Եթե այսօրվա պայմաններում Հայաստանում երիտասարդը մտածում է ձեռներեցության մասին, դրանից էն կողմ էլ բան չկա.

pic

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության այս ողջ ընթացքում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որևէ դրական առաջընթաց կամ աշխուժություն տեղի չի ունեցել: Թեպետ բազմամիլիոնանոց շուկային անդամակցությունը ոլորտի մասնագետների համար մեծ սպասելիքների տեղիք է տվել:

ԵՏՄ-ին անդամակցության, ՏՏ ոլորտի ներկա վիճակի ու հեռանկարների մասին Panorama.am-ը զրուցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ

-Պարոն Մուսայելյան, ինչպիսի՞ տարի եք սպասում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

-2016-ը շատ աշխույժ է սկսվել: Իմ գործընկերները այլ ոլորտներից, որ հարցնում են, թե ոնց են գործերը, ասում եմ՝ շատ աշխույժ է, շատ լավ է, զարմանում են, ասում են, թե պետք է որ աշխույժ չլինի, տնտեսության մեջ աշխուժություն չենք նկատում: Բայց ոլորտային առումով շատ լուրջ գործընթացներ են գնում:

-Օրինակ, ի՞նչ գործընթացներ:

-Հիմնականում կրթական համակարգում, քանի որ ոլորտում ամենամեծ բացն է այսօր որակյալ մասնագետների խնդիրը: Երկու շատ կարևոր խնդիր է առաջ քաշվել՝ հանրակրթության բնագավառում. Անցյալ տարի 5 ֆիզիկամաթեմատիկական թեքումով ավագ դպրոցներում միկրոէլեկտրոնիկա, ծրագրավորում և հեռահաղորդակցություն դասընթացները դարձան պարտադիր առարկաներ: Այս տարի այդ ծրագրին ավելանալու է ևս տասը դպրոց՝ Երևանում և մարզերում: Մինչև 2020 թվականը մտածում ենք 60-70 դպրոց կլինեն:

Նաև ասեմ, որ աշխարհում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ այս մասնագիտությունները դառնում են պարտադիր առարկաներ: Նույնիսկ զարգացած երկրներում, երբ լսում են այդ մասին, ասում են՝ մենք վաղուց խոսում ենք այդ մասին, բայց լուրջ քայլեր չենք արել այդ ուղղությամբ, դուք առաջինն եք: Մենք դա չենք արել զուտ առաջինը լինելու տիտղոսին արժանանալու համար, դա ուղղակի մենք շատ կարևոր ծրագիր ենք համարում: Անցյալ տարվա սեպտեմբերից այդ դասընթացն սկսած դպրոցներում մեծ աշխուժություն է, ոգևորություն է, կարծում եմ, որ այս տարի այդ ծրագիրը հաջողությամբ կշարունակվի:

Հաջորդ շատ կարևոր գործը, որ անում ենք՝ Տեխնոլոգիական համալսարանի հայեցակարգի մշակումն է: Արդեն լուրջ քննարկումներ են գնում կառավարությունում և նոր ստեղծված Տեղեկատվական հեռահաղորդակցության տենոլոգիաների գործատուների միությունն է շատ ակտիվ ներգրավված այս գործընթացում: Հուսով եմ, որ մոտ ապագայում այս համալսարանի հայեցակարգի մշակումն արդեն լուրջ արձագանքներ կստանա: Համալսարանը լինելու է պոլիտեխնիկական համալսարանի կառուցվածքում, բայց լինելու է նորովի՝ երրորդ սերնդի համալսարան, որտեղ կպատրաստվեն շատ որակյալ կադրեր, որոնց ունենալու համար պետք չէ գնալ արտասահման և սովորել համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող համալսարաններում: Մենք այդպիսի համալսարանի կարիք ունենք այսօր: Այսինքն՝ այդ կրթական բաղադրիչը շատ կարևոր է: Մենք 3000-4000 որակյալ մասնագետների կարիք ունենք:

-Ի՞նչն է պատճառը, որ այդքան մասնագետների կարիք կա:

-Դա նրանից է, որ մեր համալսարանները առանց լուրջ համագործակցության միջազգհային կառույցների ու մասնավոր ընկերությունների հետ ինքնուրույն ի զորու չեն պատրաստել այնպիսի կադրեր, որոնք անմիջապես բուհն ավարտելուց հետո պահանջարկված կլինեն մասնավոր հատվածի կողմից: Օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ շատ կան: Երբ նայում եք մեր համալսարանների տարեկան բյուջեները, դրանք ուղղակի անհամեմատելի են միջազգային այն բուհերի հետ, որոնք պատրաստում են նման կադրեր: Ֆինանսները շատ կարևոր են այստեղ, որովհետև տեխնիկական հագեցվածության խնդիր կա, դասախոսների վերապատրաստումների խնդիր կա: Պատկերացնո՞ւմ եք՝ այսօր բուհերը ավելի շատ գոյատևման խնդիր են լուծում, որի հիմնական աղբյուրը վարձավճարներն են:

-Որակյալ մասնագետների պակասի պատճառ չէ՞ արդյոք ՏՏ մասնագետների արտագաղթը:

-Արտագաղթն իհարկե, շատ լրջագույն սոցիալական պրոբլեմ է երկրի համար: Պրոբլեմ է նաև երկրի համար, բայց ոչ այնպիսի մեծ պրոբլեմ, ինչպիսին այլ ոլորտների համար է: Եթե տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների լավ մասնագետի կարիք կա Հայաստանում, ապա իրենք անմիջապես պահանջարկված են շատ բրենդային ընկերությունների կողմից, որոնք առաջարկում են շատ բարձր աշխատավարձներ և արտոնյալ պայմաններ: Եթե այդ ամենը բավարարվում է, կարծում եմ, շատ քչերն են արտագաղթում:

Իսկ արտագաղթելու հիմնական պատճառները մեզ հայտնի են՝ ցածր աշխատավարձ և ըստ մասնագիտության աշխատանք չգտնելու խնդիրը: Եթե մենք Հայաստանում լուծում ենք որակյալ կրթության խնդիրը, եթե այդ որակյալ կրթություն ստացողներին արվում են առաջարկություններ լավագույն ընկերությունների կողմից, ապա արտագաղթողներ այդքան շատ չեն լինի:Եթե կրթության հարցում մենք խորանանք, զարգանանք, ապա չի բացառվում մասնագետների ներգաղթ տեղի ունենա: Հայտնի է, որ Հայաստանում մեր ոլորտում աշխատավարձները ցածր չեն, տարածաշրջանի մյուս երկրների համեմատ: Այլ երկրներից մասնագետների ուշադրությունը կարող է գրավել Հայաստանի հեռահաղորդակցության տեխնոլոգիաների աշխատաշուկան:

-ԵՏՄ-ին անդամակցությունը որքանո՞վ է նպաստել  ոլորտի զարգացմանը:

-Իմ ունեցած տվյալներով, ԵՏՄ-ին անդամակցությունը որևէ դրական ազդեցություն չի ունեցել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման վրա:

-Բայց դուք Ձեր հարցազրույցներից մեկում մեծ հույսեր էիք կապել ԵՏՄ-ի անդամակցության հետ:

-Այսինքն, այն, որ մեզ ասում էին, թե 200 մլն-անոց շուկա է մեզ սպասվում և այլն, և այլն ոլորտում չեմ նկատում, որ այդ առումով աշխուժություն կա: Հույսեր միշտ կան, իհարկե: Նոր միությունները, նոր շուկաները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում: Բայց ես պեսիմիստ չեմ այդ հարցում և կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո կզգանք: Նաև պետք է հաշվի առնել, որ փաստաթղթային, պայմանագրային կարգավորման խնդիրներ կան: Ընկերությունները կարծում եմ, նաև դժվարություններ են ունենում անորոշությունների պատճառով, եթե դրանք կարճաժամկետ առումով պարզաբանվեն, նորմալանան իմ կարծիքով, հնարավորությունները շատ կլինեն, որովհետև Հայաստանի նկատմամբ ԵՏՄ երկրների կողմից այս ոլորտում բավական մեծ է:

-Պարոն Մուսայելյան, դուք հնարավո՞ր է ունենաք տվյալներ, թե ոլորտում ինչքա՞ն ընկերություններ են փակվել տնտեսական ճգնաժամի հետևանքով:

-Չունենք նման տվյալներ: Եթե կան էլ, ապա շատ քիչ: Հակառակը մենք ոլորտում անընդհատ աճ ենք տեսնում՝ ամեն տարի 15-20 տոկոս աճ է ապահովվում ամեն տարի: Ընկերությունների քանակն է ավելանում: Ես ճիշտն ասած երկրի ապագային միտված ծրագերի հաջողության առումով կուզենայի, որ ավելի շատ մենք մեր ուշադրությունը դարձնեինք Start-up ընկերությունների ձևավորման պրոցեսին: Շատ կարևոր է:

Հայ երիտասարդներ, որոնք մտածում են այս ոլորտում ձեռներեցությամբ զբաղվել, նրանք անընդհատ պրպտում են: Վերջապես մեր երիտասարդները չպետք է մտածեն, որ իրենք մի լավ տեղ աշխատում են ու վերջ: Այլ պետք է ինքնուրույն մտածեն ու աշխատեն: Կառավարությունն էլ այդ առումով բավական քայլեր արեց՝ արտոնություններ սահմանեց օրենքով, որից հետո մոտ 80 Start-up ընկերություններ ձևավորվեցին՝ մոտ 500 աշխատակիցներով: Այս պրոցեսը շարունակվում է:

Եթե այսօր Հայաստանում երիտասարդը մտածում է, որ ինքն այս պայմաններում կարող է ձեռներեցությամբ զբաղվել, դրանից էն կողմ էլ բան չկա: Start-up ընկերությունները հայկական ծագում ունեն ու կան ընկերություններ, որոնք Forbes-ի վարկանիշներով լավագույն 10-յակի մեջ են մտնում՝ դինամիկ զարգացող և նոր ստեղծված Start-up-երի մեջ են մտնում: Ուղղակի հպարտանալ է պետք: Նրանք մեր ժամանակների հերոսներն են: Պետք չէ ուրիշ տեղերում հերոսներ ման գալ: Մեր հերոսներն այն երիտասարդներն են, որոնք մեր երկրի իմիջը բարձրացնում են նման վիճակագրությունով:

Նորից ուզում եմ վերադառնալ կրթության խնդրին. եթե մենք նման բեկումնային փոփոխություն կատարենք, ես համոզված եմ, որ կարճ ժամանակ հետո հաջողությունները տասնապատկվելու են:

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s