Քաղաքապետարանը Տ. Մարգարյանի հրաժարականի վերաբերյալ տեղեկություն չունի. Հ. Մուսայելյանը հերքում է իր՝ քաղաքապետ դառնալու լուրերը

d_thumb
Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին տեղեկություն չունեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին:

Ինչ վերաբերում է այն լուրերին, որ Տարոն Մարգարյանն արդեն մի քանի օր է՝ աշխատանքի չի գալիս, Արթուր Գևորգյանը նշեց. «Երեկ չի եկել աշխատանքի, ինչը բոլորս տեսել ենք: Դրանից առաջ եկել է աշխատանքի, ինչ վերաբերում է այսօրվան, ապա դեռ առիթ չեմ ունեցել քաղաքապետի հետ խոսելու»:
Օրերս Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութի հրապարակումից և հունիսի 26-ի ավագանու նիստին քաղաքապետի չներկայանալուց հետո մամուլը սկսեց գրել, որ Տ. Մարգարյանի հրաժարականի դիմումն արդեն գրված է: Լրատվամիջոցներն անգամ գրում են նոր քաղաքապետի անունը, մասնավորապես, որ Տարոն Մարգարյանին փոխարինելու է ավագանու ՀՀԿ անդամ, «Սինոփսիս»-ի ղեկավար Հովիկ Մուսայելյանը:

«Այս փուլում Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրը խորհրդարանական ընտրություններն են, սակայն միաժամանակ չեն թողնի, որ մինչ այդ հենց Տարոն Մարգարյանը մնա քաղաքապետ: Դրա լուծման բանալին ժամանակավոր քաղաքապետ ունենալու մեջ է: Ըստ այդմ՝ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնում նրան կփոխարինի Հովիկ Մուսայելյանը, ում ընտրելու են հենց ավագանու անդամները»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Սինոփսիս»-ի ղեկավար Հովիկ Մուսայելյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր անվան հետ կապված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

«Նման բան չկա, ոչ էլ այդպիսի խնդիր կա: Ես աշխատում եմ հիմա իմ սովորական աշխատանքային ռեժիմով «Սինոփսիսում», մամուլից եմ դրա մասին իմացել»,- նշեց նա:

Հ. Մուսայելյանը նաև հայտնեց, որ իրեն նման առաջարկ չի եղել և քաղաքապետ դառնալու մասին ինքը չի էլ մտածում. «Ես հիմա աշխատում եմ, այնքան ծրագրեր ունեմ «Սինոփսիսում» իրականացնելու: Դրա մասին չեմ էլ մտածում ընդհանրապես»:

Նաև հետաքրքրվեցինք, թե Երևանի ավագանու Հանրապետական խմբակցությունում ինչպիսի՞ տրամադրություններ են Տարոն Մարգարյանի հրաժարականի և նոր քաղաքապետի ընտրության հետ կապված:

Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանը հայտնեց, որ այս ուղղությամբ ոչ մի քննարկում չի եղել:

«Ոչ մի խոսակցություն չի եղել, բացարձակապես: Ես ներկա եմ եղել խմբակցության նիստերին, բացարձակ ոչ մի հարց չի շոշափվել»,- ասաց նա:

Հարցին, թե ներքին խոսակցություններ չե՞ն եղել ավագանու անդամների միջև քաղաքապետի հարցով, Ա. Գևորգյանը պատասխանեց. «Ես նման քննարկման ներկա չեմ եղել: Երեկ, երբ ավագանու նիստը վերջացավ, ես անմիջապես դուրս եկա, բայց չեմ կարծում, որ ինչ-որ քննարկում եղել է, թե չէ կզանգեին, կասեին»:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s