինի դա պետական պաշտոնյա, սովորական քաղաքացի, տաքսու վարորդ, արհեստավոր, և դա մեզ համար լրջագույն խնդիր է: Մեր համատեղ ծրագրերը նաև դրան են ուղղորդված, որ մարդկանց ցույց տան, որ մեր երկրում նաև այնպիսի ծրագրեր են իրականացվում, որոնք խթանում են երկրի զարգացումը, ապագա են կառուցում: Մի փորձեք ձեր երեխայի ապագան տեսնել հեռվում: Մեր և արածները, և չարածները դրա հետ են կապված: Եվ կարծում եմ, որ մեր երկրի համար ամենակարևոր մարտահրավերը հենց դա է: Եվ պատահական չէ, որ մեր հարևան ՙոչ բարեկամ՚ երկրի ղեկավարը մի քանի օր առաջ նորից իր երկրի անկախության տոնի առթիվ ելույթ ունենալով հենց այդպես էլ ասած, որ Ղարաբաղի խնդրի լուծումը դեմոգրաֆիկ ճանապարհով է լինելու, մենք այսօր ինն միլիոն ենք, հայտարարեց նա, իսկ Հայաստանը դատարկվում է: Ի՞նչ ուղերձ է ուղարկում. որ ժամանակը հայերի դեմ է աշխատում. սպասենք, այնտեղ կհայաթափվի, մենք էլ կավելանանք: Սա նաև ուղերձ է մեզ, որ, տեսեք, իր երկիրը զարգանում է, իսկ Հայաստանը` ոչ: Տեսեք, մենք այսօր խոսում ենք ոլորտային զարգացումների մասին, բայց շատ քչերն են հասկանում դա, շատ քչերն են պատկերացնում, թե ինչ կարևորագույն նշանակություն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը կյանքի որակի բարձրացման համար: Որովհետև արտագաղթի հիմնական պատճառներից մեկը հենց այդ որակի անկման հետ է կապված: Բայց եթե այս ոլորտը զարգանում է, նշանակում է` կարճ ժամանակ անց մենք ունենալու ենք կյանքի որակի անհամեմատ զարգացում, ինչը հետագայում բազմապատկվելու է մյուս ոլորտներում: Բայց մենք չենք կարող պատնեշ դնել և ասել` մարդիկ մի լսեք, թե ինչ են ասում չկամեցողները կամ հակառակորդները: Մենք պիտի կարողանանք ժողովրդին ցույց տալ, թե ինչ լրջագույն զարգացումներ են տեղի ունենում մեզ մոտ: Այժմ նոր տագնապներ են հնչում ճգնաժամի նոր ալիքի մասին: Զանգեր են հնչեցնում, թե մեկ-երկու տարի անց սպասեք ծանր հարվածների: Ցավոք, վատ լուրերը շատ արագ են հասնում հասարակությանը: Բամբասանքը, վատ լուրը շուտ է հասնում: Մենք պետք է մեր հասարակությանը հաղորդակից դարձնենք լավ լուրերին: Իհարկե մենք մեր իրագործումների մասին տեղեկացնում ենք հասարակությանը: Երբեմն անգամ թվում է, թե շատ ենք խոսում, բայց դա բավարար չէ, հաջողված օրինակներ կերտող մարդիկ պետք է շատ երևան, մեր պետությունը դրա կարիքն ունի, լավագույն օրինակների միջոցով մեր ստրեսային հասարակության մեջ դրական տեղաշարժերի կոնկրետ օրինակներով պետք է հավատը հետ բերենք: Ինձ թվում է, մենք այդ իրավունքն ունենք: Ուղղակի միտինգային գործելակերպ չէ մերը, որ մարդկանց հավաքենք և ճառ ասենք: Մենք գործ ենք անում:
-Ի դեպ, Արմթեքի ժամանակ. այդ մտավոր խոսակցությունների, նպատակների քննարկումների միջավայրում շատ հետաքրքիր զգացողություն ունեցա. ինձ թվում էր, թե այդ փոքրիկ տարածքում հեղափոխություն է տեղի ունենում, տարբեր երկրներից եկած կարևոր մարդկանց խոսքերում ինչպիսի բարձր գնահատականներ հնչեցին…դուք այդ ամենը հրապարակայնացնում եք, բայց ինչու հասարակությունը խանդավառ չի ընդունում այդ հաջողությունները:
Ռալֆ Յիրիկյան-Մտածելակերպի փոփոխություն պիտի տեղի ունենա: Աշխատանք պետք է տարվի: Եթե գործարար աշխատանքի մասին է խոսքը, ապա մտածելակերպի մշակույթի խնդիր կա: Շատերը դեռևս իրենց մտածելակերպում պահպանում են հինը, ինչը ժառանգել են խորհրդային տարիներից: Այդպիսի մտածելակերպը ձգտողական չէ, բավարարություն ունեցող մտածելակերպ է, երբ մարդը ձգտում է նստի իր տեղը, իսկ անիվը ինքնիրեն պտտվի: Բայց կյանքում այդպես չէ: Տնտեսությունն այլևս այդպիսին չէ: Համաշխարհային տնտեսությունը միշտ տագնապների մեջ է, ամեն ինչ անում է, որ շրջանառությունը պահի, մեծացնի, և այստեղ է, որ նոր մտածելակերպը պետք է, որովհետև պետք է ձգտել փոփոխությունների, վերջապես մտնել այդ շրջանի մեջ, որը կկոչվի փոփոխությունների շրջան, որպեսզի կարողանա անցնել հաջորդ դաշտը: Օրինակ, ՎիվաՍելլ Էմ Տե Էսը հավատում է այն մտածելակերպին, որ ինքը պիտի միշտ վազքի մեջ լինի: Պիտի միշտ աշխատենք, միշտ կառուցենք, միշտ արդյունավետ լինենք ամեն առումով, որովհետև այդ է կառուցողական ելքը: Մյուս կողմից, իսկապես որ հասարակությունը զզված է միայն խոսքից, բայց գործ չանելուց: Մենք մշտապես լսում ենք, որ մենք ունենք այս -այս խնդիրը և պետք է այն լուծենք: Բայց մենք այդպես չենք վարվում: Վերցնենք մեր և Սինոփսիսի օրինակը: Ինչ ենք անում: Մենք չենք ասում ունենք խնդիրներ, պետք է անենք այսպես: Մենք սկսում ենք աշխատանքը, կարգավորում ենք խնդիրը և առաջ ենք գնում: Այսօր հասարակության մեջ տիրապետում է միայն քննադատական մոտեցումը, կարծես թե ոչ մի գործ չի արվում, ոչ մի գաղափար չի առաջադրվում և իրականացվում: Խոսքերը բաժակաճառերի են նմանվում: Այդպես ոչինչ չի ստացվի, որովհետև ժամանակ չկա բաժակ լցնելու, խմելու, ճառ ասելու: Պետք է ժամանակը տրամադրվի աշխատանքին: Կյանքն այնքան արագ է առաջ գնում, աշխարհում հարցերն այնքան արագ են փոխվում, և եթե մենք չշարունակենք վազել, մեր մկանները չուժեղացնենք, ինչը հնարավոր է միայն այդ վազքի ընթացքում` հետ կմնանք, ուրիշը կանցնի մեզնից: Այսինքն, այստեղ մտավոր աշխատանքային մարզանքի վիճակ է: Եվ պետք է միշտ, անընդհատ այս ուժեղ վազքի մեջ լինենք: Ես այսօր ունեմ երկու տարբերակ. կամ պիտի աշխատեմ, որ ինչ-որ մի ծրագիր ավարտին հասցնեմ, այդ ծրագիրը դառնա ինքնաբավարարված և արդեն շարունակի իր ընթացքը, կամ ես պիտի գնամ նստեմ սեղանի շուրջ, ծանոթներով, ընկերներով, ամեն մեկը մի պաշտոնի աթոռի վրա, ամեն մեկս մի-մի բաժակ խմենք ու ճառ ասենք, ու իրար գովենք: Հիշում եմ Նժդեհի խոսքերը. գրել է` պետականությունը, հայրենասիրությունը բաժակաճառություն չէ, մարդը անշահախնդիր պիտի աշխատի, կառուցի որտեղ կհասցնի: Ես այդ օրինակը օգտագործում եմ սոցիալ-տնտեսական ոլորտում; Աշխատանք է պետք անել, որ կարողանանք ստեղծել, առաջ գնալ, ինքնաբավարարության հասնել, կայունություն ստեղծել, տեսնել մի քիչ առաջ նայելով ու գնահատել արվածը: Աշխատել, ձգտել ավելիին, ձգտել վազել, ձգտել նոր ծրագրեր սկսել, բայց սկսել է պետք, հետո ինքն իրեն առաջ կգնա, բայց սկսել է պետք:
Հովիկ Մուսայելյան-Ես աշխատանքի հետ կապված ուզում եմ շարունակել: Իհարկե, պետք է աշխատել, աշխատել, բայց ես կուզենայի, որ աշխատելը մենք նաև դիտարկենք աշխատատեղ ստեղծելու տեսանկյունից: Ամեն մարդ չէ, որ կարող է աշխատատեղ ստեղծել: Մեկը աշխատատեղ է ստեղծում, մյուսն այդտեղ աշխատում է: Եթե աշխատատեղ ստեղծողը չլինի, աշխատանք չի լինի: Աշխատատեղ ստեղծելը հասարակական մի խմբի գործն է: Աշխատուժը պիտի չհասցնել այն վիճակի, որ իր որակը կորցնի: Ընկերս մի արտառոց բան պատմեց. ինչ-որ մի դետալ պիտի սովորական խառատային հաստոցի վրա տաշվեր, ինչը սովետական տարիներին ամենուր կարելի էր` և հաստոցը գտնել, և վարպետին: Մի քանի շաբաթ ման է եկել, թե որտեղ կարող է տաշել: Մասնագետ չկա, փոշիացրել ենք այդ հարստությունը: Բայց աշխատատեղ ստեղծողի համար էլ այնպիսի պայմաններ պիտի ստեղծել, որ նա կարողանա աշխատատեղ ստեղծի: Տեղական արտադրողն է, որ ուշադրության կենտրոնում պիտի լինի: ՏՏ ոլորտում ամեն աշխատողը մուլտիպլիկացիայի օրենքով իր հետ բերում է 6.5-8աշխատատեղ: Սա միջազգային չափանիշներն են: Եթե ես ասում եմ, որ Սինոփսիսում աշխատում են 600 հոգի, դա նշանակում է, որ այդ թիվը պիտի բազմապատկել 6.5-ով և ստանալ այն իրական թիվը, որը մուլտիպլիկացիայի օրենքով նոր թիվ է ստեղծում: Սա բարձր վարձատրվող աշխատանք է, մարդու բարեկեցությունը ավելանում է, նա մեքենա է գնում, այդ մեքենայի սպասարկման ոլորտն է զարգանում, առևտուր է անում: Չնայած, այսօր ինքնարժեքի մեջ ամենաբարձր տեղը աշխատավարձի չափաբաժինն է: Դա պիտի համադրելի լինի նաև գնաճի տեմպերին: Օտարերկրյա ընկերությանը թվում է, թե մի քանի տոկոսով աշխատավարձ ավելացնելով` նպաստում է իր աշխատողի բարեկեցությանը, բայց գնաճը թույլ չի տալիս, որ այդ էֆեկտը լինի, և աշխատողը շարունակում է դժգոհ մնալ: Իսկ դժգոհ աշխատողը լավ չի աշխատի: Բայց երկրում ներկայությունը պիտի գրավիչ լինի արտադրողի համար, հակառակ դեպքում օտարերկրյա ներդրողը պարզապես իր արտադրությունը կտեղափոխի իր բիզնեսի համար առավել նպաստավոր միջավայր: Մեր երկու ընկերություններն էլ օտարերկրյա կապիտալով են աշխատում: Տարբերությունն այն է, որ ՎիվաՍելլ-ը հայկական շուկայում է սպառում իր արտադրանքը, բայց մենք սպառում ենք դրսում: Ինչքանով ենք կարողանում մեր աշխատանքն այնպես կառուցել, որ մեր երկիրը կորպորատիվ պատասխանատվությամբ նաև այլ ոլորտներում զգա ընկերության ներկայությունը, բավական կարևոր հարց է: Սակայն մեր զրույցներում մենք նաև հանգում ենք այն մտահոգությանը, թե երբ պետք է աշխատանքի այս մշակույթը նաև տեղական արտադրողների մոտ արմատավորվի: Այս մտածելակերպը երկու ընկերությունների ռազմավարության մեջ է, նրանց աշխատանքի մշակույթում:
-Աշխատուժ, աշխատանք: 2005թվականից ենք գրում ՏՏ ոլորտի մասին, ինքս էլ էի մոռացել, թե ինչ ենք գրել, վերջերս վերընթերցում էի հին թողարկումները և աչքիս առջևով անցավ մի ամբողջ ոլորտի կայացման պատմությունը: Դուք արդեն հասցրել եք միջավայր ձևավորել, կադրեր եք արդեն պատրաստել: Ե՞րբ պիտի այդ կադրերը մտնեն ակտիվ դաշտ, նոր տիպի իրականություն կայացնեն մեր երկրի համար: Արդեն հոգնել ենք անընդհատ նույն մարդկանց հույսին մնալուց:
Ռ.Յ-Դուք արդեն բողքում եք..
-Ես չեմ բողոքում, ես իմ տեսլականում այդ նոր երիտասարդներին եմ տեսնում հասարակության համար կարևոր և որոշիչ դիրքերում, սակայն նրանք դեռևս այդ դաշտում չեն երևում: Ավելին, գուցե թե անգամ չեն էլ ցանկանում լինել այնտեղ:
Ռալֆ Յիրիկյան-Նորերը դեռ կգան, ժամանակ և համբերություն է պետք: Նրանք միանգամից չեն ծնվում ու կայանում, պետք է պատրաստվեն, հասկանան նոր մտածելակերպը, ոճը, իրողությունները, մարտահրավերները: Եթե գործարար աշխարհը վերցնենք, ու նրանց խնդրենք` ասենք` բիզնես պլան մշակեք, վստահաբար` հին սերնդի գործարարներից շատերը չգիտեն դա ինչ բան է: Չգիտեն ինչ է նշանակում ռազմավարություն կամ` բյուջե մշակել երկու կամ երեք կամ հինգ տարվա համար: Նոր սերունդն արդեն դա հասկանում է, մենք օգնում ենք նրան, առաջ ենք մղում: Ցուցանիշ, չափանիշ հաշվարկել, համեմատել, բաղդատել ինչ-որ մի գործընթաց մեկ այլ գործընթացի հետ: Գործարար աշխարհի համար չինական լեզու է, բայց նոր սերնդի հետ աշխատանք ենք տանում: Կոնկրետ մենք 35 պայմանագիր ունենք տարբեր բուհերի և նրանց մասնաճյուղերի հետ, ուսանողները գալիս են մեզ մոտ և պրակտիկա են անցնում, ծանոթանում են նոր աշխատանքային մշակույթին, մենք կերտում ենք նոր աշխատաոճ, որը նրանք անպայման հետո կկիրառեն իրենց հետագա աշխատանքի ընթացքում: Խնամք, համբերություն է պահանջվում: Եթե մենք պարտեզում նոր ծաղկի սերմեր տնկենք, ուշադրություն, խնամք պետք է ցուցաբերենք, նույնը երիտասարդների դեպքում է, նրանց մեջ պետք է ներարկել լավը, բարին, բացասականը պետք է բացառել: Ես դասախոսությունների ժամանակ ասում եմ. կա երկու տարբերակ. կամ քարանձավայինը, կամ` քարանձավից դուրս: Սկզբում միտքս չեն հասկանում: Ասում եմ` ի՞նչ կա քարանձավի ներսում, մթություն, մեկուսացում, իսկ դրսո՞ւմ` լույս, արև, հորիզոն, գեղեցկություն: Դուրսը նոր ու տարբեր մշակույթներ են, նորություններ են, շարժում է, հենց լույսն է, որ զարգացում է բերում: Բայց քարանձավի ներսում սև մեքենայում ինքնապարփակված վիճակ է` ամեն ինչով սև: Օրինակները կարևոր են, վերցնենք մեր աշխատատեղերը` թափանցիկ, մտածելակերպ է, պետք է հավատալ արժեքներին: Հարգանք է պետք ունենալ: Հիմա մեկը մյուսին չի հարգում, աշխատանքային միջավայրում մեկը մյուսին հարգել պիտի կարողանան, դա շատ կարևոր է: Մեր աշխատակազմի մասին մենք ասում ենք մեծ ընտանիք, ընկերությունն էլ է հավատում, որ այսօրվա մեր աշխատողները վաղը գուցե որևէ պաշտոն զբաղեցնեն, իրենց հետ տանեն այն մշակույթը, որ տեսել են մեզ մոտ: Պետք է զինված լինել համբերությամբ և տեսնել հեռուն: Ով ձգտում է և ցանկանում է հասնել հեռուին, պետք է փոքրից սկսել: Անկախ բոլոր դժվարություններից, էշը պիտի քշել ու առաջ գնալ: ՎիվաՍելլն սկսել է 2005-ին, ու բավական ճանապարհ ենք անցել: Մտածելակերպ ենք փոխել, մեր ընտանիքի անդամները առաջ ուրիշ ձևի էին մտածում, այժմ բոլորովին այլ կերպ: Ես արդեն սկսել եմ այլ ընկերություններից նույնպես լսել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին: Եվ դա գովելի է: Եվ ձգտումն ունեն, և ուզում են ծրագրեր իրականացնել, ինչքան իրենց հնարավորությունները թույլ են տալիս: Վեց տարի առաջ դա չկար, վեց տարի հետո դա ավելի տարածված կլինի: Դա բերում է այն գաղափարին, որ եթե մարդ հավատում է ինչ-որ գաղափարի, պետք է հավատա և իրականացնի այն: Մեր գաղափարը սկզբում փոքրիկ գնդակ էր, այժմ մեծ գնդակ է դարձել: Բասկետբոլի գնդակի չափ է դարձել, բայց գլորվում է, մեծանում է, և այդպես է հաջողությունը ձեռք բերվում:
-Եկեք խոսենք ծրագրերի մասին: Այն, ինչ միասին եք արել` կրթության ոլորտում, հանրապետության նախագահի ամենամյա մրցանակը, Արմթեք կոնգրեսը, միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան, ինչպես նաև ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխությունը: Ի՞նչ զգացումներով է լցվում ձեր սիրտը այս ամենի արդյունքը տեսնելով:
Ռալֆ Յիրիկյան-Մեր սիրտը չի լցվում: Եթե լցվի, տեղ չի մնա: Եթե զգանք, որ լցվեց, ինչ-որ մի բացվածք կանենք, որ դատարկվի, նորից լցվելու համար: Լինելով տարբեր խորհուրդների անդամ, տեսնելով տարբեր երիտասարդների, ես կարող եմ ասել, որ փայլուն երեխաներ են մեծանում: Անհամեմատելի են այս ծրագրերի հաղթողները անգամ այն երիտասարդների հետ, ովքեր արդեն ավարտել են, կամ մագիստրոսական կուրսերում են: Մենք շուտով նրանց կտեսնենք:
-Երբ փոքրիկները կոկիկ հագնված գալիս են նախագահի ձեռքից մրցանակ ստանալու, նրանց ինքնագնահատականն է արժեվորվում, կարծես թե մեկ օրում մի ամբողջ փուլ մեծանում են:
Հովիկ Մոււսայելյան-Մեզ բախտ է վիճակվել անընդհատ ամենատարբեր միջավայրերում տեսնել մեր աճող սերունդը: Մենք ինքներս լիցքավորվում ենք ու ներշնչվում այդ երեխաներով: Դա փոխադարձ կապ է: Մենք պիտի անընդհատ պուլսի վրա լինենք, նրանց գնահատելու համար ինքներս նույնպես պիտի անընդհատ նորովի լինենք:
-Ի՞նչ նոր ծրագրեր ունեք
Ռ.Յ.-Սպասենք ավելիին…
-Ես սովոր եմ առաջինը լսել դրանց մասին և մի կարճ ժամանակ անց զարմանալ` դրանք կատարված տեսնելով:
Հովիկ Մուսայելյան–Մեր հիմնական խնդիրը նաև որոշ այլ գործարարների մեր գաղափարներով վարակելն է, համախոհների թիմը ընդլայնելը: Մեր ծրագրերի հաղթողները իրենց ակումբներն են ստեղծել: Մենք նույնպես կարիք ունենք նման ակումբի:
Բայց, քանի որ ամսագիրը լույս տեսնելու օրն արդեն հրապակայնորեն հայտնի է լինելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեծ ներդրումների համար ՀՀ նախագահի մրցանակակրի անունը, և գուցե նա նաև Հայաստանում լինի արդեն, բացեմ գաղտնիքը. Սթիվ Վոզնյակն է 2-րդ հաղթողը: Apple ընկերության ինժեներական մտքի գեներատորը Վոզնյակն է եղել: Ջոբսը եղել է բիզնեսմեն-կազմակերպիչ, ֆանտաստիկ հեռատես մի մարդ, որը ընկերության հաջողությունների կերտողն է եղել: Մենք խնդիր ունենք երիտասարդներին մեր ժամանակի հերոսներին ներկայացնել, նրանց հետ շփվելու հնարավորություն ստեղծել: Մենք Հայաստանում կտեսնենք Վոզնյակին և իր կնոջը: Ջոբսի մահվան առիթով ամբողջ աշխարհում շատ խոսվեց նաև Վոզնյակի մասին, և, կարծում եմ, մեր հասարակության հետ շատ հետաքրքիր հանդիպումներ են սպասվում: Շատ կարևոր է այդպիսի մարդկանց հետ շփվելը, դա կարող է ուղենիշային դառնալ երիտասարդների համար: Ահա թե ինչու են այդքան ներդրումներ արվում նրանց Հայաստան բերելու համար: Պետք է օգնել, նման խարիզմատիկ անհատների հետ շփվելու հնարավորություն տալ մեր երիտասարդներին: Մրցանակաբաշխության առաջին հաղթողը` Ինթելի հիմնադիր Գրեյգ Բարեթը, ով 2010-ին եկավ Հայաստան և մեր նախագահից անձամբ ստացավ մրցանակ-պարգևը, ինչպես նաև Բիլ Գեյթսը և նրանց նման ուրիշները, կյանքի որակների վրա էական ազդեցություն թողնող մարդիկ են: Իրականում, նման մարդիկ քիչ են ոչ միայն քանակով, այլև ներգործության առումով: Ո՞ւմ կցանկանա նմանվել հայ երիտասարդը, իսկ ինչո՞ւ ոչ` նման մարդկանց:
-Ի դեպ, մեր ամսագրի անցկացրած նմանատիպ հետազոտության արդյունքում Յիրիկյանն է ճանաչվել նմանակման արժանի հերոս մեր իրականության մեջ:
Ռալֆ Յիրիկյան-Երբ մարդ աշխատում է իր երկրում, և կրում է այն բոլոր դժվարությունները, որ վիճակվում է տարբեր պատճառներով, նա լավ է հասկանում իր արածի արժեքը: Ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում ամենասովորական պայմաններից զուրկ լինել, բայց դիմանալ ու դուրս գալ այդ վիճակից: Որովհետև նմանատիպ իրավիճակում հայտնվել ենք նաև մենք, Բեյրութում, 1975 թվականին: Հիշում եմ, հաց չկար, ալյուր չկար, ջուր չկար, լույս չկար, պատերազմական իրավիճակ էր, շրջափակված էինք, ռումբեր էին թափվում: Դրան հակառակ` ուրիշ հոգեբանություն է հեռու բարեկեցիկ երկրներում ապրելը, որևէ դժվարություն չտեսնելը, և հեռվից քննադատելն ու խորհուրդներ տալը: Նրանք ինչ գիտեն, թե ինչ է նշանակում այդ ամենը: Ես իմ գործուղումների ժամանակ շատ խիստ եմ խոսում: Իմ օրինակն եմ բերում, որին հավատալն ավելի հեշտ է, քան տարբեր զազրախոսություներ լսելով հայրենիքի մասին չարախոսելը: Հեռուներում ապրող և ապահով երկրների բարիքներից օգտվող մարդիկ որևէ իրավունք չունեն քննադատելու, խորհուրդներ տալու: Մեր տունը սա է: Եկեք, հավաքվեք այստեղ ու արեք այն, ինչի պակասը ձեզ դուր չի գալիս:
Հովիկ Մուսայելյան- 1994 թվականին, շատ ծանր տարիներին, Ֆիլադելֆիայում հյուր էի մորաքրոջս, հրավիրված էինք ինչ-որ տեղ, մորաքույրս նախօրոք խնդրեց, որ հանգիստ լինեմ, վիճաբանությունների մեջ չմտնեմ: Չէի հասկանում, թե ինչու էր նա անընդհատ կրկնում իր խնդրանքը: Հրավիրողները հարուստ մարդիկ էին, շատ լավ հյուրասիրություն էր կազմակերպված: Ինչ-որ մի պահի պատի վրայի վարագույրը քաշեցին մի կողմ ու ինչ տեսնեմ` Հայաստանի քարտեզն է տարբեր սլաքներով դեպի Հայաստանից դուրս տարբեր քաղաքների վրա ուղղված:
Մեկ էլ ոգևորված սկսեցին զայրացած խոսել, թե պիտի գնանք Բաքուն գրավենք, Կիրովաբադը գրավենք, ինչու են կանգնել, առաջ չեն գնում…Ասում եմ` ո՞վ պիտի գրավի, իմ տղաները՞, իմ եղբայրը՞, իմ ընկերները՞, իսկ դուք այստեղ տաքուկ ապրեք ու մեզ հրահանգնե՞ր տաք, թե ինչ անենք…Նրանք երևի շատ փոշմանեցին, որ մեզ հյուր էին կանչել, որովհետև դրանից հետո մենք անմիջապես հեռացանք:
Մեր երկիրը աշխատանքի շատ մեծ դաշտ ունի, աշխատատեղ ստեղծողների շատ մեծ կարիք ունի: Եթե արտասահմանում նրանց հաջողվել է ինչ-որ բան սովորել, ուրեմն դրա դրսևորման հիանալի տեղը Հայաստանն է: Ի դեպ, մեր կողքին, համախոհների մեր թիմում նրանք կան, ու շատ լավ արդյունքներ ունեն, ու իրենց շատ լավ ու երջանիկ են զգում, որ եկել են հայրենիք` նրան ծառայելու համար նաև: Նրանցից մեկն էլ Ռալֆն է, ում Հայաստանում երևի թե բոլորն են ճանաչում ու հիանում: Վերջին տարիներին տեղեկատվական ոլորտում իրականացված ամենակարևոր իրադարձությունները գուցե թե հնարավոր չլիներ իրագործել, եթե Ռալֆը մեր կողքին ու մեզ հետ չլիներ:
Սկզբնաղբյուր՝ Էկոնոմիկա ամսագիր, 2(17) 2011, աշուն