Երեքշաբթի, 30 ապրիլի 2019
դիտումներ: 809
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը խոսել է ժամանակակից աշխարհում Հայաստանի և հայության տեղի ու դերի մասին, թե ինչի՞ ենք ձգտում և ի՞նչ ենք ուզում ժառանգել մեր սերունդներին։
Այս մասին Անկախ-ի հետ զրույցում ասաց Մուսայելյանը։
«Ունե՞նք արդյոք ազգային այնպիսի մրցակցային առավելություններ, որոնք մեզ թույլ կտան, լինելով աշխարհի բնակչության 0,15%-ը, ունենալ մեր լիարժեք տեղը 7 միլիարդանոց աշխարհում»:
Հովիկ Մուսայելյանն ասել է, որ կարող ենք մրցունակ լինել ժամանակակից աշխարհում միայն այն դեպքում, երբ ազգովի, երեխայից մինչև ծերունի նախաձեռնող լինենք և գիտակցենք, որ երկրի առջև ծանրացած խնդիրները, ներքին և արտաքին մարտահրավերները բոլորիս ընդհանուր գործն է:
«Կա՞ արդյոք այդ գիտակցումը, կարծում եմ՝ ոչ,-նշել է նա,-հանրային ընկալման մեջ արմատացած է այն գաղափարը, որ նման հարցերը երկրի ղեկավարության գործն է և ոչ մերը»:
Նա համոզմունք է հայտնել, որ հայ ժողովրդի մրցակցային հիմնական առավելությունը նոր իրավիճակին հարմարվելու, ճկուն վերադասավորվելու, նորը արագ ընկալելու մեջ է, և ՏՀՏ ոլորտը դրա վառ ապացույցն է:
«Վարչապետի հետ հանդիպմանը նաև կոնկրետ օրինակ բերեցի: 2 տարի առաջ Տեխնովացիայի Միջազգային Մրցույթում, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ում, Google-ի օֆիսում, մասնակցում էին աշխարհի 140 երկրների մոտ 3000 թիմեր: Դա դպրոցների ավագ դասարանների աղջիկների մրցույթ էր: Մրցույթին մասնակցում էր նաև Հայաստանի Կարբի գյուղի դպրոցի աղջիկների 5 հոգանոց թիմը: Եվ մեր աղջիկները, որոնց ոչ ոք մինչ այդ չէր ճանաչում, գրավում է առաջին տեղը «Ժեստերի լեզու» հավելվածի ստեղծման համար՝ զարմացնելով հազարավոր ներկաներին»:
Այնուհետև նա պարզաբանել է, թե ինչ հանգամանքների շնորհիվ են աղջիկները հասել հաջողության։
«Գտնվեցին 1-2 նվիրյալներ, որոնք, տեղեկանալով մրցույթի մասին, Հայաստանում ձևավորեցին այդ խումբը, գտնվեցին հովանավորներ ճամփորդությունը ֆինանսավորելու համար, և մնում էր շատ քիչ բան, ընդամենը մասնակցել այդ համաշխարհային մրցույթին և հաղթել: Կարծում եմ՝ մեզանից ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանում կգտնվեին աղջիկների 100-ավոր նման թիմեր: Եվ նման օրինակները բազմաթիվ են: Այսինքն, պետք է հնարավորություն տալ մեր պատանիներին, ստեղծել միջավայր, և տաղանդները հեղեղի պես կժայթքեն»:
Մուսայելյանը բարձրացրել է նման միջավայր և հնարավորություններ ստեղծելու հարցը՝ նշելով, որ դա գերխնդիր է, որը մեր ազգային արժանապատվության և ապագա մարտահրավերներին դիմակայելու միակ ճանապարհն է:
Կարբի գյուղի աղջիկների հաջողության պատմությունը զարմացրել ու ոգևորել է նաև վարչապետին։ Այս թեմայի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում կա մի բացասական մտայնություն, որն էլ խոչընդոտում է շատ ու շատ գաղափարների և ծրագրերի իրագործմանը․խոսքն այն մասին է, որ շատերը գործի հաջողությունն ի սկզբանե կապում են գումարի հետ, այնինչ, ըստ Փաշինյանի, եթե մարդ հստակ ձևակերպել է իր նպատակը, դրան հասնելու մեխանիզմները և սկսել է գործել, ապա գումարի հարցն ինքնըստինքյան կլուծվի։
Հովիկ Մուսայելյանն էլ նշել է, որ պետք է կոտրել այն կարծրատիպը, թե մենք՝ հայերս, թիմային ազգ չենք, այլ անհատների ազգ ենք՝ առաջարկելով սկսել լուրջ քննարկումներ հանրության տարբեր խմբերի, կառավարության, գիտա-կրթական կենտրոնների միջև այնպիսի հարթակների ստեղծման համար, որտեղ կբերվեն գաղափարներ, կստեղծվեն վիրտուալ ստարտափներ, որոնք էլ ժամանակի ընթացքում կվերածվեն իրական ձեռնարկությունների:
Մուսայելյանը բերել է Խորհրդային միության օրինակը՝ նշելով, որ գիտատեխնոլոգիական առաջընթացի ֆենոմենը կայանում էր նաև նրանում, որ հնարավորություն էր տրվում մարդկանց արտադրությունում, գիտահետազոտական կառույցներում կատարել ռացիոնալիզատորական առաջարկներ, հատուկ հանձնաժողովներն ուսումնասիրում էին դրանք, լավագույնները ֆինանսավորվում էին, և կարող էին նույնիսկ մի քանի անգամ գերազանցել ստացվող աշխատավարձերը: «Այսինքն, կար ստիմուլ, մոտիվացիա լավ կրթություն ստանալու, գիտությամբ զբաղվելու։ Հիմա ինչպե՞ս ստեղծենք նման միջավայր, որ լավ կրթություն ստանալը, որակյալ մասնագետ դառնալը, գիտությամբ զբաղվելը մեր երկրում դառնա դոմինանտ ու արժանապատիվ»,-հարց է բարձրացրել Հանրային խորհրդի անդամը:
Տեգեր: Հովիկ Մուսայելյան, Նիկոլ Փաշինյան, Սինոփսիս Արմենիա, Հանրային խորհուրդ, Հայաստան, քննարկում, նախագահների հանդիպում, հանդիպում, խմբագրի ընտրանի
Կարդացեք նաև`
«Հրապարակ». ՀՅԴ-ն պատրաստվում է անվստահություն հայտնել Փաշինյանին. Կոնկրետ սցենար է քննարկվում. Ժամկետը եւս հայտնի է
Քաղաքացու օրը. տոն, որ այդպես էլ քեզ հետ չէ
Հայաստանում ընդունված է ամենաթանկագին հյուրերին ընդունել տանը. Փաշինյանը՝ Մեդվեդևին (լուսանկար)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան