Կայացավ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թ․-ի մրցանակաբաշխությունը։ Դափնեկիր էր «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Դր․ Չի-Ֆուն Չանը։

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի դափնեկիր, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանն այսօր ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից ստացավ 2020 թվականի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը։

Պարգևի հանձնման արարողությանը հաջորդեց հատուկ ծրարի և փոստային բացիկի մարման արարողությունը, որն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 11-րդ դափնեկիր Չի-Ֆուն Չանըն ու Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Աշխարհն անընդհատ փոփոխության մեջ է։ Մարդկանց կյանքը շարունակաբար փոփոխվում է կախված լինելով՝ կլիմայի, կենսական համակարգների և ենթակառուցվածքների, մատակարարման շղթայի և այլ փոփոխություններից։ Այս շարքում կարելի է նշել նաև աշխարհին պատած Քովիդ համավարակը։

Ամեն ինչ փոխկապակցված է։ Բոլոր փոփոխություններին դիմակայելու համար անհրաժեշտ են տարբեր միջոցներ։ Արհեստական բանականությունը (AI), Իրերի համացանցը (IoT), Մեքենայական ուսուցումը (Machine learning), Ամպային տեխնոլոգիաներն օգնում են մարդկության կյանքը հարմարացնելու այդ փոփոխություններին։

Այդ բոլորն իրականություն է դառնում կիսահաղորդչային տեխնոլոգիաների միջոցով։ «Սինոփսիս»-ը վերջինիս սիրտն է։ «Սինոփսիս»-ի գործիքների և տեխնոլոգիաների միջոցով մեզ շրջապատող աշխարհը դառնում է խելացի, անվտանգ և ապահով՝ ստեղծելով մի էկոհամակարգ, որտեղ բոլոր մասնակիցներն աշխատում են միասին։ Այդ համատեղ աշխատանքի հիմքում ընկած է վստահությունը։ Այդ վստահությունը բերեց մեզ Հայաստան, և Հայաստանն արդարացրեց մեր սպասելիքները»,- նշեց «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը։

«Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում բազմաթիվ խոշոր դերակատարներ կան, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնք բացառիկ ներդրումներ են ունեցել մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով, և մենք այս ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ուզում ենք նախ մեծարել նման անհատներին, ապա նաև հյուրընկալելով նրանց Հայաստանում, հաղորդակից լինել այդ հսկաների հետ, քանի որ մենք շատ սովորելու բան ունենք նրանցից։ Սա նաև բացառիկ հնարավորություն է մեր երիտասարդության համար՝ անմիջական շփումներ ունենալ համաշխարհային լեգենդների հետ»,- ասաց մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները կարգավորող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։  

Տասնմեկ տարի անընդմեջ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի գլխավոր գործընկերն է Վիվա-ՄՏՍ ընկերությունը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նախորդ մրցանակակիրներն են՝ «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010 թ.), «Էյփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011 թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012 թ.), Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013 թ.),«Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան (2014 թ.), «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015 թ.),  «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզեն (2016 թ.), «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, «Ipod» ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը (2017 թ.), «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Դր․ Ջեյմս Թրուշարդը (2018 թ․) և  Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր Դր. Տակեո Կանադեն (2019 թ․):

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s