Նամականիշը պետության խորհրդանիշներից մեկն է

«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանի հետ -Պարո՛ն Մուսայելյան, Դուք Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահն եք։ Շատ հետաքրքիր է՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս սկսեցիք նամականիշների հավաքածու ունենալ։ -Շատերն են սկսել նամականիշներ հավաքել պատանեկան տարիներից, սակայն ես մանկուց նամականիշներ չեմ հավաքել եւ սկսել եմ դրանով զբաղվել երեսուն տարեկանից։ Մինչ այդ տարված էի տարբեր երկրների մետաղադրամներ հավաքելով։ Մետաղադրամների հավաքածու ունեցող մարդկանց անվանում են նումիզմատներ, իսկ նամականիշների հավաքածու ունեցողներին՝ ֆիլատելիստներ։

Տասնամյակներ առաջ նումիզմատներն ու ֆիլատելիստները յուրաքանչյուր շաբաթ-կիրակի հանդիպում էին Մաշտոցի պողոտայի գրասենյակում ու սկսում քննարկել իրենց հավաքածուներին վերաբերող թեմաներ։ Հիմա միայն ֆիլատելիստներն են հանդիպում նշված վայրում։ Երբ սկսեցի հաճախել այդ ակումբ, զարմանում էի, որ շատ ծանրակշիռ մարդիկ ինչ-որ գունավոր թղթեր էին հավաքում։ Ինձ տարօրինակ էր թվում դա։ Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ ինքս եմ այդ անչափ հետաքրքիր գործով զբաղվելու։ Դա էլ ինձ օգնեց հասկանալ, որ արվեստի հանդեպ անտարբեր չեմ. ուսումնասիրում էի նամականիշների պատկերները, գույները, եզրագծերը։ Սկզբնական շրջանում նամականիշները ձեռք էի բերում առանց հասկանալու։ Հետո պարզվեց, որ բավական սխալ նամականիշներ եմ գնել։ Այսպիսով, ժամանակի ընթացքում հասկացա, թե նամականիշների ինչ տարբեր հավաքածուներ պետք է ունենամ, որոնք ավելի հոգեհարազատ են ինձ։ Այսօր հավաքածուներիս թեմատիկան բազմազան է՝ աշխարհի տարբեր երկրների նամականիշներ՝ նվիրված Հայաստանին ու ծագումով հայ նշանավորներին, քրիստոնեություն, Արցախի նամականիշներ, Նապոլեոն Բոնապարտ, Երկրորդ համաշխարհային պատերազմ եւ այլն։ Նամականիշների աշխարհը զարմանահրաշ է, քանի որ դրանց միջոցով կարողանում ես տվյալ երկրի մշակույթի, պատմության, ժողովրդի վերաբերյալ եզրահանգումներ անել։ «Հայփոստն» այժմ շատ կարեւոր նախաձեռնություն է իրականացնում. ազերիների կողմից ավերված պատմամշակութային կոթողների վերաբերյալ, հատկապես Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու եւ Սբ Կանաչ ժամի ռմբակոծման պատկերներով նամականիշների թողարկում։ Ցանկություն կա դա մեծ տպաքանակով թողարկել ու աշխարհով մեկ սփռել։ Նամականիշը պետության խորհրդանիշներից մեկն է՝ դրոշ, զինանշան, օրհներգ ու նամականիշ։ Պատահական չէ, որ պետական պաշտոնական այցերի ժամանակ պաշտոնյաներն իրենց երկրի նամականիշների հավաքածուներ են նվիրում։ Ինչպես նշեցի, դրանցով կարելի է ամբողջական գաղափար կազմել տվյալ երկրի պատմության ու անցած ուղու մասին։ -Իսկ պատահո՞ւմ է, որ մարդիկ բերում են նամականիշներ Ձեզ մոտ միայն վաճառելու համար։ -Գիտեք՝ ի՞նչն է հետաքրքիր. երբեմն մարդիկ նամականիշներ են բերում ակումբ, որպեսզի վաճառեն՝ ասելով, որ իրենց պապիկի կամ որեւէ հարազատի հավաքածուն է, ով արդեն վախճանվել է: Բայց պատահում են նաեւ մեզ մոտ ակումբում մարդիկ, որոնք մի հայացք գցելով այդ հավաքածուի վրա, ասում են՝  «Տար, թափի՛ր, ոչ մի արժեքավոր բան չկա»: Ես շատ զգայուն եմ այդ հարցում. չէ՞ որ այդ մարդը ժամանակ է ծախսել ու այդքանը հավաքել է: Եվ միշտ հորդորում եմ՝ զգայուն եղե՛ք այդ հարցում. եթե անգամ զգում եք, որ այնտեղ արժեքավոր ոչինչ չկա, նրբանկատորեն ասեք դա, չվիրավորելով նրանց արժանապատվությունը: -Իսկ ինչպե՞ս կարող են մարդիկ ծանոթանալ Ձեր հավաքածուներին։ -Ես կարող եմ իմ անձնական բլոգը տրամադրել՝ hovikmusaelyan.com: Այնտեղ ֆիլատելիայի բաժինն առանձին է, նաեւ հետաքրքիր վավերագրական ֆիլմեր էլ կան: Բլոգը պասիվ է, այսինքն՝ հիմնականում հետեւում են այն մարդիկ, ովքեր արդեն գիտեն դրա մասին: Ես սոցիալական կայքերում գրանցված չեմ, ու շատերը զարմանում են դա իմանալով։ Նախընտրում եմ ավելի ակտիվ լինել տարբեր հանրային հարթակներում եւ հետաքրքիր տեղեկություններ փոխանցել մարդկանց իմ անձնական բլոգի միջոցով։ -Լսել եմ, որ խորհրդային տարիներին շատ ֆիլատելիստներ կային: Հիմա ովքե՞ր են հայ ֆիլատելիստները, ովքեր հաճախում են ակումբներ: -Այո՛, Դուք ճիշտ եք, այդ ժամանակ շատ կային, եւ կար մի ավանդույթ, որ ծննդյան օրերին ծնողները երեխաներին նամականիշներ էին նվիրում։ Իմիջիայլոց՝ շատ փոքր երկրներ կան, որոնց բյուջեն հենց նամականիշների տպագրության ու վաճառքի վրա է հիմնված: Ինչքան երկիրը զարգացած է տնտեսապես եւ բարձր է բնակչության կենսամակարդակը, այնքան ֆիլատելիան ավելի զարգացած է։ Պատահական չէ, որ եվրոպական շատ հայտնի քաղաքների ամենաթանկ վայրերում շատ են ֆիլատելիստական խանութները: Դրանով զբաղվողները շատ են, որը նաեւ լուրջ բիզնես է այնտեղ ու կայուն եկամուտ է ապահովում: Բայց, ցավոք, Հայաստանում այդպես չէ, որովհետեւ մանկապատանեկան ֆիլատելիայի զարգացում չկա։ Ես եւ իմ գործընկերները հանրահռչակում ենք ֆիլատելիան Հայաստանում՝ ցուցահանդեսների միջոցով: Տարեկան մոտ երկու ցուցահանդես ենք կազմակերպում։ Այս տարի՝ նոյեմբերին, միջազգային  ցուցահանդես ենք անելու՝ նվիրված Ֆիլանում (ֆիլատելիայի եւ նումիզմատիկայի միություն) կազմակերպության 100-ամյակին, եւ հատուկ նամականիշ է թողարկվելու այդ առիթով։ Կենտրոնական բանկը եւս մասնակցելու է իր հոբելյանական հայկական հուշամեդալներով եւ մետաղադրամներով: Բավական լուրջ ցուցահանդես ենք անելու եւ անպայման Ձեզ եւս կհրավիրենք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s