«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսաելյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջին և հիմնական խնդիրը շարունակում է մնալ որակյալ կադրերի պակասը։ Նա ընդգծեց, որ այսօր տարբեր հաշվարկներով ՀՀ-ում կա 3500-4000 ՏՏ ոլորտի որակյալ աշխատողների կարիք։
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ այսօր բուհերը չեն պատրաստում մասնավոր հատվածի կողմից անմիջապես պահանջարկված մասնագետներ։
«Երբ որ բուհերը կպատրաստեն նման կադրեր, մենք կասենք, որ նման խնդիր այլևս չկա։ Իսկ այդ չպատրաստելու պատճառները երկուսն են՝ պրոֆեսիոնալ դասախոսապրոֆեսորական կազմի որակ, երկրորդ՝ տեխնիկական հագեցվածության պակաս»,–ասաց նա։
Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ մեր բուհերը չունեն այդ տեխնիկական բազան, որովհետև նրանց տարեկան բյուջեն թույլ չի տալիս անգամ նորմալ լաբորատորիա կամ լաբորատորիաների մեծ ցանցեր ունենալ։
Հովիկ Մուսայելյանն ընդգծեց, որ մեծ ներդրումներ են անհրաժեշտ այս ոլորտում՝ հարյուրավոր միլիոն դոլարներ։ «Արտասահմանի լուրջ համալսարանների բյուջեները համահունչ ենք մեր երկրի բյուջեին»,-ասաց նա։
Խոսելով 2015թ-ին այս խնդրի ուղղությամբ տարված աշխատանքների մասին՝ Հովիկ Մուսաելյանն առանձնացրեց երկու ծրագիր, որոնցից մեկը հանրակրթական դպրոցներում իրականացվեց, մյուսը՝ բուհական տեխնոլոգիական համակարգում։
«Հանրակրթության բնագավառում 2015թ-ին մեկնարկ տրվեց մի բացառիկ ծրագրի, որի արդյունքում հինգ ավագ դպրոցներում միկրոէլեկտրոնիկան հեռահաղորդակցությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները դարձան պարտադիր առկաներ։ Հունվարի 17-ին Լոնդոնում միջազգային ամենահեղինակավոր կրթական ֆորումին Հայաստանը կներկայացնի այդ ծրագիրը՝ որպես բացառիկ, քանի որ աշխարհում առաջին անգամ Հայաստանն է կիրառել։ Հաջորդ տարի ևս տասը դպրոց կմիանա ծրագրին»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է բուհական համակարգին, ապա Հովիկ Մուսայելյանի խոսքով, նախորդ տարվա վերջին մշակվել է տեխնլոգիական համալսարան ունենալու կոնցեպտը։ «Դա շատ հավակնոտ ծրագիր է, որի արդյունքները առաջիկա մի քանի տարում կունենանք»,-ասաց նա։ Հովիկ Մուսաելյանն ընդգծեց, որ հենց նման կրթական ծրագրերի միջոցով է, որ պետք է ՏՏ աշխատաշուկայում լրացվի որակյալ կադրերի պակասը։ «Եթե 2016թ-ի վերջին արձանագրենք, որ որակյալ մասնագետների տեղերը պակասել են, ուրեմն կարող ենք արձանագրել, որ առաջընթաց ունենք։»,-ասաց նա։