Կուզենայի, որ շատերը գիտակցեին իրական ինֆորմացիայի արժեքը

Capture

– Պրն Մուսայելյան, ըստ Ձեզ` հայաստանյան հետընտրական այս շրջանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում տեխնոլոգիաներն ի՞նչ դեր են կատարում:
– Գաղտնիք չէ, որ տեխնոլոգիաները քաղաքացիական հասարակության ձևավորման առումով ունեն շատ մեծ նշանակություն և վերջին տարիների իրադարձություններն ու աշխարհաքաղաքական իրողությունները նաև դրա վառ ապացույցն են: Ինչպես սոցիալական ցանցերի ակտիվությունը, այնպես էլ բազում այլ օրինակներ կան, սակայն, ես չեմ կարծում, որ հենց տեխնոլոգիաներն ու տեխնոլոգիական զարգացումն է այդ ամենի պատճառը: Տեխնոլոգիաները գործիք են, պարզապես միջոց են, որով հասարակական և սոցիալական տարբեր խմբերը կարողանում են իրար հետ հաղորդակցվել, ինֆորմացիայի փոխանակում կատարել, համախմբվել ինչ-որ առանցքային գաղափարների շուրջ և փորձել ինչ-որ գործունեություն ծավալել: Այդ գործիքները դեռ կզարգանան, սակայն չեմ կարծում, որ այսօր մարդիկ, ովքեր սոցցանցերից ակտիվորեն չեն օգտվում, նրանք դուրս են քաղաքացիական հասարակության ինչ-որ գործընթացներից: Կան մարդիկ, որոնք իրենց գործունեության շնորհիվ կարողանում են որոշակի դերակատարում ունենալ այդ գործընթացներում, մինչդեռ անընդհատ սոցցանցերում և բլոգներում լինելը նրանց համար կարծես թե ժամանակի վատնում է:
– Ընդհանրապես, ըստ Ձեզ, ինչո՞ւ են մարդիկ սոցիալական ցանցից, այսպես ասած` կախվածության մեջ գտնվում, եթե ցանկանում են քաղաքացիական հասարակության մասնիկը լինել:
– Կարծում եմ` դա հիմնականում ինքնադրսևորման միջոց է: Նախկինում գործիքների բացակայության պայմաններում մարդիկ չեն կարողացել ինքնադրսևորվել, դառնալ ակտիվ ինչ-որ խմբավորումների անդամներ, հաղորդակցվել միմյանց հետ, և այլն, հայտնի պատճառներով: Մեր ժամանակներում, կարծում եմ, դա շատ մեծ առաջընթաց է, սոցիալական այդ խմբերն իրականում բավական ակտիվ դերակատարում են ունենում նաև որոշակի կարևոր գործընթացներում` լինի դա քաղաքական, էկոլոգիական, թե մեկ այլ ոլորտի խնդրի լուծմանն ուղղված: Եթե ավելի հակիրճ ասենք, թե տեխնոլոգիաներն ի՞նչ ազդեցություն ունեն, ապա կարծում եմ, որ դրանք որոշիչ կամ շատ զգալի ազդեցություն չունեն, ուղղակի դրանք գործիք են, որի միջոցով մարդիկ կարողանում են ինքնարտահայտվել, ինքնադրսևորվել և մաս կազմել սոցիալական որոշակի խմբերի, որոնք կոնկրետ ինչ-որ գաղափարների համար են պայքարում կամ որոշ խնդիրներ են լուծում իրենց համար: Այդ մարդկանց համախմբում է նաև այդ տեխնոլոգիաներից օգտվելու մշակույթը:
– Ըստ Ձեզ, ընդդիմության, այսպես ասած, կազմակերպման գործում տեխնոլոգիաներն ազդեցություն ունե՞ն:
– Միանշանակ: Հիմնականում տեղեկատվության արագ փոխանակման, նաև արագ արձագանքման հնարավորություններ է այն տալիս: Եթե ժամանակին որոշակի իրադարձության կամ միջոցառման համար երկար ժամանակ թղթեր էր պետք լրացնել, պատերին պաստառներ էր հարկավոր փակցնել, նամակներ ուղարկել և թռուցիկներ բաժանել, ինչն, ի դեպ, բավական երկար ժամանակ էր պահանջում, ապա հիմա կարելի է շատ արագ տարբեր սոցիալական խմբերի իրազեկել, որ նման միջոցառում կա: Ամեն ինչի հիմքում ընկած է ինֆորմացիան: Շատ կուզենայի, որ շատերը գիտակցեին իրական ինֆորմացիայի արժեքը: Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մեր հասարակության մեջ ինֆորմացիան չի արժևորվում: Այսինքն` այն այնպիսի դեր չունի, ինչպիսին պետք է ունենար: Եթե մենք դիտարկենք, որ այդ ինֆորմացիան իսկապես արժևորվում է, այդ դեպքում միակ խնդիրը դառնում է ինֆորմացիան ճիշտ ժամանակին տեղ հասցնելը, և այս առումով, իհարկե, տեխնոլոգիաները որոշիչ դեր ունեն և, բացի այդ, բավականին հեշտացրել են հետադարձ կապը:
– Խոսենք, օրինակ` նարնջագույն հեղափոխությունների մեջ տեխնոլոգիաների դերի, ինչպես նաև մարդկանց մտածելակերպի փոփոխության մասին: Ինչպե՞ս է մարդկանց մտածելակերպը փոխվում տեխնոլոգիաների շնորհիվ:
– Կուզենայի ավելի շատ խոսեինք մարդկային մտքի, մեր ազգային արժեհամակարգի ներմուծման հեղափոխության մասին, այլ ոչ թե այդ նարնջագույն կամ որևէ գույնի հեղափոխության մասին: Դրանք լա՞վ են, թե՞ վատ` կարող են գնահատել միայն այդ երկրներում ապրող մարդիկ, ովքեր արել են այդ հեղափոխությունները, և դեռ հարց է, թե իրականում նրանք ի՞նչ են շահել և ի՞նչ են կորցրել: Ինչ վերաբերում է մտքի ազատությանը, արժեհամակարգի հեղափոխությանը, ապա իրականում այստեղ փոփոխությունների կարիք կա: Շատ կուզենայի, որ համացանցերից օգտվելու մշակույթը մի քիչ փոխվեր, այսինքն` պիտակներ, հաճախ նաև անձնական վիրավորանքներ հասցնելու փոխարեն` ցանցերը ծառայեին սոցիալական խմբերի ձևավորմանը, որոնցից ամեն մեկը մեր երկրում լոկալ կարևորագույն խնդիր կարող է լուծել: Իրականում ինձ համար հասկանալի և ընդունելի չէ, երբ ցանցը վերածվում է անձնական խնդիրները լուծելու հարթակի: Եվ, վերջապես, այդ սոցիալական խմբերը չեն ստեղծվում միայն «հեղափոխություններ» անելու համար: Սոցիալական խմբերը ստեղծվում են երկրի համար կարևորագույն սոցիալական հարցեր լուծելու համար:
– Ըստ Ձեզ` մենք արդեն գտե՞լ ենք սոցիալական ցանցերը ճիշտ օգտագործելու ձևը:
– Սոցիալական ցանցերը նոր երևույթ են, դրանք նոր մշակույթ են ձևավորում: Կարծում եմ, այստեղ նաև ուսումնասիրությունների խնդիր կա: Կարծում եմ, սոցիալական ցանցերը դեռևս չուսումնասիրված, թարմ պրոդուկտ են, և միարժեք պատասանել դրանց դրական կամ բացասական լինելու մասին չի կարելի: Իրականում կարծիքները կարող են սուբյեկտիվ լինել: Իմ պատկերացումներն էլ այս հարցի շուրջ զուտ իմ անձնական սուբյեկտիվ պատկերացումներն են: Չեմ կարծում, որ որևէ մեկը դեղատոմս ունի և կարող է ասել` դրանք դրակա՞ն երևույթներ են, թե՞ բացասական, դրանք պարզապես նոր երևույթներ են: Այսօր մեր երիտասարդներից շատերն ակտիվորեն մասնակցում են այդ ամենին: Իսկ մենք ունենք շատ խելացի և տաղանդավոր երիտասարդություն, ովքեր, եթե կարողանան իրենց պոտենցիալն այդ ցանցերում ճիշտ օգտագործել և նպաստել մեր երկրում որոշ խնդիրների լուծմանը, ապա այդ ամենը կարող է շատ կարևոր լինել նաև մեր պետության համար: Այսինքն` սոցցանցերը կարող են պետությանը նաև շատ-շատ կարևոր գաղափարներ ներկայացնելու հարթակ դառնալ, իսկ պետության խնդիրը կլինի` պարզապես ուսումնասիրել և այդ ամենից քաղել ամենաօգտակարն ու լավագույն մտքերը, որոնք կարող են նպաստել մեր երկրի զարգացմանը: Կարծում եմ, պետությունն իր հերթին` պետք է հաղորդակից լինի այդ ամենին և լսի հասարակական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և ուշադրություն դարձնի, թե ի՞նչ կարծիքներ կան սոցցանցերում, և ի՞նչ է տեղի ունենում այնտեղ:
– Իսկ վերջում, հետաքրքիր է, Դուք սոցցանցերում կա՞ք, թե՞ ոչ:
– Անկեղծ ասած, վերջին տարիների ընթացքում, ըստ էության, եղել եմ բազմաթիվ «կենդանի» (ոչ վիրտուալ) սոցիալական խմբերում, որտեղ համախոհների և գաղափարակիցների հետ բազմաթիվ քննարկումներ են եղել, նոր գաղափարներ են ծնվել, և, ամենակարևորը, որ դրանցից շատերը կյանքի են կոչվել և դարձել իրականություն: Իմ պրոֆեսիոնալ և հանրային գործունեության սահմաններն ինձ հնարավորություն են տվել լինել օգտակար նման կենդանի սոցիալական տիրույթում: Այժմ, ավելի քան երբևէ, պահանջ ունեմ նաև վիրտուալ շփումների, ինչը հնարավորություն կտա ներկայանալ արածներով, գնահատել չարածները, ինչպես նաև բազմակարծության տիրույթում կիսվել մտահոգություններով, «դառը» ճշմարտություններով և ապագա ծրագրերով: Այնպես որ, չի բացառվում, որ մոտ ապագայում կունենամ իմ բլոգը:

Սկզբնաղբյուր՝ 168 ժամ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s