2015թ. ապրիլի 12-ին Վատիկանից՝ Սբ. Պետրոս Մայր տաճարից, ուղիղ հեռարձակմամբ, միլիոնավոր մարդիկ հետևում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը` պապական պատարագին և հայածես հոգեհանգստին: Պատմական այդ իրադարձության առիթով Վատիկանում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մշակույթի, գիտության նվիրյալներ, գործարարներ: Տաճարը լի էր տարբեր երկրների հայկական համայնքներից ժամանած բազմաթիվ պատվիրակներով: Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլկիկիո Արամ Ա կաթողիկոսին թափորն ուղեկցեց դեպի խորան: Զատկին հաջորդող երկրորդ կիրակի օրը կաթոլիկ աշխարհը տոնում է Աստվածային ողորմության տոնը: Հատկապես այդ կիրակին էր ընտրված` հիշեցնելու Հայոց մեծ եղեռնից հետո աստվածային ողորմությամբ հայ ժողովրդի վերստին հարությունը: Արարողության ընթացքում Հայ եկեղեցու սուրբ Գրիգոր Նարեկացին դասվեց Տիեզերական Եկեղեցու վարդապետների շարքը: Տեսանյութում Ֆրանցիսկոս պապի ելույթը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի քարոզը և ողջույնի խոսքը` Սրբազան քահանայապետին ներկայացված են ամբողջությամբ: ՀՀ պատվիրակության անդամները (այդ թվում նաեւ Հովիկ Մուսայելյանը) գնահատում են պատմական այս իրադարձությունը, կիսում տպավորությունները: