Բարձր տեխնոլոգիաները Հայաստանի այսօրն ու ապագան են

logo-eco

Ամսագրի խմբագրական խորհրդի անդամ դառնալով` տեխնիկական գիտությունների թեկնածու, ՏՏ ոլորտի կայացման ուղղությամբ համախոհների կուռ թիմի և կոնկրետ իր ղեկավարած համբավավոր ընկերությունների արդյունավետ աշխատանքով հանրությանը հայտնի Հովիկ Մուսայելյանը լրջորեն աջակցեց ամսագրի էջերում այս ոլորտի հաջողությունների ու խնդիրների ներկայացման և լուծման ընթացքի վավերագրմանը: Կարծես թե տարեցտարի առաջ շարժման պատկերը ներկայացված է ամսագրի թողարկումներում:
Հետևելով այդ ընթացքին` մենք ցանկանում ենք տեսնել այսօրվա հանգրվանը, ապագայի համար տեսանելի և դեռևս աներևույթ ակնկալիքները:

Արտավազդ Թադևոսյան – «ԼԵԴԱ սիսթեմզ»-ի տնօրենների խորհուրդը (որի միայն նախագահն էր հայ) սկզբում բավական թերահավատորեն էր վերաբերվում Հայաստանում մասնաճյուղ ունենալու գաղափարին: Սակայն երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում նրանք ընդունեցին, որ Հայաստանում ինժեներական միտքը ի զորու է լուծելու ամենաբարդ խնդիրները:
Առաջին օրերին բարձր որակավորում ունեցող ինժեներների թիվը 10-ն էր: Թվում էր` հայաստանյան աշխատաշուկայում առկա են սովետական տարիներից ժառանգություն մնացած բարձր որակավորում ունեցող ինժեներներ, սակայն շուտով արտասահմանյան պատվերների պահանջներին համապատասխան աշխատակիցների ընտրության գործընթ ացը հանգեցրեց ընկերության կողմից կադրային յուրօրինակ քաղաքականության մշակման անհրաժեշտությանը: Լուրջ մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ էին տարիներ, ինչպես նաև` խոշոր ներդրումներ:
Ընկերությունում կատարված նախագծերը ֆայլերի տեսքով ուղարկվում են Թայվան: Այնտեղի գործարանները դրանց հիման վրա արտադրում են միկրոսխեմաներ, որոնք օգտագործվում են միկրոէլեկտրոնային արդյունաբերության մեջ: Ընդգրկույթը` կենցաղային տեխնիկա, բժշկություն, ռազմական արդյունաբերություն, կյանքի բացարձակապես բոլոր ոլորտներ:
2000 թվականին Հայաստանում հիմնադրված մասնաճյուղի ղեկավար Հովիկ Մուսայելյանն ասում է. «Հասկանալի է, որ պետությունն այսօր հնարավորություն չունի կրթական լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու: Որոշ մասով այդ բեռն ստանձնում և պետք է ստանձնեն մասնավոր ընկերությունները: Դա շատ կարևոր հարց է, և պետությունը պետք է միայն ողջունի նման քայլը: Հայ ինժեներական մտքի մասին աշխարհը նոր միայն սկսում է իմանալ ու հասկանալ, որ այստեղ լուրջ աշխատանք է կատարվում»:
Մինչև 2003 թվականը ավելի քան 2000 մասնագետ դիմել էր աշխատանքի ընդունվելու համար, շատերն արտերկրից վերադառնում էին: Աշխատանքի ընդունվածներն ստանում էին 500-1000դոլար աշխատավարձ, բժշկական ապահովագրության հարցն էր լուծված»:
Խմբ. – Նույն հոդվածում առանձնահատուկ նշվում է նաև կրթության ոլորտում այս նույն ընկերության բերած նորարարության մասին: Բիզնեսի և համալսարանների համատեղ աշխատանքի նոր օրինակը առանձնահատուկ էր նրանով, որ այս անգամ Ռուսաստանի փոխարեն` հեռավոր Ամերիկայից էր Հայաստան մուտք գործում առաջավոր կրթական տեխնոլոգիան, գերժամանակակից նորությունները, ինչը մի քանի տարի անց հենց Հայաստանի միջոցով հասցվեց նաև Ռուսաստան` ավելի կոնկրետ` հայտնի ուսումնական հաստատություն ՄԻԵՏ: 2001-ին հիմք է դրվել «ԼԵԴԱ սիսթեմզ»-ի և Պոլիտեխնիկի համագործակցությանը, «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» մասնագիտությամբ միջդեպարտամենտալ ամբիոն և ուսումնական կենտրոն է ստեղծվել:
Հովիկ Մուսայելյան – «Ապագան պայմանավորված է երիտասարդությամբ, նոր միջավայրում նրանց ճիշտ կողմնորոշմամբ, մասնագիտության ճիշտ ընտրությամբ: Լավ կլինի, որ երիտասարդությունն իր ապագան իր երկրի հետ կապի: Թող «ԼԵԴԱ սիսթեմզ»-ի կայացման և հաջողությունների փորձը օրինակ լինի երիտասարդության համար: Դրսից շատ լավ են տեսնում այստեղի առավելությունները»:
Հոդվածում հիշատակվում է «ԼԵԴԱ սիսթեմզ»-ի օրինակին հետևած և Հայաստան մուտք գործած մյուս ամերիկյան ընկերության` «Քեյդնս դիզայն սիսթեմզ»-ի, և այս երկուսի կողմից Պոլիտեխնիկի նորաստեղծ ամբիոնին տրամադրած 20 մլն ԱՄՆ դոլար արժողության համատեղ ներդրման մասին` էլեկտրոնային նախագծման ծրագրային ապահովման փաթեթ և ծառայությունն եր, ինչը մի քանի անգամ գերազանցում է հանրապետության պետական բյուջեով բարձրագույն կրթությանը հատկացված գումարը:
Կրթության վրա մասնավոր ընկերությունների խոշորածավալ և հեռանկարային այս ներդրումը հետագայում շարունակեց և շատ բարձր նշաձողի հասցրեց «Սինոփսիս Արմենիան», այն օրինակ եղավ նաև Հայաստանում ստեղծված և զարգացած ընկերությունների համար: «Սինոփսիս Արմենիա»-ի կրթական դեպարտամենտի մշակած ուսումնական ծրագիրը ընկերությունը տարածեց աշխարհի այլ երկրների իր մասնաճյուղերում: Երիտասարդությանը և պատանիներին քաջալերելու և հայրենասիրությամբ ոգևորելու առումով ներգործուն նախաձեռնություններ դարձան նաև ՀՀ նախագահի մրցանակները լավագույն աշակերտների, ուսանողների, ասպիրանտների համար, միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան, որը վերաճեց և դարձավ միջազգային հեղինակավոր մրցույթ: Եվս մեկ մտահղացում` ՏՏ ոլորտում միջազգային բացառիկ ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը, որն արդեն հինգերորդ անգամ Հայաստան բերեց աշխարհահռչակ հեղինակավոր մարդկանց:
ԷԿՈնոմիկա-ի հետագա տարբեր թողարկումներում անդրադարձել ենք ինտերնետի անմխիթար վիճակին, կիբեռանվտանգության հարցերին, հարկային խոչընդոտներին, ոլորտում արագ զարգացում ապահոված տարբեր երկրների օրինակներին: ՏՏ ոլորտում զբաղված մասնավոր հատվածը և հասարակական կազմակերպությունները քայլ առ քայլ և ձեռք-ձեռքի տված առաջ տարան և կայացրին մի կուռ միջավայր, որն ըստ արժանվույն գնահատված է միջազգային մակարդակով: Գործարարների միությունը այս ոլորտին վերաբերող խնդիրներին անդրադառնում է տարբեր քննարկումներով, գործնական և ֆինանսական աջակցություններով: Հայաստանյան գործարարներն ակտիվորեն ներգրավվում են կրթական նորարարական նախագծերում: Առաջադեմ ընկերություններն իրենց դրական օրինակներով տարածել են այդ մշակույթը:
«Հայաստանի նավթային գործոնը հայ մարդն է…» թևավոր արտահայտությունը առաջին անգամ Հովիկ Մուսայելյանը հնչեցրեց գործարարների միության չորրորդ համագումարում նույն 2005-ին: Հետագայում հայ մարդու տաղանդը որպես Հայաստանի գլխավոր կապիտալ երևույթի մասին բազմաթիվ անգամներ ընթերցողներին է ներկայացվել Հայաստանում աշխատող և գործատու օտարների հետ զրույցներով:
Այսօր ի՞նչ կարող ենք ասել այդ Գործոնի մասին, արդյոք նա արժանին է ստանում, որպեսզի արժանին վերադարձնի իր երկրին:
Տասը աշխատողներով սկսել և …ուր են հասել այսօր: Միջավայրը փոխվել է, փոխվել են հարցադրումները, որակական նոր մակարդակի երիտասարդ մասնագետներ են պատրաստվել և արտադրություն մտել հենց Հայաստանում, նրանք արդեն իրենք են փոքր սթարթ ափ ընկերություններ հիմնում, աշխարհի տարբեր ծագերից պատվերներ ստանում և կատարում: Սա երիտասարդ հայ էլեկտրոնային ճարտարագետների թիվ մեկ երազանքն է` որպես երկրին ծառայելու առաջին հեռանկար: Սա այն է, ինչի մասին ասվում էր` որպես մրցակցային առավելություն և հեռանկար մեր երկրի համար: Արտերկրի ընկերությունները Հայաստանը դիտարկում են որպես գաղափարների մշակման դարբնոց, իսկ իրականացնողները լինում են բազմաքանակ բնակչությամբ և հնարավորություններով երկրները: Սա այն է, ինչի զարգացումը տաղանդ, գիտելիք, միտք, աշխատասիրություն է պահանջում, ազատ է տեղափոխման դժվարագույն ծախսերից ու ճանապարհային խնդիրներից: Համացանցն է այն անընդգրկելի տարածքը, որտեղ աշխարհեաշխարհ պտտվում է հայ ճարտարագետի աշխատանքի արդյունքը:
Ամսագրում տպագրված հոդվածների բովանդակության ժամանակագրական զարգացումներին հետևելով` տասնամյա ճանապարհին ֆինանսական ներդրումների և մասնագետների նոր հերթափոխի պատրաստման զուտ նյութական նհրաժեշտություններից այսօր արդեն հասել ենք միջավայրի հոգեբանական, մտավոր, լրջագույն ծրագրերի իրականացումների, ժամանակակից պահանջներին համահունչ ստեղծագործական վիճակի: Բարձր տեխնոլոգիաների հանրության առջև դրված խնդիրների նշաձողը շարունակ բարձրանում է: Միջավայրի որակական փոփոխությունը, նոր մտածելակերպը պետք է ընդլայնեն շրջանակները, գրավեն մեր երկրի աշխատանքային բոլոր ոլորտները, դառնան ապրելակերպ հանրության համար: Սա անտեսանելին է, այն, ինչ ակնկալվում էր ֆինանսական ներդրումների առաջին կարևոր փուլում:
Հովիկ Մուսայելյան – ՏՏ ոլորտն այսօր Հայաստանում ամենադինամիկ զարգացող և ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող ճյուղն է: Վերջին տարիներին ոլորտն ապահովել է 20-25% աճ, իսկ ՀՆԱ-ում նրա տեսակարար կշիռը մոտ 3 տոկոս է, որը համադրելի է զարգացած շատ երկրների հետ: Իրավամբ, հաջողություններն ակնհայտ են: Բավական ուշագրավ է երկրի նախագահի ՏՏ ոլորտում ամենամյա մրցանակաբաշխությունը լավագույն ուսանողների համար, ինչը փայլուն նախաձեռնություն է լավագույններին ճանաչելու, խրախուսելու և խանդավառելու նոր սերնդին ընտրելու ՏՏ ոլորտը: Միջազգային միկրոէլեկտրոնիկայի ամենամյա օլիմպիադան, որն ամեն տարի անցկացվում է Հայաստանում, այս տարի աննախադեպ մասնակցություն ապահովեց, աշխարհի տարբեր երկրներում անցկացված քսաներկու օլիմպիադաների հաղթողները ժամանեցին Հայաստան` մասնակցելու եզրափակիչ փուլին: Կառավարության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործ ակցության ցայտուն օրինակ է ԱրմԹեք բարձր տեխնոլոգիական ամենամյա կոնգրեսը, որն այս տարի չորրորդ անգամ տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում, որին մասնակցեց Հանրապետության Նախագահը: Հայաստանի նման փոքր երկրի համար հիրավի ուշագրավ է նման ներկայացուցչական կոնգրեսի առկայությունը, ինչն արդեն երկրի տեխնոլոգիական բրենդի համբավ ունի, որի ժամանակ ձևավորվում է Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման պլատֆորմը: Այս տարի և բովանդակային առումով, և մասնակիցների քանակով բավականին հետաքրքիր անցավ Դիջիթեք միջազգային ցուցահանդեսը:
Վերջին տարիներին բավականին ակտիվացել է վերազգային կորպորացիաների կողմից Հայաստանի նկատմամբ ուշադրությունը, և նրանցից մի քանիսը իրենց գիտական, կրթական և հետազոտական կենտրոններն են ուզում բացել Հայաստանում:
Հինգ տարի առաջ հանրապետության նախագահն ստորագրեց հրամանագիր ՏՏ ոլորտում Համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի ամենամյա մրցանակ հիմնելու մասին: Ստեղծվեց մրցանակաբաշխության կոմիտե և ընտրող հանձնաժողով:
Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում դերակատարումը բերել է հեղափոխական բնույթի զարգացումների:
Առաջին մրցանակը չորս տարի առաջ ստացավ ԻՆՏԵԼ կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրեթը: 2011-ին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացավ «Էյփլ» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, 2012-ին երրորդ մրցանակին արժանացավ միկրոպրոցեսորի հայտնագործողներից մեկը` Ֆեդերիկո Ֆաջինը, իսկ անցյալ տարի չորրորդ մրցանակն ստանալու համար Հայաստան էր ժամանել Հիթաչի ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն: Այս տարի հինգերորդ մրցանակակիրն է ողջ աշխարհում մեծ հեղին ակություն վայելող հանրահայտ Cisco ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան:
Միջազգային հանձնաժողովը, որը բաղկացած է 22 անդամներից, և որի անդամներից շատերը աշխարհի տարբեր երկրների ճանաչված հեղինակություններ են, որպես հաղթող ընտրեց հենց նրան, ինչն էլ հաստատվեց հանրապետության նախագահի հրամանագրով:
Մենք այլընտրանք չունենք, քան ապավինել գիտատար ճյուղերի զարգացմանը: Անհերքելի է, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ, և մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ռեսուրսները տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար դառնալու համար:
ՏՏ զարգացման համար միշտ, ինչպես տասը տարի, հինգ տարի առաջ նշել ենք, շարունակում է մնալ, և քանի ժամանակն անցնում է, այնքան ավելի կարևոր է դառնում` կրթության բաղադրիչը: Միայն կրթված, որակյալ կադրերը կարող են այսօր լուրջ դերակատարում ունենալ ոլորտում, և միայն նման կադրերը կարող են հետաքրքրություն առաջացնել վերազգային կորպորացիաների մոտ, որոնք շահագրգռված են Հայաստանում իրենց ներկայացուցչությունները բացելու: Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր Հայաստանում իրականում ոչ թե ՏՏ ոլորտի մասնագետների պակասն է խնդիր, այլ` որակյալ կադրերի: Պատահական չէ, որ բավական համբավավոր ընկերություններ որակյալ կադրային խնդիրներ ունեն, իսկ նման կադրեր պատրաստ ելը մեկ օրվա խնդիր չէ, տարիների աշխատանք է պահանջվում դրա համար: Մենք Պոլիտեխնիկի հետ միասին հատուկ ամբիոն բացեցինք, որտեղ միկրոէլեկտրոնիկայի ուսուցումը դրվեց միջազգային բարձր մակարդակի վրա: Չորս տարի բուհական համակարգում ուսուցման պրոցես տանելով` պատրաստում ենք որակյալ կադրեր: Դրանով չենք սահմանափակվում, Սինոփսիս Արմենիա, ՎիվաՍել-ՄՏՍ և Յունիքոմփ ընկերությունները նախաձեռնել են, կա պայմանավորվածություն վարչապետի և կրթության ու գիտության նախարարի հետ, հաջորդ տարի մտնելու ենք դպրոցներ, միկրոէլեկտրոնիկայի պիլոտային ծրագիր ենք իրականացնելու, ամբողջ Հայաստանի ֆիզմաթ թեքումով և բնագիտական հոսքային դասարաններ ունեցող ավագ դպրոցներում միկրոէլեկտրոնիկան, ծրագրավորումը, կապի համակարգերը որպես առարկա դասավանդելու համար, որպեսզի մեր տաղանդաշատ երեխաները շփվելով այս ոլորտի հետ դեռ դպրոցական տարիներից, ընտրեն այս մասնագիտությունները, չկորչեն ասպարեզից, բուհերի համապատասխան ամբիոնները սնվեն այս աշակերտներով: Դպրոցների տաղանդաշատ երեխաները այլ բուհեր ու մասնագիտություններ են ընտրում, ինչը համարում ենք կորուստ: Շատ արագ պետք է այդ ծրագիրը կազմենք: Երեխաներին պետք է օգնել ճիշտ գնահատել իրենց տաղանդը և երկրի զարգացման համար խիստ անհրաժեշտ մասն ագիտություններ ընտրել, ավարտել և անմիջապես աշխատանքային եռուզեռի մեջ մտնել:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s