ՀՏՏ մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ

9075

Մեծարգո  պարոն Նախագահ
Հայաստանի Հանրապետության,
Մեծարգո պարոն Մացցոլա,
Կառավարության հարգարժան անդամներ եւ հյուրեր,

Այսօր հիրավի պատմական օր է Հայաստանում: Մենք  մեծարում ենք Բարձր Տեխնոլոգիաների ասպարեզում նշանակալի ներդրում ունեցող մի անձի՝ դոկտոր Մարիո Մացցոլային, ում դերակատարումը մեծ նշանակություն է ունեցել համաշխարհային Տեղեկատվական Տեխնոլոգիաների  ոլորտի զարգացման համար:

ՏՏ ոլորտն այսօր Հայաստանում ամենադինամիկ զարգացող և ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող ճյուղն է: Վերջին տարիներին ոլորտն ապահովել է 20-25% աճ, իսկ ՀՆԱ-ում նրա տեսակարար կշիռը կազմում է մոտ 3% , որը համադրելի է զարգացած շատ երկրների հետ: Իրավամբ,  հաջողություններն ակնհայտ են : Բավական ուշագրավ է  երկրի նախագահի ՏՏ ոլորտում ամենամյա մրցանակաբաշխությունը լավագույն  ուսանողների համար, ինչը փայլուն նախաձեռնություն է լավագույններին ճանաչելու, խրախուսելու եվ խանդավառելու նոր սերնդին ընտրելու ՏՏ ոլորտը: Միջազգային միկրոէլեկտրոնիկայի  ամենամյա օլիմպիադան, որն ամեն տարի անցկացվում է  Հայաստանում, այս տարի աննախադեպ մասնակցություն ապահովեց 22 երկրների օլիմպիադաների հաղթողներ ժամանեցին Հայաստան` մասնակցելու եզրափակիչ փուլին :Կառավարության եւ մասնավոր հատվածի  արդյունավետ համագործակցության ցայտուն օրինակ է  ArmTech  բարձր տեխնոլոգիական ամենամյա կոնգրեսը, որը այս տարի չորրորդ անգամ տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում, որին մասնակցեց  Հանրապետության Նախագահը: Հայաստանի նման փոքր  երկրի համար հիրավի ուշագրավ է  նման ներկայացուցչական  կոնգրեսի  առկայությունը , ինչն արդեն երկրի տեխնոլոգիական  բրենդի համբավ ունի, որի ժամանակ ձեւավորվում է  Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման պլատֆորմը: Այս տարի եւ բովանդակային առումով, եւ մասնակիցների քանակով բավականին հետաքրքիր անցավ  Digitech միջազգային ցուցահանդեսը:

Վերջին տարիներին բավականին ակտիվացել է վերազգային կորպորացիաների կողմից Հայաստանի նկատմամբ ուշադրությունը, եւ նրանցից մի քանիսը իրենց գիտական, կրթական եւ հետազոտական կենտրոններն են ուզում բացել Հայաստանում :

Հինգ  տարի առաջ Հանրապետության Նախագահը  ստորագրեց Հրամանագիր ՏՏ ոլորտում  Համաշխարհային Ներդրման համար Հանրապետության Նախագահի  ամենամյա մրցանակ հիմնելու մասին: Ստեղծվեց մրցանակաբաշխության կոմիտե եւ ընտրող հանձնաժողով: Թեկնածուների նախնական հավակնորդների  ընտրությունն իրականացնում է մրցանակաբաշխության  կոմիտեն, իսկ մրցանակակրի ընտրությունը իրականացվում է ընտրող հանձնաժողովի կողմից: Միջազգային  մեծ հնչեղություն ունեցող այս  մրցանակաբաշխության ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է ՙՎիվաՍելլ-ՄՏՍ՚ ընկերության կողմից, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք:

Առիթից օգտվելով ուզում եմ նաև Մրցանակաբաշխության կոմիտեի անունից շնորհակալություն հայտնել  ՀՀ Նախագահի աշխատակազմին և ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամին:

Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում դերակատարումը բերել է հեղափոխական բնույթի զարգացումների:

Եվ կոմիտեի, եվ հանձնաժողովի համար բավական մեծ պատասխանատվություն էր առաջին հաղթողների  ընտրությունը:  Ինչպես գիտեք առաջին մրցանակը չորս տարի առաջ ստացավ ՙԻՆՏԵԼ՚ կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրետը: 2011թ.-ի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին  արժանացավ «Էյփլ» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնիակը, 2012թ.-ին 3-րդ մրցանակին արժանացավ միկրոպրոցեսորի հայտնագործողներից մեկը՝ Ֆեդերիկո Ֆաջինը, իսկ անցյալ տարի չորրորդ մրցանակը ստանալու համար Հայաստան էր ժամանել Հիթաչի ընկերության նախագահ  Ցուգիո Մակիմոտոն:

Միջազգային հանձաժողովը, որը բաղկացած է 22 անդամներից,  եւ որի  անդամներից շատերը աշխարհի  տարբեր երկրների ճանաչված հեղինակություններ են, որպես  ՀՀ Նախագահի Համաշխարհային Հեղինակության 2014թ.-ի հաղթող  ընտրեց  ՏՀՏ ասպարեզում մի շարք նորարարությունների  հեղինակ և ողջ աշխարհում մեծ հեղինակություն վայելող  հանրահայտ Cisco ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլային, որն  էլ  հաստատվեց Հանրապետության Նախագահի  Հատուկ Հրամանագրով:

Ամեն տարի այս արարողության ժամանակ ես իմ ելույթում նշում եմ նախկին մրցանակակիրների տարբեր կարծիքներ՝ Հայաստան կատարած իրենց այցի վերաբերյալ: Այսօր էլ ուզում եմ վերհիշել Ինթել կորպորացիայի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթի խոսքերը:  «Շատ տպավորված եմ հայ ժողովրդի հարուստ պատմությամբ եւ մշակույթով: Ես բազմիցս Երուսաղեմում եմ եղել եւ ամեն անգամ այցելել եմ Հայկական շրջան, որտեղ հսկայական նվիրվածություն եւ ջերմություն եմ տեսել: Նույնը Հայաստանում եմ նկատում: Հայերը շատ ուշիմ, պայծառ, աշխատասեր մարդիկ են: Ուրախությամբ նկատեցի, որ Հայաստանում մարդիկ գիտակցում են, թե երկրի ապագայի համար ինչ կարեւոր է տեղեկատվական եւ հեռահաղորդակցային  տեխնոլոգիաների զարգացումը: Հաճելի է նույն գիտակցությունը նկատել կառավարության մակարդակում:»

Հիրավի պարոն Բարրեթը ճշմարտացի է: Մենք այլընտրանք չունենք, քան ապավինել գիտատար ճյուղերի զարգացմանը: Վստահ ենք, որ տարիներ անց այս պատվավոր մրցանակին արժանացած հսկաները կժամանեն Հայաստան՝ իրենց հետ բերելով  բարձրագույն տեխնոլոգիական  ժամանակակից  մշակույթ,  եւ ամբողջ աշխարհում  կբարձրացնեն  մեր պետության իմիջն  ու  ճանաչողությունը, որպես գիտելիքին  եւ ինտելեկտին ապավինող երկիր: Անհերքելի է, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ եվ մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ռեսուրսները դառնալու տարածաշրջանային կենտրոն եվ կարեվոր դերակատար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s