Եթե բիզնեսը հիմնական առանցքը չի լինում, հայրենասիրությունը վաղ թե ուշ մղվում է երկրորդ պլան, մղումներն էլ գնալով մարում են:
«Սինոփսիս Արմենիայի» 10-ամյակի կապակցությամբ, Armef News-ի խնդրանքով, ընկերության գործունեությունն է ներկայացնում տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
1990-ականներին, ԽՍՀՄ փլուզումից հետո, Հայաստանում օտարերկրյա հիմնական ներդրողները հայեր էին: Այն ժամանակ ներդրումների և ընդհանրապես` Հայաստանում գործունեություն ծավալելու առումով հիմնականում առաջ մղող ուժը հայրենասիրությունն էր: Ներդրողների թվում կային Հայաստանից նախկինում արտագաղթած անձինք, ովքեր լավ պատկերացում ունեին հայաստանյան ներուժի մասին, և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նրանք նույնպես ստորաբաժանումներ բացեցին: Վերջիններիս պարագայում առաջնայինը բիզնես գործոնն էր, որը շատ կարևոր էր, որովհետև եթե բիզնեսը հիմնական առանցքը չի լինում, ապա վաղ թե ուշ հայրենասիրությունը մղվում է երկրորդ պլան, մղումներն էլ գնալով մարում են: Այս տարիների ընթացքում նման օրինակները բազմաթիվ են:
«Սինոփսիսում» հայկական ծագումնաբանություն փնտրել պետք չէ
Միանշանակ է, որ «Սինոփսիսի» պարագայում հայրենասիրության խնդիր չկա: «Սինոփսիսում» հայկական ծագումնաբանություն փնտրել պետք չէ: Նման բան չկա: Սա զուտ բիզնես շահեր հետապնդող համաշխարհային առաջատար գլոբալ ընկերություն է, որ ստորաբաժանումներ ունի աշխարհի շուրջ 44-45 երկրներում, և որի հիմնական նպատակն է` տարածաշրջանային զարգացումների շնորհիվ կարողանալ էժան ինքնարժեքով որակյալ արտադրանք ստանալ: Նման չափանիշներով էլ ընտրվել է նաև Հայաստանը:
2004թ. «Սինոփսիսը» գնեց ամերիկյան երկու ընկերությունների ստորաբաժանումներ` «Մոնթերեյ Արսետ» և «Լեդա սիստեմս», որոնց հիմնական աշխատակազմերը Հայաստանում էին: Ըստ էության` այս երկու ընկերությունների հայկական ստորաբաժանումների միացումից էլ ստեղծվեց «Սինոփսիս Արմենիան»: Հետագայում ևս երկու նմանատիպ գնումների արդյունքում ամերիկյան երկու ընկերությունների հայկական ստորաբաժանումներ ավելացան: Եվ 2007-ից արդեն ամերիկյան չորս ընկերությունների ստորաբաժանումների միավորումից ստեղծվեց «Սինոփսիս Արմենիան»:
Հայաստանում հասկացան` ինչ-որ լավ բան է կատարվել
Ինչ կարելի է ասել այս տասը տարիների մասին. Հայաստանի հանրությունը և իշխանությունները շատ լավ հասկացան, որ Հայաստանում ինչ-որ լավ բան է կատարվել, աշխարհում հայտնի, համաշխարհային առաջատար ներդրող է մտել Հայաստան: Բայց թե այդ ընկերությունը կոնկրետ ինչով է զբաղվում` հիմնականում հետաքրքրում էր նեղ մասնագիտական շրջանակներին:
Այդուհանդերձ, շնորհիվ «Սինոփսիսի» ակտիվ գործունեության, այսօր շատերը գիտեն, թե մեր ընկերությունն ինչով է զբաղվում Հայաստանում: Բացի ինժեներականից, գիտեն նաև մեր այլ առաքելությունների մասին, որ «Սինոփսիսը» կորպորատիվ պատասխանատու ընկերություն է ու շատ շահագրգիռ է երկրում ՏՀՏ ենթակառուցվածքների զարգացմամբ: Այս տարիների ընթացքում մենք ինքներս էլ շատ ենք նպաստել, որպեսզի այդ ենթակառուցվածքները զարգանան: Դա արվել է տարբեր նախաձեռնությունների տեսքով: Այստեղ իրականացվող ցանկացած ծրագիր նախկին ծրագրերի շարունակությունն է, դրանց գեներացումը:
Համաշխարհային պրակտիկայում առաջինը Հայաստանում
Կոնկրետ այս տարի «Սինոփսիսը» հանրապետության հինգ ավագ դպրոցներում աննախադեպ ծրագիր է սկսում «ՎիվաՍելի» և «Յունիկոմփի» հետ: Ծրագրի նպատակն է ֆիզիկամաթեմատիկական ուղղվածության հինգ դպրոցներում միկրոէլեկտրոնիկան, հեռահաղորդակցությունը և ՏՏ-ն դարձնել ուսուցման պարտադիր առարկաներ: Դրանք կփոխարինեն ինֆորմատիկային, բայց կլինեն հիմնական դասավանդվող առարկաներ: Համաշխարհային պրակտիկայում նման բան չկա: Այս ծրագիրը շարունակությունն է դեռևս 10 տարի առաջ «Սինոփսիսի» սկսած մեկ այլ ծրագրի: Փորձը ցույց տվեց, որ դպրոցում, նույնիսկ ֆիզիկամաթեմատիկական ուղղվածության, շատ անելիք կա: Մասնագիտական կողմնորոշման առումով լուրջ բացեր կան: Մենք փորձում ենք այդ բացերը լրացնել, որպեսզի նրանք դպրոցում, վերջին դասարաններում, առնչվեն նեղ մասնագիտական թեմաների ու հենց դպրոցում բացահայտեն իրենց այս կողմնորոշումը: Դա հնարավորություն է տալիս բավական երիտասարդ տարիքում ձևավորվել որպես լուրջ մասնագետներ:
«Սինոփսիսի» միջոցով բարձրագույն տեխնոլոգիական կրթության համակարգում այսօր ձևավորվել է դպրոց-բուհ-աշխատուժ շղթան: Թեև մեր ընկերությունը խնդիր չի դնում աշխատուժ ստեղծել բոլորի համար, բայց դա որոշակի արվում է և, շատ լավ է, որ արվում է: Մտածելով իր աշխատուժի մասին` միաժամանակ ամեն ինչ անում է, որ այս ոլորտը երկրում զարգանա, քանի որ չի կարող թերզարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրում գիտությունն ու գիտահետազոտական ամբողջ բլոկը առաջընթաց ապրել: Իհարկե` ԽՍՀՄ-ում Հայաստանը այս ոլորտի առաջատարներից էր, բայց համաշխարհային մակարդակով շատ ետ էր մնում, չնայած այդ ժամանակ եղած ներուժը շատ լավ օգտագործվում էր:
Պետք է արագ արդիականացվի կրթության տեխնոլոգիական համակարգը
Արդեն քանի տարի է` խոսում ենք, որ որակյալ կադրերի լուրջ պակաս ունենք: Եթե որակյալ կադրերի պակաս կա, և դրանք հաշվվում են հազարներով, նշանակում է` եղած ներուժն արդեն իսկ օգտագործվում է: Այսինքն` այս ոլորտի համար ինչքան կարող մարդ կա, աշխատաշուկայում է: Այդուհանդերձ` այդ շուկան լուրջ համալրման կարիք ունի:
Եթե հպարտանում ենք, որ մեր հիմնական հարստությունը մարդկային կապիտալն է, բայց պարզվում է, որ մարդկային կապիտալի համալրման խնդիր ունենք այս ոլորտում, նշանակում է` աշխատաշուկայում չիրացված ներուժի մասին խոսելն անիմաստ է:
Չիրացված ծրագրեր կան կրթության համակարգում, որովհետև եթե չկա նորմալ կրթություն, ապա որակյալ կադր չենք կարող պատրաստել: Ներմուծել, դրսից առավել ևս չենք կարող: Նշանակում է` պետք է կենտրոնանանք կրթության վրա, որի արդյունքները, կրթության մեջ ունեցած հաջողությունները կզգանք միայն 7-8 տարի հետո: Կրթական լայնածավալ ծրագրեր իրականացնելով տարբեր համալսարանների հետ` արդյունքներ ստացանք միայն 5-6 տարի հետո:
Եթե այսօր ոլորտում կա 2000 աշխատողի պակաս, ապա պետք է արագ արդիականացվի կրթության տեխնոլոգիական համակարգը, և արդյունքի սպասել ոչ շուտ, քան 5 տարի հետո: Մինչդեռ մեզանում վերջին տարիներին մեխանիկորեն ավելացրել են ՏՀՏ ոլորտի մասնագիտությունների ընդունելությունը, ինչն իրականում ոչինչ չի տալիս: Եթե, ըստ վիճակագրության, բուհերի այս ոլորտի շրջանավարտների ընդամենը 7-8%-ն է աշխատում մասնագիտությամբ, եթե դրանց 90%-ն էլ «Սինոփսիսի» ծրագրով են, ապա դրանով շատ բան չի փոխվում: Դրա համար առաջին հերթին պետք է ոլորտի «գույքագրում» կատարվի, հստակեցվի, թե այսօր քանի ընկերություն կա Հայաստանում: Հիմա այդ առումով տարբեր թվեր են հնչում:
Լսում ես` ամեն տարի 25-30% աճ, բայց հարկերը չեն ավելանում
Ամենևին պետք չէ քանակի ետևից ընկնել, ասել` թե անցած տարի այդ ընկերությունները 300 էին, այս տարի՝ 400: Պետք է հստակեցնել, թե ոլորտային ինչքան մասնագետի կարիք կա տվյալ պահին: Շատ փոքր ժամանակամիջոցներում այդ թվերը փոխվում են, աճում: Ի վերջո` գլոբալ շուկան է թելադրում կադրային ռեսուրսների ճիշտ օգտագործման գործընթացը: Դրա համար սկզբունքորեն լինում են կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ` կապված մասնագետների թվի հետ: Պետք է լինի խումբ, որը կկարողանա ճիշտ գնահատել` Հայաստանում ՏՀՏ ոլորտի տարբեր ճյուղերում ինչ գործընթացներ են իրականացվում, կարդային ինչ ռեսուրսների կարիք կա և այլն: Սա շատ դժվար աշխատանք է, բայց եթե դա չարվի, ու բավարարվենք հայտարարելով, որ Հայաստանում 400 ընկերություն կա, շրջանառությունը ամեն տարի 25%-ով ավելանում է և այլն, ապա մեր հասարակությունն ու պետությունը այդ փոփոխությունը չեն զգալու: Պետությունը ոլորտի վիճակը գնահատում է հարկերի միջոցով: Լսում ես` ամեն տարի 25-30%-ի աճ, բայց հարկերը չեն ավելանում:
Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում Հայաստանի տեղը օբյեկտիվ չէ
Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում Հայաստանի տեղը, ըստ իս, օբյեկտիվ չէ: Հայաստանը պետք է ավելի լավ տեղերում լիներ: Բայց դա պետք է արվի այստեղ աշխատելով: Այլապես նրանք որտեղից են իմանում մեր վիճակը: Բնականաբար` մեզանից: Անհրաժեշտ է բալանսավորված կենտրոնի գոյություն, որը կհամակարգի այդ ամենը: Այսօր այդ կենտրոնը, համակարգողը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն է, բայց վերջինս էլ այդքան ռեւսուրս չունի, որ կարողանա բոլոր առումներով այդ տեղեկատվությունը մարսել:
Մենք ոլորտի մեջ ենք, գիտենք մեր խնդիրները, շփվում ենք մեր հարակից ճյուղերի հետ, դրանով իսկ պատկերացում կազմում նաև նրանց խնդիրների մասին: Բայց չինովնիկներն ունեն առօրյա բազմաթիվ հարցեր: Սկզբունքորեն` չինովնիկն այդքան ժամանակ էլ չունի հարցի մեջ խորամուխ լինելու համար: Նաև այդ պատճառով այս ոլորտում համակարգված աշխատանքի կարիք կա: Մեր պաշտոնյաները, թերևս օբյեկտիվորեն, այդուհաներձ` հիմնականում զբաղված են այսրոպեական խնդիրներ լուծելով: Նրանք, լսելով ոլորտի մասնագետներին, պետք է կարողանան գտնել այն ընդհանրությունները, որոնք ցույց են տալիս ոլորտի իրական վիճակն ու նաև խնդիրները:
Մեր բոլորը ծրագրերը պետությանն աջակցող են: Մենք պետությունից ոչ մի կոպեկի ակնկալիք չունենք: Չենք էլ ուզում ունենալ, որովհետև մեր պետությունն այսօր այն վիճակում չէ, որ գաղափարներ մտածենք ու սպասենք պետության ֆինանսավորմամբ իրականացնելու: Մենք դրա ժամանակը չունենք: Իրականում մեզ համար ժամանակը շատ թանկ է:
Նվիրված մարդիկ պետք է միավորվեն, որպեսզի հնարավոր լինի երկրի ընդհանուր մթնոլորտը փոխել
Ունենք շատ լավ գործընկերներ, որոնց նաև մասնակից ենք դարձրել մեր տարաբնույթ ծրագրերին, և գործընկերային փայլուն համագործակցության բազմաթիվ դեպքեր ունենք, որոնք իրենց արդյունքները տվել են:
Առաջին խնդիրը ճիշտ ախտորոշումն է, նաև այս ոլորտում, բայց սկսած կրթությունից. կրթություն, արտադրություն, գիտություն, հետազոտական աշխատանք և այլն: Ու պետք է փորձել ամբողջ կողմ ու դեմ փաստարկները ի մի բերելով հասկանալ` որն է այս ոլորտի զարգացման մրցակցային առավելությունը:
Պետք է սկսել դպրոցից: Այսօր շատ քարկոծվում է ավագ դպրոցը: Մեր դիտարկումներով` ավագ դպրոցը բավական շատ դրական բաներ ունի: Նախ` երեխաներն ավելի հասուն են, բնագիտական օլիմպիադաներում հատկապես վերջին տարիներին բավական հաջողակ են: Լավ դպրոցներ ունենք, որոնցից շատերի հետ էլ աշխատում ենք: Հիմա աշխատում ենք Մանկավարժական համալսարանի հետ, որ կարողանանք ինֆորմատիկայի վերամասնագիտացման համապատասխան մասնագետներ պատրաստել: Մեր ուսումնական դեպարտամենտում վերապատրաստում են անցնում միկրոէլեկտրոնիկայի մի քանի ուսուցիչ, ովքեր պետք է վերապատրաստեն մյուս ուսուցիչներին, և ողջ գործընթացը վերատադրության սկզբունքով պետք է զարգանա:
Չի բացառվում, որ այդ հինգ դպրոցների համապատասխան դասընթացների համար ծրագրեր մշակենք: Ուղղակի դեռևս չենք հասել դրան, դեռևս խնդիրներ ունենք լուծելու, սկսենք, որից հետո արդեն տարբեր առաջարկներ ու դրսևորումներ կլինեն:
10 տարի է` միջազգային օլիմպիադա ենք անում: Ամեն տարի մասնակից երկրների թիվն ավելանում է: Հայաստանի ճանաչելիությունն ու վարկը տարեցտարի բարձրանում է այս ոլորտում: Կրթական մրցանակաբաշխություններ ենք անում: Բայց մեր նշանաբանն է` «խոսել արած գործերի մասին»:
Իմ լավատեսությունը հիմնականում պայմանավորված է այն բանով, որ ես այս միջավայրում եմ աշխատում, մի թիմի հետ, որն ինձ անընդհատ ոգևորում է: Մարդկանց հետ, ովքեր կիրթ լինելուց զատ, նաև նվիրված են: Այդ դեպքում մարդն իրեն լիարժեք է զգում: Նման մարդիկ պետք է շատ լինեն, միավորվեն, որպեսզի հնարավոր լինի երկրի ընդհանուր մթնոլորտը փոխել: