«Սինոփսիսը» մեր երկրի յուրօրինակ այցեքարտն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, ՀՀ հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանի հետ

-Պարոն Մուսայելյան, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ վերջին շրջանում ՏՏ ոլորտի արտասահմանցի մասնագետների ներհոսքը Հայաստան` պայմանավորված ռուս-ուկրաինական ճգնաժամով:

-Շատ զգայուն հարց եք հնչեցնում, բայց փաստը մնում է փաստ, որ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում տարբեր վիճակագրություններ կան` ՏՏ ոլորտի արտասահմանցի մասնագետների ներհոսքի վերաբերյալ: Շրջանառվում է, որ 60-70 հազ. մասնագետներ են եկել Հայաստան, սակայն տարբեր պատճառներով կեսը մեկնել է մեր երկրից: Նույնիսկ հնարավոր է, որ նրանց կամքից անկախ է ստացվել մեկնումը. օրինակ՝ կազմակերպության ամբողջ թիմով էին եկել, որտեղ մեկնելու որոշումը կայացրել է ղեկավար կազմը: Մեր ՏՏ համայնքն արդեն տեւական ժամանակ է՝ ահազանգում է որակյալ կադրերի պակասի մասին (մոտ 4-5 հազ.)։ Այստեղ շատ կարեւոր բան պետք է հասկանալ. մեզ մոտ ոչ թե կադրերի պակաս կա, այլ որակյալ կադրերի։ Տեխնոլոգիական ընկերություններն ընդլայնվում են, ու այդ պակասությունն ավելի զգացնել է տալիս։ Արտասահմանցի մասնագետների ներհոսքը մեր երկիր հնարավորություն է տալիս հատկապես խոշոր ընկերություններին որակյալ կադրեր ներգրավելու ու ինչ-որ առումով լրացնելու պակասը։

-Իսկ, առհասարակ, մեր երկրում ՏՏ ոլորտն ի՞նչ հեռանկարներ ունի ու ի՞նչ մարտահրավերների է բախվում։

-Այս հարցին ես մի փոքր հումորով ու սկեպտիկորեն եմ մոտենում։ ՏՏ-ն այնքան լայն ու բազմաֆունկցիոնալ ոլորտ է, որ միանշանակ պատասխանել հնարավոր չէ։ Եթե խոսում ենք Հայաստանում մրցակցային առավելությունների մասին, պետք է անպայման շեշտենք` ՏՏ ոլորտի կոնկրետ ո՞ր ճյուղի մասին է խոսքը։ Օրինակ՝ միկրոէլեկտրոնիկայի ճյուղի զարգացման՝ ավելի կոնկրետ կիսահաղորդչային միկրոսխեմաների նախագծման տեսանկյունից Հայաստանն ունի բավական մեծ հաջողություններ։ Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ աշխարհի «հսկաներից» երկուսը ներկայացված են Հայաստանում՝ ամերիկյան «Սինոփսիսը» եւ «Սիմենսը», որտեղ հազարից ավել մարդիկ են աշխատում։ Իսկ ծրագրավորման առումով դեռեւս չենք կարող մրցունակ լինել, քանի որ պահանջարկն այնքան շատ է, դժբախտաբար որակյալ առաջարկն է քիչ։ Բացի կադրային պակասից, մենք մեր բնակչության թվով չենք կարող ապահովել համապատասխան քանակով առաջարկ։ Աշխարհի մասշտաբով պահանջարկը հիմնականում բավարարում են Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն։ Երբ որեւէ խոշոր կազմակերպություն է մուտք գործում Հայաստան, բախվում է որակյալ մասնագետների պակասի լրջագույն խնդրի։ Այսպիսով, սկսում են միմյանցից աշխատողներ «փախցնել»։ Տարբեր պատճառներով համալսարանները դեռեւս ի զորու չեն նման պահանջված կադրեր պատրաստելու։ Շուկան չի կարող առողջ լինել, քանի դեռ կադրերի համալրում տեղի չի ունեցել: Այդ բացը արհեստականորեն լրացնելու համար ընկերությունները հարկադրված որոշ մոտիվացիոն ծրագրերով փորձում են այլ ընկերություններում արդեն վերապատրաստված մասնագետներին իրենց մոտ տանել: Նույնը կատարվում է մեր ընկերության հետ. մենք կրթության մեջ ներդրումներ ենք կատարում, համագործակցում ենք համալսարանների հետ, վերապատրաստում մասնագետների` հնարավորություն տալով ուսանողներին աշխատել մեզ մոտ` սովորելուն զուգահեռ: Մոտ 7-8 տարի հետո տվյալ ուսանողը «սուպեր» մասնագետ է դառնում: Որոշ ժամանակ հետո ի հայտ է գալիս մի ընկերություն, որը չունի համբերություն մարդկանց կրթելու, մասնագետներ վերապատրաստելու համար, ավելին, դրանց համար ռեսուրսներ ու նպատակ էլ չունի: Սակայն կապի մեջ է մտնում մեր մասնագետների հետ, համեմատաբար բարձր աշխատավարձ է խոստանում: Մասնագետը, ով պատրաստվում է փոխել աշխատավայրը, իսկապես, շնորհակալ է «Սինոփսիսից» կամ նման ընկերություններից, որոնք հնարավորություն են տվել դառնալու մրցունակ մասնագետ, սակայն նա ունի ֆինանսական բազում խնդիրներ լուծելու, այդ իսկ պատճառով հեռանում է: «Սինոփսիսը» չի գայթակղում բարձր վարձատրությամբ կամ նմանատիպ բաներով, այլ խոստանում է որակյալ մասնագետ դառնալու հնարավորություն, լավագույն կրթություն ու արժանապատիվ աշխատավարձ: Խնդիրն այն է, որ արժանապատիվ աշխատավարձ ասելով` մարդիկ տարբեր պատկերացումներ ու պահանջմունքներ ունեն: Չեմ փորձում որեւէ մեկին քննադատել, պարզապես, նման օրինակներով փորձում եմ ցույց տալ, թե ինչ անառողջ գործընթացներ կան ՏՏ ոլորտում:

-Կպատմե՞ք «Սինոփսիսի» կրթական ծրագրերի մասին:

-Մինչ «Սինոփսիսի» Հայաստան մուտք գործելը` 2004 թ., կար ամերիկյան «Լեդա սիսթեմս» ընկերություն: 2001 թ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ «Լեդա սիսթեմսը» համագործակցում էր, որի արդյունքում ստեղծվեց միկրոսխեմաների նախագծման ամբիոն: Այն մեր ընկերության բազայի վրա էր. ի՞նչ է դա նշանակում. ուսանողները 4 տարի սովորում էին (2 տարի բակալավր, 2 տարի մագիստրատուրա) եւ 3-րդ տարվանից քննություններով ընդունվում էին մեզ մոտ: Այսինքն, մնում էին համալսարանի ուսանող, սակայն կրթական հետագա ընթացքն իրականացվում էր մեր կազմակերպությունում: Այնուհետեւ «Սինոփսիսը» գնեց «Լեդա դիզայնըը» (նախկին «Լեդա սիսթեմսը») ու շարունակեց սույն կրթական ծրագիրը: ՏՏ ոլորտում «Սինոփսիսը» լինելով համաշխարհային լիդեր` տիրապետում է նաեւ ամերիկյան լավագույն կրթական ծրագրերին, որոնք տեղայնացված են Հայաստանի համար: Ուսումնական կենտրոնը հենց մեզ մոտ է, որտեղ տեղակայված է ՀԱՊՀ ամբիոնը։ Մեր լավագույն աշխատակիցները դուրս են գալիս արտադրական մասնաշենքից ու անմիջապես գնում կենտրոն` դասավանդելու: Փորձել ենք որքան հնարավոր է հեշտացնել այդ գործընթացը եւ աշխատակիցների ժամանակը չխլել: Դասավանդող մասնագետներն իրենց հերթին եւս անընդհատ վերապատրաստվում են: Մեր կրթական ծրագրերն ընդլայնվել են. եթե նախկինում կիրառում էինք համալսարանների հետ համագործակցության միայն մի մոդել (Պոլիտեխնիկի հետ), ապա 2005-ից սկսեցինք համագործակցել նաեւ ԵՊՀ-ի, Սլավոնական ու Եվրոպական համալսարանների հետ` ստեղծելով ամբիոններ, որոնք տեղակայված էին համալսարաններում։ Ունենք մոտավորապես 1000 աշխատակից, որոնց կեսից ավելին մեր նախկին ուսանողներն են: Ի՞նչ է ստացվում. մարդն իր երկրում ստանում է որակյալ, բարձրագույն կրթություն, այնուհետեւ առաջարկ է ստանում աշխատելու համաշխարհային լավագույն ընկերություններից մեկում` ապրելով, արարելով կրկին իր երկրում: Ամենակարեւորը` նա չի մտածում երկիրը լքելու մասին: Դրա արդյունքում է, որ կայուն զարգացումներ ունենք այստեղ: «Սինոփսիսը» շահագրգռված է, որ իր կադրերը մնան Հայաստանում:

-Անխոս, հայաստանյան իրավական ու տնտեսական դաշտում կան դժվարություններ ու բացթողումներ: «Սինոփսիսն» ինչպե՞ս է հաղթահարում դրանք:

-Այսպես կձեւակերպեմ ասելիքս. ես չեմ ընդունում ու հասկանում այն գործարարներին, որոնք Հայաստան են եկել ու ամենաչնչին խոչընդոտների հանդիպելիս դժգոհել, փնթփնթացել ու հեռացել են: Անկեղծ ասած, հիմնականում դա մեր հայրենակիցներին է վերաբերում: Դժվարություններն ու խոչընդոտներն անխուսափելի են: Այն գործարարները, որոնք չեն տրտնջացել ու դժգոհել, ավելին` հաղթահարել են խոչընդոտները, միշտ էլ արդյունավետ բիզնես են վարել: Հայաստանը սփյուռքի համար չի կարող ծառայել միայն որպես դաշտ, որտեղ կարելի է իրացնել հայրենասիրական մղումները: Անպայման պետք է բիզնես հետաքրքրություններ լինեն: Ես բոլորովին չեմ ժխտում, որ «Սինոփսիսը» դժվարություններ չի ունեցել. իհարկե, ունեցել ենք, բայց հաղթահարել ենք: Մեր կազմակերպությունը 40-ից ավելի երկրներում ունի մասնաճյուղեր, կենտրոնակայանը Սիլիկոնյան հովտում է` ԱՄՆ-ում: Սակայն մեծ ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ ԱՄՆ-ից հետո մենք երկրորդ տեղում ենք` որպես կոնսոլիդացված մասնաճյուղ, այսինքն` գտնվում ենք մի տեղում (նույն միջավայրում): Ճիշտ է` Հնդկաստանում կամ Չինաստանում աշխատողներն ավելի շատ են, սակայն նրանք տարբեր քաղաքներում ու նահանգներում են տեղակայված: Մեր կազմակերպությունը նաեւ Գյումրիում բացեց իր մասնաճյուղը, ու համագործակցում ենք Պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղի հետ: Շատ կազմակերպություններ (ոչ միայն ՏՏ ոլորտից), ականատես լինելով «Սինոփսիսի» հաջողություններին, անցած 17 տարում մուտք են գործել Հայաստան: Մտածում են` եթե «Սինոփսիսը» հաջողել է, ուրեմն մենք էլ կարող ենք հաջողել: Շատ կարեւոր մի փաստ էլ արձանագրեմ` 2004-ից սկսած մինչ այսօր պետությունը մեզ հետ խոսել է «Դուք»-ով, այսինքն` մեծ տեղ է տվել, հնարավորություններ ապահովել ընդլայնվելու համար: Դրա պատճառն այն է, որ այստեղ հասկանում են նման ընկերությունների դերն ու նշանակությունը Հայաստանի համար: Եթե «Սինոփսիսը» հանդիպեր բավական լուրջ դատաիրավական, հարկային, մաքսային կամ այլ ոլորտի խոչընդոտների, միանշանակ կհրաժարվեր համագործակցել Հայաստանի հետ ու այլ երկրում կորոշեր մասնաճյուղ հիմնել: Բարեբախտաբար, նման դեպք չի եղել: Հայաստանում այնքան էլ շատ չեն «լուսավոր կղզյակները», եւ մենք այդ առումով եւս մեծ պատասխանատվություն ենք զգում, նշաձողը միշտ վերեւ ենք պահել, պահում ու վստահ եմ` կպահենք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s