ԻՆՉ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՈՎ ՊԵՏՔ Է ՕԺՏՎԱԾ ԼԻՆԻ ԼԱՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Հարցազրույց Արմինե Սիմոնյանի հետ, «Հայոց աշխարհ»

-Ձեր ընկերությունը Հայաստանում գործող ՏՏ ամենամեծ կազմակերպությունն է, որն ունի ավելի քան 750 աշխատակից, բայց դրա հետ մեկտեղ Հանրային խորհրդի անդամ եք, 2013-ից էլ՝ ավագանու անդամ: Աշխատանքային ծանրաբեռնվածությունից հետո հասարակական գործունեությամբ զբաղվելը ձեզ համար հոբբի՞ է, թե՞ երկրին, քաղաքին օգտակար լինելու ձգտում:
-Ճիշտ նկատեցիք, անդամակցում եմ տարբեր հանձնաժողովների, հանրային խմբերի, իսկ հասարակական աշխատանքով զբաղվելն իմ հոբբին չէ, ես մեկ այլ հոբբի ունեմ։ Դա ֆիլատելիան է, սիրում եմ նամականիշեր հավաքել: Հասարակական գործունեությամբ զբաղվելը երբեւէ չի խանգարել իմ մասնագիտական աշխատանքին, հակառակը, նույնիսկ օգնել է, լրացրել՝ իրազեկվածության առումով, եւ ես կարողացել եմ իմ աշխատանքները հավուր պատշաճի կատարել:20170418_185631
Ինչ վերաբերում է ավագանու անդամ լինելուն՝ ես կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հանձնաժողովում եմ, աշխատանքս անմիջականորեն կապված է կրթության համակարգի հետ, որն իմ հետաքրքությունների տիրույթում է, ինչպես նաեւ քաղաքաշինական խնդիրները, ինչը պայմանավորված է իմ մասնագիտությամբ: Ես ճարտարապետ-շինարար եմ, փորձել եմ համեստ կարողություններիս շրջանակներում օգտակար լինել: Իմ մասնագիտական կարողությունները փորձում եմ նաեւ հանձնաժողովի շրջանակներից դուրս իրացնել՝ մասնակից դառնալով նաեւ տնտեսության հարցերի լուծմանը:
   -Ճարտարապետները բազմիցս ահազանգել են՝ Երեւանի հին շենքերը ոչ միայն չեն պահպանվում, այլեւ փոխարինվում են ճարտարապետական կոպիտ սխալներով ու անհասկանալի դիզայնով կառուցվող բարձրահարկերով: Ի՞նչ կասեք այս մասին որպես մասնագետ:
-Այստեղ միայն մասնագիտական կարծիք հայտնելը բավարար չէ, այստեղ կա նաեւ ճաշակի խնդիր: Բանն այն է, որ մի շենքի ֆասադային մասի ճարտարապետական, դիզայներական կամ գունային լուծումը կարող է մեկին դուր գալ, իսկ մյուսին՝ ոչ: Ու սրանով պայմանավորված՝ սկսում են տարբեր կարծիքներ հնչել:
Օրինակ, Հյուսիսային պողոտան ինձ դուր է գալիս, բայց կան մարդիկ, որոնց դուր չի գալիս: Ի՞նչ է ստացվում. եթե շատերին դուր չի գալիս, ուրեմն ես էլ ենթագիտակցորեն պետք է մտածեմ, որ միգուցե ես սխա՞լ եմ: Իհարկե՝ ոչ: Հյուսիսային պողոտան, իմ համոզմամբ, ժամանակի ընթացքում կդառնա ժամանցի ամենակարեւոր հանգույցը մեր մայրաքաղաքի կենտրոնում: Իհարկե, կան նաեւ թերություններ, որոնք պետք է շտկել, բայց միայն դրանց վրա սեւեռվել ու ասել՝ կանաչը քիչ է, մի քիչ պետք է սպիտակը շատ լիներ, կամ այս հարկը ցածր լիներ, մյուսը բարձր՝ ճիշտ չէ:
Իսկ ընդհանուր առմամբ, ամենեւին այն կարծիքին չեմ, որ ունենք ճարտարապետական կոպիտ սխալներով ու անհասկանալի դիզայնով կառուցվող բարձրահարկեր: Երբեմն ասում են՝ գնացի Թբիլիսի, տեսա սիրուն շենքեր ու նախանձում եմ: Իսկ ես, երբ գնում եմ Թբիլիսի, ճիշտ հակառակն եմ մտածում, որ վրացիներն էլ պետք է մեզ նախանձեն: Ասում են՝ նրանց շենքերի ֆասադները գեղեցիկ են, իսկ փորձե՞լ են նայել, թե ինչ կա այդ գեղեցիկ ֆասադների հետնամասում, տեսնե՞լ են, թե ի՞նչ վիճակ է: Դրանք ընդամենը ներկած ու ծեփած շենքեր են, մինչեւ երբ այդ շենքերը կպահպանեն իրենց տեսքը՝ Աստված գիտի:
   -Անդրադառնանք «պոպուլյար» դարձած արագաչափերի թեմային. մի կողմից, ասվում է, որ դրանք նպաստեցին վթարների թվի պակասեցմանը, քանի որ վարորդին զգոն են պահում, մյուս կողմից էլ, թե դարձել են պատուհաս հենց վարորդների համար: Ինչպե՞ս պետք է լուծվի այս հարցը:
-Մարդ էլ կա, ասում է՝ առանց այն էլ վարորդները քաղաքում դանդաղ են վարում մեքենան, արագաչափերը լրացուցիչ ստրես են առաջացնում վարորդների շրջանում, դա ավելի շատ խանգարում է, քան օգնում: Ես այդ կարծիքին չեմ:
Շատ մեգապոլիսներում արագաչափերի քանակը շատ ավելի է, քան Երեւանում: Կարծում եմ՝ խնդիրը ոչ թե արագաչափերն են, այլ տուգանքը, դրանց չափերը երբեմն արդարացված չեն: Ինքս էլ վարում եմ մեքենա ու երբեմն աբսուրդային իրավիճակներում եմ հայտնվում, երբ ստանում եմ տուգանքների մասին անդորրագրերը, նայում եմ ու մտածում՝ լավ, ինչի՞ համար: Սա, բնականաբար, անհանգստացնող երեւույթ է:
Հետեւաբար այս խնդրին պետք է համակարգային մոտեցում ցուցաբերվի, ոչ թե պետք է մտածել՝ որտե՞ղ դնել արագաչափը՝ փողոցի բանուկ հատվածո՞ւմ, թե՞ ոչ բանուկ, այլ պարզապես մոնիտորինգ անցկացնել ու հանգել հստակ եզրակացության: Ես կարծում եմ, որ նոր ավագանին ընտրություններից հետո մի նոր թափով ձեռնամուխ կլինի նմանատիպ խնդիրների լուծմանը:
   -«Սինոփսիս Արմենիայի» տնօրենը մասնակցում է քաղաքապետի ընտրություններին իշխանական ուժի՝ ՀՀԿ-ի ցուցակով, իսկ ձեր աշխատակից Դավիթ Խաժակյանը «Ելք» ընդդիմադիր դաշինքի ցուցակում է, այսինքն՝ տնօրենն ու աշխատակիցը քաղաքական հակադիր ճամբարներո՞ւմ են:
-Կան ընտանիքներ, ուր ամեն մի անդամը կարող է այս կամ այն քաղաքական ուժի համակիրը լինել, բայց դա, բնականաբար, չի խանգարում այդ ընտանիքի ներքին համերաշխությանը: Մեր ընկերություն էլ մի ընտանիք է, ուր հաստատվել են բարիդրացիական հարաբերություններ, կա մեկմեկու հանդեպ հանդուրժողական վերաբերմունք, եւ, իհարկե, հարգանք դիմացինի կարծիքի՝ նրա հասարակական ու քաղաքական հայացքների հանդեպ:
Մեր աշխատակիցներն ազատամիտ մարդիկ են, որեւէ ցուցում, հորդոր այս կամ այն կողմնորոշումն ունենալու հարցում մեզ մոտ երբեք չի եղել ու չի լինի: Ես կուզենամ, որ մեր ընկերությունում առկա փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության այս մթնոլորտը տարածվի նաեւ այլ ընկերությունների վրա: Քանի որ միայն նման գիտակցումով մենք կարող ենք հաջողության հասնել, հակառակ դեպքում մշտապես կլինենք անիմաստ ու անպտուղ վեճերի մեջ:
Այնպես որ, ես հարգում եմ Դավիթի քաղաքացիական դիրքորոշումը։ Կարծում եմ, որ այդ հարգանքը փոխադարձ է: Համոզված եմ, որ Դավիթը կարող է օգտակար լինել ապագա ավագանիում, հետեւաբար ես նրան հաջողություն եմ մաղթում եւ ուզում եմ, որ անպայման ընտրվի ավագանու անդամ, որովհետեւ նման երիտասարդների ներկայությունը շատ պետք է:
   -Լավ քաղաքապետի բնութագիրը տալով՝ հիմնականում ասվում է, թե նա պետք է լինի լավ մենեջեր՝ կազմակերպիչ: Բայց միայն դա բավարա՞ր է լավ քաղաքապետ լինելու համար:
-Այս տարիներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցույց է տվել, որ ինքը ոչ միայն արդյունավետ կառավարիչ է, այլեւ շատերի կողմից ընդունելի կերպար է, մարդկանց հետ շփվելու շնորհք ունեցող անձ է: Ճիշտն ասած, եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը չլիներ իր թիմի կողմից ընդունելի եւ դրական կերպար, երբեք չէի համաձայնի երկրորդ անգամ դառնալ ավագանու անդամ:
Շատ կարեւոր մի հանգամանք եւս կա. դա թիմային աշխատանքի կազմակերպումն է: Շնորհիվ մեր քաղաքապետի՝ ավագանիում ստեղծվել է թիմային մթնոլորտ։ Սա Մարգարյանի առավելություններից մեկն է:
Բացի դրանից, նա ունի մարդուն լսելու կարողություն: Մեր մասնավոր զրույցների ժամանակ միշտ չէ, որ հաճելի խոսքեր եմ ասել, այսինքն՝ նաեւ խոսել եմ քաղաքային թերություններից, եւ նա մշտապես հանգիստ լսել է ինձ։ Լսելով հանդերձ՝ ընդունել ամեն մի ողջամիտ առաջարկ: Սա ինձ համար շատ կարեւոր է:
Հետեւաբար լավ քաղաքապետ լինելու համար այս բոլոր հատկանիշները անձը պետք է ունենա: Մարգարյանն ու իր թիմը այսօր ունեն կիսատ թողած շատ գործեր, եւ եթե նրանք այս ընտրություններում ստանան երեւանցու քվեն, ապա դրանով հնարավորություն կունենան ավարտին հասցնել ի նպաստ մեր քաղաքի ու երեւանցիների արվող գործերը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s