«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովի ժամանակ այսօր հուշագիր ստորագրվեց Շիրակի մարզպետարանի, Սինոփսիս ընկերության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև:
Սինոփսիս ընկերության ղեկավար Հովիկ Մուսայելյանը ասաց, որ դրա նպատակն է տեխնոլոգիական կրթությունը Գյումրիում առաջնահերթ ճյուղ դարձնել: Առաջին քայլերն անելու են Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մանաճյուղում:
Հովիկ Մուսայելյանը նշեց, որ մոտ մեկ ու տարի առաջ էր քննարկում Գյումրի մտնել-չմտնելու հարցը: «Մեզ ասում էին՝ գյումրեցիների հետ շատ դժվար է լինելու, որովհետև հավատի ու վստահության խնդիր կա: Ասեմ, որ հեչ էլ դժվար չէ: Ոչ միայն դժվար չէ, այլ այսօր մենք մարզպետի հետ տեխնոլոգիական խնդիրներ ենք քննարկում այստեղ»,- ասաց նա:
Մուսայելյանը նշեց, որ ակնհայտ է՝ Գյումրին լինելու է նաև տեխնոլոգիական կենտրոն:
«Երբ մենք ասում ենք, որ այնպիսի կրթություն ենք տալու, որ դրսից գալու են Գյումրի սովորեն, շատերի մոտ դա ծիծաղ է առաջացնում: Ասեմ, որ հնարավոր է այստեղ միջազգային մակարդակի կրթություն տալ, և Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում մենք տեսնում ենք այդ պոտենցիալը: Կառավարության միջնորդությամբ մեզ առանձին տարածք է տրամադրվում, կսկվի շինարարությունը: Եվ հեռու չէ այն օրը, երբ Գյումրիի հրապարակը կկոչենք տեխնոլոգիական հրապարակ»,- ասաց Մուսայելյանը:
Սինոփսիսը միկրոսխեմաների նախագծման ոլորտում առաջատար համաշխարհային ընկերություն է: Եվ, ըստ նրա, եթե առանձին մասնագիտություն ու ամբիոն են բացելու, դա նշանակում է, որ գյումրեցի տաղանդավոր երիտասարդները հնարավորություն են ունենալու այս մասնագիտության ոլորտում ստանալ աշխարհում լավագույն կրթությունը: «Բայց սա չի նշանակում, որ մենք բավարարվում ենք միայն համալսարանական կրթությամբ, մենք մտնում ենք նաև դպրոց:
Հայաստանի 10 ավագ դպրոցներում արդեն մի քանի տարի է մեծ հաջողությամբ միկրոէլեկտրոնիկան, ծրագրավորումը և հեռահաղորդակցությունը դարձել են պարտադիր առարկաներ: Եվ ուշագրավ է, որ այս 10 դպրոցից երկուսը Գյումրիում են: Գյումրիի աշակերտները շատ տաղանդավոր են, մի խնդիր կա, շատ գերադրական տոնով են խոսում իրենց մասին, հայերի մասին: Այն հարցին, թե՝ եթե թվեիք աշխարհի երեք ամենատաղանդավոր ազգերին, ում կթվեիք, գյումրեցի աշակերտների 90 տոկոսն ասում են՝ առաջինը հայերը: Երբ հարցնում ենք՝ եթե այդքան տաղանդավոր ենք, ինչի՞ ենք էս օրին, արդեն սկսում են հետդ վիճել: Դա շատ լավ է, որ իրենք հայերի մասին այդ կարծիքի են և ամենակարևորը, տաղանդավոր են»,- ասաց նա:
Ըստ Մուսայելյանի՝ այս ամենի նպատակն է որակյալ կրթություն ապահովելով՝ Գյումրիում որակյալ աշխատուժ ունենալ: Եվ հեռու չէ այն օրը, որ համաշխարհային գիգանտ ընկերությունները կգան Գյումրի: Կադրերի պատրաստումից հետո, ըստ նրա, կսկսեն ինժեներական դեպարտամենտի ձևավորումը:
«Բայց այստեղ կարևոր մի պահ կա: Ես տևական ժամանակ զրուցում եմ ծնունդով գյումրեցի IT ոլորտի մասնակիցների հետ, այդ թվում՝ մեր ընկերություն ում աշխատող, որ եթե մասնաճյուղեր ստեղծվեն ու նույն աշխատվարձերն ստանաք, կվերադառնա՞ք Գյումրի: Հավատացեք՝ 99 տոկոսն ասում են՝ այո, կվերադառնանք: Իրենք սպասում են, որ աշխատատեղեր ստեղծվեն, ընտանիքներով կվերադառնան»,- ասաց նա:
Ըստ Մուսայելյանի՝ կարևոր է ստեղծել բարձր տեխնոլոգիական մի երկիր, որտեղ խրախուսվեն բարձր աշխատավարձերը:
«Մենք եկամտահարկի համահարթեցումն արեցինք, տեսեք, ինչ վայնասուն բարձրացավ էս ամիսներին: Ասում են՝ հարուստներն ավելի հարստանում են, աղքատները՝ ավելի աղքատանում: Էդ հարուստներն էլ IT ոլորտի մասնագետներն են: Չկա էն ընկալումը հանրության մեջ, որ IT ոլորտի մասնագետն իր հետ մուլտիպլիկացիայի էֆեկտով բերում է 6-8 աշխատատեղ սպասարկման ոլորտում: Ամեն մի ինժեները 6-8 լրացուցիչ աշխատետեղ է ստեղծում: Հիմա դուք պատկերացրեք, թե Գյումրիում ամեն մի ինժեների լրացուցիչ աշխատատեղն ինչեր կարող է ստեղծել»,- նշեց Հովիկ Մուսայելյանը: