2014թ.-ի Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) 7-րդ համագումարը:
Հ.Մուսայելյանի ելույթը բերված է ստորեւ:
Հարգելի գործընկերներ,
ՏՏ ոլորտն այսօր Հայաստանում ամենադինամիկ զարգացող և ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող ճյուղն է: Վերջին տարիներին ոլորտն ապահովել է 20-25% աճ, իսկ ՀՆԱ-ում նրա տեսակարար կշիռը կազմում է մոտ 3%, որը համադրելի է զարգացած շատ երկրների հետ: Իրավամբ, հաջողություններն ակնհայտ են: Հեռահաղորդակցության հետ միասին ՏՀՏ ոլորտի աշխատակիցների քանակը կազմում է շուրջ 15000: Ես կբերեմ մի քանի միջոցառումների օրինակներ, որոնք պարբերաբար անցկացվում են Հայաստանում և նպաստում են ոլորտի զարգացմանը: Բավական ուշագրավ է երկրի նախագահի ՏՏ ոլորտում ամենամյա մրցանակաբաշխությունը լավագույն ուսանողների համար, ինչը փայլուն նախաձեռնություն է լավագույններին ճանաչելու, խրախուսելու եվ խանդավառելու նոր սերնդին ընտրելու ՏՏ ոլորտը: Միջազգային միկրոէլեկտրոնիկայի ամենամյա օլիմպիադան, որն ամեն տարի անցկացվում է Հայաստանում: Այս տարի աննախադեպ մասնակցություն ապահովեց. 22 երկրների օլիմպիադաների հաղթողներ ժամանեցին Հայաստան՝ մասնակցելու եզրափակիչ փուլին: Կառավարության եւ մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության ցայտուն օրինակ է ArmTech բարձր տեխնոլոգիական ամենամյա կոնգրեսը, որն այս տարի չորրորդ անգամ տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում: Հայաստանի նման փոքր երկրի համար հիրավի ուշագրավ է նման ներկայացուցչական կոնգրեսի առկայությունը, ինչն արդեն երկրի տեխնոլոգիական բրենդի համբավ ունի, որի ժամանակ ձեւավորվում է Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման պլատֆորմը: Այս տարի եւ բովանդակային առումով, եւ մասնակիցների քանակով, բավականին հետաքրքիր անցավ Digitech միջազգային ցուցահանդեսը:
Ակտիվացել է վերազգային կորպորացիաների կողմից Հայաստանի նկատմամբ ուշադրությունը, եւ նրանցից մի քանիսը իրենց գիտական, կրթական եւ հետազոտական կենտրոններն են ուզում հիմնել Հայաստանում:Խոսքս վերաբերվում է Intel, Microsoft, Oracle, IBM և այլ ընկերություններին: Նախկինում, երբ խոսում էինք ՏՀՏ ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտների մասին, առաջինը նշում էինք ինտերնետի վատ որակը և սակագների թանկությունը: Այժմ ես կբերեմ մեկ օրինակ սակագների հետ կապված, որը բավական ցայտուն է արտահայտում տարբերությունը: Երբ 10 տարի առաջ մեր ընկերությունը մուտք գործեց Հայաստան, 1 կիլոբայթ/վայրկյան ինտերնետի սակագինը կազմում էր 12000 $, այժմ այն կազմում է մոտ 30 $, այսինքն այն էժանացել է 400 անգամ, որակն էլ անհամեմատ լավացել է: Վերոնշյալ օրինակները վկայում են, որ ՏՀՏ որոլտը Հայաստանում այսօր ամենադինամիկ զարգացող ճյուղն է: Սակայն ես չէի ուզենա, որ մենք այսօր լավատեսական կանխատեսումներով զբաղվենք, քանի որ առկա են նաև որոշ խնդիրներ, որոնց հաղթահարման դեպքում ավելի էական աճ կարձանագրվեր:
Առաջինը կրթական խնդիրներն են:
Ոլորտում այսօր առկա է շուրջ 2000 որակյալ մասնագետների պակաս և հիմնական պատճառն այն է, որ մեր տեխնիկական ուղղվածության ԲՈՒՀ –երը ի վիճակի չեն պատրաստել այնպիսի կադրեր, որոնք կարող են պահանջարկ ունենալ մասնավոր ընկերություններում համալսարանն ավարտելուց անմիջապես հետո: Այս իրավիճակի հիմնական պատճառները երկուսն են՝
- ԲՈւՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի որակը, և սա շատ օբյեկտիվ իրավիճակ է, քանզի չկա հնարավորություն անընդհատ վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար
- Բավարար տեխնիկական բազայի առկայությունը: Աշխարհի առաջնակարգ համալսարաններում, նմանատիպ լաբորատորիաների արդիականացման համար ծախսվում են տասնյակ միլիոնավոր դոլլարներ: Իսկ այդպիսի ծառայություններ, բնականաբար, մեր համալսարաններն իրենց թույլ տալ չեն կարող:
Հասկանալի է, որ կառավարությունը նույնպես լուրջ ազդեցություն չի ունենում այս պրոցեսների վրա: Բավական է միայն արձանագրել, որ բոլոր պետական համալսարաններին պետական բյուջեից տարեկան տրամադրվում է մոտավորապես 60 մլն դոլլար: Այդ է պատճառը, որ հեռահար նպատակներ ունեցող մասնավոր ընկերություններն իրենց վրա են վերցնում ընկերության համար որակյալ կադրերի պատրաստման պատասխանատվությունը: Մասնավորապես, Սինոփսիս Արմենիան ամբիոններ է բացել ճարտարագիտական համալսարանում, Երևանի պետական համալսարանում, հայ-ռուսական սլավոնական համալսարանում և եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում:
Մեր 700 աշխատակիցների մոտ 40% մեր նախկին ուսանողներն են: Նման համագործակցության մոդելները մասնավորի և համալսարանների միջև միակ քաղաքակիրթ ճանապարհն է որակյալ կադրեր պատրաստելու համար: Գոյություն ունի, իհարկե, նաև այլ ճանապարհ. ավելի բարձր աշխատավարձերով գայթակղել այլ ընկերությունների լավագույն աշխատակիցներին: Յուրաքանչյուր ընկերություն ունի իր մոտեցումներն ու քաղաքականությունը կադրերի պատրաստման և ձեռքբերման համար:
Երկրորդ լրջագույն խնդիրը նորաստեղծ ընկերությունների՝ Startup –ների ստեղծումն ու գլոբալ շուկաներ մուտք գործելն է:
Այս տեսանկյունից կար մի շատ լավ նախաձեռնություն կառավարության կողմից՝ նորաստեղծ ՏՏ ընկերություններին արտոնություններ տրամադրել 0% շահութահարկով և 10% եկամտահարկով: Այս օրենքի ընդունումը կարող էր լուրջ խթան հանդիսանալ ոլորտի զարգացման համար: Եվ ինչ եք կարծում, ինչ կատարվեց: Այն բարեհաջող կերպով տապալվեց ԱԺ–ի կողմից 1 ձայնով քվորում չապահովելու պատճառով: Բարեբախտաբար տառացիորեն երեկ Ազգային ժողովը ընդունեց այս օրենքը:
Երրորդ խնդիրը, դա տնտեսության տարբեր ոլորտներում ՏՀՏ-ն որպես գործիք օգտագործելն է:
Հայտնի է, որ տնտեսության լուրջ զարգացումների մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ տնտեսության տարբեր ոլորտներում աշխատանքի արդյունավետության բարձրացման համար օգտագործվում են ՏՀՏ գործիքները: Սակայն ցավոք սրտի Հայաստանում շատ քիչ գործարարներ են, ովքեր նման ինովացիոն մոտեցումներ ունեն: Եվ սա է հիմնական պատճառը, որ ինտելեկտուալ պրոդուկտների լուրջ պահանջարկ Հայաստանում այդպես էլ չի ձեւավորվում:
Իմ հնչեցրած երեք օրինակները կապված կադրերի պատրաստման, արտաքին շուկաների հաղորդակցման եւ ՏՀՏ գործիքների օգտագործման հետ բավականին բարդ խնդիր են հանդիսանում տեղական ընկերությունների համար, քանի որ պահանջում են խոշոր ներդրումներ:
Այս խնդիրները, որոնք, ըստ էության, բիզնեսի շարժիչ ուժն են, արդյունավետ լուծվում են օտարերկրյա կապիտալի վրա հիմնված ընկերությունների կողմից: Այս և նման օրինակները ցույց են տալիս, որ ՏՀՏ ոլորտում կայուն աճ ապահովող գործոնը տրանսնացիոնալ, վերազգային կորպորացիաներն են, որոնք, ըստ էության, խնդիրները լուծում են գլոբալ շուկայի տրամաբանությամբ:
Իմ խորին համոզմամբ ոլորտի զարգացման կարևորագույն բաղադրիչներից է կառավարության գործելաոճը, տրանսնացիոնալ ընկերությունների ուշադրությունը դեպի Հայաստան ուղղորդելը, ինչը կստեղծի բազմաթիվ աշխատատեղեր, կբերի նորագույն տեխնոլոգիական մշակույթ և կզարգացնի մեր կրթական համակարգը: