ՀՀ նախագահի ՏՏ ոլորտում ամենամյա մրցանակի հավակնորդների ընտրությունը կատարող հանձնաժողովի նիստերից մեկին մասնակցելուց հետո զրուցեցինք մրցանակաբաշխության նախաձեռնող և կազմակերպիչ Սինոփսիս Արմենիա ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի նախագահ, Հովիկ Մուսայելյանի հետ
Խմբագիր-Քիչ է, որ մարդ լավ է սովորում, նա նաև հասարակական ակտիվ դիրքորոշում ու կեցվածք պիտի ունենա: Դու կրթվում, հայրենիքիդ ուսյալ զավակն ես դառնում, որքանո՞վ պատրաստ ես լինում նաև այդ գիտելիքդ վերադարձնելու քո հասարակությանը: Այսպես եմ ընկալում լավագույններից լավագույնին գտնելու ձեր կողմից կիրառվող ընտրության մեխանիզմը: Նախ հատիկ-հատիկ մտնում եք մրցույթին մասնակցելու պատրաստ գործընկեր դպրոցներ, բուհեր, ընտրության առաջին փուլում կարևոր եք դարձնում բարձր առաջադիմությունը, և ապա` հայրենիքը սիրելը, պատասխանատու զգալը: Եվ այդպես` ութ տարի շարունակ, գործի կարևորության բարձր գիտակցումով, համախոհների թիմի հետ ակտիվ համագործակցությամբ, կրթօջախների կյանքում մի լուսավոր, ապագային միտված պայծառ զգացողության ներմուծմամբ, արդեն հազարից ավել լավագույն երիտասարդների հետ եք շփվել: Հիանալի պաշար` ամփոփիչ եզրահանգումներ անելու համար, որովհետև ութ տարին քիչ չի մեր հասարակության համար, որպեսզի մենք փոփոխություն արձանագրենք: Ինչպիսի՞ նոր երիտասարդություն եք տեսնում` թեկուզև այդ շնորհալիներից ստացած տպավորություններից ելնելով:
Հովիկ Մուսայելյան- Իսկապես որ, մրցույթի հանձնաժողովի անդամները բացառիկ հնարավորություն են ունենում անմիջականորեն շփվելու այն աշակերտների ու ուսանողների հետ,ովքեր բնագիտական հոսքերով լավագույններն են, որովհետև ծրագրին մասնակցում են հինգ համալսարան և բարձր վարկանիշ ունեցող յոթ դպրոց: Կարծում եմ, որ ի սկզբանե ճիշտ ճանապարհով գնացինք: Մասնագիտական առումով հանձնաժողովը առանձնակի խնդիր չունի լուծելու, որովհետև հնարավոր չէ տասնհինգ-քսան րոպե զրուցելով կարծիք կազմել երեխայի գիտելիքների մասին: Դա համալսարանների ու դպրոցների հանձնաժողովների խնդիրն է, որոնք անցկացնում են լավագույնների նախնական ընտրությունը: Նրանք ընտրում են` հաշվի առնելով բարձր առաջադիմությունը, տպագրված հոդվածները, հանրապետական և միջազգային օլիմպիադաներին մասնակցությունը և այլն: Մեր խնդիրը հավակնորդների տրամաբանելու, դատելու ունակությունը, մտավոր ներուժը բացահայտելն է, ինչը մենք փորձում ենք անել տասնհինգ-քսան րոպեի ընթացքում: Մենք երբևիցե չենք հաշվել, թե քանի հարց ենք ուղղելու երեխային, սահմանափակում չկա ոչ հարցերի թվի, ոչ բովանդակության վերաբերյալ: Եթե մի քանի վայրկյան պատասխան չկա, անմիջապես հետևում է հաջորդ հարցը, մենք ստուգում ենք նրանց կողմնորոշվելու, մտքի ճկունության, տրամաբանելու ունակությունները: Չենք բացառում նաև, որ հնարավոր է` չկարողանանք լիովին բացահայտել հավակնորդի ուժերը: Հազարից ավել ուսանողներ ու աշակերտներ են անցել հանձնաժողովով, ոչ մի բողոք չի եղել, այն էլ մեր պայմաններում: Դա արդեն համարում ենք նվաճում: Եվ հետո, երեխաները իրավունք ունեն նաև տարբեր անվանակարգերում մասնակցել` յուրաքանչյուր հաջորդ տարի կրկին անգամ ներկայանալով հանձնաժողովին: Լավագույն աշակերտի, ապա` լավագույն բակալավրի, մագիստրանտի, ասպիրանտի: Քիչ չեն դեպքերը, երբ անգամ նույն անվանակարգերում են նրանք մի քանի անգամ դիմում: Դա նույնպես մրցույթի հանդեպ վստահության մասին է խոսում: Շատերին հարցնում ենք` ինչու եք կրկին մասնակցում, պատասխանում են, որ իրենց աճը, գնահատման չափորոշիչներին համապատասխանելիությունն են ցանկանում տեսնել: Ամփոփելուց հետո` երկրի նախագահին զեկուցում ենք արդյունքների և այն միտումների մասին, որոնք տարեցտարի տեսնում ենք, դրանից հետո կարելի է ուսումնասիրել, վեր հանել մտահոգիչ իրողությունների պատճառները: Օրինակ, վերջին երկու տարիներին մրցանակների հանձնման օրը իմ ելույթում նախագահին ներկայացրել եմ հանձնաժողովի մտահոգությունն այն մասին, որ մեր պատանիների մեծամասնության մոտ ընդգծված հեղինակություններ չկան: Եվ դա լրջագույն խնդիր է, նրանք չգիտեն, չեն ճանաչում մարդկանց, որոնց կուզենային նմանվել, ստացվում է, որ չկան մեր ժամանակի հերոսներ, իհարկե կան բացառություններ, անուններ են տրվում, այն էլ` հիմնականում իրենց ծնողների անունները: Նրանք չեն ճանաչում արցախյան հերոսներին, տնտեսական գործիչներին, պատմական դեմքերին:
Այս տարվա արդյունքներում և ուրախալի, և մտահոգիչ բաներ եղան: Մեզ հիացրին աշակերտները: Գլխավոր մրցանակը, որը տրվում է բոլորից լավագույնին` տրվեց դպրոցականի: Եվ ընդհանրապես` դպրոցականները անհամեմատ բարձր էին իրենց գիտելիքներով, պատասխաններով: Վանաձորի ՙԷվրիկա՚ վարժարանի երկու աշակերտուհիներ ուղղակի մեզ ցնցեցին, նրանք փորձում էին բոլոր պատասխաններին մոտենալ փիլիսոփայորեն, բայց ոչ լղոզված, այլ ռացիոնալ հատիկ գտնելով: Գլխավոր մրցանակն ստացավ ՙՔվանտ՚ վարժարանի ավագ դպրոցի աշակերտը: Զարմանալի էր: Չէինք ցանկանում նրան բաց թողնել, այնքան հասուն, տրամաբանված, քաղաքացիական դիրքորոշումներով, հայրենասիրությամբ լի էին նրա պատասխանները:
Ինչո՞ւ է այդպես: Իմ կարծիքով, մեր հանձնաժողովով անցած լավագույն աշակերտների մի մասը հետագայում բնագիտական մասնագիտություն չի ընտրում և գնում ու իր ուժերը փոշիացնում է այլ ոլորտներում:
Կարելի է նաև մեկնաբանել, որ բուհում, ինչ-որ մի տարիքում տղաները անփույթ են վերաբերվում իրենց տաղանդին: Եվ ահա` աղջիկները հավասարվել են տղաներին: Վերջին տարիներին այդ միտումը ակնհայտ է:
Երևանի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետների ուսանողների հետ հարցազրույցի օրը մի քանի դիտարկումներ անձամբ արեցինք:
Հարց-Ո՞ր նախարարի աշխատանքն եք հավանում, նրանցից ո՞վ է ձեզ համար հեղինակություն:
Պատասխան-Շատերն են խելացի խոսում, բայց հավատալն է դժվար:
Հարց-Հավատո՞ւմ եք Հայաստանի ապագային:
Պատասխան-Հայաստանի ապագային ուզում եմ հավատալ, իմ կարծիքով մտածելակերպի փոփոխություն է պետք: Ես ժողովրդի մի մասնիկն եմ, նաև իմ մեջ պիտի տեղի ունենա այդ փոփոխությունը:
Հարց-Եթե նշելու լինեիք աշխարհի տասը ազգեր, որոնք մրցունակ են ժամանակակից պայմաններին դիմակայելու համար, հային կներառեի՞ք այդ ցանկում:
Պատասխան-Հայը աշխարհի խելացի և մրցունակ ազգերից է, բայց չեմ կարող ասել, թե առաջին տասնյակում է: Այնտեղ կդնեի հրեաներին, ճապոնացիներին, գերմանացիներին:
Հարց-Ի՞նչ եք հասկանում հայի ինքնություն ասելով:
Պատասխան-Հայի ինքնությունը հենց հայի մտածելակերպն է: Մենք շատ ենք ցածրացել մեր ավանդական մտածելակերպից:
Հարց-Խելացի աղջիկ լինելը օգնո՞ւմ է, թե խանգարում:
Պատասխան-Մի քիչ դժվարացնում է ընկեր ընտրելը, բայց ավելի լավ է մի քիչ երկար փնտրտուքների մեջ լինես, քան խելացի չլինես:
Հարց-Ինչպես կբացատրեք այն փաստը, որ տասը ուսանողից ինն աղջիկներ են:
Պատասխան-Տղաներն շտապում են աշխատել, ասում են` ինչիս է պետք, զուտ ֆիզիկան ինձ չի օգնի ընտանիք պահել: Երկրից գնացողները պատճառաբանում են աշխատանքի պակասը և ցածր վարձատրությունը: Ինքս նպատակ ունեմ ֆիզիկայից բացի նաև տեխնիկական պատրաստվածություն ձեռք բերել:
-Պատմություն եմ սիրում, դինաստիաների պատմություններ եմ կարդում, պատմական ֆիլմեր եմ նայում: Մեր պատմության մեջ անգամ այնպիսի առանձին տողեր կան, որոնք հիանալի ֆիլմաշարերի նյութ կարող են դառնալ, փոխանակ այսօրվա սերիալների նման արտադրանքի վրա գումար ծախսելու, պետք է պատմական թեմաներին անդրադառնալ:
-Ուսանողները անտարբեր են ամեն ինչի նկատմամբ: Օրինակ, Ռոբերտ Ամիրխանյանի հետ հանդիպում էր համալսարանում, վեց հարյուր տեղանոց դահլիճ և տասնութ հազար ուսանողություն ունենալու դեպքում, այն հազիվ կարողացանք լցնել:
-Հայաստանի բանակը պետք է օպտիմալացվի, պայմանագրային ծառայողների ինստիտուտը հաստատվի, տեխնիկապես ժամանակակից հագեցվածություն ունենա, որպեսզի քիչ քանակի մարդկանցով բարձր որակ ապահովվի:
-Մարզեր վերադառնալու համար պետությունը պիտի գումար ծախսի, և պարտադրի, որ մարզերից գործուղվածները հետ գնան աշխատելու: Բայց, օրինակ, Արմենթելի աշխատողը Բերդում ստանում է յոթանասուն հազար դրամ, իսկ Երևանում շատ ավելի:
-Տղաները շատ ավելի խելացի են, բայց պատասխանատվության, աշխատասիրության առումով զիջում են աղջիկներին:
-Հայաստանից հեռանալ ցանկացողները ինքնահաստատման տեղն են որոնում, բայց, ովքեր հուսահատված են, դրսում էլ չեն կայանա:
-Բնագիտական սեկտորի ուսանողները պահանջված են, նրանք սկսում են աշխատել արդեն երկրորդ կուրսից:
-Ղարաբաղը…դա հող է, որը հետ ենք վերցրել, ու որի անկախությունը չեն ընդունում:
-Միայն գիտությամբ դժվար է ընտանիք պահել:
-Կրթական պրոցեսում նոր առարկաներ պիտի մտցվեն: Միջազգային կապերը պիտի անընդհատ ընդլայնել:
Հարց-Գիտե՞ք, թե որքան է համալսարանի բյուջեն…Համալսարանի բյուջեն քսան մլն դոլար է, Հարվարդի համալսարանինը` քսան միլիարդ:
-Բայց դասախոսական կազմը նվիրյալներ են, իրենք իրենց վրա աշխատում են և ձգտում են առավելագույնս տալ մեզ, չնայած չնչին աշխատավարձ են ստանում:
Հարց-Գիտե՞ք, թե մեր ոլորտում որն է հնդիկների առավելությունը մեզնից` դեռ փոքրուց անգլերեն գիտեն, ինչի վրա մենք բավական ժամանակ ենք ծախսում:
Հարց-Կարո՞ղ է արդյոք արտագաղթը նաև դրական լինել:
Պատասխան-Այո, եթե գնում են սովորելու, կայանում են և անպայման օգտակար են լինում իրենց հայրենիքին:
Հարց-Ինչպե՞ս անել, որ հանրության մտածելակերպը, արժեհամակարգը փոխենք:
Պատասխան-Հասարակությունները միշտ պասիվ են, պիտի լիդեր լինի, որ առաջնորդի, անգամ մեկ կազմակերպությունում լիդերը կարող է մտածելակերպ փոխել: Մեծ դեր ունի պասիվ քարոզը, որը կատարվում է հեռուստատեսությամբ, պարզապես պիտի այդ քարոզի ուղղվածությունը փոխվի:
-Հայաստանում լուրջ քայլեր են արվում օրենքներ ընդունելու ուղղությամբ, բայց օրենքները հարգելու և դրանցով շարժվելու խնդիրը կա:
-Տղաների և աղջիկների համեմատությունը,,, աղջիկները քիչ նախաձեռնող են, ռիսկային քայլերի չեն գնում, աշխատասեր են, բայց նախընտրում են ծեծված ճանապարհով գնալ: Այսօրվա աշխարհում ռիսկայնությունը կարևոր է:
-Հայ երիտասարդին ինչ է պակասո՞ւմ: Պետության տիրոջ զգացումը: Որ ինքը գործոն է պետության մեջ:
-Ինձ համար նմանակման հեղինակություն է Բրուս Լին, որ տասնութ տարեկանում գնաց Ամերիկա, դարձավ դերասան և չինական մարտարվեստն ու նրա փիլիսոփայությունը տարածեց աշխարհով մեկ:
-Բարեգործի հիմնական հատկանիշն այն է, որ ժողովրդին պիտի սիրի, բարեգործությունը սիրով պիտի անի: Անհայտ մնա, չգովազդի իր արածը:
-Անհանդուրժողականությունը գալիս է մեր մեծերից, նրանց մոտ հայրենասիրությունն ընկած է, պիտի ամեն մարդ մյուսին սիրի իր հարազատի նման:
-Իմ ուժեղ կողմերից է աշխատասիրությունը, նպատակասլացությունը, ռիսկի գնալ չեմ սիրում: Տասը տարի հետո ինձ պատկերացնում եմ իմ համախոհներով ինչ-որ մի ընկերությունում աշխատելիս:
-Խնդիր է աշխատատեղերի պակասը, թոշակի ցածր լինելը, ինչը ես գիտեմ տատիկիս օրինակով: Տատիկս հիսուն դոլար թոշակ է ստանում ընդամենը, կուզենայի տասն անգամ ավել լիներ այն:
Հարց-Տատիկի հեքիա՞թը կգերադասեք, թե՞ ինտերնետը:
Պատասխան-Տատիկի հեքիաթը:
Հարց-Տասը տարի հետ Հայաստանն ինչպիսի՞ն կլինի:
Պատասխան-Նայած, թե ինչպես կշարժվենք:
Հարց-Եթե հայկական սերիալի սցենարի պատվեր ստանայիք, ինչի մասին կգրեիք:
Պատասխան-Մշակույթի կամ գիտության: