Ռիչարդ Միլսի հետ հանդիպումից հետո դրական տեղաշարժ կա

pic2

Orer.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ IT ոլորտի մասնագետները վրդովված են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից իրենց հանդեպ իրականացվող քաղաքականությունից:

Խնդիրն այն է, որ արդեն երկու տարի է՝ ոլորտի մասնագետները չեն կարողանում ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալ, ինչը խոչընդոտում է ոչ միայն իրենց մասնագիտական աշխատանքին, այլև դրա պատճառով հնարավոր չի լինում բազմաթիվ պայմանագրեր կնքել, ինչը հայաստանյան կազմակերպություններին զրկում է ֆինանսական հոսքերից և նույնիսկ հարցականի տակ է դնում շատ կազմակերպությունների ապագան:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ ՄուսայելյանըOrer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ չնայած այդ խնդիրն արդեն երկու տարի է՝ կա, բայց վերջին երեք շաբաթվա ընթացքում վիճակը կարծես բավական բարելավել է:

Բացի այդ՝ հայ մասնագետների համար խնդիրն ավելի պարզ է դարձել, քան նախկինում էր, քանի որ հիմա արդեն պարզ է, թե ինչն է եղել ԱՄՆ մուտքի արտոնագիր տրամադրելու մերժման պատճառը:

«Հայաստանում ԱՄՆ դեսպանն ասաց, որ պետք է աշխատանքային հրավեր ձևակերպել, քանի որ իրենց համար պարզ չէ, թե մասնագետը վերապատրաստմա՞ն է մեկնում, թե՞ աշխատելու: Սակայն աշխատանքային վիզան ենթադրում է շատ ավելի երկարատև գործընթաց և արժեքով էլ բավականին թանկ է, և երբ մասնագետին մի քանի օրով ենք գործուղում Միացյալ Նահանգներ, ապա իմաստ չունի այդքան ջանք թափել վիզա ստանալու համար»,- ասում է Հ.Մուսայելյանը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության ղեկավարի խոսքով՝ հաջորդ խնդիրն այն է, որ շատ ընկերություններ ոչ թե ամիսներ առաջ են իմանում, որ պետք է իրենց աշխատակցին գործուղեն Միացյալ Նահանգներ, այլ շատ դեպքերում այն բխում է արտադրական անհրաժեշտությունից և եթե մեկ շաբաթ հետո մասնագետը պետք է ԱՄՆ-ում հանդիպման մասնակցի կամ վերապատրաստվի, ապա այդ ժամանակը քիչ է աշխատանքային վիզա ձևակերպելու համար:

«Ամեն դեպքում, հիմա ԱՄՆ դեսպանատան դիրքորոշումը հստակ է և կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այդ հարցը նույնպես կլուծվի»,- ասում է Հ.Մուսայելյանը: Ի դեպ, վերջերս IT մասնագետները և Տեղեկատվական տեխնոլոգիաների գործատուների միությունը հյուրընկալել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, և դեսպանը խոստացել է, որ կփորձի հարցին լուծում տալ և այն իր հսկողության տակ պահել:

«Այդ հանդիպումից հետո դրական տեղաշարժ կա, և բավականին քչացել են IT ոլորտի մասնագետներին ԱՄՆ մուտքի արտոնագիր չտալու դեպքերը, հուսով եմ, որ ժամանակի ընթացքում այդ հարցերը կկարգավորվեն»,- ասաց Հ. Մուսայելյանը: Նրա խոսքով՝ վերջին երեք շաբաթում արդեն մերժվողների թիվը շատ ավելի քիչ է, քան նախորդ մեկ տարվա ընթացքում, սակայն հայ մասնագետներն առավել կարևորում են հարցի հստակեցումը և մերժման պատճառները հասկանալը:

«Դա, իհարկե, մեզ համար լրացուցիչ դժվարություններ է առաջացնում, բայց մենք պետք է փորձենք հարմարվել: Սա իրենց կառավարության դիրքորոշումն է և այդ խնդրի առջև կանգնած են նաև տեղի ամերիկյան կազմակերպությունները: Ի դեպ, ԱՄՆ կառավարությունը նման քաղաքականություն է վարում ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ շատ-շատ այլ երկրների քաղաքացիների հանդեպ նույնպես: Ես այդ դրական տեղաշարժը մեր ընկերության վրա եմ զգում, սակայն այլ ընկերությունների մասին ոչինչ ասել չեմ կարող:

Ի դեպ, վերջին 15 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից այլ երկրների IT մասնագետներին մուտքի արտոնագիր տրամադրելու հարցում բավականին տարբեր մոտեցումներ է ցուցաբերվել:

Եղել է մի շրջան, երբ ընդհանրապես կանաչ լույս է եղել ոլորտի աշխատակիցների հանդեպ և նրանք տարիներ շարունակ նույնիսկ անձամբ չեն այցելել դեսպանատուն ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու համար: Անձնագրերն ուղարկում էին դեսպանատուն, այնտեղ ուղղակի մուտքի արտոնագիր էին ձևակերպում և աշխատակիցները մեկնում էին ԱՄՆ: Այսինքն, նաև նման թափանցիկ քաղաքականություն էլ են վարել, պարզապես հիմա, ամենայն հավանականությամբ, Միացյալ Նահանգները ինչ-որ նկատառումներից ելնելով որոշել է նման քաղաքականություն վարել, հակառակ դեպքում նույն խնդրի առջև չէին կանգնի նաև ամերիկյան ընկերությունները»,- ասում է Հ.Մուսայելյանը:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s