Կառավարությունը պետք է նպաստավոր միջավայր ստեղծի՝ մասնավորի և համալսարանների արդյունավետ համագործակցության համար. Հովիկ Մուսայելյան

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը դրական է համարում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրացրել է աշխատաշուկայի պահանջարկին կրթական համակարգի համապատասխանության հարցը. Tert.am-ի հետ զրույցում Մուսայելյանը նշեց, որ Հայաստանում որակյալ կադրերի պակաս կա:

Նշենք, որ վարչապետն ասել էր, թե կրթական համակարգը շուկայի պահանջներին դեռ շատ վատ է արձագանքում: «Մենք այսօր բազմաթիվ ոլորտներում՝ թե՛ գերակա՝ ՏՏ, թեթև արդյունաբերություն, թե՛ այլ ոլորտներում, ունենք մասնագետների պակաս»,-ասել է վարչապետը:

photo«Եթե մենք ուզում ենք իսկապես թռիչքաձև զարգացում ունենալ և ցանկանում ենք տեղեկատվական տեխնոլոգիաները լուրջ առաջընթաց ապահովեն մեր տնտեսությունում, ապա մենք պետք է լրջագույն ախտորոշում անենք, թե ինչ ունենք և բացերի մասին պետք է անկեղծ խոսել»,-ասաց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրենը և նշեց, որ ոլորտի մասնագետները բազմիցս ասել են, որ ամենամեծ բացը ՏՀՏ աշխատաշուկայում որակյալ կադրերն են, ինչը, ըստ նրա, կառավարությունը միշտ համարել է մասնավորի խնդիրը:

Հովիկ Մուսայելյանը նշեց, որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել և այդ խնդիրները բարձրացվել են:

«Կառավարության խնդիրը ոչ թե նոր կրթօջախներ ստեղծելն է, քանի որ դրա համար լուրջ ռեսուրսներ են պետք, այլ նպաստավոր միջավայրի ստեղծումն  է, որ մասնավոր սեկտորը և համալսարանները կարողանան արդյունավետ համագործակցել,  նոր մոդելներ ստեղծել և արձագանքել աշխատաշուկային»,-ասաց նա և նշեց, որ դրա օրինակն ունեն և իրենց ընկերությունը համագործակցում է մի շարք համալսարանների հետ՝ ստեղծելով միկրոսխեմաների նախագծման ամբիոններ:

Նա ասաց, որ  նման համագործակցությամբ  համալսարանները պետք է այնպիսի կադրեր պատրաստեն, որոնք աշխատաշուկայում պահանջարկված կլինեն: Մուսայելյանը տեխնոլոգիական համալսարանի գաղափարը առաջանային է համարում, ինչի մասին տարիներ շարունակ խոսում են, սակայն դեռ գործնական վերջնական քայլեր չեն արվել:

Ինչ վերաբերում է բանակում «Թումո» կենտրոն ստեղծելու գաղափարին, Հովիկ Մուսայելյանն ասաց.

«Միանշանակ, ես ողջում եմ Պաշտպանության նախարարի այս նախաձեռնությունը, սա առաջին քայլն է, որ մեր զինվորները սովորեն համակարգչային որոշ ծրագրերից օգտվել, սովորեն տեխնոլոգիական տառաճանաչությանը և տեխնիկապես ավելի գրագետ լինեն: Սակայն, քանի որ մենք այսօր որակյալ կադրերի մասին ենք խոսում, իհարկե, այն բավարար չէ բանակում բարձր որակավորում ունեցող ՏՀՏ մասնագետներ պատրաստելու: Դրա համար մոտ ապագայում անհրաժեշտ կլինի երկրորդ լուրջ քայլը կատարել, այն է՝ մասնավոր հատվածի անմիջական ներգրավվածությամբ ժամանակակից տեխնոլոգիական զորամիավորումներ ստեղծելը: Մենք արդեն իսկ աշխատում ենք Պաշտպանության նախարարության հետ այդ խնդիրները լուծելու համար»,-ասաց նա և նշեց, որ միայն այդ միջոցով կարող ենք հաջողության հասնել:

«Այսօր Հայաստանում ՏՀՏ ոլորտը հիմնականում զարգացել է ոչ թե տեղական ընկերությունների կայացմամբ, այլ կորպորացիաների Հայաստան գալով, որոնք բերել են նոր մշակույթ, նոր տեխնոլոգիաներ,  կրթել են կադրեր, որ իրենց երկրում իրենց բիզնեսը զարգացնեն»,-ասաց նա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s