«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Մուսայելյանը կարծում է, որ չնայած դեպի Հայաստան մեծ ներհոսքին, պետք է ծայրահեղ զգուշավորություն դրսևորել․ «Պատժամիջոցները առաջին հերթին առչվում են տեխնոլոգիական ոլորտին: Մենք մեզ սանկցիաների հարվածի տակ ենք դնում»:
–Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը․ ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Թողարկման այս հատվածում զրույցն սկսում ենք «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Մուսայելյանի հետ։
Պարոն Մուսայելյան, նախ՝ մեր զրույցը սկսենք նրանից, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը հանգեցրեց մեծ թվով ռուսների և ուկրաինացիների տեղափոխմանը Հայաստան, և պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, թե որքան ընկերություններ են հիմնվել և այլն։ Ասում են՝ մեծամասամբ դրանք այն մարդիկ կամ ընկերություններն են, որոնք իրենց գործունեությունը ծավալում են ՏՏ ոլորտում։ Բոլորը խոսում են, որ սա շատ լավ է, նոր ընկերություններ են բացվում, ոլորտն ավելի է աշխուժանում։ Իսկ այստեղ չկա՞ն ռիսկեր կամ խնդիրներ, որոնք իրենց հետ բերում են այդ անձիք կամ ընկերությունները։
-Դուք ճիշտ եք, որ բավական մասնագետներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից այսօր Հայաստանում են։
Չճշգրտված տեղեկատվությամբ՝ մոտավորապես վաթսուն հազար մասնագետներ են եկել, որոնց կեսը նույնիսկ տարբեր երկրներ են գնացել Հայաստանից։ Այնպես չէ, որ բոլորը եկել և մնացել են։ Այստեղ մենք պետք է հասկանանք, թե ինչ ճանապարհներով են մարդիկ գալիս, և ինչ կոնկրետ մոդելներով են իրենք տեղաշարժվում։ Երկու մոդել կա, մեկը՝ երբ ընկերություններով են գալիս․ այդ դեպքում ընկերություններն են հոգում իրենց աշխատակիցների պետքերը, և այդ տեղափոխությունները բավական սահուն են անցնում, և երկրորդը՝ երբ անհատներն են գալիս, այդ դեպքում բավական դժվարություններ կան՝ նոր երկիր, նոր միջավայր, տարբեր խնդիրներ պետք է լուծել, խորհուրդներ հարցնել և այլն։ Եկողների հիմնական մասը հենց այդ անհատներն են։
-Իսկ ինչո՞ւ են մեկնում անհատները։
– Խնդիրն այն է, որ եկողներն առաջին հերթին տեխնոլոգիական ոլորտից են, և սա պատահական չէր, որովհետև, եթե ուզում ես երկրի նկատմամբ տնտեսական լուրջ պատժամիջոցներ կիրառել՝ առաջինը պետք է տեխնոլոգիական ծորակները փակվեն, երկրորդը՝ ֆինանսաբանկային, երրորդը նոր այլ ոլորտներ։ Երբ որ դու տեխնոլոգիական ծորակները փակում ես, լրջագույն խնդիրներ են առաջանում երկրում։ Բնական էր, որ շատ ընկերություններ, անհատներ պետք է երկիրը լքեին, որպեսզի կարողանային աշխատել։ Մարդիկ երկիրը լքում են հիմնականում ոչ այն բանի համար, որ ինչ-որ բանի հետ համաձայն են կամ ոչ։ Իրենք լքում են երկիրը, որովհետև ուղղակի այնտեղ այլևս չեն կարող աշխատել, որովհետև դրանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ են։ Դու պետք է այնպիսի ընկերություններում, միջավայրում աշխատես, որտեղ պահանջարկված ես։ Եթե դու այնտեղ պահանջարկված չես, դու մտածում ես այլ երկիր գնալու մասին։ Սա շատ կարևոր հանգամանք է։
-Դա նկատի ունեք նաև Հայաստանի՞ դեպքում․ անհատները մեծամասամբ գնում են Հայաստանից։
– Իրավիճակը հանկարծակի ու արագ գոյացավ, մարդիկ իրենց սովոր աշխատանքային ու կենսապայմաններից անսպասելիորեն դուրս են մղվել, հարկադրաբար մեկ այլ երկիր են ընտրել, բայց, բնական է, որ գալիս են և բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում։ Օրինակ՝ ֆինանսական՝ սկսած բանկային հաշիվներ բացելուց, վերջացրած՝ իրենց ազգային արժույթի անկումը։ Բայց նման իրավիճակն անսապասելի էր նաև մեր երկրի համար: Գրանցումների առումով մեզ մոտ կարծես խնդիրներ չկան, շատ արագ գրանցում են, իրենք գոհ են, որ իրենց այստեղ հիմնականում լավ են ընդունում, բավական բարյացակամ են մարդիկ, լեզվի խնդիր չկա, միջավայրը նպաստավոր է նաև կյանքի որակի առումով, մատչելիության, հարուստ մշակութային ու պատմական վայրերի այցելության հնարավորություններով: Իրականում, նրանցից շատերը իրենց համար բառիս բուն իմաստով բացահայտում են մեր քաղաքը, մեր երկիրը, մեր ժողովրդին։ Իհարկե, սա ողբերգություն է նրանց համար, որովհետև, եթե մարդիկ դեռ 3-4 շաբաթ առաջ իրենց հանգիստ կյանքով էին ապրում, հանկարծահաս իրավիճակը նրանց ստիպել է արագ կողմնորոշվել և դուրս գալ երկրից՝ դեպի անորոշություն, անհայտություն:
Շատերը պարտադրված են նույնիսկ ընտանիքներով հեռանալ երկրից: Խոչընդոտներից հիմնականն այն է, որ եկողները բախվում են անշարժ գույքի հետ կապված բավական լուրջ խնդիրների, որովհետև իրենք տեսնում են, որ մեկ ամիս առաջ մեզ մոտ բնակարանների վարձակալությունն այլ արժեք ուներ,ինչից իրենք տեղեկացված էին մեր երկիրն ընտրելու որոշումը կայացնելիս, իսկ հիմա իրենց գալուց հետո 2-3 անգամ ավելացած են տեսնում գները: Հարցնում ես՝ ինչո՞ւ, ասում են՝ դե պահանջարկի և առաջարկի խնդիրներ են, ո՞վ կարող է այդտեղ կարգավորումներ անել։ Օրինակ՝ Վրաստան էլ են գնում, բայց ավելի քիչ, որովհետև այն առավելությունները, որոնք եկողների համար առկա են մեր երկրում, իրենց համար այնտեղ չկան։ Մեզ մոտ դպրոցների, մանկապարտեզների հետ կապված խնդիր կա․ ռուսական դպրոց չկա, բայց կան դպրոցներ, որտեղ ռուսերենի ուժեղացված ուսուցմամբ դասարաններ կան, արդեն կարելի է նաև հեռավար ուսուցման տարբերակն օգտագործել։ Այս ամենը լավ է, խոչընդոտները՝ կարգավորվող, բայց, անհրաժեշտ է լուրջ վերաբերվել մեզ համար վտանգավոր հետևանքների հանդեպ: Հիմա բոլորն ասում են՝ օգուտ, օգուտ, օգուտ․․․ Մինչդեռ, իրավիճակն այնպիսին է, որ ծայրահեղ զգուշավորություն է պետք դրսևորել, ինչն անմիջականորեն նաև կառավարությանն է վերաբերում, որովհետև եթե մենք անընդհատ ցույց տանք, որ ամեն ինչ անում ենք օգտակար լինելու համար, որպեսզի իրենք շրջանցեն այդ պատժամիջոցները, մենք մեզ ենք լուրջ հարվածի տակ դնում, որովհետև դա նշանակում է, որ վաղը, մյուս օրը դրանք նաև մեզ կսպառնան։ Զգուշավորությունը խիստ անհրաժեշտ է, իսկ դա առաջին հերթին վերաբերում է չաղմկելուն, չցուցադրելուն:
-Ինչի մասին Միացյալ նահանգները և Եվրամիությունն արդեն զգուշացրել են։
– Ես կարծում եմ՝ այդտեղ «ֆեյքային» ինչ-որ բաներ կան, բայց, որ անուղղակի զգուշացնում են, դրա մասին չեմ կասկածում։ Ես ծանոթ եմ այդ ֆեյքերին, հիմա դրանք հրապարակավ տարածում են։
-Ժոզեֆ Բորելն էլ է ասել։
– Ամեն դեպքում՝ հետո էլ հերքում էին, որ այդպիսի բան չկա։ Բայց ես համոզված եմ, որ դա անուղղակի ասվում և արվում է, ուղղակի չի բարձրաձայնվում․․․ Չի բարձրաձայնվում հիմա, ինչ երաշխիք, որ ինչ-որ ժամանակ անց ոչ միայն կբարձրաձայնվի, այլ նաև կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ։ Այսօր փողոցով քայլելիս տեսնում եք բավական կիրթ, սլավոնական արտաքինով մարդկանց, և իրենց պահվածքից և դեմքերից արդեն զգացվում է, որ մեր երկիր են եկել կրթական լուրջ ցենզ ունեցող գերազանցապես մասնագիտական բարձր պատրաստություն ունեցող երիտասարդություն։ Այո, շատերը բավական լավ կրթություն ստացած երիտասարդներ են՝ Լոմոնոսով, ՄԻԷՏ, Ֆիզտեխ և այլ համալսարաններ ավարտած։ Մենք պետք է կարողանանք նրանց ընդգրկել տարբեր ընկերություններում, որովհետև մենք բազմիցս ասել ենք, մեր ոլորտի ներկայացուցիչները բազմիցս են ասել որ Հայաստանում մոտ 4000-5000 որակյալ կադրերի պակաս կա: Նորից եմ ուզում կրկնել, որ ոչ թե կադրերի, այլ որակյալ կադրերի պակաս կա, որովհետև այսօր մեր համալսարաններն անընդհատ կադրեր թողարկում են, բայց նրանք դեռևս շատ հեռու են որակյալ կադրեր համարվելուց։
-Ինչո՞ւ ենք ասում «որակյալ կադր», եթե համալսարաններն այդքան կադրեր են թողարկում, և, եթե ոլորտը գրավիչ է իր հեռանկարային լինելով։
– Ցավոք, մեր համալսարաններն այսօր հնարավորություն չունեն այնպիսի կադրեր պատրաստել, ովքեր համալսարանն ավարտելուց հետո անմիջապես պահանջարկված կլինեն մասնավոր հատվածի կողմից, որովհետև այստեղ լուրջ գիտելիքներ են պետք, միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ինչն ապահովելու համար համալսարաններին շատ լուրջ ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ։ Պատահական չէ, որ աշխարհի լավագույն համալսարանների բյուջեները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից են նույնիսկ բավական բարձր։ Իսկ դա ինչի՞ հաշվին է։ Նախ և առաջ՝ կրթություն հասկացության հանդեպ բարձր պատասխանատվության:
-Պարոն Մուսայելյան, իսկ հնարավո՞ր է նախաձեռնություն, որ մասնավոր հատվածը հանդես գա առաջարկությամբ նույն Պոլիտեխնիկական համալսարանի հետ, որպեսզի մասնավորում կայացած մասնագետները թեկուզ ոչ ֆորմալ ձևով ինտեգրվեն կրթական գործընթացին:
– Մենք դրա փորձն ունենք, դրա դասական փորձը «Սինոփսիս Արմենիա»-ն է։
-Ինչպիսի՞ն է այդ փորձը։
– Դեռևս 2004 թվականին ամերիկյան «Լեդա Սիսթեմս» ընկերության և Պոլիտեխնիկի միջև պայմանագիր էր ստորագրվել, որի արդյունքում բացվեց միկրոէլեկտրոնային կիսահաղորդիչների նախագծման նոր ամբիոն։ Մենք բակալավրիատի լավագույն ուսանողներին երրորդ կուրսից արդեն շուրջ քսան տարի է վերցնում ենք մեզ մոտ աշխատանքի, իրենք շարունակում են մնալ Պոլիտեխնիկի ուսանող, բայց 4 տարի ամբողջ այդ ուսումնական պրոցեսը մեր ընկերության տարածքում է ընթանում, և ժամանակակից տեխնոլոգիաներին լավագույնս տիրապետող մեր մասնագետները իրենց հիմնական աշխատանքից զատ՝ նաև դասավանդում են: Ոլորտն աննախադեպ արագությամբ է զարգանում, դու պետք է հնարավորություն ունենաս անընդհատ կատարելագործվելու, իսկ դա լրջագույն ներդրումներ է պահանջում։ Համեմատության համար ասեմ, որ էլեկտրոնային ավտոմատ նախագծման ծրագրային այն գործիքները, որոնցից մեր ուսանողները հիմա օգտվում են, շուկայում մոտ մեկ միլիոն դոլար արժեն: Մենք չբավարարվեցինք միայն Պոլիտեխնիկով, հետո մենք այդ փորձը տարածեցինք նաև այլ համալսարաններում՝ Պետական համալսարանում, Սլավոնական, Եվրոպական ակադեմիայում։ Այսինքն՝ մենք համալսարանների հետ համագործակցության երկու մոդել ենք իրագործում։ Առաջինը, երբ որ համալսարանն է գալիս արտադրություն՝ Պոլիտեխնիկի հետ համատեղ բացված ամբիոնը մեր տարածքում է, երկրորդը, երբ որ մասնավոր ընկերությունը գնում է համալսարան՝ ամբիոնները ստեղծված են համալսարաններում։ Այնպես որ, դրա փորձը մենք ունենք, և բավական հաջողված փորձ է այն։ Այդ պատճառով միկրոսխեմաների նախագծման կրթության առումով պետք չէ, որ մեր ուսանողները գնան աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու։ Համաշխարհային չափորոշիչներին համապատասխան ամենանեղ մասնագիտական կրթությունն իրենք ստանում են Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ում, և սովորելու ընթացքում մեր բոլոր մագիստրոսները, նաև՝ բակալավրներն աշխատում են մեզ մոտ։ Պատկերացրեք՝ ուսանողն իր երկրում ստանում է աշխարհում լավագույն կրթությունը և բուհն ավարտելուց հետո համաշխարհային առաջատար ընկերությունից ստանում է հրավեր՝ աշխատելու իր իսկ երկրում, ստանում է բարձր աշխատավարձ և իր ընտանիքն արժանապատիվ պահելու հնարավորություն ։
-Այդ դեպքում չափազանց անհասականալի են պաշտոնյաների պնդումներն առհասարակ գործազրկության, հենց Ձեր ասած թվերի հետ կապված, որ 4000-5000 թափուր տեղ կա։
– Թափուր տեղ չէ։
-Պահանջ։
– Ոչ, այդպես չէ, և, եկեք անհասկացողությունը և հանրային ընկալումը մի կողմ թողենք։ Շատերը լսել են, որ այո, կա «Սինոփսիս» անունով ընկերություն, բայց չգիտեն, թե մենք ինչով ենք զբաղվում։ Եվ դա նորմալ է, որովհետև բարդ է ու կարիք էլ չկա բացատրելու: Գիտեն, որ դա ինչ-որ տեղ է, որտեղ համակարգիչների մոտ մարդիկ, երիտասարդները նստած, բարձր աշխատավարձ են ստանում, բայց երբ որ այդ ընկալումը չկա այն մարդկանց մոտ, ովքեր դրա պատասխանատուներն են, այ դա խնդիր է։ Ես նորից եմ կրկնում, որ մեր երկրում կա 4000-5000 որակյալ կադրերի պակաս, իսկ որակյալ կադր ինչպե՞ս են դառնում։ Համալսարանն ավարտելուց հետո նրանց վեց, յոթ, ութ տարի է պետք, որ փորձառություն ձեռք բերեն աշխատանքային միջավայրում, իսկ դա հնարավոր է միայն ժամանակակից ծրագրային գործիքակազմ օգտագործելով ձեռք բերել, և, պատկերացրեք՝ քանի տարի է անցնում մինչև որ ինքը գոնե որոշակի, բայց խիստ անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխանի։ Իմ ունեցած տվյալներով, այս մասնագիտություններով ավարտող շրջանավարտների մինչև տասնհինգ տոկոսը հաջողում է մասնավոր հատվածում աշխատանք գտնել, մնացածը՝ ցավոք, չեն գտնում, որովհետև պահանջարկված չեն։ Օրինակ՝ մեզ մոտ բավական թափուր տեղեր կան, և մեզ որակյալ աշխատողներ են անհրաժեշտ։ Չկան այդպիսիք, և մենք պատրաստում ենք մեզ համար՝ կատարելով ներդրումներ, ստեղծելով ամբիոններ համալսարաններում, բայց նույնիսկ այդ պայմաններում, անպայման էլի ժամանակ է պետք, որ փորձառություն ձեռք բերեն, դառնան որակյալ կադրեր։ Այս պարագայում, երբ որակյալ կադրի ամենօրյա պահանջարկ կա, և հաստիքները պետք է լրացնել, նրանք չկան,եղածը չի բավարարում անհրաժեշտ քանակը, որովհետև ոլորտը արագ զարգանում է, կադրերի պատրաստումը չի հասցնում այդ զարգացմանը համընթաց լինել: Կամ էլ պետք է փորձել ավելի գրավիչ առաջարկ անելով՝ ուրիշ ընկերություններից բերել։ Սովորաբար, մեզանից են տանում ավելի շատ, որովհետև հիմնականում մենք ենք կադրեր պատրաստում: Ահա այդպիսին է իրավիճակը:
-Եթե էլի շարունակենք խոսել այստեղ տեղափոխված անձանց մասին, ովքեր ոլորտի ներկայացուցիչներ են, ես հանդիպեցի ուրիշների կարծիքների ևս, որոնք նույնպես ասում էին, որ պետք չէ առանձնապես մեծ աղմուկ բարձրացնել։
– Ես էլ եմ դա ասում։
-Չէ, նրանք դա ուրիշ կոնտեքստում եմ ուզում տեսնել։ Ասում էին, դա այնքան էլ արդարացված չէ, որովհետև նրանք մեծամասամբ աշխատում են դրսի համար, և տեղում իրենք որևէ արժեք չեն ստեղծում։
– Դա ոչ պրոֆեսիոնալ և մակերեսային կարծիք է։ Ասեմ ինչու․ դա նույնն է, որ մեզ մեղադրեն։ Քիչ առաջ Ձեզ պատմեցի, թե ինչ կրթական լուրջ ներդրումներ են արվում այստեղ, մասնագետներ ենք պատրաստում, որոնք աշխատում են «Սինոփսիս»-ում։ Նույն կերպ մեզ կարող են մեղադրել, ու ասել՝ գիտեք ինչ, հարգելի «Սինոփսիս Արմենիա», ինչ անում եք, լավ եք անում բայց հավելյալ արժեքը ստեղծվում է դրսում ․․․ Առանց հասկանալու, որ մենք ուղեղների արտահոսքի կասեցման լրջագույն բաղադրիչներ ենք կիրառել այս քսան տարիների ընթացքում, հակառակ դեպքում այս մարդկանց մեծ մասն արդեն արտասահմանում կլինեին, եթե իրենք այստեղ կրթություն ստանալու, աշխատելու և արժանապատիվ իրենց կյանքն ապահովելու հնարավորությունը չունենային։ Եվ, մյուս խնդիրը, մարդիկ այդ տեխնոլոգիաների կրողն են, երկիրն արդեն ունի բարձրակարգ մասնագետների հզոր բանակ՝ շնորհիվ վերջին քսան տարիների հետևողական աշխատանքի, որը տարվել է ոլորտի կարևորությունը և տեղի ներուժը զարգացնելու անհրաժեշտություևը գիտակցող անհատների ու կազմակերպությունների կողմից: Աստված տա, որ մեր երկիրը վաղը, մյուս օրը այդ մարդկանց կարողանա օգտագործել սեփական պատվերներն իջեցնելով։ Մեր պետությունն այդքան ուժեղ չէ, որ նմանատիպ մասնագետներին կարողանա օգտագործել պետական համակարգում, մեր ռազմավարական ծրագրերում և այլն։ Բայց շատ կարևոր է, որ այդ մարդիկ մնում են այստեղ։ Սովորաբար, նման խոսակցությունների ժամանակ, ես նման մտածելակերպով մարդկանց հարցնում եմ՝ արդյոք նրանք գիտե՞ն, թե միայն «Սինոփսիս»-ը, բացի հիմնական աշխատատեղերից, ինչքան լրացուցիչ աշխատատեղ է ստեղծել Հայաստանում, ասենք, սպասարկման ոլորտում։ Այս տարիների ընթացքում հազարավոր կադրեր են առաջացել նաև ուրիշ ոլորտներում։ Եվ այդ հաշվարկը իմ հնարած գործիքով չէ արվում, դա միջազգային չափորոշիչներով է որոշվում։ ՏՏ ոլորտում յուրաքանչյուր աշխատող մուլտիպլիկացիայի օրենքով 6-8 լրացուցիչ աշխատատեղ է ստեղծում սպասարկման ոլորտում։ Այսինքն՝ եթե ես «Սինոփսիս Արմենիա»-ում մարդ եմ ընդունում աշխատանքի, ինչ-որ ժամանակ հետո անուղղակի ձևով 6-7 նոր աշխատատեղ է ստեղծվում սպասարկման ոլորտում, որովհետև այդ մարդիկ բարձր աշխատավարձ են ստանում, լավ է, որ հենց իր երկրում ապրանքների առատություն կա, պետք է գնան կահույք գնեն, ձեռք բերեն հիպոթեքային վարկեր, ավելի հաճախ սրճարան-ռեստորան գնան, նոր մեքենա գնեն և այլն։ Այսինքն՝ եթե մենք հաշվարկ անենք, կստացվի, որ մինչև հիմա մոտ քսան հազար աշխատատեղ ենք ստեղծել։ Այն չի երևում, մարդիկ չեն տեսնում, բայց մարդիկ տեսնում են, չէ՞, որ սրճարաններ են ավելանում, տեսնում են, որ ծառայություններ են ավելանում՝ առանց հասկանալու, որ դա պահանջարկի արդյունք է, իսկ պահանջարկն ինչպես է ստեղծվում, հենց այսպես էլ ստեղծվում է՝ աշխատատեղերի, բարձր աշխատավարձերի, մարդկանց իրենց երկրում պահելու շնորհիվ։ Եկամտահարկի գծով Հայաստանում առաջին երեսուն հարկատուների մեջ ենք։ Եվ միլիոնավոր դոլարներ են վճարվում եկամտահարկի համար, հազարավոր մարդիկ թոշակ են ստանում։ Այսինքն՝ ասել, որ հավելյալ արժեքը գոյանում է Միացյալ Նահանգներում կամ այլ երկրներում, որոնց պատվերներ են կատարում մեր մասնագետները, և մեր երկիրը դրանից չի շահում, նորից եմ ասում՝ շատ միամիտ և ոչ պոֆեսիոնալ կարծիք է։
-Շատ լավ, իսկ տեղի ունեցող միջազգային զարգացումներն ինչ-որ ձևով անդրադառնո՞ւմ են ոլորտի վրա մեր երկրում, ես նկատի ունեմ՝ որքանո՞վ է ոլորտը փոխկապակցված, օրինակ, ռուսական համանման ոլորտի հետ, որքա՞ն է աշխատանքը սահմանափակվել, դժվարացել, թե՞ նման խնդիրներ դեռևս չունենք
– Այն ընկերությունները, որոնք ՏՏ ոլորտում ինչ-որ ձևով կապված են ռուսական կապիտալի հետ, պահանջարկի առումով կարող են խնդիրներ ունենալ, բայց, հաշվի առնելով, որ այնտեղից ընկերություններն ու անհատները դուրս են գալիս, նրանք շատ հանգիստ կարող են տեղափոխվել ցանկացած այլ տարածք, այդ թվում՝ նաև մեր երկիր, և կհարթվեն այդ խնդիրները: Նորից եմ ասում՝ մարդիկ այնտեղից հիմնականում դուրս են գալիս ոչ թե նրա համար, որ նրանք այլևս չեն ուզում իրենց երկրում ապրել, այլ դուրս են գալիս, որովհետև այլևս այնտեղ չեն կարող աշխատել՝ հաշվի առնելով իրենց մասնագիտական բարձր որակները և ստեղծված աննախադեպ իրավիճակը։
-Իսկ մեզ մոտ ոլորտի իրավական, օրենսդրական դաշտը և այլն բարենպա՞ստ են։
– Մեզ մոտ իրավական դաշտը ընդհանուր առմամբ բարենպաստ է, բայց հարկայինը՝ ոչ։
-Ինչո՞ւ։
– Որովհետև մենք շատ բարձր եկամտահարկ ենք վճարում։ 2018 թվականին եկամտահարկի այդ նշաձողն իջեցվեց՝ երկու միլիոն դրամից ավել աշխատավարձի պարագայում 36 % էր, իսկ այժմ 23 % է, որը շատ ճիշտ և լավ քայլ էր կառավարության կողմից և շատ արդարացված։ Եվ այս մի քանի տարվա մեջ այն մինչև 20 % պետք է իջնի այն, բայց նույն Ռուսաստանում բավական ցածր է այդ հարկատեսակը՝ 10 %, Վրաստանում 8 % է։ Հիմա մարդիկ եթե գալիս են կա՛մ այստեղ, կա՛մ այնտեղ և տեսնում են եկամտահարկերի այդ տարբերությունը, ստացվում է, որ Հայաստանում աշխատելու դեպքում եկամուտները միանգամից պակասելու են։
Եթե ուզում ենք, որ ՏՏ ոլորտի շատ մասնագետներ մնան Հայաստանում, մենք պետք է առաջինը ենթակառուցվածքների առումով որոշակի խնդիրներ լուծենք․ ես պետության մասին եմ ասում, անպայման որոշակի հարկային արտոնություններ պետք է տրվեն։ Այստեղ մի քիչ ուրիշ խնդիր կա, կարող է խտրական իրավիճակներ ստեղծվեն տեղացիների հետ կապված։ Պատկերացրեք, ընկերությունում նույն հաստիքում աշխատում է դրսից եկած մարդը, և մեր տեղացին, մեկից եկամտահարկը շատ է պահվում, մյուսից՝ ավելի քիչ, արդեն ստեղծվում է լուրջ խնդիր։ Խնդիրներ են, որ պետք է մտածված լուծումներ ստանան։
-Եկամտահարկի նման տոկոսն արդարացվա՞ծ է ըստ Ձեզ։
– Եկամտահարկը երեսունվեցից դարձավ քսաներեք, մինչև 2025 թվականը այն պետք է դառնա քսան տոկոս։ Արդարացված է իջեցնելու միտումը, քանի որ ՏՏ ոլորտի ահռելի մասը հիմնականում սպիտակ դաշտում են աշխատում, դա ակնհայտ է, սպիտակ դաշտում աշխատող ընկերությունների համար արդարացված չէ, որովհետև ահռելի քանակի գումարներ գնում են որպես հարկատեսակ, իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ սպիտակ դաշտում չեն, իրենք իրենց խնդիրները լուծում են։
-Հասկանալի է, շնորհակալ եմ զրույցի համար։ Հուսով եմ, որ խնդիրները հրատապ լուծումներ կգտնեն, քանի որ իրավիճակը, ինչպես նաև դուք նկատեցիք, դինամիկ է, անընդհատ զարգանում է։
Հարգելի հեռուստդիտողներ տաղավարում «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Մուսայելյանն էր։