Երկխոսություն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ
Հովիկ Մուսայելյան – Մենք միմյանց շատ երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք, գիտենք մտածողության չափանիշները, պետության, նրա ապագայի, տնտեսության հանդեպ վերաբերմունքը: Բայց, պիտի փորձենք մեզ տեղավորել զրույցի ձևաչափի մեջ և այս խորագրի ընթերցողների հետ կիսվել երկրի համար շատ կարևոր մի շարք հարցերի շուրջ: Խորհրդային տարիներին Հայաստանը բարձր զարգացած, գիտատար տնտեսությամբ երկիր էր, պատահական չէ, որ քսան հազար բարձր որակավորմամբ մասնագետներ ունեինք, ընդհանրապես` բարձր տեխնոլոգիաների ոլորտում իսկապես առաջատարներից էինք միությունում, եթե չեմ սխալվում` մեկ շնչին ընկնող ինժեներների և գիտահետազոտական կենտրոնների քանակի առումով Հայաստանն առաջին տեղում էր: Փլվեց այդ միությունը, ինքներս էլ այդ շրջանի մարդիկ ենք, ամեն ինչ մեր աչքի առաջ տեղի ունեցավ, թեկուզև օբյեկտիվորեն` տնտեսությունն ընկավ անմխիթար վիճակի մեջ, և քսան տարուց ավել է մեր նորանկախ պետությունը փորձում է քայլեր անել և մեր պետության համար աշխարհում ուրույն տեղը գտնել` չնայած որ դրանք գլոբալ բիզնեսի կողմից վաղուց զբաղված են: Եվ, այնուամենայնիվ, այնտեղ պետք է նաև մենք տեղ ունենանք: Ինչպե՞ս: Որո՞նք են մեր անելիքները` գլոբալ բիզնեսում մեր տեղն ամրակայելու առումով:
Տիգրան Դավթյան – Աշխարհում առկա բոլոր կարևոր տեղերը, իսկապես, որ, առաջին հայացքից տեսանելի բոլոր հատվածները, կարելի է ասել` գրավված են գլոբալ բիզնեսի կողմից: Եվ այսօր արտադրությունը չէ կարևոր խնդիրը, այլ նոր շուկաներ գտնելը, որովհետև շատ խիստ մրցակցություն կա բոլոր երկրներում, անգամ խոշոր բիզնեսի երկրներում, անգամ շատ լուրջ ընկերությունների համար, նրանք նույնպես խնդիրներ են ունենում փակման, սնանկացման, և չենք զարմանում, որ դրանց թվում լսում ենք նաև հանրահայտ անուններ: Այս տեսանկյունից դիտարկելով` կարծես թե ուշացել ենք, բայց մյուս կողմից էլ` գլոբալ տնտեսությունն այնքան մեծ է, համաշխարհային շուկան այնքան ընդգրկուն է, որ Հայաստանի նման համեմատաբար փոքր երկրի համար հնարավոր է գտնել փոքր հատվածներ, որտեղ կարող ես հանդես գալ ու ներկայացնել քո արտադրանքն ու համեմատական առավելությունները: Իսկ որ այդպիսի առավելություններ մենք ունենք, կարծում եմ, բոլորիս համար էլ ակնհայտ է: Հենց դրանցից մեկն էլ, ինչպես դուք ասացիք,այն է, որ Հայաստանը միշտ էլ աչքի է ընկել մտավոր հնարավորություններով, և դա հազարամյակներից եկող մեր կարգավիճակն է, և` աշխարհի կողմից մեզ ընկալելու առանձնահատկություններից կարևորը: Բայց, մյուս կողմից, լուրջ խնդիրներ ունենք մրցունակ արտադրանքի առումով, պետք է ավելի արդյունավետ աշխատենք, մրցունակ արտադրանք ունենանք և կոնցենտրացված մտքի աշխատանքով ջանքեր ներդնենք դրա համար: Ինչ որ իմաստով` դա նաև մեզ պարտադրված է: Մեզ պարտադրված է լինել ավելի ճկուն, ավելի ունակ, ավելի ստեղծարար, և հազարամյակների մշտական այդ իրավիճակը ստիպել է մեր մեջ հասարակության, ժողովրդի որոշակի հատկանիշ ձևավորել, ինչն այսօր մեզ շատ է պետք գալիս: Փաստորեն` ներուժը կա, մնում է այն տեղավորել ռեալ իրականության մեջ, ինչը միշտ չի, որ հեշտ խնդիր է: Խորհրդային տարիներին կարողացանք համակարգի հնարավորությունները հոգուտ երկրի օգտագործելով`զարգացնել տնտեսությունը: Դրանք մեծ երկրի ռեսուրսներն էին, փակ և ընդարձակ` հաճախ` պլանային կարգով հրահանգավորված շուկայի հանգամանքը, ներքին ռեսուրսները, ներքին մրցակցությունը, ինչը հետագայում, ցավոք, պարզ դարձրեց, որ նաև բացասական կողմեր ուներ, որովհետև սահմանները բացվելուց հետո պարզվեց, որ փակ համակարգում ստեղծվածը և տեղական շուկային պարտադրվածը մրցունակ չէր միջազգային շուկայում: Բայց, փորձը, մտածելակերպը պահպանվեց, ինչը թեպետ պետք է սկզբունքորեն փոխվի, այնուամենայնիվ, ձեռքբերում է: Օրինակ,Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի օրինակը, առաջին համակարգիչները այնտեղ են ստեղծվել, բայց դա խորհրդային համակարգինն էր: Ցավոք, շատ քիչ բան կարողացանք տեղափոխել նոր համակարգ, համարյա թե` ոչինչ, բացառությամբ մարդկային կապիտալը: Ոչ մի տեխնոլոգիա օգտագործելու ենթակա չէր, միակ կարևոր ուժը մարդկային կապիտալն է, որն էլ այդ ծանր տարիներին գոյատևելու խնդիր ուներ, ինչի պատճառով հեռացավ երկրից, բայց 2000 թվականից արդեն կարողացանք ուշադրություն դարձնել ներուժին և վերհիշվեց հաջողության պատմությունը: Վերհիշվեց, բայց արդեն այլ ժամանակների թելադրանքով` ամեն ինչ պետք էր նորովի անել: Սկզբունքորեն` բոլորովին այլ մոտեցումներ էին պահանջվում: Անշուշտ, ավանդույթներ ունենք ոչ միայն ՏՏ ոլորտում, բայց բոլոր դեպքերում գերխնդիր էր մոտեցումները փոխելը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ պետք էր ամեն ինչ սկսել զրոյից: Բայց ցանկությունը, տրամադրվածությունը, կադրային պոտենցիալը առկա է, այդ համոզվածությունը կա, մենք դա նույնպես որպես կապիտալ ժառանգել ենք` այն, որ մենք մեզ համարում ենք արդյունաբերության երկիր, բարձր տեխնոլոգիաների երկիր: Այդ համոզվածությունը շատ կարևոր է: Մենք անպայման կարող ենք արտադրող և արտահանող երկիր լինել, մենք ունենք այդ ներուժը: Չնայած 90-ականներին շատ դեպքերում Հայաստանի տնտեսական ապագայի վերաբերյալ այլ կարծիքներ էին գերիշխում` ծառայություններին, տուրիզմին էին տրվում նախապատվությունը և շատերի կողմից բարձր տեխնոլոգիաների ոլորտը արդեն մեզնից հեռու էր դիտարկվում: Առաջին հայացքից թվում էր, թե դա ճիշտ է` փոքր երկիր, ներքին և տարածաշրջանային շուկա չունեցող, բեռնափոխադրումների ծայրաստիճան բարդություններով: Բայց հայերի հավակնությունները միշտ անակնկալ են մատուցել, ինչը տեղի ունեցավ նաև այս դեպքում: Մեր ամբիցիաները միշտ ավելի բարձր են, քան տվյալ ժամանակվա հնարավորություններն են ենթադրում: Եվ հենց այդ հավակնություններն էին, որ 2000-ին թույլ տվեցին Հայաստանում ՏՏ ոլորտը գերակա հայտարարել և քայլ առ քայլ վերականգնել նախկին համբավն ու հաջողությունները: Տասը տարվա ընթացքում լուրջ առաջընթաց ունեցանք:
Հ.Մ. – Մինչև ՏՏ ոլորտին անցնելը, եկեք մի քիչ այլ ուղղությամբ տանենք մեր զրույցը: Դուք այն պաշտոնյաներիցեք, որոնք տնտեսական զարգացման մեջ կարևորում են դիվերսիֆիկացիան: Դա հասկանալի է, ընկալելի է, և մեր տնտեսության մեջ այսօր քիչ չի օտարերկրյա կապիտալի վրա հիմնված հատվածը, և, բնական է, որ ձեր գործունեության մեջ օտարերկրյա ներդրումների խրախուսումը և նպաստավոր պայմանների ստեղծումը պիտի որ առաջնային լինի: Այս առումով կարևոր է ռիսկային գործոնը: Ես ինքս որպես մասնաճյուղի ղեկավար` անպայման զբաղվում եմ ռիսկերի գնահատմամբ և ընկերության ղեկավարներին տեղյակ եմ պահում, թե ռիսկերը Հայաստանում ինչ դինամիկա ունեն, դեպի որ կողմն են գնում: Բնական է, դրանց թվում են` աշխարհագրական գործոնը, հարևանների հետ հարաբերությունները, ներքաղաքական կայունությունը, հարկային, մաքսային վարչարարությունը, տնտեսական գոտիների ստեղծումը: Օտարերկրյա ներդրումները երկու մասի կարելի է բաժանել` հայկական սփյուռքի ներդրումը և նրանք, որում հայկականության գործոն չկա, այլ զուտ բիզնես գործոնն է իշխում` եկամուտ ստանալու պայմանով: Երբ սփյուռքի գործոնը չի լինում, ավելի հասկանալի և իրատեսական ես գնահատում իրավիճակը: Օտարները առաջինը նշում են հայերի խելացի լինելը, վերջին ժամանակները որպես դրա կոնկրետ ապացույց` շախմատի մեր հավաքականի աշխարհի չեմպիոն դառնալու փաստն են նաև հավելում: Վերջին տարիներին նշվում է պետական մարմինների հետ արդյունավետ աշխատելը, առիթը եկել է, հավաստեմ, որ, օրինակ, նաև դուք հասանելի եք, բյուրոկրատիա չկա, երբ խնդիրներ են լինում` բաց եք քննարկումների և լուծում պահանջող քայլեր անելու առումով: Ակնհայտ է, որ առաջ ենք գնացել: Բայց մեկ էլ հանկարծ հայտնվում է ինչ-որ մի վարկանիշային վերլուծություն, որտեղ բոլորովին չի արտացոլվում այս առաջընթացը: Եվ մենք ստիպված ենք լինում հերքել, բացատրություններ տալ, որ դրանք հին տվյալներ են և այլն: Կարծես թե մի ակնթարթում մեր աշխատանքի արդյունքները վարկաբեկվում, հօդս են ցնդում: Օրինակ, Ֆորբսը մի քանի ամիս առաջ հրապարակած վերլուծության մեջ Հայաստանի տնտեսությունը համեմատեց ամենահետամնաց Մադագասկարի հետ և դրեց վերջինից երկրորդ տեղում: Ստիպված եմ եղել ձեր տեղակալից խնդրել վերջին տվյալները և ուղարկել մեր գործընկերներին: Որևէ բացասական ուղերձ հրապարակվելիս` անմիջապես ուղարկում են ինձ, անհանգստություն է առաջանում, նշանակում է` մյուսները նույնպես դրանք ստանում են: Անհեթեթ մեթոդաբանությունների կիրառմամբ եզրակացություններ են արվում, որոնք կարող են մտահոգիչ տպավորություն ստեղծել մեր երկրի մասին: Չեմ ուզում մտածել, թե միտումնավոր ուղղորդված եզրակացություններ են հրամցվում շահագրգիռ ընկերություններին, բայց դա նույնպես բացառել չի կարելի: Գուցե պետք է ավելի զգոն ու պահանջկոտ լինե՞լ ճիշտ տվյալները հասանելի դարձնելու առումով: Ինչո՞ւ պետք է միջազգային հանրությանը մատուցվի հնացած տվյալների հիման վրա պատրաստված վերլուծություն, այն էլ` ինֆորմացիայի հասանելիության ներկա պայմաններում:
Տ.Դ. – Մենք ուշադիր ենք Հայաստանին տրվող տարբեր գնահատականներին, իմիջիայլոց, ամենաուշադիր երկրներից մեկն ենք, ինչը հատուկ է փոքր երկրներին, որոնք նոր են մտնում միջազգային շուկա: Խոշոր երկրները զգայուն չեն այդ կարգի գնահատականների հանդեպ: Բնականաբար, աշխատում ենք այդ ուղղությամբ, երկիրը նոր է, և, ցավոք սրտի, աշխարհը նոր է տեղեկացվում Հայաստանի մասին մանրամասներին: Աշխարհում հատկապես վերջին շրջանում շատացել են վարկանիշներ ձևավորող ընկերությունները, բայց ուշադրության արժանիները քիչ են: Ոչ պրոֆեսիոնալ, մոդայիկ ոլորտ է դարձել` վերցնել տվյալները, համադրել, եզրակացություններ անել և իրենց սեփական վարկանիշը դրանով բարձրացնելու փորձ անել: Անկախ վարկանիշային մի քանի կազմակերպություն կա, որոնց մենք ուշադրություն ենք դարձնում, դրանք երեքն են`Ստանդարտ էնդ Փուրս, Մուդիս, Ֆիթչ: Սրանց վերլուծությունները նույնիսկ խոշոր երկրների համար են կարևորվում, դրանք կարող են անգամ ազդել տնտեսական գործընթացների վրա, Թրիփլ էյի եզրակացությունները նույնիսկ քաղաքական որոշումների վրա կարող են ազդեցություն ունենալ: Երեքից երկուսի հետ աշխատում ենք` Հայաստանը ռեյտինգավորվում է Մուդիսում և Ֆիթչում: Մենք կարող էինք մեկի հետ աշխատել, սակայն մեզ համար հետաքրքիր է համեմատությունը տեսնելը: Մակրոտնտեսական իրավիճակը, ֆինանսական վիճակն է երևում, ողջամիտ ընկերություները հենց սրանց էլ ուշադրություն են դարձնում: Իսկ գործարար և ներդրումային դաշտը բարելավելու ուղղությամբ կատարած աշխատանքներն արտացոլվում են Համաշխարհային բանկի ՙԴուինգ բիզնես՚ վարկանիշային աղյուսակում, որտեղ Հայաստանը, բարելավելով իր դիրքն անցած տարվա ցուցանիշների համեմատ` 55-րդից բարձրացել է 32-րդ տեղը և գտնվում է Նիդեռլանդների (31-րդ տեղ) և Բելգիայի ( 33-րդ տեղ) մեջտեղում: Դա նշանակում է ներդրումային բիզնեսի տեսակետից իսկապես լավ պայմաններ են ստեղծվել:
Որոշ վարկանիշային գործակալություններում կա մեթոդաբանության խնդիր, օրինակ, ՏՏ ոլորտի վերաբերյալ վերցրել էին հնացած տվյալներ` այն, ինչ հայթայթել էին ինտերնետից: Ճշգրտելուց հետո, կարծում եմ, էականորեն կբարելավենք տեղերը: Մի խոսքով, հարյուրավոր ընկերություններ, մարդիկ հոբբի են դարձրել գնահատականներ են տալիս: Դա լուրջ չեմ համարում:
Հայաստանում ներդրումներ իրականացնող գործարարի համար հիմնական դժվարությունը փոքր շուկային է առնչվում: Առաջին հայացքից` Հայաստանը գրավիչ չէ հենց այդ պատճառով: Դա ամենալուրջ խնդիրն է մեզ համար: Դա մեր տնտեսական զարգացման ամենամեծ խոչընդոտն է` լուրջ ներդրողի համար լուրջ չի դիտվում մեր երկիրը: Մեծ երկրներում ներքին շուկան բավարար է դառնում իրենց իսկ արտադրանքը վաճառելու համար: Չինաստանը, Եվրամիության երկրները որպես միասնական շուկա` նման խնդիր չունեն: Ջեներալ մոթորս ընկերությունը հսկայական ներքին շուկա ունի, ինչը բավարար է դառնում զարգացման համար, արտահանման խնդիրը առաջին պլանում չէ: Միայն ներքին շուկայի համար աշխատելով` դառնում ես աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը: Մի քանի կարգով ավելի բարդանում է, երբ դու դրսում պիտի որոնես շուկա: Երջանիկ են այն երկրները, որոնք մեծ շուկա ունեն, քանի որ տեղում արտադրություն ձևավորելու համար դա լուրջ խնդիր է: Նույնիսկ առևտրային հայտնի բրենդները դժվարությամբ են Հայաստան մտնում, ներքին պահանջարկն ու բնակչության գնողունակությունը սահմանափակ են:
Շուկան բնակչության թիվն է` բազմապատկած գնողունակության վրա: Մենք դա փորձում ենք հավասարակշռել արտահանման ուղղվածության արտադրություններին քաջալերելով: Եթե ասում ենք` եկ այստեղ արտադրի, արտահանի այլ երկրներ, ասում է` այնտեղ կարտադրեմ, և այնտեղ էլ կվաճառեմ:Հետևաբար, պետք է արտադրողի համար ձեռնտու լինի այստեղ արտադրելը, պայմանները մի քանի անգամ պիտի ավելի գրավիչ և շահեկան լինեն, քան արտահանվող երկրում են: Փորձում ենք անել լրացուցիչ գործողություններ, որոնք գրավիչ կդարձնեն մեր երկիրը: Ազատ գոտիների ստեղծումը, տարատեսակ աջակցությունները…-մի քիչ ավելի լավն անգամ բավարար չի լինում: Արտադրել ավտոմեքենա արտահանել Ռուսաստան` անիմաստ է: Կամ` համակարգիչների հավաքում, կենցաղային տեխնիկայի արտադրություն, այդպիսիք տասնյակներով կան մեծ շուկայով երկրներում: Նույնիսկ եթե կազմակերպվեն` կարճ ժամանակում կբավարարեն ներքին շուկայի պահանջարկը և կփակվեն: Չունենք նաև տարածաշրջանային շուկա, ինչն ունեն Լյուքսեմբուրգը, Հոլանդիան, Շվեյցարիան, արտադրում են և իրացնում են կողքի երկրներում` ընդարձակելով կոնկրետ իրենց երկրում առկա սեփական հնարավորությունները: Հարևան Վրաստանը շատ-շատ ևս երկու միլիոն ավելացնելու ներուժով էական դեր չի խաղում: Իրանը փակ ու բարդ ռեժիմով երկիր է, դժվար է: Երրորդ խոչընդոտը բեռնափոխադրմանն է վերաբերում, այն բավական թանկ է նստում այսօր առկա պայմաններում: Մնացած չափանիշներով մենք շատ ավելի առաջ ենք: Սկսենք քաղաքական կայունությունից, ինչը շատ կարևոր է ներդրողի համար: Համեմատելով տարածաշրջանային բոլոր երկրների հետ` մեզ մոտ կայուն է և քաղաքական, և տնտեսական դաշտը: Մենք ունենք կայուն տնտեսական քաղաքականություն, որը կախված չէ անձերից: Կառավարությունները, նախարարները փոխվեցին, բայց քսան տարիների ընթացքում հիմնական տնտեսական քաղաքականությունը չփոխվեց, միջազգային կառույցներին ենք անդամակցել, նույն առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ լինելով` մենք չենք կարող շեղվել մեր ընտրած կուրսից, մենք համակարգի մեջ ենք, սկզբունքները և մոտեցումները կայուն նույնն են: Բիզնես մթնոլորտի տեսակետից մենք առաջինն ենք ԱՊՀ-ում: Մակրոտնտեսական կայունությունը երրորդ կարևոր առավելությունն է, դա առողջության նման բան է` երբ կա, ոչ մեկը չի նկատում այն, նույնը տնտեսության առողջության դեպքում է: Այսպիսով` երեք մեծ առավելություն, երեք թերություն: Ձեռնարկությունների քանակում երկու երրորդում սփյուռքի մասնակցությամբ է, Հայաստանում աշխատող խոշոր ընկերություններ կան, որոնցում սփյուռքը չի մասնակցում, իսկ ծավալներում` մասնակցությունը մեկ երրորդն է կազմում: Սփյուռքը այս առումով մի առավելություն է, որը պատմությունն է մեզ տվել: Պետք է այնպես անել, որ առավելությունները ավելանան, օրինակ` բնակչության քանակը, գնողունակությունը, բեռնափոխադրման խնդիրները բարելավելուն ուղղված ջանքեր պիտի արվեն: Բայց դրանք մեկ-երկու տարում լուծելիք խնդիրներ չեն: Հնարավոր է, օրինակ, երկաթուղու բացումը դեպի հյուսիս: Պիտի փորձենք բարելավումներ իրականացնել այնտեղ, որտեղ անելիքները մեզնից են կախված, ցուցանիշները կարող ենք գոնե այդտեղ ավելի առաջ տանել:
Այո, մենք պիտի բազմաճյուղ տնտեսություն ունենանք, բոլոր ոլորտներն էլ հավասար կարևոր են` մետալուրգիա, թեթև արդյունաբերություն, ՏՏ ոլորտ, սկզբունքային մոտեցման և սպասումների տեսանկյունից տուրիզմն էլ, ծանր ու թեթև արդյունաբերությունն էլ,բոլորը կարևոր են, համախառն ներքին արդյունքը որտեղ է ստեղծվում` կարևոր չէ, կարևորն այն է, որ դա աշխատատեղ է, հարկային մուտքեր են, սոցիալական խնդիրների լուծումներ են: Շինարարության վրա էինք կենտրոնացել, ճգնաժամի ժամանակ հենց այդ պատճառով էլ տուժեցինք: Այժմ բոլոր ոլորտները քսան-քսան տոկոսով են ներկայացված` տրամաբանված ու հավասարակշռված:Արդյունաբերություն, գյուղատնտեսություն,շինարարություն, ծառայություններ` եթե որևէ ոլորտում ինչ-որ բան պատահի, մյուսի հաշվին կարող ես պահպանել կայունությունը:
Հ.Մ. – Երբ էկոնոմիկայի նախարարն ասում է, որն ինքը կողմ է դիվերսիֆիկացված տնտեսությանը, ես հասկանում եմ, բայց ՏՏ ոլորտի ներկայացուցիչները սովոր են իրենց ոլորտի գերակա լինելուն, որ այն բոլոր ճյուղերի համար կարևոր նշանակություն ունի, բայց երբ գիտես, որ իսկապես, սա այն ոլորտն է, որը դինամիկ զարգանում է ու տարեցտարի հիանալի ցուցանիշներ է գրանցում, բազմաթիվ նոր աշխատատեղեր են ավելանում, բրենդային ընկերություններ են մուտք գործում մեր երկիր, որ այն ՀՆԱ-ում հինգ տոկոս մասնաբաժին ունի, 15-20 տոկոս տարեկան աճ է գրանցվում, հարկային մուտքերն անընդհատ ավելանում են, որ այսօր երկու հազար աշխատատեղ կա ու մասնագետ չկա, որ ցանկանում ենք բրենդային ընկերություններ բերել, փորձում ենք երկիրը ներկայացնել որպես բիզնես միջավայրի համար բարենպաստ միջավայր, տարբեր բարձրակարգ կոնֆերանսներ ենք կազմակերպում, այս ամենի հետ թերևս ոլորտն իրավունք ունի ավելին ակնկալելու: Վարչապետն ասաց, որ երկիրը կարող է մրցակցային լինել, եթե ծառայություններ մատուցելու մեջ նույնպես առաջատար լինի: Շատերը քննադատեցին, բայց ՏՏ-ի առումով իսկապես դա այդպես է: Հայաստանը շուկա չի այն ընկերությունների համար, որոնք այսօր այստեղ են,բայց այսօր նրանք ծրագրեր ունեն և ցանկանում են ներկայանալ նաև ծառայությունների տեղական ոլորտում: Բայց կա մի խնդիր, որը շուտով շատ լուրջ դժվարություններ է մեզ համար ստեղծելու: Խոսքը աշխատավարձերին է վերաբերում: Գաղտնիք չէ, որ օտարերկրյա ընկերությունների համար ցածր աշխատավարձերը կարևոր նշանակություն ունեն, նրանք որևէ երկիր մուտ գործելով` նաև դա են նկատի ունենում, որպեսզի ինքնարժեքը նվազագույնի վրա պահել կարողանան: Բայց այսօր Հայաստանում տարբեր ոլորտներում ՏՏ մասնագետը տարբեր աշխատավարձեր է ստանում, ինչը վատ հետևանքների կարող է մեզ բերել: Որոշ ոլորտների աշխատավարձերի մասին լսելիս չես կարողանում ուրախանալ: Մենք կադրեր ենք պատրաստում, բավական ներդրումներ ենք ուղղում կրթության ոլորտին, օտարերկրյա ներդրողին չվանելու համար ստիպված մեզ մոտ աշխատավարձերը զսպված ենք պահում, մինչդեռ զուգահեռ ոլորտներում մեր կադրերին տանում և գայթակղում են իրենց մոտ տարօրինակորեն բարձր սահմանված աշխատավարձով: Աշխատավարձերի անառողջ մրցավազքը լրջագույն պրոբլեմ է դարձել հայաստանյան իրականության համար:
Տ.Դ. – Համաձայն եմ, պետությունը մասնակցություն պիտի ունենա ոլորտի զարգացմանը: Դրա ապացույցն էլ հենց այն է, որ պետությունը երկու գերակա ճյուղ ունի հայտարարած` ՏՏ և տուրիզմը: Պետությունը դրան մասնակցում է տարբեր ձևերով` բիզնես դաշտը կարգավորելով, դրամաշնորհների ներգրավմամբ, տարբեր խորհուրդների աշխատանքներին անմիջական մասնակցությամբ, միջազգային ռեսուրսների ներգրավմամբ, օրինակ, Համաշխարհային բանկի միջոցով: ՏՏ ոլորտի խորհուրդը միակն է, որ վարչապետն է ղեկավարում, և որոշում ընդունելու առումով` այն իսկապես արդյունավետ է աշխատում, մնացած խորհուրդ ները ղեկավարում են նախարարները: Պետական բյուջեում նախատեսվում են հատկացումներ, ճիշտ է, գումարները մեծ չեն, բայց կան: Այժմ նաև արդյունաբերությունն է հայտարարվել գերակա, և այդ երեք ուղղությունների համար է անմիջական բյուջետային մասնակցություն նախատեսվում: Պետական բարձր մակարդակով մասնակցությունը ամենատարբեր միջոցառումներին նույնպես ռեսուրս է` մրցանակաբաշխություններ, հրավերներ տարբեր պետություններից: Ցանկալի կլիներ, որ հնարավորությունները ներեին, և պետական մասնակցությունն ավելին լիներ: Ամբողջ արդյունաբերությունը առանձին է, իսկ ՏՏ-ն` առանձին, չնայած որ այն նույնպես արդյունաբերության ճյուղ է: Կարելի է նաև ծառայություն ընկալել, բայց ես այն արդյունաբերության ճյուղ եմ համարում: Աշխատավարձերի առումով` այո, լրջագույն խնդիր ունենք: Եթե ապրանքային և ծառայությունների շուկայում արդեն որոշակի հավասարակշռություն կա, ապա նույնը չի կարելի ասել աշխատանքի շուկայի մասին, իրավիճակը համարյա թե աբսուրդի է հասնում և մասնավորում, և պետականում : Սա մեծ պրոբլեմ է: Ունենք աշխատատեղեր` մասնագետ չկա, ունենք մասնագետ` աշխատատեղ չկա: Աշխատավարձի առումով` անհեթեթության աստիճանի տարբերություններ կան, քիչ չեն օրինակները, երբ ղեկավարը ենթակայից մի քանի անգամ քիչ է վարձատրվում:
Պետական համակարգում աշխատող պաշտոնյան չորս անգամ ավելի ցածր է վարձատրվում, քան, օրինակ, նրա իսկ ենթակայությամբ գործող որևէ միջազգային ծրագրի ղեկավար: Էլ չեմ ասում այն մասին, որ այդ ԾԻԳ-ի ղեկավարի աշխատավարձը մի քանի անգամ բարձր է անգամ հանրապետության ղեկավարների աշխատավարձից: Այս խնդիրը շատ սուր է դրված նաև գլոբալ շուկայի առումով, առաջանում է աշխատատեղերի և առաջարկի անհավասարակշռություն, վճարման աղբյուրների տարբեր լինելը տարբեր է դարձնում նաև նույն որակավորման մասնագետների աշխատավարձը: Մյուս կողմից, երբ մենք որևէ ոլորտում նոր բան ենք ստեղծում, ցանկանում ենք միանգամից նորմալ վիճակ ապահովել, այս դեպքում էլ այնպես է ստացվում, որ նորերը ավելի բարձր են վարձատրվում, քան հները: Մեծ խնդիրներ են առաջանում պետականից մասնավորին անցնելու դեպքերում, անգամ նույն համակարգի ներսում: Օրինակ, դատավորը մի քանի անգամ ավելի բարձր է վարձատրվում, քան նրա ղեկավար նախարարը: Հուսով եմ, առաջիկայում կկարողանանք հստակություն մտցնել այս հարցում:
Հ.Մ. – Այս հարցի մասին չի բարձրաձայնվում, բայց մեր ոլորտում ես տագնապով եմ մտածում հետևանքների մասին: Եվ, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք ծրագրավորված աշխատել և դեկտեմբերին արդեն հինգերորդ անգամ հավաքվելու ենք Արմթեք համաժողովի, այս անգամ` ԱՄՆ-ում, Սիլիկոնային հովտում, Սթենֆորդի հանրահայտ համալսարանում: Ձեր գնահատականն եմ ցանկանում լսել նաև այս առիթով:
Տ.Դ. – Անշուշտ, այդ համաժողովը կարևոր է նախ և առաջ Հայաստանի ճանաչողության առումով, այդ տարածքում Հայաստանի անունը հնչելը, և այն էլ` բարձր տեխնոլոգիաներում դերակատարություն ունենալու առիթով, էական է: Կարևոր է նաև, որ համաժողովը Հայաստանի վարչապետի մասնակցությամբ է, կարևոր է, որ այն ավանդական է դարձել, որ մենք հնարավորություն կունենանք այցելել աշխարհահռչակ ընկերություններ, գործնական հանդիպումներ ունենալ լուրջ մի քանի ընկերությունների հետ, պայմանագրեր կստորագրենք, ինչպես նաև, հուսով եմ` ներդրումներ կբերենք:
Սկզբնաղբյուր՝ Էկոնոմիկա ամսագիր, 3(22) 2012, ձմեռ