Մոնոլոգ

Untitled

Ես կարծում եմ …
_DSCF2997Աստծո շնորհը
Ներելու կարողությունը Աստծո շնորհն է: Եթե չես կարողանում ներել` վտանգավոր է: Աշխատանքում, ընտանիքում, ընկերական հարաբերություններում չներես` չես ունենա վստահության այն բաժինը, որն օգնում է  գտնել տեղը հասարակության մեջ: Ներողամտությունն ամրապնդում է ընկերությունը: Գիտես ընկերոջդ, նրա ուժեղ եւ թույլ կողմերը: Դու ներողամիտ ես նրա թուլությունների հանդեպ: Նա էլ քեզ է ներել քո բացթողումների համար: Միայն այս դեպքում է հնարավոր կառուցել ջերմ ընկերական հարաբերություններ: Իմ ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է: Եթե որևէ մեկն ընտանիքը չի համարում իր ամենամեծ ձեռքբերումը, ուրեմն կյանքում քիչ բաների է հասել: Ընտանիքում հաջողակ չլինելով, չես կարող լիաժեք լինել: Պետք է ներդաշնակ լինել այն միջավայրում, որտեղ արարում ես, ապրում ու աշխատում:

պատահականություն

Ընտանիքի կազմավորումը ճակատագրի բերումով պատահականությունների շարք է: Եթե ես չորոշեի ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցն ավարտելուց հետո գնալ Պոլիտեխնիկ, կամ այն ավարտելուց հետո չգործուղվեի Էջմիածին` տնաշինական կոմբինատում աշխատելու, կկատարեի այլ ընտրություն եւ կունենայի  ուրիշ ընտանիք:

մնացած կյանքի առաջին օրը

Մենք` հայերս, ընտանեկան արժեքնեը վեր ենք դասում ամեն ինչից, շարունակում ենք հոգալ մեր երեխաների կարիքները, և մեր հոգատարությունը երբեմն վնասում է իրենց: Ծնողի համար երեխաները միշտ փոքր են, հոգատարության կարիք ունեն, բայց մի օր հասկանում ես, որ նրանք արդեն կայացած են, ու պետք չէ խառնվել նրանց կյանքին: Մենք փորձում ենք անընդհատ օգտակար լինել: Երբ երիտասարդ ես ու կյանքն առջևում է, քիչ ժամանակ ես տրամադրում նրանց, իսկ երբ թոռնիկ է ծնվում` վերաարժեքավորում ես կյանքդ: Թոռնիկը  թուլություն է: Երեխայի հետ հարաբերությոններում լրիվ ուրիշ մարդ ես դառնում: Երեխայի ծնունդը հրաշք է, նրա հետ ես կապում բոլոր այն նպատակները, որոնք չես իրականցրել: Երիատասարդ տարիքում երբեք չես մտածում, ինչքան է մնացել, բայց մեծանալով ու իմաստնանալով հասկանում ես, որ ամեն օրը մնացած կյանքի առաջին օրն է:

անտարբեր մարդիկ

Բարդ կլինի ապրել, աշխատել, հարաբերվել` չվստահելով մարդկանց:  Վստահությունն ամենակարևորն է մարդկային հարաբերություններում: Իհարկե, հիասթափություն ես ապրում, երբ զգում ես, որ երբեմն պետք չէր այդքան բացվել ու անկեղծանալ: Գնահատում եմ այն մարդկանց, ում վստահում եմ: Փորձում եմ հեռու մնալ մարդու անտարբեր տեսակից: Անտարբեր մարդուց վատ բան չկա: Մեծերից մեկն ասել է` մի՛ վախեցեք ընկերներից, նրանք կարող են միայն դավաճանել, մի՛ վախեցեք թշնամիներից, նրանք կարող են միայն սպանել, վախեցե՛ք անտարբեր մարդկանցից, ովքեր կարող են ամեն ինչ անել:

դավաճանություն

Չկա մեկը, որ անտարբեր լինի դավաճանության հանդեպ: Այն խոցում է: Մենք շրջապատված ենք պոտենցիալ լավ ու բարի մարդկանցով, դավաճաններով, սրիկաներով: Երջանիկ է նա, ով իր կյանքի տարբեր փուլերում հանդիպում է լավ մարդկանց, որոնք իրար համախոհ են, լիցք են տալիս ու ոգևորում: Դժբախտ է այն մարդը, որը իրականում լավ մարդ է, բայց նրան միայն սրիկաներ են շրջապատում: Պետք է հանդիպել մարդկանց, որոնք ուժ են տալիս: Հուլիոս Կեսարը պատրաստ էր թույն խմել` ընկերոջ ու հավատարիմ մարդու դավաճանությունը չտեսնելու համար: Ու, այնուամենայնիվ, Կեսարը կյանքից հեռացավ դավաճանի ձեռքով:

համբերություն

Կուզեի ավելի համբերատար լինել: Ինձ չճանաչողները կարող են կարծել, թե համբերատար եմ, բայց իրականում այդպես չէ: Գուցե իմաստության պակասն է պատճառը, շուտ եմ բռնկվում, այդ ժամանակ կարող եմ ասել բաներ, որոնց համար հետո զղջում եմ: Հիշաչար չեմ: Ես մոռանում եմ, բայց մյուսները հիշում են…

Հարգում ես, հարգված ես, վստահում ես, քեզ են վստահում. սա է այն միջավայրը, որտեղ ինձ լիարժեք եմ զգում: Միայնակ ոչնչի հասնել չես կարող: Երբեք չպետք է ինքդ քեզ իդեալականացնես, մենք ամեն օր սովորում ենք: Վատ չեմ զգում, երբ ինչ որ մի բան չեմ իմանում: Կան երիտասարդներ, ովքեր շատ ավելի բան գիտեն, տեխնիկապես ավելի գրագետ են, կենսափորձ ունենալու դեպքում էլ կարող են ավելի հաջողակ լինել: Այն կոլեկտիվներն են հաջողության հասնում, որոնք կենսափորձն ու երիտասարդության գիտելիքը համադրում են ընդանուր օղակում:

հավատ

Հաջողության հասնելու համար նախ եւ առաջ պետք է հավատալ երկրի ապագային: Մեր երիտասարդներից շատերը ու նույնիսկ շատ պաշտոնյաներ չեն հավատում երկրի ապագային: Հարավային Կորեայում հանդիպեցինք «Սինոփսիս Արմենիայի» նախկին 7 աշխատակիցների: Նրանք աշխատում են Samsung-ում: Փայլուն տղաներ են, հպարտ եմ, որ նման կադրեր ենք ունեցել: Հավատում եմ, որ նրանց տեղը Հայաստանն է: Իրենք էլ այդպես են կարծում ուհամոզված են, որ իրենց տեղը Հայաստանն է: : Գնացել են աշխատելու՝ տեխնոլոգիական խոպանում: Գնացել են դրամ վաստակելու, բայց անպայման վերադառնալու են: Samsung-ում 15 հայ է աշխատում: Տղաները հաշվել էին, որ ընկերությունում բնակչության մեկ շնչին ընկնող օտարերկրացնիների քանակով հայերն առաջինն են: Շատ հնարավոր է, որ նման պատկեր լինի նաեւ այլ համաշխարհային համբավ ունեցող ընկերություններում: Պատկերացնո՞ւմ եք` այդ ինտելեկտուալ պոտենցիալը հավաքվեր և ուղղորդվեր Հայաստան: Մնայուն արժեքները պետք է ստեղծել Հայաստանում: Դրսում ստեղծված արժեքները միշտ վտանգված են:

Հեղինակ՝ Հայկուհի Ասատրյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s