Մենք կարող ենք շատ գողտրիկ, գեղեցիկ երկիր ունենալ և մեր տանը, մեր հայրենիքում երեխաների ապագայի երաշխավորը լինել:

logo-eco

Մենք հաճախ ենք խոսում ազգային մրցունակության մասին, համեմատություններ են արվում պետական տարբեր գործառույթների ցուցանիշների վերաբերյալ, երբեմն նաև ազգային բնութագրի մրցունակության մասին է խոսվում, վերլուծում են, թե ազգերը իրարից ինչով են տարբերվում, իրենց բնորոշ բնութագրերի մրցունակությամբ: Մենք շատ լավ գիտենք, որ այդ մրցունակությունն առկա է և կարող ենք թվել տարբեր ազգություններ, որոնք այս կամ այն բնագավառում իսկապես ունեն մրցակցային առավելություններ:
Հայերի մասին խոսելիս հիշում են այն ոլորտները, որոնցում հայերը մշտապես հաջողություններ ունեն: Մասնավորապես, կարծիք են հայտնում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման ոլորտներում, իբր, հայերը գենետիկ առավելություն ունեն, բնածին ծրագրավորողներ են: Իրականում դա չափազանցված է, որովհետև ոչ մի ազգ էլ չի կարող գենետիկ ծրագրավորող լինել:
Հայերը և իրենց հայրենիքում, և հայրենիքից դուրս, շատ դեպքերում կայանում և հաջողություն են ունենում իմ կարծիքով, հատկապես հայերին բնորոշ տեղական իրականությանը շուտ հարմարվելու, նոր միջավայրերը շուտ յուրացնելու շնորհիվ: Նույնը տեղի է ունենում նաև գիտության մեջ` նորագույն տեխնոլոգիաները շուտ ըմբռնելու, ինչպես նաև տեխնոլոգիաները փոխվելու դեպքում հայերը բավական ճկունություն են ցուցաբերում և արագ վերափոխվում, հայ գիտնականին հատուկ կարողություններ են դրանք:
Ասվածի ցայտուն բնութագրիչն է սփյուռքի օրինակը: Ցրվելով աշխարհով մեկ` նրանք շատ կարճ ժամանակամիջոցում ընդգրկվեցին նոր միջավայրերում, դառնալով օրինավոր քաղաքացիներ և մեծ դեր ունենալով նաև այդ երկրների սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական և այլ զարգացումներում: Եվ պատահական չէ, որ շատ, այդ թվում նաև մահմեդական, արաբական երկրների իշխանություններ, տարբեր ժամանակահատվածներում միշտ նշում են հայերի կարևորագույն դերակատարումը իրենց երկրների զարգացման գործում: Հայերը գիտության մեջ են, մշակույթում, հմուտ արհեստավորներ են, տնտեսական գործիչներ, անգամ` զորավարներ: Բարեբախտաբար, հայերը ոչ միայն հարմարվել են նոր միջավայրերում, նաև կարողացել են իրենց ինքնությունը պահպանել համայնքային համախմբվածության ձևով:
Կարծում եմ մեր ազգային մրցունակությունը կարող ենք սրա մեջ գտնել:
Բայց, եթե մենք այսօրվա մեր իրողություններից ենք ելնում և փորձում ենք հասկանալ, թե արդյոք հարմարվելու այդ հատկանիշը ազգային ինքնության հաստատման և ապագայի համար լրջագույն հաջողությունների հասնելու գործում մեզ անհրաժեշտ կարևորագույն գրավականի դեր ունի, կարծում եմ, ճիշտ չենք, դա այդպես չէ: Երբ հայերին բնորոշ այդ հատկանիշը վերլուծում ենք այլ տեսանկյունից, տեսնում ենք, որ այդ հարմարվելը, ադապտացվելը ինչքանով որ լավ է, հատկապես սփյուռքի համար` օտար երկրում կայանալու, ինովացիոն միջավայրում հաջողություններ ունենալու առումով, նույնքան էլ վտանգավոր է հասարակական, քաղաքական ակտիվության տեսանկյունից: Պարզաբանեմ միտքս: Ստացվում է, որ մեր այդ կարևորագույն հատկանիշները մեզ կարող են մղել տարբեր անարդարությունների, նաև սոցիալական անարդարությունների հետ համակերպվելուն: Իսկ դա անմիջականորեն կհանգեցնի նիհիլիզմի դրսևորումների, անգամ` մեր գլխին չարիք դառնալու վտանգավորությամբ է լի: Որովհետև` հարմարվել և կայանալ օտար միջավայրում` այլ բան է, հարմարվել անարդարություններին ու անարժանապատիվ ապրելակերպին` բոլորովին այլ:
Մենք պետք է փորձենք արդյունավետ օգտագործել հայերի այդ առանձնահատկությունը, որը ոչ թե գենետիկորեն է փոխանցվել մեզ, այլ ձևավորվել է հարկադրաբար: Պետք է ընդունենք, որ ի վերջո դրա արդյունքում ստեղծվել է հայկական ինքնության միջավայր, որը նաև մեզ օգնում է մրցակցային այդ առավելությունը արդյունավետ օգտագործելու գործում:
Սակայն, որպեսզի այն ինչ-որ ժամանակ մեր դեմ դուրս չգա, մենք պետք է այդ գործիքը կատարելագործենք, թեկուզ` տեսականորեն: Եթե մենք լավ հասկանանք և ճանաչենք մեր ազգին բնորոշ այդ հատկանիշը, կկարողանանք ճիշտ օգտվել նրանից: Պետք է մեզ համար ճակատագրական պահերին այն պարզապես մեզնից դուրս ուղղորդենք, հեռացնենք, վերացնենք հարմարվողականությունը, որպեսզի գերի չդառնանք այն ամենին, ինչ վնասակար է կամ անգամ վտանգավոր մեր երկրի համար:
Հարմարվելու արդյունք է նաև փնթփնթալը, թե` այսպես եղել է, այսպես էլ կգնա, ոչ մի լավ բան չի լինի, այսպես տրվել է, այսպես էլ կշարունակվի, ոչ առաջինն ենք, ոչ վերջինը և բոլորիս ծանոթ նման այլ բաներ: Իրականում այդ մշտնջենական հարցադրումները շատ վտանգավոր են, և չեմ կարծում, թե արդեն կորցրել ենք ժամանակը և այլևս չենք կարող այդ գործիքը շրջել մեզնից դուրս ուղղությամբ: Մանավանդ որ տեսնում ենք, թե ինչպես հասարակության ակտիվ և պատասխանատու կողմը` երիտասարդությունը, աստիճանաբար փոխվում է: Այսօրվա հասարակության մեջ ձևավորվող տարբեր զարգացումները ուրախալի են և հուսադրող, մանավանդ որ երիտասարդները իրենց վրա վերցնում են այդ պատասխանատվությունը:
Մեր սերունդը շատ բան տեսավ, իր վրա շատ մեծ պատասխանատվություն կրեց` սովետական տարիների ակտիվ աշխատանքը, փլուզումից հետո անցումը դեպի բոլորովին նոր իրականություն, աղքատություն, մթություն` մեր սերնդի ուսերին էր այդ ամենը: Երբ արդեն դեպի լավ օրեր ենք ուղղություն վերցնում, երիտասարդները կարծում էին, թե մենք նաև պիտի բանալիները տանք նրանց ձեռքը, ասենք` դե, մեր ակտիվության ժամանակն անցնում է, վերցրեք այս բանալին և ցանկացած դուռ կբացվի ձեր առաջ: Ոչ, դա այդպես չէ, և լավ է, որ երիտասարդների շրջանում մի ակտիվ կորիզ է ձևավորվել, տարբեր հասարակական հնչեղություն ունեցող հարցերում նրանք հանդես են գալիս իրենց պահանջներով: Ուզում եմ շատ հավատալ, որ դա չի ուղղորդվում տարբեր կողմերից: Ինչպես ընդունված է` հայտնվում են թերահավատներ, ովքեր ասում են, թե ամեն ինչ մտածված ու ծրագրված է, որ ոչինչ հենց այնպես չի լինում…Ուզում եմ հավատալ, որ դա այդպես չի, որ երիտասարդների այս ակտիվությունը ինքնաբուխ է, և ովքեր իրենց ապագան ոչ թե դրսում են տեսնում, այլ իրենց երկրում, իսկապես ուզում են պատասխանատվություն վերցնել իրենց վրա:
Մի շատ մոդայիկ արտահայտություն կա, որը վերջին տարիներին շատ է շահագործվում` մեր երազանքների երկիրը կառուցենք: Եթե դա մեր սերնդի մարդիկ են ասում, ապա դա հնացած է, քանի որ մեր ամենամեծ երազանքը՝ անկախ պետության ստեղծումը, կայացած է, իսկ եթե երիտասարդներն են ասում` ուրախալի է, և մենք պետք է նրանց կողքին լինենք և օգնենք: Ինքս շատ եմ շփվում երիտասարդների հետ, և նրանցից շատերի մեջ նույնպես տեսնում եմ ակտիվ վերաբերմունքի առկայություն: Բայց այլ բան է կոնկրետ անհատների մեջ դա տեսնել, այլ բան, երբ հասարակական հնչեղություն ունեցող հարցերի շուրջ նրանց հավաքված ու մեկտեղված ես տեսնում: Շատ առողջ բան եմ տեսնում դրանում: Անշուշտ, եթե վտանգավոր մոլորություններ լինեն, դրանք կանխելու խնդիրը կունենանք, բայց երբ ազնիվ, անկեղծ աչքեր ես տեսնում, ազնիվ մղումներ` հավատով ես լցվում նոր սերնդի ուժի հանդեպ: Հրաշալի է նաև այն, որ այդ երիտասարդներից շատերը կիրթ են, ուսյալ: Թե չէ շատ ենք տագնապում, որ անգամ եթերում, բուհերում խոսակցային լեզուն դարձել է գռեհիկ: Այս միջավայրում նրանք ոչ միայն կիրթ են, զարգացած, իրենց երկրի ցավով ապրող, իրենց երկրի ապագան կերտել փորձող, այլև իսկապես գիտելիքներով զինված և դրանք գործնականում կիրառելու պատրաստ երիտասարդներ են:

Բայց մենք տեսնում ենք նաև այլ երևույթներ, տեսնում ենք արտագաղթի ճամփան բռնած ընտանիքներ: Ցավով եմ ուզում նշել, որ ընտանիքներ, որոնք քսան տարիների ընթացքում օրակարգում չեն ունեցել հեռանալը, որոնք դիմացել են շատ դժվարությունների, անգամ սոցիալապես ապահով և կայուն ընտանիքներ, և մեկ էլ `գնում են:
Եթե մի քանի տարի առաջ գնացողների դրդապատճառները սոցիալական անարդարությունն էր, դատա-իրավական համակարգից դժգոհությունը, ապագայի հանդեպ անորոշությունը, երբ մարդը այդ ամենի մեջ խրված` ելք չէր տեսնում և իր երեխաների ապագան փորձում էր կայացնել դրսում: Այդ փուլն անցանք, հիմա եկել է մի պահ, որ երբ մարդուն հարցնում ես, թե ինչու է գնում, հասկանում ես, որ մարդը գնում է կյանքի որակի անկումից դրդված: Իսկ կյանքի որակը հնարովի կատեգորիա չէ, մանավանդ այսօր դա շատ կարևոր չափանիշ է: Ես կարող եմ բազում օրինակներ բերել, երբ դու ունես բոլոր հնարավորությունները, և ֆինանսական, և այլ լծակներ, որպեսզի քո բիզնեսը բավական հաջող իրականացնես, բայց, օրինակ, քեզ անհրաժեշտ կամ ուզած ժամանակ չկարողանաս Երևանից մեկնել որևէ երկիր: Որովհետև քո ազգային փոխադրողը կարող է առանց մեկնաբանությունների հանել իր չվերթները, օդանավակայանում քեզ ասեն, որ գնածդ տոմսը չի կորչում ու դու կարող ես, ասենք, մեկ շաբաթ հետո գնաս այդ երկիր: Մեր ժամանակներում դա պարզապես աբսուրդ է և շատ անհասկանալի հատկապես օտարերկրացիների համար, ովքեր երկրից երկիր թռչելով են կազմակերպում իրենց աշխատանքը` անգամ մեկ օրվա համար պլանավորելով լինել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող երկրների իրենց գրասենյակներում: Նույնիսկ ամենահետամնաց երկրներում մարդը եթե փող ունի` գնում է տոմս և մեկնում աշխարհի ցանկացած երկիր: Իսկ մեզ մոտ սովորական է դարձել, որ գնում ես օդանավակայան և նոր միայն տեղեկանում, որ քո չվերթը հետաձգվել է մեկ շաբաթով: Կամ, գնում ես հիվանդանոց, և պարզվում է, որ տարրական ախտորոշումը սխալ են անում, քեզ բուժում են ինչ-որ հիվանդությունից, որը դու չունես: Կամ, մարդը բավական կայուն աշխատում է, կայուն աշխատավարձ է ստանում, բայց վախենում է աշխատանքը կորցնել, որովհետև եթե նա թոշակային տարիքի է, լավ գիտի, որ թոշակով չի կարող ապրել, որովհետև մի քանի անգամ իր կենսամակարդակը կընկնի:
Ղարաբաղի, ցեղասպանության ճանաչման, սոցիալական անարդարության խնդիրներ չեն սրանք, այլ կյանքի որակի: Այս օրինակների ցանկը կարելի է շարունակել: Եվ եթե մենք այսօր ունենք այժմեական լուծում չստացող խնդիրներ, օրինակ, Ղարաբաղի խնդիրը, որը լուծելու դեղատոմսը դժվար է առայժմ գտնել, ապա կառավարության հիմնական խնդիրը կյանքի որակը բարելավելու խնդիրն է, այն, ինչ մեր ձեռքին է:
Շատ դեպքերում մարդ չի կարող իմանալ, թե ինչ խնդիրներ կան հասարակության տարբեր ոլորտներում, եթե ինքն անձամբ չի առնչվել դրանց հետ: Երեկ զրուցում էի ընկերներիցս մեկի հետ, ով ատամնաբուժական կլինիկա է բացում: Սեփական տուն է գնել, բայց արդեն համարյա մեկ տարի է չի կարողանում կլինիկան բացել, որովհետև բազմաթիվ թղթեր են պահանջում, լիցենզիաներ, թույլտվություններ, որոնցից յուրաքանչյուրն էլ համապատասխան վեաբերմունք են ենթադրում: Եթե ուրիշ մեկը պատմեր, գուցե չհավատայի: Ինքը վրդովված պատմում էր, ասում էր բաներ, որոնց գոյության մասին անգամ ենթադրել չէի կարող: Հիասթափությունները նման բաներից են առաջանում: Կոռուպցիան մեզ ուտում է: Խոսում ենք բազմաթիվ հակակոռուպցիոն ծրագրերից, բայց ոչ մի էական արդյունք չկա:
Ես այսպես կասեի` կոռուպցիան պիտի արմատախիլ արվի, չի կարելի փոքր-փոքր ծրագրերով առաջ գնալ: Կամ մենք ազգովի մեր առաջ խնդիր ենք դնում կոռուպցիան արմատախիլ անել, նաև այն մարդիկ, ովքեր այդ համակարգի մեջ են, կամ` սրա վերջը տալն անհնար ենք համարում ու վերջ դնում լավ երկիր կառուցելու հավակնություններին և ջանքերին: Պետք է համընդհանուր համաներում հայտարարել, որոշել, որ ամեն ինչ սկսում ենք սպիտակ թղթից: Նրանք, ովքեր համաձայն չեն կաշառակերությունից ազատագրված երկրում ապրել, պետք է հայտարարել, որ, ի ցավ իրենց, այդպիսիք տեղ չունեն մեր երկրում: Որովհետև Հայաստան երկրից պետք է արտագաղթեն ոչ թե նորմալ, տաղանդաշատ մարդիկ, այլ նրանք, ովքեր առանց կոռուպցիայի ապրել չեն կարողանում: Պետք է ինքնամաքրվենք: Այլ ճանապարհ չեմ տեսնում: Վիճակն իսկապես տագնապալի է:
Թող գնան նաև նրանք, ովքեր կրիմինալով են ուզում այստեղ զբաղվել, թող գնան, հեռանան մեր երկրից, թող այս երկիրը ազատեն իրենցից: Օրինակ, Վրաստանի նախագահը անցյալ տարի բիզնես ֆորումի ժամանակ ասաց, որ երբ ինքը իշխանության եկավ, օդանավակայանից մինչև քաղաք ճանապարհին ցուցանակներ էին եղել կախված, որոնց վրա առևանգված մարդկանց անուններ էին փակցված, որոնց դիմաց փրկագին էին պահանջում: Պատկերացնո՞ւմ եք ինչ երկիր է նա ստացել: Փառք աստծո, մենք այնքան իմաստություն ենք ունեցել և այնպիսի բարոյական նկարագիր, որ այդպիսի բաների մեջ չենք ընկել: Չնայած որ, այսօրվա որոշ հայկական սերիալները նայելիս քեզ թվում է, թե դու Չեչնիայում ես ապրում կամ Դաղստանում: Անընդհատ մարդիկ են գողանում, սպանում: Երբ հարցնում ես, թե ինչու են նման սյուժեներ գրում, ասում են` որպեսզի դինամիկա լինի, ինտրիգ լինի, որ մարդիկ նայեն, գովազդատուներն էլ գովազդ տան: Չեն մտածում, որ վատ օրինակներով վնաս են հասցնում ընդհանուր միջավայրին, երկրի նկարագրին: Վատ օրինակները կյանքի օրինաչափություն են ներկայացնում, ինչը այնքան էլ այդպես չէ, բայց հետևանքները վտանգավոր կործանարար են, որովհետև մարդկանց հիասթափեցնում են իրենց երկրից: Մանավանդ որ դրանք նաև սփյուռքում են դիտում` վտանգավոր ազդեցության ուժը կրկնապատկվում է: Մեզ նման փոքր երկրում թեկուզև հորինածին սյուժեները ընկալվում են որպես գոյություն ունեցող իրականության վավերագրական արտացոլում:
Մինչդեռ մենք կարող ենք շատ գողտրիկ, գեղեցիկ երկիր ունենալ և մեր տանը, մեր հայրենիքում երեխաների ապագայի երաշխավորը լինել:
Ես ճանապարհ ունեմ առաջարկելու:
Պատերազմ է պետք հայտարարել կոռուպցիային, մանավանդ, որ մեր թշնամիներին մենք շատ լավ ճանաչում ենք:
Կարծում եմ, որ պետք է` հայտարարել հետևյալը` եթե դու քո իսկ ձեռքով աղտոտում ես քո երկրի միջավայրը, ապա նրան պետք չես: Եվ երկրից պարզապես նման մարդկանց հեռացնելու մեխանիզմներ են պետք:
Եթե արտագաղթում են, թող այդ տիպի մարդիկ հեռանան այստեղից: Ավելի լավ է կես միլիոն ազնիվ մարդիկ մնան այստեղ, ովքեր կարճ ժամանակ անց կբազմապատկվեն, որովհետև երկրից հեռացած շատերը երբ տեսնեն, որ մոլախոտը հնձվել է, աղբը հավաքվել է, հաստատ հետ կգան:
Գաղտնիք չէ, որ շատերն այդ օրն են փափագում, և մի քանի միլիոն կդառնանք շատ կարճ ժամանակում, և իսկապես այնպիսի երկիր կկառուցենք, որը բացի զարգացումից, ուրիշ ճանապարհ չի ունենա:

Սկզբնաղբյուր՝ Էկոնոմիկա ամսագիր, 1(20) 2012 գարուն

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s