2015թ-ի սեպտեմբերի Հայաստանի ֆիզիկամաթեմատիկական ուղղվածության հինգ դպրոցներում պիլոտային ծրագիր կանցկացվի, որի շրջանակում ավագ դասարաններում որպես պարտադիր առարկա կներմուծվեն և կդասավանդվեն միկրոէլեկտրոնիկա, ծրագրավորում և հեռահաղորդակցություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
«Նախաձեռնությունը պատկանում է «Սինոփսիս Արմենիա», «Վիվասել» և «Յունիքոմփ» ընկերություններին: Ծրագիրը աննախադեպ է նրանով, որ աշխարհում չկա նման բան, որ այս առարկաները դպրոցում պարտադիր ուսուցման մեջ ներառված լինեն: Կարծում եմ, որ տարիների ընթացքում այս դպրոցների քանակը կավելանա, և սա կարող է շախմատի ֆենոմենը կրկնել ՏՏ ոլորտում»,-ասաց նա:
Հովիկ Մուսայելյանը նշեց, որ ներկայումս ՏՏ ոլորտի աշխատաշուկայում շուրջ 2000 որակյալ մասնագետների պակաս կա և եթե այս պահին նման մասնագետներ լինեին Հայաստանում, ապա աշխատանքով կապահովվեին:
«Դպրոցական այս ծրագիրը նաև միտված է լրացնելու աշխատաշուկայում առկա բացը: Երեխաները այս ծրագրի շնորհիվ ավելի վաղ տարիքից կսկսեն հետաքրքրվել ՏՏ ոլորտի աշխատանքով, այս մասնագիտությունները կընտրեն համալսարաններում: Ավարտելուց հետո աշխատանքի կկարողանան ընդունվել Հայաստանում ներկայացված ՏՏ ոլորտում համբավ ունեցող միջազգային ընկերություններում և իրենց կյանքը կկապեն Հայաստանի հետ»,-ասաց նա:
Հովիկ Մուսայելյանն ընդգծեց, որ այսօր հայ մասնագետներին խթանելու անհրաժեշտություն կա և դրա համար պետք է տարբեր նախաձեռնություններ իրականացնել: