Դեմքեր. Հովիկ Մուսայելյան- «Սինոփսիս Արմենիա» ընկերություն

uite

_VIK9429

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը վստահ է՝ առանց զարգացող միջավայրի, առանձին ընկերությունը չի կարող զարգանալ:

– Պարոն Մուսայելյան, ի՞նչ կրթություն եք ստացել և ինչպե՞ս եք սկսել Ձեր կարիերան ՏՏ ոլորտում:

– Մասնագիտությամբ շինարար եմ, 1980 թ-ին ավարտել եմ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, ապա 4 տարի աշխատել եմ արտադրությունում, կոմբինատում ինժեներից դարձել եմ արտադրության պետ, այնուհետև Մոսկվայում շինարարական տեխնոլոգի մասնագիտությամբ ասպիրանտուրա եմ ընդունվել, պաշտպանել եմ ատենախոսությունս, վերադարձել Հայաստան և մինչև 1993 թ-ը զբաղվել մասնավոր բիզնեսով: 1993թ-ից կառավարության աշխատակազմում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել՝ սկզբից որպես փոխվարչապետի օգնական, ապա արտաքին հարաբերությունների գլխավոր մասնագետ: 1996-ին քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետն էի, իսկ 1 տարի անց ընկերոջս հրավերով մեկնել եմ ԱՄՆ, որտեղ նա հիմնել էր LEDA Systems ընկերությունը, և ՏՏ ոլորտի հետ առնչվել եմ հենց այնտեղ: Քաջատեղյակ լինելով ՀՀ մասնագետների հնարավորություններին` ընկերս առաջարկեց այստեղ մասնաճյուղ բացել և ղեկավարել այն: Դա ինձ պարտադրեց վերաորակավորվել և, ըստ էության, ես արդեն 17 տարի ՏՏ ոլորտում եմ: LEDA Systems-ի հայկական մասնաճյուղը գրանցեցինք 1999 թ-ին, սկզբնական շրջանում մի քանի ինժեներից աշխատակիցների թիվը 2002-ին հասավ 135-ի և ՀՀ-ում ՏՏ ոլորտի ամենամեծ ընկերությունն էր: Սակայն հիմնական հաջողությունը, որը նաև առիթ հանդիսացավ, որ «Սինոփսիսը» գա Հայաստան, ՀՊՃՀ-ի հետ կրթական ծրագիրը կյանքի կոչելն էր: 2001-ին պայմանագիր կնքեցինք և ստեղծեցինք նոր ամբիոն՝ միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման ամբիոնը, որն ամբողջովին տեղակայված էր LEDA Systems-ի բազայի վրա: Սկզբում ոչ ոք չէր հավատում, որ այդ ծրագիրը կիրականանա, բայց հիմա դա մեր հիմնական կադրային դարբնոցն է: Մեր 650 աշխատողների 45%-ը նախկին ուսանողներն են:

– Շրջանավարտները հիմնականում մնո՞ւմ են Ձեր ընկերությունում:

– Սկզբից մեզ մոտ էին մնում բոլորը, բայց հետագայում «Սինոփսիսը» կադրերի այդքան պահանջարկ չուներ: 2004թ-ին «Սինոփսիսը» եկավ ՀՀ՝ գրավելով կրթական բացառիկ արդյունավետ ծրագրով: Այսօր ՀՀ-ում ՏՏ ոլորտում ամենալուրջ խնդիրը որակյալ կադրերի պակասն է, բայց մենք 400% աճ են ունեցել: Մեր աշխատակիցները ներկայումս 650-ն են, մինչդեռ ՀՀ-ում ոլորտի 2-րդ ամենամեծ ընկերությունում 120 հոգի է աշխատում: Մեր խնդիրը կադրերի պատրաստման գործը ամբողջովին ստանձնելն էր, ոչ թե ապավինել, որ մեր փոխարեն ուրիշները մեզ համար կադր կպատրաստեն:

«Սինոփսիսը» Հայաստանում ձեռք բերեց 3 ամերիկյան ընկերությունների մասնաճյուղեր՝ «Լեդա» (Leda), «Մոնթերեյ Դիզայն» (Արսեթ) (Monterrey Design (ArSET)), «Էյջ-փի-էլ-էյ» (HPLA), հետագայում նաև «Վիրաժ Լոջիքը» և այսօր 4 ընկերությունների հանրագումար է: Լինելով նման ընկերության գլխավոր տնօրեն՝ ինձ համար շատ կարևոր է, որ երկրում ՏՏ ոլորտը զարգանա, քանի որ ես չեմ պատկերացնում որևէ հաջող ընկերության զարգացում՝ թերարժեքությամբ տառապող որևէ միջավայրում: Այսինքն, ենթակառուցվածքներ պետք է լինեն՝ մասնավոր, պետական, արդյունավետ միջավայր, նաև երկիրը պետք է զարգանա: Դրա համար ես իմ ժամանակի մի մասը զոհել եմ նմանատիպ ծրագրերի իրականացման համար և բազմապիսի խորհուրդների կամ հանձնաժողովների անդամ եմ, ղեկավարում եմ համապետական նշանակության 3 հանձնաժողով, որոնք միտված են հենց ՏՏ ոլորտի զարգացմանը՝ Համաշխարհային ներդրումների համար երկրի նախագահի մրցանակի հանձնաժողովը, ՏՏ ոլորտում լավագույն ուսանող և աշակերտ մրցույթի և վարչապետի կողմից ստեղծված ՏՏ ոլորտի լավագույն մենեջերների մրցութային հանձնաժողովները: Ես ակտիվ, հանրային մարդ եմ, որպեսզի գոնե իմ համեստ ներդրումն ունենամ հանրային տիրույթի գործընթացների վրա: Դա է պատճառը, որ Հանրային խորհրդում եմ, որտեղ զբաղվել եմ հեռուստաեթերի բովանդակության, մաքրության հարցերով: Երևանի ավագանիում իմ հայտնվելն ավելի շատ պայմանավորված էր իմ մասնագիտությամբ` զբաղվել եմ քաղաքաշինությամբ, գիտության թեկնածու եմ: Ճիշտ է՝ վերջին 17 տարում ՏՏ ոլորտում եմ, բայց նաև կառավարման համակարգում աշխատանքի փորձ ունեմ և, միգուցե, այստեղ ևս կարողանամ օգուտ տալ: Որպես հոբբի կնշեի ֆիլատելիան, որով արդեն 30 տարի է զբաղվում եմ, նաև Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահն եմ, դա ինձ թույլ է տալիս լիցքաթափվել: Տարբեր երկրներում, քաղաքներում առիթը բաց չեմ թողնում, որ այցելեմ ֆիլատելիստական խանութներ: Վերջերս Վաշինգտոնում Ազգային փոստի թանգարանում էի, որտեղ ահռելի շենքում ցուցադրված է երկրի զարգացումը՝ փոստային ծառայության միջոցով: Խորհրդային տարիներին Երևանում եղել են մի շարք ֆիլատելիստական խանութներ, անընդհատ ցուցահանդեսներ էին կազմակերպվում, այժմ պասիվ են: Առաջիկայում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2 խոշոր ցուցահանդես ենք կազմակերպելու՝ միջազգային և համապետական նշանակության:

Իմ մյուս անդամությունները՝ ԻՏՁՄ, գործարարների միության նախագահություն, համահայկական բանկ և այլն, կարող է կարծիք ստեղծվել, որ ես ջանում եմ այդ թիվն ավելացնել, բայց, հավատացեք, շատ դեպքերում մերժում եմ և փորձում եմ կենտրոնանալ իմ բուն աշխատանքի վրա: Իմ գործունեության նաև կարևորագույն մաս է կազմում համալսարանների հետ համագործակցությունը: Բացի ՀՊՃՀ-ից, ամբիոններ ենք բացել նաև Երևանի պետական, Սլավոնական, Եվրոպական համալսարաններում և, տրամաբանական է, որ այդ բոլոր բուհերի կառավարման խորհրդի անդամ եմ: Բայց «ուղն ու ծուծով» պոլիտեխնիկցի եմ ու շրջանավարտների միության նախագահն եմ:

– Ձեր ապագան որտե՞ղ եք տեսնում, ի՞նչ ծրագրեր ունեք:

– Ապագաս տեսնում եմ Հայաստանում: Բազմաթիվ առիթներ եմ ունեցել արտերկիր տեղափոխվելու, բայց ես ինձ այստեղ եմ տեսնում և իմ ընտանիքի օրակարգում երբևիցե չի եղել գնալու խնդիրը: Դա պարծենալու բան չէ և չեմ էլ մեղադրում գնացողներին, որովհետև գնացողներից շատերը, թեև հեռացել են, բայց ավելի շատ օգուտ են տվել երկրին:

Այս տարի լրանում է «Սինոփսիս Արմենիայի» 10 տարին: Կուզենայի դա հավուր պատշաճի նշել, հավանաբար «Սինոփսիսի շաբաթի» ժամանակ շեշտադրումներ կանենք: Բացառիկ հնարավորություն ունեմ լավ երիտասարդների հետ շփվելու: Աստծուն դար համար շնորհակալ եմ, որ ստեղծվեցին այնպիսի իրավիճակներ, որ ես հայտնվեցի այս ոլորտում և կրթական ծրագրերն իմ կարևոր գործառույթներից են: Ես միշտ սպասում եմ ուսանողների հետ հանդիպմանը: Որևէ հանձնաժողվում ես այդքան ջանք չեմ թափում ավելի պատրաստված ներկայանալու, քան դասերի ժամին: Անկախության սերունդի հետ շատ հետաքրքիր է:

– Ձեր կյանքի ընթացքում իրականացրած նախաձեռնություններից ո՞րն եք առավել կարևորում, ո՞րն է հոգեհարազատ:

– Շատ հպարտանում եմ «ՏՏ ոլորտի լավագույն ուսանող և աշակերտ» մրցանակաբաշխությամբ, որը 2004 թ-ին սկսվեց: Դրա հիմնական առաքելությունն այն է, որ բացահայտենք լավագույններին և իրենց առաջնորդենք ձեռներեցության ոլորտ: Իմ անմիջական մասնակցությամբ ստեղծվել է հաղթողների ակումբ, որտեղ մտքեր են գեներացվում, հետաքրքիր հանդիպումներ են կազմակերպվում: Ոչ պակաս կարևոր է նաև «Համաշխարհային ներդրումների համար մրցանակի» նախաձեռնությունը: 4 տարի առաջ գրեթե ոչ ոք չէր հավատում, որ որևէ մեկը կգա, բայց, օրինակ, եթե Ստիվ Վոզնյակը 100-200 հազար դոլար գումար է ուզում իր դասախոսությունների համար, մեզ մոտ մի քանի օր անվճար նրան լսելու հնարավորություն ունեցանք, որովհետև գալիս են զուտ հեղինակության գործոնից ելնելով: Մեր 4 հաղթողները մեկը մյուսից արժանի մրցանակակիրներ են եղել ու շատ կարևոր է նշաձողը պահել:

– Ի՞նչ կուրիոզ կհիշեք ՏՏ-ի հետ կապված:

– Տարիներ առաջ ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված ընդունելություններից մեկի ժամանակ մի անձնավորություն (անունը չնշեմ, շատ հայտնի մարդ է) մոտեցավ ու հարցրեց՝ ինչպե՞ս են գործերը, պատվերներ կա՞ն: Ասացի՝ պատվերի խնդիր չունենք, մինչև 2020 թ.-ը վագոններով պատվեր ունենք: Անցավ մի 10 րոպե, նա կրկին մոտեցավ ու ասաց՝ ես չէի մտածում, որ ՏՏ-ում պատվերները վագոններով են լինում: Ոչ այն է՝ լացեի, ոչ այն է՝ ծիծաղեի:

Սկզբնաղբյուր՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s