ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանդիսավոր արարողություն․ Ելույթ

IMG_6341

Հայաստանի Հանրապետության,
Մեծարգո Նախագահ,
Մեծարգո Վարչապետ,
Կառավարության հարգարժան անդամներ և հյուրեր,

Այս տարի լրանում է Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակաբաշխության 10 տարին։ Սա բացառիկ հնարավորություն է մեզ համար, ունենալու աշխարհում նման առաջնորդություն, ընդունելու, մեծարելու և վայելելու համաշխարհային լեգենդների ներկայությունը։ 
Իսկ ինչո՞վ է պայմանավորված մեր հավակնությունները հիմնելու նման մրցանակաբաշխություն և ակնկալելու որ Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հսկաները ամեն տարի կժամանեն Հայաստան, ստանալու այս պատվավոր մրցանակը։
Արդեն տևական ժամանակ է՝ մեր երկիրը շարժվում է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում իր տեղը զբաղեցնելու և նոր հաջողություններ արձանագրելու ուղղությամբ: Գործող ընկերությունների քանակը հասնում է շուրջ 1000, որոնց շարքում են նաև բազմաթիվ աշխարհահռչակ ընկերությունների գրասենյակներ, իսկ ինչն առավել կարևոր է՝ Հայաստանում են գործում վերազգային մի շարք ընկերությունների գիտահետազոտական կենտրոնները, որտեղ աշխատում են հազարավոր որակյալ կադրեր:
ՏՀՏ ոլորտը Հայաստանում ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող ճյուղն է՝ տարեկան 20-25% աճով: ՀՆԱ-ում նրա տեսակարար կշիռը կազմում է մոտ 6%, որը համադրելի է շատ երկրների նմանատիպ ցուցանիշի հետ: Զարգացման նման տեմպերը շարունակվում են, և ասեմ ավելին, որ կա ըմբռնում, որ ՏՀՏ ոլորտը, Բարձր տոխնոլոգիաները, այն լոկոմոտիվն է, որի միջոցով միայն կարելի է զարգացնել մեր երկրի տնտեսության բոլոր ճյուղերը:
Տեղեկատվական Տեխնոլոգիաների աշխարհում բազմաթիվ խոշոր դերակատարներ կան, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնք բացառիկ ներդրումներ են ունեցել մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով և մենք այս ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ուզում ենք նախ մեծարել նման անհատներին, ապա նաև հյուրընկալելով նրանց Հայաստանում, հաղորդակից լինենք այդ հսկաների հետ, քանի որ մենք շատ սովորելու բան ունենք նրանցից: Սա նաև բացառիկ հնարավորություն է մեր երիտասարդության համար, անմիջական շփումներ ունենալ համաշխարհային լեգենդների հետ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս մրցանակաբաշխությունը իրականություն դարձրած բոլոր մարդկանց: Անկասկած սա մեծ ներդրում է Հայաստան երկրի և մեր ժողովրդի ապագայի համար:
Միջազգային մեծ հնչեղություն ունեցող այս մրցանակաբաշխության ֆինանսավորումն առաջին օրվանից ամբողջությամբ իրականացվում է ՙՎիվաՍել-ՄՏՍ՚ ընկերության կողմից, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք։
Մրցանակաբաշխության կոմիտեի անունից շնորհակալություն ենք հայտնում Վարչապետի աշխատակազմին, Հայաստան՚ համահայկական հիմնադրամին եւ իհարկե միջազգային մրցութային հանձնաժողովի անդամներին:

Եկեք հիշենք այն լեգենդար անհատների անունները, ովքեր վերջին 9 տարիներին եկել են Հայաստան՝ ստանալու այս պատվավոր մրցանակը։ Ես ուզում եմ նաև մեջբերումներ անել նրանց խոսքերից, որոնք նրանք արտահայտել են հայերի և Հայաստանի մասին։

2010թ. Քրեյգ Բարրետ /ԱՄՆ/ ԻՆՏԵԼ կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ
« Շատ տպավորված եմ հայ ժողովրդի հարուստ պատմությամբ և մշակույթով: Ես բազմիցս Երուսաղեմում եմ եղել և ամեն անգամ այցելել եմ Հայկական շրջան, որտեղ հսկայական նվիրվածություն և ջերմություն եմ տեսել: Նույնը Հայաստանում եմ նկատում: Հայերը շատ ուշիմ, պայծառ, աշխատասեր մարդիկ են: Ուրախությամբ նկատեցի, որ Հայաստանում մարդիկ գիտակցում են, թե երկրի ապագայի համար ինչ կարևորություն ունեն տեխնոլոգիաները:»

2011թ. Ստիվ Վոզնիակ /ԱՄՆ/ էՓԼ կորպորացիայի համահիմնադիր
« Արհեստական ինտելեկտը վերջիվերջո իրականություն կդառնա: Վաղ թե ուշ դա տեղի կունենա` ավտոմեքենաներն ինքնուրույն կգնան ավտոլվացման` զգալով, որ կեղտոտվել են, մինչ տանտերը քնած է` ռոբոտն ինքնուրույն կհավաքի խոհանոցում թափված կեղտոտ ամանեղենը և կսկսի լվանալ: Սա համակարգիչների և տեխնիկայի ապագայի իմ տեսլականն է` ամեն ինչ մարդանման կդառնա:
Իսկ մրցանակը ստանալու արարողության ժամանակ նա ոչ ավել, ոչ պակաս ասաց՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում չկա Նոբելյան մրցանակ և այս պարգևը, որը ես ստանում եմ Հայաստանում, ընդունում եմ որպես Նոբելյան մրցանակ ։ »

2012թ. Ֆեդերիկո Ֆաջին /ԱՄՆ/ միկրոպրոցեսորի հայտնագործող խմբի անդամ
«Կարծում եմ` Հայաստանը զարգացման ճիշտ ընթացք է ընտրել: Այս հարցում ես կարևորում եմ ՏՏ ընկերությունների և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը, ինչն արդեն նկատելի է այստեղ: Հայաստանում ես հանդիպեցի բազմաթիվ տաղանդաշատ մարդկանց, ովքեր պատրաստ են արձագանքել անընդհատ զարգացող տեխնոլոգիաներին, իսկ դա ցանկացած երկրի նորարարական միջավայրի զարգացման կարևոր նախապայմանն եմ համարում:»

2013թ. Ցուգիո Մակիմոտո /ճապոնիա/ ՀԻԹԱՉԻ ընկերության նախագահ
« ՏՏ ոլորտում հաջողակ լինելու համար պետք է առաջին հերթին հաջողակ լինել գլոբալ մակարդակում։ Երիտասարդների համար շատ կարևոր է բիզնես գործունեություն ծավալել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: Նրանք պետք է դիտարկեն, թե աշխարհը որ ուղղությամբ է ընթանում, որ ճյուղերն են ավելի զարգանում, ինչպես նաև` թե որտեղ է ավելի հեշտ մուտք գործել: »

Ուզում եմ հիշեցնել նաև, որ Հայաստան կատարած իր այցի տպավորությունների վերաբերյալ նա գիրք է գրել, որը կոչվում է՝ «Հայաստանը, որպես ՏՏ երկիր․ Փայլող Սիլիկոնային հովիտ Արևելքում»

2014թ. Մարիո Մացցոլա /ԱՄՆ/ ՍԻՍԿՈ ընկերության զարգացման գծով նախագահ
« Անսպասելի էր: Հաճելիորեն զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա Հայաստանում: Վստահ եմ, որ Ձեր երկիրը փայլուն ապագա է ունենալու: »

Մացցոլան իր այցելության վերջին օրը հայտարարեց, որ մեկ միլիոն դոլար է նվիրում Հայաստանի Ամերիկյան համալսարանին։ Այդ գումարը այժմ օգտագործվում է որպես դրամագլուխ և դրա շնորհիվ լավագույն ուսանողները ստանում են կրթաթոշակներ։

2015թ. Եվգենի Կասպերսկի /Ռուսաստան/ ԿԱՍՊԵՐՍԿՈՒ լաբորատորիայի հիմնադիր նախագահ
« Հայաստանը փոքր երկիր է, իսկ հայերը զարմանալի ժողովուրդ: Իր փոքրությամբ և ճկունությամμ` վստահ եմ, որ Հայաստանը կարող է շատ մեծ հաջողությունների հասնել: »

Կասպերսկին Սլավոնական համալսարանում հիմնեց մագիստրոսական ծրագիր «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ։

2016թ․ Լուի Պուզեն /Ֆրանսիա/ ինտերնետի հայրերից
« Տպավորված եմ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նպատակային քայլերով: Ես բացահայտեցի, որ այստեղ՝ Հայաստանում, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հստակ մշակված ռազմավարական քաղաքականություն կա: »

Լուի Պուզենը առաջարկել է համացանցի ՌԻՆԱ նոր տեխնոլոգիաներ, որոնց ապրոբացիայի համար ընտրել է Հայաստանը, որպես տեխնոլոգիական լուրջ ավանդույթներ ունեցող փոքր երկիր։ ՌԻՆԱ-ն Ռեկուրսիվ Համացանցի Ճարտարագիտություն է և առաջարկվում է որպես այլընտրանք լայնորեն կիրառվող ինտերնետի մոդելին։

2017թ. Թոնի Ֆադել /ԱՄՆ/ ՆԵՍԹ ԼԱԲՍ ընկերության հիմնադիր
« Այս ժողովուրդը ապրել է հազարամյակներ և դուք այբուբեն եք ստեղծել հազարամյակներ առաջ և առաջին պետությունն եք աշխարհում, որը քրիստոնեություն է ընդունել: Այդպես էլ կարող եք թվային հասարակությունն ընդունել, որը թվային աշխարհում μոլորի համար հավասարություն կապահովի և որի հիմքը կրկին դուք կդնեք, ինչպես որ արել եք անցյալում: »

Ֆադելը այժմ ամենաակտիվ մասնակիցն է մեր հայրենակից աշխարհահռչակ աստրոֆիզիկ Գարիկ Իսրայելյանի «Ստարմուս» ֆեստիվալի։ Ի դեպ ասեմ, որ Գարիկը մեր այս մրցանակաբաշխության միջազգային հանձնաժողովի անդամ է։

2018 թ․ Ջեյմս Թրուշարդ/ԱՄՆ/ ՆԵՅՇՆԼ ԻՆՍԹՐՈՒՄԵՆԹՍ ընկերության նախագահ
« Հայաստանում այժմ գործունեություն են ծավալում ՏՏ ոլորտի մի շարք համաշխարհային խոշոր ընկերություններ և համոզված եմ, որ դրանց թիվը գնալով կավելանա՝ հաշվի առնելով կառավարության՝ ոլորտի զարգացմանը միտված քայլերն ու ծրագրերը: »

Ինչպես գիտեք Նեյշնլ Ինսթրումենթսը Կառավարության հետ նախաձեռնել է ինժեներական քաղաքի կառուցումը, քսան միլիոն ծրագրի գումարի ուղիղ կեսը ներդրվել է Նեյշնլ Ինսթրումենթսի կողմից։

Եվ վերջապես 2019 թվական։

Միջազգային հանձնաժողովը, որը բաղկացած է 22 անդամներից, եւ որոնցից շատերը աշխարհի տարբեր երկրների ճանաչված անձինք են, որպես ՀՀ պետական մրցանակի 2019թ.-ի հաղթող ընտրեց ճապոնացի հանրահայտ գիտնական՝ Տակեո Կանադեին, որի պաշտոնական այցը սկսվեց երեկվանից, նա հանդիսանում էր “Silicon Mountains” , «Սիլիկոնային Սարեր» գլոբալ ֆորումին որի պատվավոր հյուրն էր; Իսկ այսօր նա Հայաստանի ճարտարագիտական համալսարանում հանդիպեց ուսանողների հետ ինչպես նաև արժանացավ համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։

IMG_6276

Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում դերակատարումը բերել է հեղափոխական բնույթի զարգացումների և 2019 թվականի Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակը շնորհվում է Տակեո Կանադեին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s