Նշենք, որ օրերս հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 2.4 տոկոսի անկում: Ամենամեծ անկումը՝ մոտ 6 տոկոս, արձանագրվել է հեռահաղորդակցության ոլորտում: ՏՏ ոլորտներում արտադրությունը նվազել է 1,3 տոկոսով, առևտուրը և ծառայությունները՝ 3%–ով:
Համաշխարհային ՏՏ մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նույնպես համաձայն չէ վերը նշված թվերի հետ և Tert.am–ի հետ զրույցում ներկայացրեց իր հիմնավորումները, որոնցից առաջինը մեթոդոլոգիաների տարբերությունն է, ինչի հետևանքով անընդհատ տարբեր թվեր են ներկայացվում:
Ինչ վերաբերում է այլ գործոններին, ապա ըստ Մուսայելյանի՝ նշված 35 ընկերությունները «սթարթափ» ընկերություններ են, որոնք, հիմնականում, սկզբում աշխատում են վնասով:
«Ես այդպիսի «սթարթափ» ընկերություն չգիտեմ, որ միանգամից բացվել է ու ապահովել է եկամուտներ.մինչև բացում են, մինչև թիմ են համալրում, և եթե ինչ-որ ժամանակ զրո եկամուտ են ունենում, դա էլ է նորմալ, մինչև իրենք սկսեն արդեն օգուտով աշխատել»,-ասաց Հովիկ Մուսայելյանը՝ ընդգծելով, որ դա դեռ ՏՏ ոլորտում ընդհանուր ծավալների ավելացման կամ պակասեցման համար դեռ ցուցանիշ չէ: Փոխարենը, ցուցանիշ են ՏՏ ոլորտում ստեղծվող նոր աշխատատեղերը, ոլորտում կատարված ներդրումները:
«Երկրորդը, նաև շատ ընկերություններ, նաև՝ տրասննացիոնալ, իսկ Հայաստանում հիմնական ծավալները ապահովում են տրանսնացիոնալները՝ արտադրանքի և ծավալների առումով, և այդ ընկերություններից շատերն իրենց եկամտաբերության ստրատեգիան ողջ տարվա ընթացքում են իրականացնում: Եվ շատերի մոտ լուրջ եկամուտները սկսում են երևալ տարվա վերջում, և ընկերությունների այդ ցուցանիշները եռամսյակով, կիսամյակով չափելը չի բնորոշում այդ ընկերության ռեալ իրավիճակը»,-նշեց «Սինոփսիս» ընկերության ղեկավարը, ով ոլորտի ընդհանուր իրավիճակի հետ կապված որևէ մտահոգություն չի տեսնում: Ասում է՝ ծավալներն ավելանում են, ոլորտում ընդգրկված աշխատողների քանակն ավելանում է:
«Ինչ վերաբերում է տեղական ընկերություններին, որոնք ծառայություն են մատուցում կամ համակարգիչներ ու ծրագրեր են վաճառում, բնական է, որ այդտեղ անկում պետք է լինի, որովհետև այդտեղ չի կարող չլինել: Եթե մարդկանց գնողունակությունը պակասում է, առևտուրն ընկնում է, մարդիկ սկսում են ավելի քիչ գնել»,- ավելացրեց Հովիկ Մուսայելյանը՝ նշելով, որ գլոբալ՝ հիմնական ծառայություններ մատուցող ընկերություններում կա կայուն աճ:
Հովիկ Մուսայելյանը ներկայացրեց ՏՏ ոլորտի 2015 թ. հիմանական ծրագրերին, որոնցից մեկը, որով ամենաշատն են հպարտանում: Այսպես, այս տարվա սեպտեմբերի 1-ին ողջ աշխարհում առաջին անգամ Հայաստանի 6՝ ֆիզմաթ ուղղվածության դպրոցներում սկսվում է պիլոտային ծրագիր (Կրթության նախարարության հետ համատեղության կարգով), որով միկրոէլեկտրոնիկան, ծրագրավորումը և հեռահաղորդակցությունը դառնում են պարտադիր առարկաներ: Հաջորդ տարի նման դպրոցների թիվը կընդլայնվի եւս 10-ով:
«Իսկ առաջիկա 5 տարում պլանավորում ենք, որ մոտ 60-70 դպրոցներում այդ առարկաները կլինեն պարտադիր»,-Հովիկ Մուսայելյանը սա համարում է «շախմատի երկրորդ ֆենոմեն», որն իրականանում է Հայաստանում: Իսկ «հայկական ֆենոմեն է համարում», քանի որ պնդում է, որ որևէ երկիր նման ճանապարհով չի գնացել:
«Դրսից շատ զարմանում են, որովհետև ասում են՝ «մենք երկար տարիներ անընդհատ քննարկում, քննարկում ենք այս թեման, բայց ռիսկ չենք անում, իսկ դուք արդեն անում եք»,-օտարերկրյա գործընկերներին մեջբերեց ՏԱՏ ոլորտի մասնագետը:
Նշենք, որ հոկտեմբերին միկրոէլեկտրոնիկայի ոլորտում 24 երկրների ներկայացուցիչներ կժամանեն Հայաստան՝ մասնակցելու այստեղ անցկացվող միկրոէլեկտրոնիկայի ամենամյա օլիմպիադայի եզրափակչ փուլին:
Ոլորտի համակարգող ձեռնարկությունների ղեկավարը նշեց, որ արդեն իսկ կա ՏԱՏ ոլորտում ՀՀ Նախագահի «Գլոբալ մրցանակին» արժանացած անձին պարգևատրելու նախագահի՝ դեռևս չհրապարակված հրամանագիր: