Կպատմե՞ք մի հիշարժան դեպք Ձեր պատանեկությունից:
-Ինչպես պատանեկան, այնպես էլ երիտասարդ տարիքում զբաղվել եմ նմանակումներով: Նմանակում էի հայտնի մարդկանց, դերասանների, պաշտոնատար անձանց:
Հիշում եմ` 1973 թվականն էր. հորաքույրս բնակվում էր Բաքվում: Ամառային արձակուրդներին հանգիստս վայելելու նպատակով մեկնեցի հորաքրոջս մոտ: Բաքվի կենտրոնում բնակչության մեծամասնությունը հայեր էին (այն ժամանակների համար բնական երևույթ էր): Այդ օրերին էր, որ պետք է տեղի ունենար Երեւանի «Արարատ», Տաշքենդի «Պախտակոր» ֆուտբոլային թիմերի հանդիպումը:Բաքվի հայերը համախմբված ու միասնական կերպով հավաքվել և սպասում էին խաղի սկզբին: Դեռ խաղը չեր սկսվել, ու առավել ևս հաղթանակ չէր գրանցվել, բայց բոլոր բակերում արդեն տոնական ու հաղթական տրամադրություն էր տիրում, կարծես բոլորը հավատում էին հայերի փառահեղ հաղթանակին: Նրանք 100-200 հոգով հավաքվել և բակերում ռադիոռեպորտաժներ էին լսում սպասվելիք խաղից: Այդ խաղը «Արարատ» թիմի համար շատ կարևոր էր` առաջատարի դիրքը պահպանելու համար:
Բոլորը գիտեին, որ խաղը սկսվելու է ժամը 19:00-ին:Բաքվում ընկերացած մի տղայի հետ, որոշեցինք խաղ խաղալ երկրպագուների գլխին: Եվ տարածեցինք, որ խաղը սկսվելու է ոչ թե 19:00-ին, այլ 18:00-ին: Բոլորը բակում հավաքվել էին, իսկ ես, վերցնելով ռադիոընդունիչը, սկսեցի ներկայանալ որպես մեկնաբան, ով ուղիղ կապով միացել է Տաշքենդից:Մեզ ոչ ոք չէր տեսնում, քանի որ «ռեպորտաժ»-ը վարում էինք փակ սենյակից: Մոտ մի քսան րոպե հետո, երբ արդեն ըստ իմ հաղորդածի հաշիվը դարձել էր 6-0՝ օգուտ «Արարատի», բոլորը ցնծում էին իմ ամեն մի գոլ գոռալուց հետո, դրանից էլ մեր ադրենալինն էր բարձրանում: Սակայն մեր ուրախությունը երկար չտևեց, քանի որ գտան մեզ` ռադիոընդունիչը իմ ձեռքին: Բոլորը մեծ բարկություն ու հիասթափություն ապրեցին` իմանալով ճշմարտությունը, և ինձ սպառնացին, որ եթե «Արարատ»-ը իրականում չհաղթի, ապա ինձ «Լինչի դատաստանի » կենթարկեն: Սրտի թրթիռով սպասում էի, թե երբ է սկսվելու խաղը, իսկ խաղի սկսվելուց հետո սպասում էի խաղի ավարտին: Ի տխրություն ինձ` րոպեներն անցնում էին, իսկ մենք պարտվում էինք 1:0 հաշվով: Բայց մեր տղաները, ինձ ևս մեկ անգամ հուսախաբ չանելով, վերջին րոպեներին խփելով 2 գոլ՝ գրանցեցին ևս մեկ հաղթանակ: Իմ ուրախությունը անսահման էր, քանզի իմ կատակը, պատրաստված երկրպագուների համար, վատ ավարտ չունեցավ ինձ համար: Մանկության տարիներից ֆուտբոլի մեծ սիրահար եմ եղել և մինչև այժմ էլ շատ հետաքրքրված եմ:
Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:
-Մասնագիտությամբ ճարտարագետ-շինարար եմ: Ավարտել եմ ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցը: Գերազանց առաջադիմություն ունեի և երբ ավարտական դասարանում էի սովորում, ընկերներով որոշեցինք ընդունվել Պոլիտեխնիկի ամենամեծ մրցույթ ունեցող բաժինը: Եվ տեսանք, որ «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտությունն է ամենամեծ մրցունակություն ունեցողը: Այդպիսով ընդունվեցի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (այն ժամանակ ԵրՊԻ-ի) Ճարտարապետաշինարարական ֆակուլտետը:
Դրանից հետո աշխատել եմ արտադրությունում: Մոսկվայում պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն՝ շինարարական տեխնոլոգիաների գծով: Ժամանակի ընթացքում այնպես ստացվեց, որ արդեն 15 տարի զբաղվում եմ տեղեկատվական տեխնոլոգիաներով: Յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր հմայքը և, որ ամենակարևորն է, պետք է սիրես այն:
Ուսանողական տարիներից ինչպիսի՞ հիշարժան դեպքեր եք հիշում:
-Մասնակցում էի «Ուսանողական գարուն» խմբակներին: Էլի նմանակումներ էի անում: Այն ժամանակ կար «Ռոսսիա» կինոթատրոն, որն ուներ շատ մեծ ու գեղեցիկ սրճարան, որտեղ ուսանողներով հավաքվում և կազմակերպում էինք բազմաթիվ երեկույթներ՝ փոքր-ինչ կտրվելով դասերից: Այդ տարիներին Կոմերիտմիության կենտկոմը որոշեց, որ այդ սրճարանը տրամադրվելու է Պոլիտեխնիկին, որովհետև «Ուսանողական գարունները» հիմնականում Պոլիտեխնիկում էին ընթանում, բոլոր «Ուսանողական գարունների» առաջամարտիկը Պոլիտեխնիկն էր: Ես տարբեր միջոցառումներ էի վարում: Այդ տարիներն ինձ համար շատ թանկ են ու ընդմիշտ կմնան իմ հիշողության մեջ:
Ինչպիսի՞ նախասիրություններ ունեք: Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:
-Իմ հիմնական հոբբին ֆիլատելիան է: Այսօր ես Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահն եմ: Յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային խորհրդանիշները, որոնք ի ցույց են դրվում ոչ միայն դրոշով, օրհներգով, զինանշանով, դրամով, այլ նաև նամականիշներով: Ֆիլատելիայով տարվել եմ մոտ 30 տարեկան հասակից: Բավականին մեծ հավաքածուներ ունեմ, որոնց հիմնական թեման քրիստոնեությունն է, Հայաստանը` Հին Հայաստանը, Նոր Հայաստանը, ԽՍՀՄ-ը և Ռուսաստանը: Իսկ այժմ փորձում եմ հավաքել Նապոլեոնին վերաբերող նամականիշներ: Ինչպես արդեն նշեցի, նաև ֆուտբոլի մեծ սիրահար եմ և ազատ ժամանակս լրացնում եմ երբեմն ֆուտբոլային հանդիպումներ դիտելով՝ արդեն իսկ ՏՂԱՆԵՐԻՍ հետ:
2004 թվականից սկսած դուք «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն եք: Գիտենք, որ դուք պաշտոնավարում էիք նաև ամերիկյան «Լեդա Սիսթեմս»-ի հայաստանյան մասնաճյուղում: Ինչպե՞ս տեղի ունեցավ շինարարականից անցումը տեղեկատվական ոլորտ:
-Երբ Միխայիլ Գորբաչովը եկավ իշխանության խորհրդային տարիներին, այդ «Երկաթյա վարագույրը» միանգամից վերացավ, քանի որ նա հռչակեց ազատ շուկայական հարաբերությունների գաղափարը, և ամբողջ ԽՍՀՄ տարածքում հայտնվեցին տարբեր տնտեսավարող սուբյեկտներ: Ընկերոջս՝ Վահրամ Մուրադյանի հետ մի ընկերություն բացեցինք, որը զբաղվում էր տարբեր տեսակի տեխնիկական սարքերի առևտրով: 1991 թ. Վահրամը մենկնեց ԱՄՆ, իսկ ես մնացի Հայաստանում և սկսեցի աշխատել ՀՀ կառավարությունում: 1995 թվականին Վ. Մուրադյանը ԱՄՆ-ում հիմնադրեց «Լեդա Սիսթեմս» ընկերությունը և 1997 թվականին ինձ հրավիրեց այնտեղ՝ առաջարկելով միանալ իրեն և Հայաստանում բացել «Լեդա Սիսթեմս» -ի մասնաճյուղը: Ավելի խորամուխ լինելով հասկացա, որ այս առաջարկը կարող է բավականին խոստումնալից լինել և բազում դռներ բացել այս ասպարեզում: Վերադառնալով Հայաստան` 1999 թվականին բացեցինք «Լեդա Սիսթեմս» հայաստանյան մասնաճյուղը: 2004 թվականին, երբ «Սինոփսիս Արմենիա»-ն գնեց «Լեդա Սիսթեմս» ընկերությունը, ես «Սինոփսիս» կազմակերպության կողմից նշանակվեցի «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն:
Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել Ձեր հարազատ բուհը:
– Ասեմ, որ շատ եմ սիրում իմ բուհը, շատ հպարտ եմ, որ ՀՊՃՀ-ի ուսանող եմ եղել: Եթե այսօր ամուր կանգնած եմ այս հողի վրա, ապա պարտական եմ նաև իմ հարազատ բուհին: Կցանկանայի բուհիս անունը առաջիկա տարիներին տեսնել աշխարհի լավագույն 500 բուհերի անունների կողքին: Վստահ եմ, որ երազանքս անկատար չի մնա, և այդ օրն էլ սարերի հետևում չի:
Ինչպիսի՞ ընթացակարգ ունի ՀՀ նախագահի կրթական պարգևների մրցանակաբաշխությունը:
-Նախագահի մրցանակի համար հայտարարվում է մրցույթ` հարցազրուցային բնույթով: Գործում է հանձնաժողով, որի կազմում են ՀՊՃՀ ռեկտորը, ՀՊՀ ռեկտորը, Ռայլֆ Յիրիկյանը,Արմեն Բալդրյանը, Գարեգին Չուքասզյանը, Տեր-Մեսրոպ Արամյանը, Վազգեն Մելիքյանը, Արկադի Խաչատրյանը, Լիլիթ Գևորգյանը: Հարցազրույցը կոնկրետ թեմա չունի: Հարցերը տրվում են տարբեր թեմաներից` հասկանալու համար ուսանողի զարգացածության մակարդակը ոչ միայն մասնագիտական առումով, այլ նաև դրա սահմաններից դուրս. ինչպես է կողմնորոշվում մասնակիցը տարբեր իրավիճակներում, նրա դատելու կարողությունները, աշխարհայացքը, տրամաբանելու ունակությունները: 15-20 րոպե տևող հարցազրույցի ժամանակ կարող է հնչել մոտ 50 հարց: Հանձնաժողովի անդամները, գնահատելով յուրաքանչյուրին, գումարելով միավորները, հաղթողին որոշում են միավորների միջինը հաշվելով: Հավելեմ նաև, որ այս մրցանակի գաղափարը «Սինոփսիս Արմենիա» կազմակերպությանն է: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համաձայնությունը ստանալով՝ ավանդույթ դարձրինք այն: «Հայաստան համահայկական հիմնադրամը»-ը հանդիսանում է նախագահի լիազոր ներկայացուցիչ, իսկ «Սինոփսիս Արմենիա»-ն` հովանավորը:
Մեր համալսարանի 80-ամյա հոբելյանի հետ կապված ինչպիսի՞ ծրագրեր ունեք:
-Ես նաև ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիայի նախագահն եմ : Այս տարի մեր ասոցիացիայի և բուհի ղեկավարության հետ համատեղ որոշեցինք 5 անվանական կրթաթոշակ սահմանել բուհի լավագույն ուսանողների համար, որը նվիրում ենք բուհի 80 ամյակին: Իսկ «Սինոփսիս Արմենիա»-ն կազմակերպեց ծառատունկ ՀՊՃՀ-ի տարածքում, որը ունենալու է շարունակական բնույթ: Անցկացրել ենք նաև գիտակրթական սեմինար՝ նվիրված սիրելի բուհի հոբելյանին:
Ինչպիսի՞ հեռանկարներ ունի ուսանողը՝ աշխատանքի անցնելով «Սինոփսիս Արմենիա» կազմակերպությունում:
– Մեր համագործակցությունը ՀՊՃՀ հետ կայանում է նրանում, որ Համալսարանի «Միկրոէլեկտրոնիկային համակարգեր և սխեմաներ» ամբիոնը տեղակայված է մեր ընկերության տարածքում, և ըստ էության, ուսանողները, մնալով ՀՊՃՀ ուսանող, սովորում են այնպիսի ծրագրով, որը լիովին համապատասխանում է եվրոպական ստանդարտներին: Ուսանողները ստանում են համաշխարհային կրթական նշաձողին համապատասխանող կրթություն իրենց նեղ մասնագիտությամբ:
Համագործակցությունը ՀՊՃՀ-ի հետ ինչպիսի՞ արդյունք է տվել «Սինոփսիս Արմենիա»կազմակերպությանը:
– Միայն այն փաստը, որ մեր աշխատակիցների մոտ 35 տոկոսը Ճարտարագիտական համալսարանի նախկին ուսանողներ են և պատրաստված են մեր ամբիոնի կողմից, խոսում է այն մասին, որ այս համագործակցությունը ուղղակի գերարդյունավետ է: Կարող եմ վստահորեն ասել, որ ՀՊՃՀ-ն այն կրթական դարբնոցն է, որտեղից նախապատվորեն կարող ենք մասնագետներ ընդունել:
Վերջերս քաղաքապետարանի ընտրություններում դարձաք ավագանու անդամ: Ի՞նչ կտա դա Ձեզ քաղաքական ասպարեզում:
– Ես շատ եմ հետաքրքրվում քաղաքականությամբ, ինքս էլ քաղաքական գիտությունների ասոցացիայի խորհրդի անդամ եմ, բայց ակտիվ խաղացող երբեք չեմ եղել այդ դաշտում: Ավելի շատ իմ ուժերը փորձել եմ մասնագիտական և հանրային տիրույթներում: Ավագանու անդամ դառնալը ինձ համար միջոց չէ, որ ես դրանով ակտիվ քաղաքական դաշտ մտնեմ: Ես դա դիտարկում եմ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու մի հնարավորություն, որովհետև նախ եւ առաջ իմ մասնագիտական՝քաղաքաշինական կարողությունները կարող եմ ի ցույց դնել: Նաև գտնում եմ, որ քաղաքային տնտեսությունը ինքը շատ հետաքրքիր ոլորտ է, որտեղ թիմով հանդես գալով կարող ես որոշակի խնդիրներ լուծել: Միգուցե և պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ եղել եմ քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ 90-ականներին:
Ձեր բարեմաղթանքը ՀՊՃՀ ուսանողությանը:
-Ուրախ կլինեի, որ ուսանողները հասկանային մի պարզ ճշմարտություն, որ ուշ թե շուտ գալու է այն ժամանակը, երբ ԳԻՏԵԼԻՔՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՅՆ ՈՒՂԵՆԻՇԸ, որով մարդը կարող է արժևորվել թե շրջապատում, թե ընտանիքում և թե իր իսկ երկրում:Անկիրթ մարդը չպետք է դերակատարում ունենա հասարակությունում: Մեզ հաղթողներ են պետք: Հաղթանակի հասնելու համար առողջ գաղափարներ են պետք և, իհարկե, մարդիկ,թիմակիցներ,համախոհներ, որոնք այդ գաղափարները կգեներացնեն և կյանքի կկոչեն:
Հաջողության [ԲԱՆԱՁԵՎԸ]՝
Վստահում եմ մարդկանց, ակնկալելով նաև վստահություն իմ նկատմամբ: Միայն փոխադարձ վստահությունը կարող է արդյունք տալ:
Հարցազրույցը պատրաստեցին`
Ջանիկ Սևոյանը,
Արուսյակ Օհանյանը
լուսանկարը` Արսեն Հարությունյանի
լուսանկարի հեղինակ՝ Ջանիկ Սևոյան