Անկախության տարիներին Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ավանդույթները նոր շունչ ստացան «Սինոփսիսի» Հայաստան մուտք գործելու շնորհիվ: Ամերիկյան ընկերությունը հետազոտեց շուկան եւ տեսավ, որ Հայաստանում կան հազարավոր ինժեներներ, մասնագետներ, որոնց ներուժը պետք է օգտագործել:
Հայաստանը 1950-ական թվականներից ի վեր Խորհրդային Միության ղեկավարության համապատասխան որոշմամբ պաշտոնապես ճանաչվել է որպես միկրոէլեկտրոնիկայի կենտրոն։ Այդ պահից սկսած՝ Հայաստանում կառուցվեցին Երեվանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (Մերգելյանի ինստիտուտը), բուհերում բացվեցին միկրոէլեկտրոնիկայի ամբիոններ, կառուցվեցին գործարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ։ Այս ամենի արդյունքում 1960-ականներին արդեն Հայաստանում ստեղծվեցին առաջին հաշվիչ մեքենաները, Հայաստանում սկսեց մշակվել կիսահաղորդչային նոր տեխնոլոգիաներ եւ արտադրանք։ Անկախության տարիներին մեր երկրում միկրոէլեկտրոնիկայի ավանդույթները նոր շունչ ստացան «Սինոփսիսի» Հայաստան մուտք գործելու շնորհիվ։ Ամերիկյան ընկերությունը հետազոտեց շուկան, տեսավ, որ Հայաստանում կան հազարավոր ինժեներներ, մասնագետներ, որոնց ներուժը պետք է օգտագործել։
Ինչո՞ւ հենց Հայաստանը
«Սինոփսիս» ընկերությունը Հայաստան է մուտք գործել 2004թ.՝ ձեռք բերելով «Լեդա Սիստեմս», «Մոնթերեյ Արսեթ» «Էյչ-փի-էլ-էյ», հետագայում նաև «Վիրաժ Լոջիք» ընկերությունները։ «Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատակիցների թիվը 143-ից այսօր արդեն հասել է մոտ 700-ի։ Այսօր «Սինոփսիսը» Հայաստանում ՏՏ ոլորտի ամենամեծ ընկերությունն է։
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նկատում է, որ գործունեության 10 տարիների ընթացքում մոտ 500 տոկոս աճ են գրանցել։ Դա ռեկորդ է նաև «Սինոփսիսի» համար։ Աշխարհի 48 երկրում ունենալով մասնաճյուղեր՝ ըստ էության, ԱՄՆ-ից հետո «Սինոփսիս Արմենիան» ամենամեծ կենտրոնացված մասնաճյուղն է։
Իսկ ինչո՞ւ է «Սինոփսիսը» մտել Հայաստան և ոչ տարածաշրջանային այլ երկիր։ Ըստ պարոն Մուսայելյանի՝ «Սինոփսիսի» և այս ոլորտում համաշխարհային առաջատար ընկերությունների աշխատաոճն է՝ ձեռք բերել լավ տեխնոլոգիաներ կամ լավ աշխատակազմ ունեցող ընկերություններ։ Բացի այդ, մեծ դեր ունեցավ նաև այն, որ ընկերություններից մեկը՝ «Լեդա Սիստեմսը», որի տնօրենն էր Հովիկ Մուսայելյանը, ուներ կադրերի պատրաստման յուրահատուկ մոդել. Ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ բացվել էր ՙՄիկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր՚ միջֆակուլտետային ամբիոնը, որը տեղակայված էր ոչ թե համալսարանում, այլ հենց արտադրության միջավայրում, արդեն 14 տարի գործում է։ Սինոփսիսը տեսավ, որ ՙբուհ-արդյունաբերություն՚ համագործակցության այդ մոդելի միջոցով կարելի է պատրաստել ոչ միայն բարձր որակավորում ունեցող, այլև արտադրությանը պատրաստ մասնագետներ։ Այլ պատճառներ, իհարկե, նույնպես կային՝ լավ ավանդույթներ տեխնիկական կրթության համակարգում, տաղանդներով բերրի միջավայր և այլն։
«Սինոփսիսն» առաջարկում է կայուն, կանխատեսելի աշխատանք
Պարոն Մուսայելյանը նկատում է, որ տեխնիկական ուղղվածության առաջատար համալսարանները չունեն այն հնարավորությունները, որ ուսանողները բուհն ավարտելուց հետո իրենց մասնագիտությամբ անմիջապես տեղ գտնեն առաջատար ընկերություններում։ Եվ տարբեր ընկերություններ կադրերի պատրաստման, իրենց աշխատակազմը համալրելու առումով որդեգրում են տարբեր գործելաոճ։ «Սինոփսիս Արմենիան» ընտրել է ամենաքաղաքակիրթ ճանապարհը. ներդրումներ են արվում մասնագիտական կրթական համակարգում, ինչն ըստ էության ինքնարժեքը բարձրացնում է, բայց միևնույն ժամանակ որակյալ կադրերով է ապահովում ինքն իրեն։ «Այլ ընկերություններ իրենց աշխատաոճն ունեն. գրավիչ առաջարկներ են անում և տանում պատրաստի կադրերին։ Ամբողջ աշխարհում էլ դա կա։ Քանի որ մենք առաջին տարբերակի ջատագովն ենք, ցավով ենք ընդունում դա։ Սակայն նաև լրացուցիչ մոտիվացիա է ստեղծվում, որպեսզի կադրերի պահպանման խնդիր լուծվի, այնպիսի լրացուցիչ գործառույթներ ծավալվեն, որպեսզի աշխատավայրը գրավիչ դառնա աշխատակիցների համար։ Իհարկե, տարբեր սոցիալական դրդապատճառներով մարդիկ կարող են կրթություն ստանալ, շնորհակալություն հայտնել ընկերությանը, բայց գերադասել աշխատել մի տեղ, որտեղ ավելի շատ են վարձատրում։ Մեր ընկերությունն աչքի չի ընկնում մարդկանց բարձր վարձատրությամբ գրավելով։ Լավ է, թե վատ, այլ խոսակցություն է։ Ընկերության քաղաքականությունն այդպիսին է. մարդկանց ավելի շատ գրավում ենք կայուն, կանխատեսելի աշխատանքով։ Մեր աշախատակիցների համար ապագան մեր ընկերությունում ավելի կանխատեսելի է, քան այլ վայրերում, որտեղ ինչ-ինչ պատճառներ կարող են ազդել և դառնալ կրճատումների, ընկերության փակման, բացասական այլ բաների պատճառ, ինչի ականատեսը տարիներ շարունակ եղել ենք»։
«Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի՚ շրջանավարտների 73 տոկոսը աշխատանքի է ընդունվում հենց տեղում, մյուս 27 տոկոսը համալրում են այլ ընկերությունների աշխատակիցների շարքերը։
Ներդրումներ՝ ոչ միայն մասնագիտական, այլև հանրակրթության ոլորտում
Հովիկ Մուսայելյանը ղեկավարում է Սինոփսիսի նախաձեռնությամբ հիմնադրված ՙՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի՚ մրցանակաբաշխության հանձնաժողովը։ Վերջին տարիներին մրցանակների հանձնման արարողության ժամանակ երկրի նախագահին զեկուցելով հանձնաժողովի աշխատանքների մասին՝ արձանագրվում էր, որ ֆիզիկամաթեմատիկական դպրոցներում տաղանդաշատ պատանիների մասնագիտական կողմնորոշման, ինֆորմացիայի պակասի խնդիր կա։ Քննարկումների արդյունքում որոշվեց «Սինոփսիս Արմենիայի» նախաձեռնությամբ, «Յունիքոմփի», ՎիվաՍելի և ԿԳՆ-ի հետ համատեղ, հանրապետության 5 ավագ դպրոցներում (2-ը՝ մարզերից) այս սեպտեմբերից կյանքի կոչել աննախադեպ մի պիլոտային ծրագիր։ Այդ կրթօջախներում միկրոէլեկտրոնիկան, հեռահաղորդակցությունը և ծրագրավորումը կդառնան պարտադիր առարկաներ։ Պարոն Մուսայելյանը նկատում է, որ ի սկզբանե չէին էլ պատկերացնում, թե ինչ աննախադեպ ծրագիր են նախաձեռնել. «Կարծում էինք, որ սա տրամաբանական զարգացման արդյունք է։ Աննախադեպության «չափը» հասկացանք, երբ այդ ամենը ներկայացնում էինք տարբեր մարդկանց, մանավանդ օտարների։ ՀՀ կրթության նախարարն այս մասին խոսելիս մեծ հետաքրքրություն է տեսել տարբեր երկրների իր գործընկերների կողմից։ Մեկ տարի անց ակնկալում ենք ևս 10 դպրոցում ներդնել այս ծրագիրը։ 5 տարվա մեջ եթե 50 այսպիսի ծրագրով դպրոց ունենանք, Հայաստանի կրթական համակարգում միջազգային հնչեղության առումով շախմատից հետո երկրորդ ֆենոմենը կարող ենք արձանագրել։ Մենք լայնամասշտաբ համալսարանական ծրագրեր ենք իրականացնում տեխնիկական բուհերի հետ, և բնական է, որ նման նախագծեր ներդնելով հանրակրթության ոլորտում, ավելի պատրաստված ուսանողների մուտք ենք ապահովում բուհեր»։
Ամեն ինչի հիմքում արժեքային համակարգն է
Որպես Սիլիկոնային հովտի ընկերություն՝ 1986թ. հիմնադրված «Սինոփսիսը» առաջին իսկ օրից որդեգրել է գաղափարախոսություն, որով մինչ օրս առաջնորդվում է։ «Սինոփսիս Արմենիա» ընկերության հանրության հետ կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանը, խոսելով ընկերության հաջողության մասին, նշում է, որ դրա գրավականը որոշակի արժեքային համակարգն է, որն իրենց աշխատանքի հիմքում է։ Կան հիմնարար սկզբունքներ, որոնց վրա կառուցվում են փոխհարաբերություններն այս ընկերությունում։ Առաջինն ազնվության գաղափարն է, այսինքն՝ ասել այն, ինչ անում ես և անել այն, ինչ ասում ես։ Մի խոսքով՝ գործի և խոսքի համապատասխանություն։ Երկրորդը, որի վրա հիմնվում է ընկերության գաղափարախոսությունը, «ինչ անում ես, արա լավ» սկզբունքն է։ Եվ երրորդը՝ առաջնորդությունն է։ Ընկերությունն օգնում է, որպեսզի մարդիկ ներկայացնեն գաղափարներ, իրենք էլ առաջնորդելով կյանքի կոչեն։ «Ինչ-որ բան իրականացնել նշանակում է պատասխանատվություն վերցնել, ինչը ենթադրում է նաև կոմֆորտի գոտուց դուրս գալ։ Եթե դուրս չգաս կոմֆորտի գոտուց, ձեռքբերում չես ունենա։ Նշված երեք սկզբունքները չեն կարող իրականանալ, եթե այդ ամենի մեջ չդրվի հոգի։ Հոգի դնող մարդիկ նկատվում ու գնահատվում են։ Այս սկզբունքների, արժեքային համակարգի կիրառումն է, որ Հայաստանում մեծ հաջողությունների են հասցրել «Սինոփսիսին»։ Եվ այս հիմնավոր արժեքային համակարգի շնորհիվ է, որ ճգնաժամի տարիներին «Սինոփսիսն» ավելի բարձրացավ, դառնալով ոլորտի առաջատարը»,- ասում է Գայանե Մարկոսյանը։
Նա հավելում է, որ «Սինոփսիսը» Հայաստան է բերել ոչ միայն շուրջ 700 աշխատատեղ, կրթական, համայնքային ծրագրեր, նորագույն տեխնոլոգիաներ։ Բերել է նաև կարևոր բան, որը շոշափելի, հաշվելի չէ. դա արևմտյան աշխատանքային մշակույթն է, հիմնված ուրույն արժեքային համակարգի վրա։ Այս արժեքային համակարգը ոչ միայն «Սինոփսիսի» պատերի մեջ է, այլև տարածվում է աշխատակիցների ընտանիքներում՝ արմատներ գցելով նրանց շրջապատում, հանրության մեջ։ «Սինոփսիսում» և′ նախագահը, և′ ինժեները, և′ տեխնիկական աշխատողը, նստում են նույն աթոռի վրա, նույն հեռախոսն ունեն։ Ամենացածր օղակի աշխատողն իրեն զգում է գնահատված և կարևոր։ Վերջին 10 տարիները ցույց տվեցին, որ այս մոտեցումների կիրառումը կենսունակ է Հայաստանում, և կարող է մեծ հաջողություններ գրանցել։
Կորպորատիվ պատասխանատվություն
Ընկերությունը պատասխանատվություն է զգում իր աշխատակիցների նկատմամբ։ Մարդիկ այստեղ են գալիս՝ ընկերությանը տալով իրենց գիտելիքները, ժամանակը, կարիերայի կառուցման ակնկալիքները, և դա պետք է փոխադարձ լինի։ Այդ է պատճառը, որ ընկերությունն իր շահույթի 0,1 տոկոսը ներդնում է բարեգործության մեջ, որի մասին այստեղ խոսել չեն սիրում։ Իսկ շահույթը հսկայական է՝ 2,1 միլիարդ դոլար։ Բարեգործություններն իրականացնում է երկու ուղղությամբ՝ էկոլոգիա և կրթություն։ Ու պատահական չէ, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը Կորպորատիվ գերազանցության 2010թ. ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունում «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը ճանաչել է ամերիկյան լավագույն 12 ընկերություններից մեկը` Հայաստանում իր իրականացրած գործունեության համար:
Մրցունակ են, բայց միշտ վերապատրաստվում են
Մշակումների բաժնի մենեջեր Մինաս Հարությունյանը 10 տարի աշխատում է «Սինոփսիսում»։ Նշում է, որ իրենց մոտ բավականին մեծ թվով երիտասարդներ են աշխատում. «Իմ խմբում 10 երիտասարդ մասնագետներ են աշխատում, որոնց միջին տարիքը 22-23 է։ Զարգացման տեսակետից բոլոր պայմաններն այստեղ ստեղծված են, մասնագիտական աճի առումով հնարավորությունները մեծ են։ Վերապատրսատումներ և թրեյնինգներ են իրականացվում և′ տեղում, և′ արտասահմանում։ «Սինոփսիս Արմենիայում» միշտ կապ են պահպանում իրենց գործընկերների հետ՝ լինի դա ԱՄՆ-ում, Հնդկաստանում, թե Չինաստանում»։
Խոսելով մեր երիտասարդների մասնագիտական որակների մասին, պարոն Հարությունյանը նշում է, որ նրանք մրցունակ են։ Սակայն շեշտում է նաև, որ մարդ մշտապես վերապատրաստվելու, գիտելիքները կատարելագործելու կարիք ունի։