Հայաստանը հավակնություններ կունենա էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի ոլորտներում. ժամանակն է, որ խոսենք բարձր տեխնոլոգիաներից. Հովիկ Մուսայելյան

Tert.am-ը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ զրուցել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, հեռանկարների և խնդրահարույց կետերի մասին: Զրույցի ընթացքում Մուսայելյանը նկատեց, որ ՏՏ ոլորտը ՀՀ տնտեսությանը աճ բերողներից է, սակայն շեշտեց, թե չի ցանկանում գերագնահատել  իրավիճակը: Նրա խոսքով՝ առաջիկա 5 տարիների ընթացքում ֆանտաստիկ փոփոխություններ են սպասվում այս ոլորտում, և մենք պետք է պատրաստ լինենք, կարողանանք համահունչ լինել, որ գոնե կարողանանք ինչոչ քայլեր անել:

Պարո՛ն Մուսայելյան, բազմիցս ասվում է, որ ՀՀում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա շահ է և հիմնական զարգացող ուղղություն: Այս ոլորտում մենք միջազգային շուկային համընթա՞ց  ենք քայլում:

– Ոլորտն, իսկապես, գերակա ճյուղ է Հայաստանում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ երկրում միակ ճյուղն է, որը երկրի համար երկնիշ աճ է արձանագրում արդեն բավական երկար ժամանակ: Միևնույն ժամանակ չէի ցանկանա գերագնահատել մեր հնարավորությունները, բայց այն, ինչ ունենք, մեզ կտանի բավականին հետաքրքիր զարգացումների շեմ: Այսօր աշխարհն այս ոլորտում շռնդալից առաջընթաց է արձանագրում, այն աստիճան, որ դժվար է անգամ հետևելը: Առաջիկա 5 տարիների ընթացքում ֆանտաստիկ փոփոխություններ են սպասվում այս ոլորտում, և մենք պետք է պատրաստ լինենք, կարողանանք համահունչ լինել, որ գոնե կարողանանք ինչ-ոչ քայլեր անել:

Continue reading

Advertisements

Տեխնոլոգիական համալսարանը կապահովի որակյալ մասնագետներով, ինչի պակասը ՀՀ-ում կա

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ քննարկումներ են ընթանում տեխնոլոգիական համալսարան ունենալու ուղղությամբ:

«Այսօր ունենք բուհեր, որ տեխնիկական ուղղվածության մասնագետներ են պատրաստում, բայց մենք կարծում ենք, որ տեխնոլոգիական համալսարան ունենալու անհրաժեշտություն ունենք, որովհետև դա ենթադրում է բուհական որակյալ կրթություն, իսկ դրա պակասն այսօր Հայաստանում կա»,-ասաց նա և նշեց, որ տեղեկատվական հեռահաղորդակցային տեխնոլոգիաների միությունը հանձն է առել տեխնոլոգիական համալսարանի կոնցեպցիայի մշակումը և հիմնական թեզերը վարչապետին ներկայացրել են:d_thumb
Continue reading

Մոնոլոգ

Untitled

Ես կարծում եմ …
_DSCF2997Աստծո շնորհը
Ներելու կարողությունը Աստծո շնորհն է: Եթե չես կարողանում ներել` վտանգավոր է: Աշխատանքում, ընտանիքում, ընկերական հարաբերություններում չներես` չես ունենա վստահության այն բաժինը, որն օգնում է  գտնել տեղը հասարակության մեջ: Ներողամտությունն ամրապնդում է ընկերությունը: Գիտես ընկերոջդ, նրա ուժեղ եւ թույլ կողմերը: Դու ներողամիտ ես նրա թուլությունների հանդեպ: Նա էլ քեզ է ներել քո բացթողումների համար: Միայն այս դեպքում է հնարավոր կառուցել ջերմ ընկերական հարաբերություններ: Իմ ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է: Եթե որևէ մեկն ընտանիքը չի համարում իր ամենամեծ ձեռքբերումը, ուրեմն կյանքում քիչ բաների է հասել: Ընտանիքում հաջողակ չլինելով, չես կարող լիաժեք լինել: Պետք է ներդաշնակ լինել այն միջավայրում, որտեղ արարում ես, ապրում ու աշխատում:

պատահականություն

Ընտանիքի կազմավորումը ճակատագրի բերումով պատահականությունների շարք է: Եթե ես չորոշեի ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցն ավարտելուց հետո գնալ Պոլիտեխնիկ, կամ այն ավարտելուց հետո չգործուղվեի Էջմիածին` տնաշինական կոմբինատում աշխատելու, կկատարեի այլ ընտրություն եւ կունենայի  ուրիշ ընտանիք:

մնացած կյանքի առաջին օրը

Մենք` հայերս, ընտանեկան արժեքնեը վեր ենք դասում ամեն ինչից, շարունակում ենք հոգալ մեր երեխաների կարիքները, և մեր հոգատարությունը երբեմն վնասում է իրենց: Ծնողի համար երեխաները միշտ փոքր են, հոգատարության կարիք ունեն, բայց մի օր հասկանում ես, որ նրանք արդեն կայացած են, ու պետք չէ խառնվել նրանց կյանքին: Մենք փորձում ենք անընդհատ օգտակար լինել: Երբ երիտասարդ ես ու կյանքն առջևում է, քիչ ժամանակ ես տրամադրում նրանց, իսկ երբ թոռնիկ է ծնվում` վերաարժեքավորում ես կյանքդ: Թոռնիկը  թուլություն է: Երեխայի հետ հարաբերությոններում լրիվ ուրիշ մարդ ես դառնում: Երեխայի ծնունդը հրաշք է, նրա հետ ես կապում բոլոր այն նպատակները, որոնք չես իրականցրել: Երիատասարդ տարիքում երբեք չես մտածում, ինչքան է մնացել, բայց մեծանալով ու իմաստնանալով հասկանում ես, որ ամեն օրը մնացած կյանքի առաջին օրն է: Continue reading

ՀՊՃՀ 69 առաջատար ճարտարագետներ հաջողությամբ ավարտեցին Սինոփսիսի կրթական ծրագիրը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) եւ Սինոփսիս ընկերությունը այսօր հայտարարում են, որ 69 ուսանողներ այս տարի հաջողությամբ ավարտեցին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի համատեղ կրթական ծրագիրը: 2004 թ.-ին Սինոփսիս ընկերության Հայաստան մուտք գործելուց հետո, Պոլիտեխնիկի արդեն 412 շրջանավարտներ ավարտել են այս ծրագիրը:

Ես կարծում եմ, որ մեր օրերում բարձրորակ մասնագետների պատրաստումն անհնարին է առանց բիզնես ընկերությունների անմիջական մասնակցության եւ «բուհ-արտադրություն» համագործակցության: Նման համագործակցության փայլուն օրինակ է Սինոփսիս ընկերության  եւ Պոլիտեխնիկի հետ համատեղ կրթական ծրագրի իրականացումը: Սինոփսիս ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի կարեւոր մասն  է կազմում կրթության մեջ ներդրումների կատարումը, որը թույլ է տալիս Պոլիտեխնիկի հետ համատեղ պատրաստել որակյալ կադրեր երկրի տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտներում: Այսօրվա 69 շրջանավարտները զինված են անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով եւ արդեն իսկ  նրանցից շատերն ապահովված են մասնագիտական աշխատանքով: Այս ճանապարհով չափազանց կարեւոր խնդիր է լուծվում նաեւ երկրում ուղեղների արտահոսքի կասեցման առումով, քանզի սույն ծրագրով բուհն ավարտած ուսանողների գերակշիռ մասը աշխատանքի հրավեր է ստանում միկրոսխեմաների նախագծման ասպարեզում համաշխարհային առաջատար ընկերությունից(Հ. Մուսայելյան)

Երևանն ավելի կանաչ դարձնել

Ես կարծում եմ, եթե մեր գիտակցության մեջ ամրապնդվի այն միտքը, որ ամեն տարի մեզանից յուրաքանչյուրը մեկ ծառ պետք է տնկի Երևանում, ապա մեր սիրելի քաղաքը կվերածվի կանաչ գոտու: Այսօր ՏՀՏ ընկերություններն են միանում, վաղը համոզված եմ նաև այլ ընկերություններ կմիանան և այսպես շարունակ: Դարձնենք մեր քաղաքը կանաչի մեջ լողացող և մաքուր: (Հ. Մուսայելյան)

«Համալսարան/ արդյունաբերություն համագործակցություն՝ նորարարությունների խթանում» գիտակրթական գիտաժողով՝ նվիրված ՀՊՃՀ 80-ամյակին

Ես կարծում եմ, որ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրի տնտեսության առաջնահերթություններից է, և չափազանց կարևոր է, որ ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունները սերտ համագործակցություն ունենան համալսարանների հետ, նախապատվորեն ոլորտի համար որակյալ կադրեր պատրաստելու համար: Պոլիտեխնիկը միշտ եղել է հանրապետության արտադրական ոլորտին բարձրորակ ճարտարագետներ մատակարարող կրթօջախ: ՀՊՃՀ Շրջանավարտների միությունը լինելով այս կարևոր միջոցառման հովանավորը Սինոփսիս Արմենիայի հետ, իր հիմնական նպատակներից մեկն է համարում նպաստելը ԲՈՒՀ-արտադրություն փոխշահավետ համագործակցությանը: (Հ. Մուսայելյան)

 

Հանդիպում ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հավակնորդների հետ

Այսօր տեղի ունեցավ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա ավանդական հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ: Հանդիպման նպատակն էր խրախուսել ՏՏ լավագույն ուսանողներին և աշակերտներին ակտիվորեն մասնակցելու մրցանակաբաշխությանը, ինչպես նաև ներկայացնել մասնակցության պայմանները, մասնակիցների ընտրության չափանիշները և հայտադիմումների ներկայացման պայմաններն ու վերջնաժամկետը:

Ես կարծում եմ, որ կրթության ավանդական ձևերի կողքին նման մրցանակաբաշխության առկայությունը ձևավորում է մի միջավայր, որը երիտասարդների շրջանում խթանում է նոր արժեհամակարգի ստեղծմանը, այն է՝ ապավինել գիտելիքին, լինել բազմակողմանի զարգացած և ձգտել դառնալ լավագույնն իր ոլորտում: (Հ. Մուսայելյան)

_ZYX4709

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը «Հաղթողների ակումբի» անդամների և ուսանողների հետ

Այսօր Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի  «Հաղթողների ակումբի» անդամները և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի  միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողները բացառիկ հնարավորություն ունեցան հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ:

Ես կարծում եմ, որ հեղինակավոր մարդկանց հետ նման հանդիպումները չափազանց կարևոր են մեր ուսանողների և կրթական պարգևի հաղթողների համար: Նրանք անմիջական շփում են ունենում հետաքրքիր և հարուստ կենսափորձ ունեցող մարդկանց հետ և հնարավորություն են ունենում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Այս հանդիպումները չափազանց կարևոր են նաև մեր հյուրերի համար, ովքեր շփվում են լավագույն ուսանողերի հետ և ստանում են նրանցից իրատեսական արձագանք երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ: (Հ. Մուսայելյան)

 

Ինչու՞ որոշեցի ունենալ այս բլոգը:

Իրականում վերջին տարիներին բազմաթիվ ոչ վիրտուալ սոցիալական խմբերում եմ եղել. համախոհների ու գաղափարակիցների հետ հետաքրքիր քննարկումների, բանավեճերի արդյունքում ծնվել են նոր գաղափարներ, նոր նախագծեր ու ծրագրեր: Դրանցից շատերն իրականացել են, մի նոր, կարեւոր գործի սկիզբ դարձել:

Երկար եմ մտածել բլոգ ունենալու անհրաժեշտության մասին: Լայն շփումների, վիրտուալ աշխարհում ազատ արտահայտվելու պահանջից ելնելով ցանկանում եմ իմ մասնագիտական կարողությունը, աշխատանքային փորձը օգտակար դարձնել հատկապես երիտասարդներին:

Վստահ եմ, որ վիրտուալ աշխարհում իմ յուրատեսակ «հաշվետվությունը» եւ շփումները՝ շահագրգիռ, հարուստ ներուժ ունեցող մարդկանց հետ, նոր ուղիներ կբացեն: