Նամականիշը՝ լավագույն նվեր. ՀայՓոստի երկրորդ աճուրդ-երեկոյին յուրահատուկ հավաքածու է ներկայացվել

Հայկական ֆիլատելիայի պահպանման եւ զարգացման նպատակով արդեն երկրորդ անգամ ՀայՓոստն անցկացնում է աճուրդ-երեկո՝ համախմբելով նամականիշերի, ջազի եւ գինու սիրահարներին:

Հյուրերի ցանկը միշտ բազմազան է՝ պետական պաշտոնյաներ, արվեստագետներ, բիզնես ոլորտի մարդիկ. նրանցից շատերն էլ Հայաստանի ֆիլատելիստների ակումբի անդամ են: ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի գաղափարը՝ աճուրդ-երեկոյի միջոցով տարածել ֆիլատելիայի մշակույթը, հաջողությամբ է ընդունվել ու տպավորել շատերին:

ՀայՓոստի ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը նկատում է՝ առաջին աճուրդին հաջորդած դրական կարծիքները շատ էին.«Նախորդ անգամ բավական հաջող էր ստացվել ամեն ինչ, ունեինք լավ արձագանքներ եւ որոշեցինք կրկնել այս տարի եւս: Միջոցառման նպատակն է խոսել հայկական ֆիլատելիայի մասին, պահպանել այն եւ փորձել զարգացնել, քանի որ Հայաստանի նամականիշերը պատկերում են մեր պատմամշակութային ժառանգությունը: Բացի այդ, նպատակ ունենք հաճելի միջավայրում շփվել, քննարկել մեր առաջիկա անելիքները, ֆիլատելիայի սիրահարներից լսել կարծիքներ եւ առաջարկներ»:

Ֆիլատելիստական երկրորդ աճուրդին ցուցադրվեց 17 լոտ, ներառված էին 2021 թվականի նամականիշերի տարեկան լյուքս հավաքածուն, ստորագրված առաջին օրվա ծրարներ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր», «Սպորտ. հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան», «Սպորտ. հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմաներին, «Հայոց այբուբեն» հուշանվերը եւ այլն:

Հետաքրքիր եւ բուռն քննարկումներով ուղեկցվող աճուրդին հյուրերից ոմանք կարողացան ձեռք բերել նոր նամանականիշեր, իսկ որոշներն էլ զիջեցին իրենց տեղը՝ սպասելով հաջորդիվ իրականացվելիք ֆիլատելիստական աճուրդին:

Նոր նամականիշ ձեռք բերելու ցանկություն ունեցողները երկար սպասելու առիթ, թերեւս, չեն ունենա, քանի որ «Հայփոստ ՓԲԸ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի հավաստմամբ՝ այս տարվա ընթացքում նախատեսվում է եւս մեկ աճուրդ-երեկո:

«Մենք ցանկանում ենք, որ հայկական ֆիլատելիան զարգանա, դառնա տարածված ու ավանդույթային: Կազմակերպում ենք երեք տարրի համադրությամբ գեղեցիկ երեկո՝ ջազ, գինի եւ նամականիշ, եւ այս ձեւաչափով բարձրացնում վարկանիշը ֆիլատելիայի: Կարեւորությունն այն է, որ մենք նամականիշերի միջոցով ամբողջ աշխարհին պատմում ենք Հայաստանի հարուստ ժառանգության մասին»:

Հայկական ֆիլատելիայի զարգացմանը միտված ուղիները մի քանիսն են. արդեն գործարկվել է նաեւ Stamps.am կայքը, որտեղ ներկայացված է ամբողջ տեսականին:

«Աշխարհի ամենատարբեր անկյուններից կարող են բացիկ կամ նամականիշ ընտրել եւ պատվիրել: Հայաստանում էլ աստիճանաբար աճում է ֆիլատելիստների թիվը, եւ մենք պետք է անենք ամենը, որ այստեղ էլ նամականիշն ընկալվի որպես լավագույն նվեր: Ինչպես գիտեք, նամականիշերը թագավորական նվերներ են համարվել, եւ մենք հիմա էլ ունենք լյուքս հավաքածուներ՝ ձեւավորված Հայաստանի պատմության ընթացքում, որոնք լավագույն նվերն են: Մեր պատմամշակութային ժառանգության մասին հենց այս կերպ պատմելը շատ կարեւոր է»-, ասաց Հայկ Կարապետյանը:

Երեկոյի ընթացքում ներկայացվեց առանձնահատուկ թողարկումներից մեկը՝ «Անվանի երաժիշտներ» նամականիշերի թեմատիկ հավաքածուն: Ոսկեփայլ դաջվածքով գեղեցիկ հավաքածուն «Հայփոստ ՓԲԸ»-ի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Առլուպայի համագործակցության արդյունքն է: Այն ներառում է տարբեր տարիներին թողարկված 12 նամականիշ, որոնք ներկայացնում են հայ եւ համաշխարհային նշանավոր երաժիշտներին՝ Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Տիգրան Չուխաջյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Կոմիտաս, Արմեն Տիգրանյան, Էդվարդ Միրզոյան, Արամ Խաչատրյան, Մոցարտ, Ղազարոս Սարյան, Բեթհովեն:

ARLOOPA հավելվածի միջոցով հնարավոր է սկանավորել նամականիշերը եւ վայելել անվանի երաժիշտների ստեղծագործությունները՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:

«Անվանի երաժիշտներ» նամականիշերի թեմատիկ հավաքածուն ունի առաջին օրինակի հավաստագիր, որը երեկոյի ավարտին ստորագրեցին եւ գնորդին հանձնեցին ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Հոդվածի աղբյուրը՝ BRAVO.am

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s