Ինչու ՏՏ ոլորտի մասնագետներն ընտրում են Հայաստանը և ինչ կարող է այդ հոսքը տալ մեզ․ Հովիկ Մուսայելյան


Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զգալի թվով մասնագետներ են եկել ոչ միայն Ռուսաստանից, այլև վերջին ժամանակաշրջանում Ուկրաինայից, Բելառուսից ևս։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

«Ռուաստանից եկած մասնագետների քանակի մասին տարբեր թվեր են հնչում, մի երկու շաբաթ առաջ շրջանառվում էր, որ ՏՏ ոլորտի մոտ 60 հազար մասնագետ է եկել Հայաստան, և նրանց կեսը մեկնել է այստեղից տարբեր երկրներ։ Կարծում եմ, որ մասնագետների գալը դրական ազդեցություն կարող է ունենալ մեզ համար այն նկատառումներով, որ ՏՏ ոլորտը տարիներ ի վեր ահազանգում էր, որ որակյալ կադրերի պակաս կա, և խոսքը 3–5 հազար թափուր տեղերի մասին էր։ Մինչև ռուս–ուկրաինական կոնֆլիկտը, մինչ մասնագետների այսօրվա ներհոսքը, խոսակցություններ կային դրսից կադրեր բերելու մասին, պարզապես խնդիրը աշխատավարձերին և կեցության հարցերին էր վերաբերում, և փոքրաթիվ էր այն ընկերությունների թիվը, որոնք դրսից մասնագետներ բերելու փորձառություն ունեին։ Իսկ այսօրվա ներհոսքը կարծում եմ, որ բացը լրացնելու լավ հնարավորություն է»,– ասաց նա։

Հարցին, թե մրցակցության խնդիր չի՞ տեսնում, և արդյո՞ք ի վնաս մեր մասնագետների չի լինի այս հոսքը, Հովիկ Մուսայելյանն ասաց, որ մեր մասնագետներին դա չի կարող վնասել, քանի որ հազարավոր որակյալ կադրերի պակաս ունենք։

«Բուհերը հիմնականում չեն կարողանում այնպիսի որակյալ մասնագետներ տալ, որոնք մասնավոր հատվածի կողմից անմիջապես պահանջված կլինեն։ Խնդիրն այլ է․ երբ այդ մասնագետները գալիս են, իրենց երկրներում ավելի քիչ եկամտահարկ են վճարում, քան մեզ մոտ, դա նշանակում է, որ այստեղ նույն աշխատանքի համար աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի»,– ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են Հայաստանից գնում դրսից եկած մասնագետները, Հովիկ Մուսայելյանն ասաց, որ այդ հարցում լուրջ մոնիթորինգ և վերլուծություններ իրականացնելու խնդիր կա։ «Բայց իմ սուբյեկտիվ գնահատականով՝ գնում են անշարժ գույքի գների պատճառով, քանի որ գիտեն, որ երկու ամիս առաջ վարձով տների գներն այլ էին, իսկ հիմա մի քանի անգամ ավելի են»,– ասաց նա՝ նշելով, որ տարբեր մասնագետներ տարբեր որակավորումներ ունեն ՝ համապատասխան աշխատավարձերով, և շատերի համար կարող է լուրջ խնդիր լինել տան վարձավճարը։

Անդրադառնալով փոխարժեքի տատանումներին, և դրանով պայմանավորված ՏՏ ոլորտի աշխատավարձերի հետ կապված ռիսկերին՝ Հովիկ Մուսայելյանն ասաց, որ իր ունեցած տվյալներով՝ մեզ մոտ աշխատավարձերը ՏՏ ընկերություններում ֆիքսված են դրամով, և այդ տատանումները լուրջ ազդեցություններ չեն կարող ունենալ։

«Եթե այդ տատանումները նպաստեն ընդհանուր գնաճին, իհարկե, դա կազդի ինչպես ՏՏ ոլորտի աշխատողների, այնպես էլ բոլորի վրա»,– ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչու են հենց Հայաստան գալիս ՏՏ ոլորտի մասնագետները՝ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ գալիս են հիմնականում, որովհետև իրենցից շատերը շատ բարձր որակավորում ունեն և այս իրավիճակում՝ պատժամիջոցների ֆոնին, իրենք այնքան էլ պահանջված չեն իրենց երկրում։ «Իսկ Հայաստան շատ են գալիս, քանի որ մեր երկիրը շատ հարմար է, և իմ խորին համոզմամբ՝ այստեղ նրանք բացահայտում են մի երկիր, ինչի մասին մինչ այդ նույնիսկ չեն իմացել։ Բացի այդ, այստեղ մարդիկ հիմնականում շատ լավ են տրամադրված իրենց նկատմամբ, հակազգային խնդիրներ չկան, հիմնականում անվտանգ է, իրենց լեզվով խոսում են, լավ ինտերնետ կա, սպասարկման ոլորտը միջինից բավական բարձր է»,– ասաց նա։

Իսկ հարցին, թե հաշվի առնելով, որ պատժամիջոցները շարունակվում են, նոր հոսք կարելի՞ է սպասել, Հովիկ Մուսայելյանն ասաց, որ ոչ ոք չի կարող այսօր կանխատեսել՝ ինչ կարող է լինել վաղը, ինչպես և իրենցից շատերը չէին կարող կանխատեսել, որ աշխատելու համար կարող էին հայտնվել Հայաստանում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s