Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) եւ Սինոփսիս ընկերությունը այսօր հայտարարում են, որ 69 ուսանողներ այս տարի հաջողությամբ ավարտեցին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի համատեղ կրթական ծրագիրը: 2004 թ.-ին Սինոփսիս ընկերության Հայաստան մուտք գործելուց հետո, Պոլիտեխնիկի արդեն 412 շրջանավարտներ ավարտել են այս ծրագիրը:
Ես կարծում եմ, որ մեր օրերում բարձրորակ մասնագետների պատրաստումն անհնարին է առանց բիզնես ընկերությունների անմիջական մասնակցության եւ «բուհ-արտադրություն» համագործակցության: Նման համագործակցության փայլուն օրինակ է Սինոփսիս ընկերության եւ Պոլիտեխնիկի հետ համատեղ կրթական ծրագրի իրականացումը: Սինոփսիս ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի կարեւոր մասն է կազմում կրթության մեջ ներդրումների կատարումը, որը թույլ է տալիս Պոլիտեխնիկի հետ համատեղ պատրաստել որակյալ կադրեր երկրի տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտներում: Այսօրվա 69 շրջանավարտները զինված են անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով եւ արդեն իսկ նրանցից շատերն ապահովված են մասնագիտական աշխատանքով: Այս ճանապարհով չափազանց կարեւոր խնդիր է լուծվում նաեւ երկրում ուղեղների արտահոսքի կասեցման առումով, քանզի սույն ծրագրով բուհն ավարտած ուսանողների գերակշիռ մասը աշխատանքի հրավեր է ստանում միկրոսխեմաների նախագծման ասպարեզում համաշխարհային առաջատար ընկերությունից: (Հ. Մուսայելյան)