«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով բանակում ՏՏ ոլորտի ներգրավմանն ասաց, որ սպասում են պաշտպանության նախարարության կողմից ներկայացվելիք նախաձեռնությանը, քանի որ ՏՏ ոլորտի առաջամարտիկները պատրաստ են աջակցելու բանակին, ինչի մասին նախարարին հայտնել են: Նա հիշեցրեց, որ Պաշտպանության նախարարը հայտարարություն է արել, որ նորագույն տեխնոլոգիաները պետք է կիրառվեն բանակում, և պետք է հիմնականում կրթության բաղադրիչի վրա շեշտադրում արվի:
«Խնդիրն այն է, որ մենք բանակում պետք է նոր մշակույթ կիրառենք, ունենանք այնպիսի ստորաբաժանումներ, որտեղ կարող ենք նաև մասնագետներ կրթել՝ Իսրայելի օրինակով, քանի որ Իսրայելի բանակից զորացրված զինվորներն անմիջապես պահանջարկված են լինում մասնավոր հատվածի կողմից որպես աշխատողներ: Այսինքն՝ մեր հեռակա նշանակետը պետք է լինի այն, որ մենք բանակում կարողանանք ՏՏ ոլորտի կրթություն ապահովել, որպեսզի նախ նրանք ծառայության ժամանակ բանակին օգուտ տան, և հետո էլ իրենց որակները չընկնի և զորացրվելուց հետո կարողանան շատ հեշտ աշխատանք գտնել: Այսինքն՝ մեր հիմնական նպատակը պետք է լինի որակյալ մասնագետներ տալը»,-ասաց նա:
Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ ՊՆ-ում կիբերանվտանգության խորհրդի պահանջներն ավելի նոր են, իսկ նախարարի հայտարարությունները հույս են ներշնչում, որ լուրջ քննարկումներ են սպասվում: Ըստ նրա՝ եթե այդ ուղղությամբ այսօր աշխատանքներ չտարվեն, վաղն ավելի ուշ կլինի: «Մենք պետք է այս առումով թռիչքային զարգացումներ ունենանք, որովհետև բանակը դրա կարիքն ունի»,- ասաց նա:
Ըստ իր ունեցած տեղեկությունների՝ բավականին մեծ աշխատանք է տարվել այս ընթացքում, պարզապես այդ աշխատանքի արդյունքները հիմա չեն քննարկվում, որպեսզի քննադատության թիրախ չլինի։ Սակայն հետևողական աշխատանք, ըստ Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի, տարվում է: