Ապավինել գիտելիքին

Untitled

ՏՏ ոլորտի ամենամյա մրցանակաբաշխության նախընտրական փուլը մեկնարկել է

Այս տարի արդեն 10—րդ անգամ ՀՀ ՏՏ ոլորտում իրականացվում է ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւատրում, որն իրականացվում է տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը Հայաստանում զարգացնելու, ոլորտում առկա ներուժը վերհանելու եւ բուհերի ու դպրոցների լավագույն սաներին խրախուսելու նպատակով։
Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու պարգեւատրելն է։ Պարգեւները շնորհվում են սովորաբար այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի եւ բնական գիտություններից տարբեր օլիմպիադաներին եւ մրցույթներին, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ եւ այլ տաղանդներ, ինչպես նաեւ ներգրավված են համայնքային ծրագրերում։ Հիշեցնենք, որ 2005թ. ապրիլի 28—ին ՀՀ նախագահի հավանությամբ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ—ն եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստորագրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն ուսանողներին եւ աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւների շնորհման վերաբերյալ համաձայնագիր։
Նախագահական ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ—ն։
Այս տարի եւս մրցանակաբաշխությանը մասնակցում էին ուսանողներ եւ աշակերտներ հայաստանյան 5 բուհից եւ 7 միջնակարգ կրթական հաստատությունից։ Մասնակցում էին ԵՊՀ–ի, Հայ—ռուսական (Սլավոնական) համալսարանի, ՀՊՃՀ—ի, Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի համապատասխան ֆակուլտետների ուսանողներ եւ աշակերտներ «Քվանտ» վարժարանից, Երեւանի «Անանիա Շիրակացի» ճեմարանից, Գյումրու «Ֆոտոն» վարժարանից, Վանաձորի «Էվրիկա» վարժարանից, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից եւ այլն։
Արդեն մի քանի օր է, ինչ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում անցկացվում է մրցանակաբաշխության նախընտրական փուլը։ Ընդհանուր դիմողների թիվը այս տարի 220 է։ «Այս մրցույթի հիմնական նպատակը աշակերտներին ուղղորդելն է բնագիտական ուղղություններ ընտրելու հարցում, իսկ ուսանողներին՝ ՏՏ տարբեր ծրագրերում ընդգրկվածությունն ընդլայնելը։ Սակայն պետք է ցավով նշեմ, որ բավականաչափ մասնակիցներ կային ոչ բնագիտական ուղղություններից։ Խոսքը վերաբերում է դպրոցներին, քանի որ աշակերտներից շատերը ուսումը շարունակելու այլ ուղղություններ են ընտրել։ Նրանց շրջանում կա ձեւավորված կարծիք, որ այլ մասնագիտություններ ընտրելը ավելի հեշտ ճանապարհ է՝ հետագայում կայանալու տեսանկյունից»,–նշեց մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս—Արմենիա» ընկերության ղեկավար Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ այս միտումն առկա է նաեւ աշխարհում։ Արդեն անցկացված նախըտրական փուլերում մասնակիցներից շատերը կարողացել էին իրենց փայլուն գիտելիքներով զարմացնել հանձնաժողովի անդամներին, սակայն, ըստ հանձնաժողովի նախագահի, նախորդ տարի արդյունքներն ավելի բարձր էին։ Այդուհանդերձ ոգեւորող էր այն հանգամանքը, որ բոլորի մոտ առկա էր ընդգծված հավատ երկրի ապագայի նկատմամբ։ Հանձնաժողովի անդամներին հատկապես զարմացրել էր աղջիկ մասնակիցների ակտիվությունն ու գիտելիքների առկայությունը ՏՏ ոլորտում։ Հովիկ Մուսայելյանի տեղեկացմամբ, եթե աշխարհում ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածությունը չի գերազանցում 10 տոկոսը, ապա Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 25 տոկոս։
Կրթության ավանդական ձեւերի կողքին նման մրցանակաբաշխության առկայությունը ձեւավորում է մի միջավայր, որը երիտասարդների շրջանում խթանում է նոր արժեհամակարգի ստեղծումը, այն է՝ ապավինել գիտելիքին, լինել բազմակողմանի զարգացած եւ ձգտել դառնալ լավագույնն իր ոլորտում։
Անցած ինը տարիների ընթացքում արդեն շուրջ 300 ուսանողներ եւ աշակերտներ արժանացել են պարգեւի։ Փորձը ցույց է տալիս, որ պարգեւի արժանացած լավագույնների մեջ ավելի ու ավելի շատ աշակերտներ որպես մասնագիտական ուղղություն ընտրում են ՏՏ ոլորտը, միեւնույն ժամանակ լավագույն ուսանողներն ավելի մեծ խանդավառությամբ են շարունակում իրենց ուսումն ու կարիերան այս ոլորտում։
Մրցույթի նախընտրական փուլը դարձյալ անցկացվում է նույն մեթոդով։ Յուրաքանչյուր մասնակցի տրվում է 10—15 րոպե, որի ընթացքում հանձնաժողովի անդամները կարողանում են տարբեր ինտելեկտուալ հարցերի միջոցով բացահայտել մասնակիցների ներուժն ու բազմակողմանի զարգացածության մակարդակը։ Չեն խրախուսվում այն պատասխանները, որոնք միտված են հանձնաժողովի անդամներին սիրաշահելուն։ Հավակնորդներին ներկայացվող պահանջները, մասնակիցների ընտրության չափանիշները եւ պարգեւները շնորհվում են այն աշակերտներին եւ ուսանողներին, որոնք ունեն բարձր առաջադիմություն։
Նշենք, որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա առաջիկա օրերին իսկ հաղթողները կպարգեւատրվեն հոկտեմբերին։ Յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ, դրամական պարգեւ եւ մինչեւ 1200 դոլարին համարժեք դրամ, ինչպես նաեւ ՏՏ ոլորտը խորհրդանշող հուշախորհրդանիշ։
Անվանակարգերը դարձյալ մնացել են անփոփոխ. դրանք են՝ լավագույն ասպիրանտ, լավագույն մագիստրանտ, լավագույն բակալավր, լավագույն սփյուռքահայ ուսանող, լավագույն ուսանող եւ լավագույն աշակերտ։ Նախատեսված է գլխավոր մրցանակ՝ իսկ առաջին երեք անվանակարգում 1–ին եւ 2—րդ կարգի մրցանակներ։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s