20:07, 15 Սեպտեմբեր, 2016 ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կրթված, արհետսավարժ, պարկեշտ անձնավորություն է: Այդ մասին գիտեն բոլոր նրանք, ովքեր շփումներ են ունեցել նրա հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի, Երևանի ավագանու անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: «Կարեն Կարապետյանին ճանաչում եմ վաղուց, դեռ էներգետիկայի համակարգում աշխատելու տարիներին: Ես առիթներ ունեցել եմ խոսել նրա հետ երկրի տնտեսության, տեղեկատվական, հեռահաղորդակցության զարգացման հարցերի շուրջ: Նա շատ ժամանակակից անձնավորություն է և շատ արագ ընկալում է ինովացիոն բնույթի խնդիրները: Ունի ինժեներական ճկուն մտածելակերպ, և չմոռանանք, թե նա ինչ կրթություն է ստացել: Խորհրդային տարիներին ավարտել է ԵՊՀ-ի կիրառական ֆակուլտետը, իսկ այդ տարիներին պատահական մարդիկ այդ ֆակուլտետում չէին սովորում, այնտեղ շատ բարդ էր սովորելը: Այն փաստը, որ նա գերազանցությամբ է ավարտել այդ ֆակուլտետը, խոսում է այն մասին, որ նա պատանեկան տարիներից միշտ մոտիվացված է եղել լավ կրթություն ստանալու հարցում»,-ասաց Հովիկ Մուսայելյանը: Ընդգծելով Կարեն Կարապետյանի ուժեղ կամային հատկանիշները` Հովիկ Մուսայելյանը կարևորեց նրան աջակցելու հարցը: «Իր համար շատ բարդ է լինելու, վստահ եմ, որ նա գիտակցում է դա: Նա Ազգային ժողովում նշեց, որ Հայաստանի տնտեսության վիճակը վատ է, դա նրան բնորոշ է` խոսել պարզ ու անկեղծ: Խնդիրն այն ,է թե ինչքանով կօգնեն նրան, միայնակ կտրուկ շրջադարձային փոփոխություններ չի կարող անել, թիմը ևս պետք է աջակցի: Վստահ եմ, որ իր մոտ կստացվի: Կարծում եմ` հետաքրքիր ծրագրեր են սպասվում»,-հավելեց Հովիկ Մուսայելյանը: Նա նշեց, որ ամեն դեպքում կարճաժամկետ հատվածում դրական ազդակներ են պետք, որ հանրությունը վստահությամբ լցվի կառավարության հանդեպ: Սեպտեմբերի 8-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու հրամանը: 2010թ. դեկտեմբերի 17-ին Երեւան քաղաքի ավագանու կողմից նա ընտրվել է Երեւանի քաղաքապետ, պաշտոնավարել է մինչեւ 2011թ. հոկտեմբերի 28-ը: