Ճանապարհ դեպի ապագա

logo-ecoaaa
Խմբագիր – Ուզում եմ զրույցն սկսենք մի քիչ հեռվից: Մասնագիտության բերումով խորհրդային տարիներին Հայաստանում նոր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ձեռնարկություններին ծանոթ էի, իհարկե` քիչ, որովհետև դրանք հիմնականում փակ հիմնարկներ էին, նաև հետևել եմ անկախությունից հետո տեղի ունեցած գործընթացներին, ոլորտի քայլ առ քայլ վերազարթոնքին: Դուք այսօր ոլորտում շատ հեղինակավոր դերակատարություն ունեցող անձանցից եք, սակայն մասնագիտությամբ բոլորովին այլ ճյուղի ներկայացուցիչ եք: Դուք կարողացել եք և ձեր առաջին մասնագիտությունն օգտագործել, և աշխատանքային կենսափորձը, և նոր ժամանակներում, նոր իրողությունների պայմաններում դառնալ տնտեսության համար առաջնային նշանակության ոլորտի առաջատար ղեկավարներից մեկը: Ահա արդեն տասնյոթ տարի է դուք ՏՏ ոլորտում եք, և այդ բոլոր տարիներին քայլ առ քայլ վերականգնվեց նախկին համբավը, նորահայտ բազմաթիվ խնդիրներ լուծվեցին, կառավարությունը հետևողականորեն մեծացնում է ճյուղի հանդեպ ուշադրությունը: Հայաստանի ու հայ ժողովրդի համար իր երկիրը զարգացնելու հեռանկարային ճանապարհը մեր աչքի առաջ նորովի հարթվեց:

Հովիկ Մուսայելյան – Ինչպես գիտենք, մոտ տասներկու տարի առաջ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակեց տնտեսության գերակա ճյուղ: Իհարկե, նման կարևոր որոշման համար լուրջ հիմքեր կային, և նոր իրավիճակում հաջողություն ուն ենալու ամենալավ հնարավորությունները հենց այս ճյուղում ունեինք: Ճյուղի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները աստիճանաբար կայացան, օրինակ, կայուն էլեկտրամատակարարում, հասանելի և մատչելի ինտերնետ, երկրում ներդրումներ անելու համար նպաստավոր թե’ աշխարհաքաղաքական, թե’ բիզնես միջավայր, երկրի նոր վարկանիշի ձևավորում և այլն: ՏՏ ոլորտն առանց միջազգային հանրահայտ ընկերությունների մուտքի, ներդրումների, առանց միջազգային չափորոշիչներին կրթության որակի համապատասխանեցման, աշխատանքային նոր մշակույթի ձևավորման հնարավոր չէ: Իսկ այս ամենին հասնելու համար և գործընկերներ էին հարկավոր, որոնք քո մեջ պիտի տեսնեին իրենց համար շահեկան հեռանկարը, և ժամանակ, որպեսզի քայլ առ քայլ այդ ամենը նորովի ստեղծվի:

Բնական է թվում, որ եթե գերակայություն ես հայտարարում, պիտի ոլորտի արագ զարգացման և այն արդյունավետ դարձնելու համար պայմաններ ստեղծես, արտոնություններ տաս, և այլն: Մեր երկրում երբեք չի ողջունվել արտոնություններ տալը, չեն ցանկանում որևէ ոլորտի համար ջերմոցային պայմաններ ստեղծել, որովհետև այն նաև բացասական հետևանքների կարող է հանգեցնել: Սակայն, մյուս կողմից էլ աններդաշնակություն է առաջանում գերակա հայտարարելու և որևէ առանձնահատուկ պայման չտրամադրելու մեջ: Ըստ էության, վերջին ժամանակներս մենք ականատեսն ենք նման քայլերի, մասնավորապես, ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, որը թույլ է տալիս որոշակի արտոնություն ունենալ, ինչպես նաև օրերս Ազգային Ժողովի կողմից կառավարության ներկայացրած օրինագծի հաստատումը, ըստ որի Սթարթ ափ/Start Up ընկերություններն ազատվում են շահութահարկից և եկամտահարկն իջեցվում է տասը տոկոսի: Խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող մինչև տասնհինգ հոգանոց նորաստեղծ ընկերությունների մասին է, որոնց արագ կայացումը խրախուսման և աջակցության է արժանանում աշխարհի շատ երկրներում: Կարծում եմ, շատ տեղին որոշում է, որը կխթանի տեխնոլոգիական ձեռներեցությունը մեր երիտասարդների շրջանում, և այդ որոշումը բավական դրական անդրադարձ կունենա ընդհանրապես ՏՏ ոլորտի զարգացման վրա մեր երկրում:
Հիմա, ինչ վիճակ է մեզ մոտ: Երիտասարդների համար նշաձող է դարձել որևէ վերազգային ընկերությունում աշխատանք ունենալը: Շատերը դրանով գոհանում են, կարծես թե իրենց կյանքի նպատակը հենց դա էր, և վերջ, էլ մոտիվացիա չկա այլ երազանք ունենալու: ՏՏ ոլորտում ձեռներեցությունը չի զարգանում, որովհետև երիտասարդը չի հավատում, որ ինքը կարող է ինքնուրույն գործ նախաձեռնել ու այն իրականություն դարձնել, նման մշակույթ մեզ մոտ դեռևս չկա: Մինչդեռ այս ոլորտում Start Up -ից սկսելը օրինաչափ երևույթ է: Եթե ուսումնասիրենք ոլորտում այսօր հայտնի մարդկանց գործունեությունը, կտեսնենք, որ նրանք հիմնականում Start Up- երից են սկսել: Եվ, կառավարության այս քայլի առաջին դրական կողմն այն է, որ արդեն մեզ մոտ նույնպես այս գիտակցումը կա, որ ճյուղում ներգրավված մարդիկ իրենց աշխատանքի կոնկրետ արդյունքներով կարողացել են ցույց տալ գերակահայտարարված լինելու արդարացիությունը, և որ, այո, հարցն այնքան է հասունացել, որ պետք է զարկ տալ այս գործին, շարունակել պետականորեն, օրենքներով քաջալերել մեր երկրին խիստ անհրաժեշտ այս զարգացումը տնտեսության կոնկրետ բնագավառում: Ավելին, եթե մենք մոտ ժամանակներս աջակցենք ձեռներեցությամբ հետաքրքրվածների քանակի ավելացմանը, կարող ենք արձանագրել, որ այս որոշումը այդ առումով հեղափոխական է եղել: Չեմ բացառում, որ նման արդյունք ունենալու դեպքում կառավարությունը կգնա ավելի արմատական ռեֆորմների և ընդհանրապես հարկերից կազատի նորաստեղծ փոքր ընկերությունները: Կա համաշխարհային փորձը, որ այն երկրներում, որտեղ ՏՏ ոլորտը պետականորեն խրախուսվում է, շատ արագ շղթայական ձևով զարգանում են նաև մնացած բոլոր ոլորտները: Այս ճյուղի առանձնահատկությունն է, որովհետև տեղեկատվական տեխնոլոգիաներ ասելով միայն ոլորտային մեկ ճյուղ չենք հասկանում, այն բազմագործ առնական, համապարփակ շատ լուրջ համակարգ է, որի ամեն մի բաղադրիչի զարգացումը կարևորագույն ազդակ է ընդհանուր զարգացման համար: Իսկ այդ բաղադրիչները գիտահետազոտական, կրթական, ճարտարագիտության, ինովացիաների ոլորտներն են, երկրի պաշտպանունակության բարձրացումը, ընդհանուր կենսակերպի որակի բարելավումը, երկրի ապագայի հուսալիության հանդեպ դրական ազդակները, դրանում սեփական դերակատարությունն ունենալու հոգեբանական կարևոր գործոնը, և, վերջ ապես, համաշխարհային տնտեսության մեջ թեկուզ փոքր, բայց քո սեփական մասնակցությունն ունենալու հավակնոտությունը: Հետագայում կարելի է նույնիսկ յուրաքանչյուր բաղադրիչի զարգացման համար արմատական արտոնյալ պայմաններ ապահովել: Համենայնդեպս, պիտի արձանագրենք, որ կառավարությունը շատ լուրջ քայլ է արել, ինչը ողջունելի է, և մենք էլ մեր կողմից պետք է փորձենք դրանից դիվիդենտներ քաղել: Մեր երիտասարդները պիտի ոգևորվեն, հասկանան, որ սա նրանց ձեռներեցությունը խրախուսող լրջագույն քայլ է: Իսկ եթե ընդլայնենք դիտարկման հնարավոր շրջանակը, կարող ենք վստահաբար ասել, որ այս կերպ նպաստում ենք մրցակցային լուրջ դաշտի ստեղծմանը ոչ միայն նորաստեղծների, այլ նաև նրանց և բրենդային ընկերությունների միջև, որովհետև այն առաջարկները, որոնցով կարող են պատվիրատուները կամ ներդրողները ներկայանալ նորաստեղծներին, շատ հնարավոր է, որ կարող է ավելի լուրջ արդյունք տալ, քան ավանդական բրենդավոր ընկերությունների դեպքում: Հնարավոր են նաև կադրային հոսքեր, լավ մասնագետներն ավելի պահանջված կլինեն: Անպայմանորեն ձևավորվելու է նոր մրցակցային դաշտ նաև Հայաստանում աշխատող վերազգային հայտնի ընկերությունների համար, որովհետև եթե նորաստեղծները չկան, ապա նրանք են թելադրողը, մենաշնորհն իրենցն է, իսկ նորաստեղծները նախ կհիմնադրվեն, ապա կհաջորդի նրանց միավորվելը, և հնարավոր է նոր լուրջ ընկերություններ առաջանան, ոլորտում նոր ազդեցիկ ուժեր հայտնվեն:

Խմբ. – Հետաքրքիր է, եթե սովետական տարիներին երկրում չստեղծվեր և չզարգացվեր այս բազան, միևնույն է, մենք այսօր թեքվելու էինք դեպի այս ոլորտը: Բայց, շատ կարևոր ժամանակ էինք կորցրած լինելու ու նոր էինք յուրացնելու այն, ինչի հիմքը Հայաստանում դրվել էր դեռևս հիսունականներին հայ գիտնական Անդրանիկ Իոսիֆյանի անձնական ջանքերով: Բարեբախտաբար, մենք այդ հարստություն ճանապարհն ունեինք, ունեինք նաև անցյալից դեպի ապագան կամրջող սերունդը, որն ապահովեց ժառանգորդությունը: Նրանց շնորհիվ նոր կրթական բազա ունեցանք, այդ նրանք դեպի ապագան ճանապարհը սահուն դարձրին: Հայաստանի համար այս ոլորտն էական նշանակություն ունի և’ մարդկային ներուժի, և’ անգամ շատ հեռավոր ժամանակներից եկող ավանդուժի, և’ տարածաշրջանային խորքային պրոբլեմների ու հանգամանքների, ինչպես նաև` տնտեսության մյուս ճյուղերի համար որպես զարգացման մոդել լինելու առումով: Իհարկե, այսօր մենք մեր հույսերը կապում ենք երիտասարդ սերնդի հետ: Բայց եկեք վավերագրենք նաև կամրջող սերնդի առաքելությունը, ինչը ոմանք իսկապես որ հիանալի կատարեցին: Երիտասարդներն ուժեղ են ոչ միայն իրենք իրենցով, այլ առաջին հերթին`ժառանգությամբ և այդ ժառանգությունը իրենց փոխանցողներով:

Հ.Մ. – Սերնդափոխությունը, ինչպես ամենուր, այնպես էլ այս ոլորտում, հրամայական է, և արդեն մենք ականատեսն ենք, թե ինչպես է կյանք մտնում նոր սերունդը: Այսօր անկախության տարիներին ծնված սերունդն է մեծացել և կյանք մտել, նրանք քսաներկու-քսանչորս տարեկան երիտասարդներն են, ավարտում են մեր և տարբեր համալսարանների հետ համատեղ կրթական ծրագրերը և դեռևս ուսանողական տարիներից ստանում են աշխատանքի առաջարկ: Եթե տոկոսային հարաբերությամբ դիտարկենք, թե ինչ տարիքային խմբեր են մեզ մոտ աշխատում, ապա կտեսնենք, որ գերակշիռ մասը անկախության սերնդի ներկայացուցիչներն են: Պետք է խոստովանել, որ նրանց հետ շատ հետաքրքիր է: Նրանք ազատ են մտածում, կաղապարված չեն կարծրատիպերով, շատ հետաքրքրասեր են: Բայց` մենք ավելի հարգալից էինք թե իրար, թե մեծերի նկատմամբ, գիտակցելով, որ շատ-շատ արհեստական բաներ կային խորհրդային համայնքային հասարակարգում, միևնույն ժամանակ հասարակությունը հանգիստ ու խաղաղ էր ապրում: Ինչ որ բան փոխելու պայքարի ձգտումներ չկային, բացի բացառությունները. կային անհատներ, որոնք պատրաստ էին նահատակ դառնալու հանուն իրենց գաղափարների: Օրինակ, եթե կորցրած հողերի մասին պիտի մտածեինք ու պայքար սկսեինք դրան հասնելու համար, ապա դա այնքան անհասանելի ու անիրական էր թվում, որ մի խումբ մարդիկ էին միայն հավատում դրան ու պայքարում: Ժողովրդի հիմնական մասը, չնայած ապրանքային սղությանը, ոչ այնքան բարվոք կենսապայմաններին` երջանիկ էր զգում իրեն: Վերջերս զրուցում էի ընկերներիցս մեկի հետ, նախկինում նա ՏՏ ոլորտում էր, այժմ նպատակ է դրել Տանզանիայում սննդի արտադրության բիզնես հիմնել, ասում է` մարդիկ այնտեղ շատ վատ են ապրում, բայց երջանիկ են, չեն փնթփնթում, փնթի-մնթի,ամեն ինչը թանկ, իրենք` աղքատ, բայց երջանիկ են: Ուրեմն, երջանկությունը ունեցվածքի շատ ու քչի մեջ չի:Այսօր շատ ձեռքբերումներ չեն նկատվում ու գնահատվում: Մյուս կողմից էլ`այնպիսի երևույթներ են տեղ գտել մեր իրականության մեջ, որ ուզում ես մտածել, որ ժամանակի ընթացքում մեր ժողովրդի մեջ ինչ-որ փոխակերպումներ են տեղի ունեցել, դարերով օտարի լծի տակ գտնվելը փոխել է հայ մարդուն, գեներ կան, որոնք մնացել են, բայց պայմանների ազդեցության տակ նաև փոխվել են, հարմարվելու բնավորություն է ձեռք բերել հայը: Մեր երիտասարդության տարիներին մեծ հավատ կար բոլորիս մեջ: Օրինակ, Գորբաչյովի ժամանակ բոլորս ոգևորվել էինք, որ որոշակի հնարավորություններ են տրվում, և մենք մեզ փորձում էինք նաև մեզ համար բացարձակապես նոր` մասնավոր բիզնեսի բնագավառում: Իննսուներեքին կառավարությունում էի, մինչև գիշերվա մեկը, երկու սը մնում էինք աշխատավայրում, հետո ոտքով տուն էինք գնում, մութ, ցուրտ, փողոցները լիքը թափառող շներ…այնքան ոգևորված էինք, հույսով լի, գիտակցելով, որ մի շատ կարևոր իրադարձության մասնակից ենք: Փոքր աշխատավարձով աշխատում էինք, ոչ ոք չէր նվնվում:
Այսօրվա սերունդը շատ պրպտուն է, հայրենասեր, բայց ավելի քիչ հարգալից են միմյանց նկատմամբ, ավելի քիչ են սիրում լսել մեծերին, իրենց թվում է, թե ամեն ինչ գիտեն: Եթե մեր ընկերությունում դիտարկենք սերունդների հարաբերակցությունը` ղեկավարները, կառավարիչները միջին սերունդն են կազմում, հասուն կենսափորձով մարդիկ, իսկ ինժեներների թվում շատ են երիտասարդները, բայց նրանք դեռ շատ բան ունեն սովորելու: Իմ դիտարկմամբ` մեր սերնդի համեմատությունը մեր ծնողների հետ շատ ավելի քիչ տարբերություն է պարունակում, քան մեր և մեր երեխաների տարբերությունն է: Մտածելակերպով, գիտելիքներով նրանք շատ ավելի են տարբերվում մեզնից, փոքր երեխաների հետ էլ որ խոսում ես, այնքան տեղեկացված են, կարծես փոքր մարդուկներ լինեն: Դա ակնհայտ է նաև մեր ամենամյա կրթական մրցույթի աշխատանքի ժամանակ, հանձնաժողովի կազմում երեխաների հետ զրուցում ես, այնպիսի մտքեր են արտահայտում, զարմանում ես:

Խմբ. – Երիտասարդներին և պատանիներին խրախուսելու ՀՀ նախագահի մրցանակի հիմնումից տասը տարի է անցել, արձանագրեցինք, որ անցյալի ժառանգությունը բարեհաջող փոխանցել ենք երիտասարդներին և որ սերունդների մեջ աներևակայելի փոփոխություն է տեղի ունեցել: Գանք հասնենք մեր գլխավոր թեմային` մրցանակին: Այս տասը տարիների ընթացքում մենք ձեր միջավայրում տեսանք գաղափարի և իրականության սերտ միասնությունը, փոփոխությունների արագ ընթացքը, և այդ միջավայրում ծնված և հետևողականորեն իրականացվող ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու համար մրցույթը հայ երիտասարդների և աշակերտների միջև, ապա նաև մյուս, ավելի բարձր մակարդակի մրցանակաբաշխությունը, որում հաղթողը հանրահայտ մարդիկ են լինում: Ուստի, անսպասելի ու զարմանալի չպիտի թվա նաև հանրապետության նախագահի մրցանակի հիմնումը, որովհետև համակարգի ներսում կյանքը դինամիկ զարգանում էր, և, այո, կարող էին նաև նման հավակնոտ ծրագրեր մշակվել ու ավելին` իրականացվել:

Հ.Մ. – ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կողմից երիտասարդներին և աշակերտներին տրվող ամենամյա մրցույթի հիմքը դրվել է այն ժամանակ, երբ ՀՀ երկրորդ նախագահի օգնական Արմեն Գևորգյանին ներկայացրի այդ գաղափարը, նա միանգամից տեսավ դրա գրավչությունը և աջակցեց նրա կյանք մտնելուն: Որևէ խոչընդոտ չի եղել, շատ արագ նախագահի հրամանագիրը ստորագրվեց, մենք նույնպես արագորեն կազմակերպչական աշխատանքներ իրականացրեցինք, և տասը տարի է արդեն այն անց է կացվում: Առաջին տարին մասնակցում էին երկու համալսարան և երեք դպրոց, հիմա` ութ դպրոց և հինգ համալսարան, տարեցտարի շրջանակն ընդլայնվեց, դպրոցներում պատրաստվում են, մեծ պատիվ են համարում իրենց երեխաների հաղթանակը: Շատ հաճելի է հանձնաժողովի հետ միասին հանդիպել, զրուցել ընտրված երեխաների հետ, հիանալ նրանց համարձակ մտածելակերպով, վերլուծելու կարողությամբ, արտահայտած մտքերով և նրանց մեջ տեսնել նաև մեր ապագա գործընկերներին, մեզ փոխարինողներին:

Խմբ. – Ինքս ներկա եմ եղել մի քանի հանդիպումների, իսկապես դժվար է բազմաթիվ խելացի երիտասարդների հետ հետաքրքիր հարցախույզ-զրույցներ անցկացնելուց, նրանց մտքերին, մտածելակերպին ծանոթանալուց հետո ընտրել մեկին, հաղթող լինելու համար պետք է կարողանալ ինչ-որ կերպ առանձնանանալ:

Հ.Մ. – ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման մրցույթի հիմնադրման գործում մեծ դերակատարություն ունի «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ Ռիչ Գոլդմանը: 2008 թվականին մի անգամ ինձ ասաց` ինչ ես կարծում, կարո՞ղ ենք մի հավակնոտ մրցանակ սահմանել, այնպիսին, որ հանրապետության նախագահը համաշխարհային մեծության մարդկանց անձամբ հանձնի, որովհետև այդ կարգի մարդկանց այցելությունը և նման պատվավոր մրցանակի հանձնումը կլուսաբանվի ամբողջ աշխարհում, հետաքրքրություն կառաջացնի երկրի հանդեպ: Ես ժամանակ խնդրեցի, որպեսզի այդ մասին հաղորդեմ նախագահին և նրա կարծիքն ու համաձայնությունն ստանանք: Չեմ թաքցնում, առաջին պահին դժվար էր պատկերացնել, որ այդ մարդիկ կգան,որ մրցանակաբաշխությունը իրականանալի կլինի: Սակայն, Նախագահի արձագանքը շատ դրական էր, մանրամասները քննարկելիս կարծիք հայտնվեց, որ մրցանակը նաև դրամական խոշոր գումար ենթադրի: Կոնկրետ իմ կարծիքն այն էր, որ այս մրցանակաբաշխությունը գումարային գրավչություն չպիտի ունենա, վաղը մյուս օրը, ինչպես մշտապես արվում է ի հեճուկս մեզ, ադրբեջանցիները նմանատիպ մի մրցանակ էլ իրենք կսահմանեն, մեծ գումարներ կնվիրեն, արտաքին աշխարհում էլ կմտածեն, թե քանի որ նրանց մրցանակն, ասենք, մի քանի միլիոն դոլար է, ուրեմն ավելի հեղինակավոր է: Մենք շեշտը դրեցինք վարկանիշային, բարոյական կողմի վրա, համաշխարհային հանրության համար այդ հեղինակությունների վաստակի գնահատանքի պահը դրեցինք խորքում: Որոշումը կայացվեց, իհարկե, լավ գիտեինք, որ հեշտ չի լինելու: Կարևոր ու պատասխանատու պայման դարձավ նաև, թե ով է լինելու առաջին մրցանակն ստացողը, չէ որ հետագայում արժանացողները պիտի հետաքրքրվեին ու տեղեկանային, թե ովքեր են եղել նախորդ մրցանակակիրները: Շատ ճիշտ ընտրություն կատարեցինք, առաջին մրցանակակիր դարձավ «Ինթել» ընկերության հիմնադիր Քրեյգ Բարեթը, մի խարիզմատիկ անհատականություն,ով մրցանակն ստանալու համար չորս տարի առաջ կնոջ հետ եկավ Հայաստան, ով նույնպես խարիզմատիկ կերպար է, եղել է ԱՄՆ-ի դեսպանը Ֆինլանդիայում: Շատ շուքով նրանց ընդունեցինք, նախագահից ստացան մրցանակը, ծանոթացան երկրի հետ: 2013-ին Բարեթին հանդիպեցինք նաև հերթական Արմթեքում, ամերիկյան Սիլիկոնային հովտում, որտեղ նրա ներկա լինելը պատիվ էր համաժողովի համար: Հետո հանձնաժողովը երկրորդ մրցանակակիր ընտրեց Բիլ Գեյթսին: Բայց նա անձամբ նամակով պատասխանեց, որ առաջիկա երկու տարում չի նախատեսում այց դեպի մեր տարածաշրջան, բայց շատ շնորհակալ է, որ նման պատվի է արժանացել: Ցավում էր, որ հնարավորություն չունի անձամբ լինել Հայաստանում, իսկ դա մրցանակաբաշխության պարտադիր պայմաններից է: Մենք կարող էինք իրեն ուղարկել մրցանակը, բայց մեր նպատակը ոչ թե այն է, որ մեր մրցանակակիրը Բիլ Գեյթսն է, կամ որևէ մեկ ուրիշ հանրահայտ մարդ, մեր նպատակը այդ լուսավոր մարդկանց Հայաստան բերելն է, երիտասարդներին նրանց հետ շփվելու հնարավորություն ընձեռելը, մեր երկրի ու նրա ներուժի հետ տեղում ծանոթացնելը: Ապա քննարկվեց Սթիվ Ջոբսի տարբերակը, հանձնաժողովը նրան էր տալիս իր ձայնը, դա մեզ գրավում էր նաև այն պահով, որ Ջոբսին վաղ մանկությունից պահել մեծացրել էր հայ խորթ մայրը: Բայց, ցավոք սրտի, Ջոբսի հիվանդությունը խորացավ, և նա անժամանակ հեռացավ կյանքից: Քանի որ Սթիվ Ջոբսի անունը շատ հայտնի էր Հայաստանում, և նրա գործունեությունը նաև անմիջականորեն առնչվում էր Սթիվ Վոզնյակի անվան հետ, հանձնաժողովն ընտրեց հենց նրան: Վոզնյակը նույնպես տիկնոջ հետ այցելեց Հայաստան, նրա այցը շատ լավ լուսաբանվեց մամուլում, երիտասարդները նրան խանդավառ դիմավորեցին, ինչը անշուշտ մի նոր փայլ տվեց մրցանակաբաշխությանը: Երրորդ մրցանակակիրը դարձավ Ֆեդերիկո Ֆաջինը, ով միկրոպրոցեսորը հայտնագործողներից մեկն է, չորրորդը`Հիտաչի ընկերության նախկին նախագահ Ցուգիո Մակիմոտոն, ով իր ցանկությամբ տասը օր ավել մնաց Հայաստանում, այնքան նրան հետաքրքրել էր մեր երկրի պատմությունն ու այն ներուժը, որ տեսել էր երիտասարդության մեջ:

Խմբ. – Բոլոր մրցանակակիրների մոտ մարդկային հուզմունք եմ տեսել, եկել են իրենց անծանոթ երկիր, բայց հիացած` երկրի և նրա երիտասարդների մասին են խոսում` որպես հայտնագործում, իսկապես անմիջական շփումն է, որ մարդկանց մոտեցնում է միմյանց:

Հ.Մ. – Եթե Հայաստանն այսօր ունի իր բարեկամների ակումբը, որոնք խոշոր տրամաչափի մարդիկ են` գիտության, մշակույթի և այլն, ապա անպայման այս չորս մարդկանց տեսնում ենք այդ ակումբում: Պատկերացրեք, տասը տարի անցնի և տասը լուսավոր մարդիկ, ովքեր մեծ ներդրում են ունեցել համաշխարհային գիտության մեջ, անպայման նաև Հայաստանում և Հայաստանի համար ինչ-որ ձեռնարկումներ կունենան: Այդ մարդիկ եղել են Հայաստանում, դասախոսություն են կարդացել մասնագետների առջև, մարդաշատ հանդիպում են ունեցել երիտասարդների հետ, մամուլի միջոցով ներկայացվել են լայն հանրությանը: Օրինակ, եթե Վոզնյակը մի տեղ դասախոսություն է կարդում, երկու-երեք հարյուր հազար դոլար գումար է գնահատում իր այդ աշխատանքը: Բայց նա չորս օր Հայաստանում էր, ամենատարբեր հանդիպումների ժամանակ բազմաթիվ զրույցներ ունեցավ, մասնագետների համար դասախոսություն կարդաց, հարցերի պատասխանեց, իսկ մրցանակը մեր նախագահից ստանալուց հետո` ի լուր աշխարհի հայտարարեց, որ ՏՏ ոլորտում Նոբելյան մրցանակ չկա, և ինքն իր ստացած հայկական մրցանակը համարում է Նոբելյանին համարժեք մրցանակ: Ես բացառիկ մեծ նշանակություն եմ տալիս այս ամենին: Սա հատկապես պետք է նոր սերնդին: Իհարկե, շատ հոռետեսներ կային, մարդիկ պարզապես անհավանական էին համարում, որ մրցույթը իրականություն կդառնա: Վստահ ասում էին` չեն գա, ում է պետք այս ամենը, բայց հավատացեք, մեր միջավայրում որևէ գործ չես կարող անել, եթե այդ հոռետեսներին լսես: Եվ եթե նախաձեռնող, ոգևորվող մարդկանց մի համախոհ խումբ կա, որը հավատում է իր նախաձեռնած գործին, ուրեմն, պետք է համարձակ լինես ու գաղափարդ իրականություն դարձնես: Տարբեր երկրներում տարբեր մրցանակներ կան, բայց մեր մրցանակաբաշխության վարկանիշը բավական բարձր է: Եվ դրանում մեծ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ մրցանակակիրները հանրահայտ ու մարդկության առաջընթացի գործում հեղափոխական ներդրում ունեցած մարդիկ են:Հարցնում են` ի՞նչ դիվիդենտներ ունենք…Մակիմոտոն ուզում է Ճապոնիայի ՏՏ ոլորտում հայկական գործոնը ներկայացնել… Սա այն գործն է, որի արդյունքը մի քիչ ավելի ուշ ենք տեսնելու: Մուլտիպլիկացիոն հետևանքը այս ոլորտում անհամեմատ արդյունավետ է լինում:

Խմբ. – Չորս մրցանակակիրներն էլ ՏՏ ոլորտում ոչ միայն մտքի, այլև միտքը իրական հարստության վերածած բիզնեսմեններ են: Իսկ մեզ մոտ մտքի տեր մարդը միայն բարձր աշխատավարձ է երազում: Հարստությունը մեզ մոտ առայժմ ընկալվում է առևտուր, մենաշնորհներ, բիզնես,  մտքի արդյունք հարստությունը իրական հարստության վերածելու իրողությունը մենք դեռևս չունենք:

Հ.Մ. – Մեր հիմնական խնդիրն այս ոլորտում այն է, որ երիտասարդները նրանում իրենց անձնական մասնակցությունը թերագնահատում են, նրանք գերադասում են լավ ընկերություններում աշխատանքի անցնել և գոհանում են դրանով: Այս ոլորտում առաջընթացն ապահովում են Start up` նոր աստեղծ ընկերությունները, որոնք մտքերը արդյունքի պիտի վերածեն, փորձեն շուկաներ, պատվիրատուներ գտնել, բայց այդ գործընթացը առանց գումարի չի լինում: Այսինքն, տարբեր ոլորտներում արդեն կայացած հարուստները պիտի լինեն գումար ներդրողները, որպեսզի նորաստեղծ ընկերությունը արդյունավետ գործունեություն ծավալի: Կառավարության նոր նախաձեռնությունը նաև ներդրումների հոսքը խթանելու համար է: Իհարկե, ՏՏ ոլորտը գրավիչ, բայց նաև ռիսկային է, դու չգիտես, թե քո ստեղծածը ինչքանով պահանջարկված կլինի, այնքան արագ է փոխվում ամեն ինչ, մինչև ստեղծում ես, շուկա ես մտնում, պարզվում է` արդեն ուշացել ես: Բայց, համոզված եմ, որ մենք արդեն հասել ենք այդ փուլին և ցանկացած արտադրանքի ինքն արժեքում ինտելեկտուալ մասը պիտի որոշիչ լինի, որպեսզի դու մրցունակ լինես: Կարծում եմ, որ նոր գործարարների սերունդ կհասունանա, որը կֆինանսավորի ինտելեկտուալ բիզնեսը: Ուրախ եմ. որ դրա առաջին քայլն արված է Հայաստանում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s