ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ԷԿՈՆՈՄԻԿԱ պարբերականի խմբագրական խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանի գործընկերային աջակցությամբ մենք կարողացել ենք հնարավորինս անդրադառնալ ՏՏ ոլորտի վերստին զարգացման ընթացքին: Պարբերականի բոլոր թողարկումներում հավաքված ենք տեսնում առաջացող խնդիրների ուղղությամբ տարված մասնագիտական թիմի կողմից արված աշխատանքների բովանդակությունը և արդյունքները: Մեր տեսադաշտում ներկայանում են, թե տարին տարվա վրա որո՞նք են եղել դրանք, և ինչպե՞ս է հաջողվել տվյալ ժամանակի իշխանավորների առջև բարձրացնել և ապացուցողական ներկայացնել դրանց լուծման կարևորությունը:

       Նոր իրավիճակներին բնականորեն հաջորդել է կարևոր նոր անելիքների անհրաժեշտությունը:  Փորձենք հասկանալ ներկա իրողությունը:

Հովիկ Մուսայելյան-Բազմիցս ասել ենք, որ խորհրդային տարիներին երկրի տնտեսության զարգացման ուղղություններում Կրեմլի կողմից Հայաստանի համար առաքելություն էր նախանշված  միկրոէլետրոնային արդյունաբերության  զարգացումը:  Ամեն հանրապետություն ուներ իր մասնագիտացումը, հաշվի էին առնված առկա ռեսուրսները, գիտական, կրթական, արտադրական և տարբեր այլ բաներ: Արդյունքում, անկախությունից առաջ   քսան հազար մասնագետ ունեինք, բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ, ռազմական արդյունաբերության համար աշխատող փակ ձեռնարկություններ, դրանց համար կադրեր պատրաստող բուհական և միջին մմասնագիտական հաստատություններ կային: Այդ ամենը միասնական շղթայով կապված էր միութենական տնտեսական, գիտակրթական համակարգին և պլանավորվում ու ղեկավարվում էր կենտրոնական և տեղական վերադաս կառույցների կողմից:  Հիմա շատ են խոսում գիտահենք տնտեսության մասին, Խորհրդային Հայաստանը հենց այդպիսին էր, գիտնականների, ուսուցիչների, ուսանողների, գիտական կառույցների գծով բավական առաջավոր տեղերում էինք: Խորհրդային երկրի փլուզումից հետո շատ կարևոր կառույցներ ուղղակի փոշիացան, կորցրինք հստակ պլանավորմամբ երաշխավորված և աշխատանքային կարգով գործող արտադրություն-շուկա կապը, սեփականաշնորհման վայրի գործընթացը տեղի ունեցավ, պատվերները այսուհետ յուրաքանչյուրն ինքը պետք է գտներ, նոր մեխանիզմներ պիտի մշակվեին և փորձեին թույլ չտալ փլուզումը…Հեղափոխական նոր իշխանությունը ի զորու չէր, անպատրաստ էր, ու նախադեպը չունեցող այս իրականության պայմաններում մեծ կորուստներ ունեցավ երկիրը:

      Եվ մենք կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ: Այլևս մոռացան ու չէին խոսում ՏՏ-ի մասին, բարձր տեխնոլոգիաների մասին միայն լսում էինք, թե ինչ է տեղի ունենում զարգացած երկրներում, և շատ թանկարժեք ժառանգություն  քսան հազար մասնագետներից շատերը հեռացան, շատերը մանր շուկաներում կամ սեղանիկների մոտ կանգնած մանր վաճառականությամբ էին կարողանում ինչ որ բան վաստակել, մարդիկ պետք է ընտանիք պահեին:

       Բայց, բարեբախտաբար,մոլորակի արևմտյան հատվածում ևս հայությունն իր ներկայությունն ուներ՝ հանձին մասնագիտական բարձունքների հասած բարձրակարգ լուրջ անհատների:  Նրանց էին միացել նաև արտերկիր հեռացած սովետական ժամանակներում կայացած մասնագետները, որոնք երկրից հեռացել էին ոչ միայն նոր միջավայրում իրենց գիտելիքները աշխատեցնելու, այլև հեղափոխական անկայուն իրավիճակում ամենաթողության պայմաններից ազատվելու համար: Այո, եղավ ժամանակ, որ ով ինչ ասես իրեն իրավունք էր վերապահում անել, նոր տիպի ինքնակոչ հեղինակություններ էին հայտնվել, և հատկապես թիրախում էին պահում դժվարությամբ մի կերպ աշխատող այն ժամանակվա կոոպերատիվ շարժում կոչվող մասնավոր ընկերություններին: Թալանի յուրատեսակ ձև էր հայտնվել, անպատիժ կարող էին գալ ու ինչ մտքներով անցնի՝ վերցնել, իբր ռազմի դաշտ են տանում:

        Ահա նրանց, և  սփյուռքահայ մասնագետների շնորհիվ, հետաքրքիր ծրագիր իրականացվեց: Երկու կողմն էլ լավ գիտեր Հայաստանի ներուժը: ՏՏ տարբեր ոլորտների մանր մասնաճյուղեր բացելով Հայաստանում, վստահ էին, որ կոնկրետ արդյունքների հասնելով՝ կարող են դրսի ընկերությունների հետաքրքրությունն առաջացնել, և փորձել իրենց իսկ աշխատած հայտնի ընկերությունների մասնաճյուղեր բացել Հայաստանում, ինչը և հետագայում տեղի ունեցավ: Նրանք հասկացան, որ կադրերին կարելի է հետ բերել, և, քանի որ ոլորտում մեծ առաջընթաց էր տեղի ունեցել, թրեյնինգների միջոցով նրանց վերապատրաստել և բաց թողնվածը լրացնել: Ահա այսպես, բանիմաց մասնագետների ճիշտ կողմնորոշման և հստակ երաշխավորված ծրագրային հետևողական քայլերով էլեկտրոնային արդյունաբերության ժառանգությունն ունեցող մեր երկրում այն վերականգնվեց ու անմիջապես ներընձյուղվեց արևմուտքում առաջադիմած միջավայրին:

         Շատ կարևոր էր նաև հաջորդ քայլը: Մասնագետներն անհրաժեշտ անելիքների  փաթեթ ներկայացրին իշխանությանը, և, որոշները նաև իրենց վրա հանձնառություն վերցրին առանց ժամանակ կորցնելու, ժամանակակից պահանջները բավարարող կրթական ծրագրով աջակցել այդ ժամանակ կոնկրետ Երևանի Պոլիտեխնիկական համալսարանին: Դրա շնորհիվ, նոր որակի կադրերի աստիճանական համալրումը էլեկտրոնային արդյունաբերության նորաստեղծ ընկերություններում հետագայում ընդլայնվեց, այլ ընկերությունների և բուհերի նույնպես ոգևորեց նման արդյունավետ փորձով, հիմքից կամաց-կամաց վեր բարձրացավ այն, ինչ այսօր ունի Հայաստանը, և վստահ է, որ ավելին կարող է: Միայն ջանքերը համատեղելով է երաշխավորվում հաջողությունը: Մարդիկ պետք է կարողանան ճիշտ հունով տանել նպատակների իրականացման  մարդկային և ֆինանսական ներդրումները: Այդպես դրվեց մասնավոր հատված-պետություն համագործակցության սկիզբը: Եվ այն մշտապես գործուն վիճակում պահվեց:

         Պետությունը երկուհազարականներին ոլորտը հռչակեց որպես գերակա, անշուշտ, կարևոր որոշում էր դա: Անկասկած, պետության դերը կարևոր է, բայց այն չպետք է գերագնահատել: Ոլորտը ինքնաբուխ էր զարգանում, պետության դերն այն էր, որ չխանգարեր այդ զարգացմանը, և ունկնդիր լիներ առաջացող խնդիրների լուծմանը: Մասնավոր հատվածն ինքն էլ աջակցում էր ոլորտի կարևորության գիտակցումը յուրաքանչյուր հաջորդ իշխանությանը ներկայացնելը, ինչպես նաև  ձեռքբերումների վերաբերյալ  հանրության շրջանում իրազեկման աշխատանքներով կիսվելը: Սա նշանակում էր մեր երկրում նոր միջավայրի ձևավորմանը ակտիվ մասնակցություն ունենալ, ոգևորել նաև մյուսներին, բարձր նշաձող դնելը ընդօրինակելի դարձնել: Ամեն տարի աճ էր արձանագրվում, զարգացման յուրաքանչյուր նոր աստիճան զուգահեռաբար այլ ասպարեզներում նույնպես նոր որակի ձևավորման ու առաջմղման հիմքեր էր ստեղծում: Այսպիսին է բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձնահատկությունը: Ճիշտ մշակված և հետևողական աշխատանքի շնորհիվ մենք շատ լավ արդյունք ունեցանք:

          Ժամանակակից աշխարհում ոչ մի երկիր մեկուսացված չէ շուրջը տեղի ունեցող իրադարձություններից: Եվ ահա, անսպասելիորեն, այլ երկրների տարածքներում հակամարտության արդյունքում պատժամիջոցների պատճառով խաթարված աշխատանքային անորոշությունը փրկելու ելք դարձավ Հայաստանը: Այդ գոտիներից մեծաթիվ բարձրորակ մասնագետներ հենց Հայաստանը հարմար գտան իրենց ընկերությունների գործունեությունը կանոնավոր ռեժիմում պահելու համար:

         Ինչպե՞ս ընդունել և աջակցել նրանց: Ցանկացած երկիր կարիք ունի նման մասնագետների առկայության: Համեմատական առավելությունները Հայաստանի օգտին էին, երկիրը ոլորտում լուրջ առաջընթաց ունի, վերազգային խոշոր ընկերություններ էլեկտրոնային արդյունաբերության լուրջ համապարփակ միջավայր են գոյացրել, մասնագետները գործընկերային ակտիվ դաշտում շփումների և համագործակցության հնարավորություն են: Պետությունն ինքը ողջունելով նրանց մուտքը՝ լուրջ ջանքեր ներդրեց նրանց աջակցելու համար:

       Սակայն,մոտավոր հարյուր հազար ռելոկանտների արտահոսք սկսվեց: Նրանք ինչ որ պահի նպատակահարմար գտան այլ երկրներ տեղափոխվել: Ի՞նչը չգոհացրեց նրանց, սրանք  նոր խնդիրներ չեն, ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, թե անհատ որևէ նոր միջավայր ընտրելիս անպայման բազում հանգամանքներ է հաշվի առնում: Նույնը տեղի է ունեցել և այսօր էլ ամենօրյա ռեժիմով առկա է նաև արդեն մեր երկրում վաղուց կայուն աշխատող բոլոր մնացյալ ընկերությունների պահով: Այլ երկրներում արտադրություն դնելը ներդրումներ է պահանջում, և այն նաև ներդրում է տվյալ երկրի զարգացման համար: Երկուստեք շահեկան այդ միջավայրում այլ գործոններ նույնպես մեծ կարևորություն են ստանում, ինչն էլ տեղի ունեցավ կարճ ժամանակում: 2022-ին 44 հազար ՏՏ աշխատակից կար երկրում, որոնցից 12 հազարը ռելոկանտներն էին, գրանցվեց շրջանառության 1.3 միլիարդ ցուցանիշ: 2023-ին նրանք սկսեցին գնալ: Անպայման պետք է վերլուծել ու հասկանալ՝ ինչո՞ւ եկան, ինչո՞ւ են գնում:

      Երբ գալիս էին, գիտեին, որ Հայաստանը ոլորտում առաջադեմ երկիր է, վերազգային ընկերություններ կան այստեղ, հայկական կապիտալով ընկերություններ կան, և շատերը որոշեցին իրենց աշխատակիցներին տեղափոխել Երևան, քանի որ չէին կարող Եվրոպա գնալ, իսկ Հայաստան գալը հեշտ է, առանց վիզա, երկրի գրավչությունը դուրեկան էր: Իրենց երկրից հեռանում էին սանկցիաների պատճառով, Եվրոպա գնալ չէին կարող, օրը տասը չվերթով Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, ռուսական այլ քաղաքներից Հայաստան էին գալիս հույսով, շատ հավանում էին, տեսաժապավեններ էին նկարահանում ու տարածում, որ այստեղ իրենց լավ են զգում, մարդիկ բարեհաճ են, ուտելիքը, ջուրը լավն է, տպավորություն էր, որ քանակը ավելանալու է, բայց, հետո սկսեցին հեռանալ, ինչո՞ւ:

      Սռաջին հերթին, որովհետև երկու տարվա ընթացքում Երևանը դարձավ աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը՝ Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային մյուս հանրապետությունների հետ համեմատած: Նույնիսկ մեկ սենյականոց բնակարանի գնով, սնունդը, սրճարանները, ռեստորանները, ամենը միանգամից բարձրացրել են մասնավորները, իրավիճակից օգտվելու ցանկությունը մեծ է: Միջազգային չափորոշիչներով ընդունված սանդղակներով հաշվելու դեպքում ստացվել է, որ   1507 դոլար մեկ հոգու համար ամսական եկամուտ պիտի ունենա ռելոկանտը նորմալ կյանքի համար: Այս հաշվարկները ներկայացվել են իշխանություններին: Մյուս պատճառը հարկերն են, կոնկրետ հարևան երկիրը նախընտրելու դեպքում համեմատությունն այսպիսին է՝մեզ մոտ  եկամտահարկը 20տոկոս է, այնտեղ 10, մեզ մոտ շահութահարկը 10 տոկոս է, այնտեղ զրո: Եվ նաև այնտեղ ծով կա:

    Հաշվարկներից բխում է, որ գներով մրցում ենք Վարշավայի հետ, զուտ հարկային պահը հաշվի առնելով՝ մնացյալ կարևոր համեմատական առավելություննով հանդերձ, սկսում ենք կորցնելու աստիճանի հետ մնալ հարևաններից: Մեզ մոտ տարօրինակ բան է կատարվում, երբ վիճակը բարդ է ու գները բարձրանում են, ապա, երբ այն բարվոքանում է, այլևս չեն իջնում:

     Մենք հպարտությամբ ենք խոսում, որ սովետական տարիներին հաջողվել էր երկրում զարգացնել էլեկտրոնային ոլորտն ու ձևավորել համապարփակ միջավայր, և որ տարածաշրջանում մենաշնորհային առավելություն ունեինք, բայց նաև շարունակ զգուշացնում էինք, որ ոլորտը զարգացնելը ներկայում գերխնդիր է նաև այլ երկրների համար, և հատկապես տարածաշրջանում մրցակցային առավելությունը պահելը լուրջ մարտավարություն է պահանջում, որտեղ նաև այլ նուրբ հանգամանքներ կան, որոնք  հաշվի առնելը նույնքան կարևոր է: Եվ ահա, հենց միայն հարկային նպաստավոր պայմաններ առաջարկելը կարող է էապես վնասել կամ՝ հակառակը, բացառիկ  օգտակար լինել մեր երկրում տասնյակ տարիներ ի վեր տարված համառ աշխատանքի արդյունքին:

        Ուզում եմ հիշել հետևյալ օրինակը: Տարիներ առաջ Հայաստան էր այցելել Վրաստանի այն ժամանակվա նախագահ Սահակաշվիլին: Ծրագրում նաև Սինոփսիս այց կար, եկավ, հիացավ, և ասաց, որ ծրագիր ունեն իրենց մոտ նույնպես  զարգացնել ոլորտը, ինչին մենք թերահավատ էինք, քանի որ իրենց մոտ երբեք այդ ոլորտը զարգացած չի եղել: Բայց  նա վստահ էր դրանում, ասաց՝ կտեսնեք, որ կարող ենք, և ինքը ճիշտ դուրս եկավ: Հարկային նպաստավոր պայմանները ռելոկանտ բարձրակարգ մասնագետների համար հրապուրիչ է դարձնում  Վրաստանը:

        -Երկար տարիներ լրագրողական աշխատանք տանելով ձեր միջավայրում ինքս արդեն համոզվել եմ, որ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքը այնքան էլ արտոնություն չէ, որովհետև  այն որոշ ժամանակ անց վերադառնում է և երկրում միջավայր է փոխում: Ոլորտում ներգրավված աշխատուժը ամենօրյա ռեժիմով բարելավում է բերում ամենուր, դառնում է ապագայի երաշխավորը: Եվ այդ մասին դուք ամեն անգամ նորից ու նորից մանրամասներ եք բացում:

        Հովիկ Մուսայելյան-Մեր երկրում, մեղմ ասած, այնքան էլ չեն սիրում բարձր աշխատավարձ ստացողին: Հեգնում են, քննադատում են, թե՝ ինչ է անում, որ այդքան բարձր աշխատավարձ է ստանում: Մի պահ պատկերացրեք, թե այդ կարգավիճակին հասնելու համար տվյալ անհատը ինչպիսի ճանապարհ է անցնում, ինչը դեռ պատանի հասակից արհամարհել են ուրիշները: Այդ մասնագետը դեռ դպրոցում է ջանք թափել, սովորել, գիտելիք հավաքել, իրեն շատ բաներից զրկել, քանի դեռ ուրիշները բակում խաղում էին, ինքը սովորում էր, հետո էլ շարունակում էր վերապատրաստվել, հետևաբար, նա վաստակել է ավելի գնահատված լինելը: Պետք է հասկանալ, որ այս ոլորտի մեկ աշխատողը չորս-հինգ նոր աշխատատեղ է ստեղծում այլ ոլորտներում: Իսկ բարձր աշխատավարձի շնորհիվ մարդը կարողանում է իր ընտանիքի, հարազատների  համար բարեկեցիկ  կյանք ապահովել, կարողանում է ամենատարբեր ծառայություններից օգտվել, ինչի արդյունքում շահում են նաև դրանք, այլ ոլորտներ են զարգանում, հասարակության տարբեր շերտերի և ընդհանրապես հանրության կենսապայմանների որակն է բարձրանում: Ընտանեկան վիճակդ բարելավվում է, գնողունակությունդ բարձրանում է, բնակարաններ ես ձեռք բերում, ճամփորդում ես, զվարճանքի, մշակութային ոլորտներ ես այցելում, շինարարությանն ես նպաստում, առևտրին: Սա լրջագույն խնդիր է, և, եթե չենք հասկանում, չենք գնահատում այս պահանջը, առաջ գնալ չենք կարող: Ինչո՞ւ, որովհետև հարևաններդ կարող են քեզնից առաջ ընկնել, որովհետև մասնագետներին գայթակղելու ամենատարբեր միջոցներ են ձեռնարկվում, որոնք կզրոյացնեն քո ունեցած մնացյալ առավելությունները, քո մասնագետներին դուրս կտանեն երկրից այնտեղ, որտեղ կտեղափոխեն իրենց ընկերությունները: Սա ժամանակակից տնտեսվարման առանձնահատկություններից է նաև, միջազգային շուկայում տեղաշարժվելու հնարավորությունները ենթադրում են հնարավորինս առավելագույն առավելություններ ունեցող երկրներ ընտրել:

      Մինչդեռ, հաշվարկը ահա հետևյալն է՝ ոլորտի 40 հազար աշխատակիցները 250 հազար նոր աշխատատեղ են ստեղծում ամենատարբեր այլ ոլորտներում: Ընկալումը չկա, և դա լրջագույն խնդիր է: Մինչդեռ ոլորտը արագ կողմնորոշվելու միջավայր է, նույնիսկ պետք է առաջանցիկ իրողությունները հաշվարկելու հմտությունն ունենաս:

        Պետությունը հաճախ է ընդառաջել, ստարտափերը հարկերից ազատված են, բայց դա տասնյոթ թվին եղավ: Այլ օրենքներ նույնպես մշակվել են, բայց նաև ինչ որ մեկի մտքով անցել էր շքեղության հարկ կոչելով երկու մլնից ավել աշխատավարձ ստացողների վրա նոր 36 տոկոս հարկ  դնել: Պայքարեցինք, իջեցրին, հիմա քսան տոկոս է: Երկու մլն աշխատավարձը շքեղություն էր համարվում: Տասնութ թվին դա փոխվեց, իսկ տեսեք, թե չակերտավոր մեր հարևան մեծ երկրում դրա հակառակն են անում, եկամտահարկն ու շահութահարկը զրո տոկոս է, ամենաբարձր աշխատավարձը դպրոցի ուսուցչինն է, և շատ մեծ մրցակցություն  կա ուսուցիչ աշխատելու համար:

          Արմատական մոտեցումներ են պետք, որպեսզի կարողանանք մեր սահմանափակ ռեսուրսը, մեր եսը, որպես քաղաքական միավոր, պահել և արդյունավետ տիրապետել: Մենք շարունակաբար գոյաբանական վիճակում ենք մեզ պահում, անընդհատ ուրիշների հույսին լինել չի կարելի, պետք է կարողանալ գտնել մնացած մրցակցային առավելությունների հիմնական կորիզը, և դրա վրա կառուցել տնտեսությունը:

        -Մեր երկրի համար մշտապես ասվել է ու կարևորվել  մարդկային ռեսուրսը, նա  է եղել որոշիչը, որ մեր երկրում թեկուզև ՏՏ ոլորտի զարգացումը մարդկային ներուժի վրա էր: Սովետական ժամանակներում համահարթեցումը մեզ սովորեցրել էր յոլա գնալուն, ձգտումների տեղ չկար, բոլորը միանման կենցաղային վիճակում էին, կենսապայմանների բարելավման հարցում առանձնապես հնարավորություններ չկային: Յոլա գնալուց, գոյաբանականից վեր բարձրանալ է պետք, ի վերջո: Այսօրվա երիտասարդը ձգտում է բարելավել իր կյանքի որակը, և նա պետք է մոտիվացիա   ունենա լավ մասնագետ լինելու, պահանջված  լինելու: Եվ նա այսօր արդեն կկարողանա բարձր աշխատավարձ ստանալ ու իր դարն ապրած հնացած բնակարաններից դուրս գալ, նույնիսկ սեփական այնպիսի տուն ունենալ, ինչը ժամանակին գերհարուստների մենաշնորհն էր դիտվում:

       Հովիկ Մուսայելյան-Այո, եթե դու ինքդ քեզ չգցես փոսը, քեզ կհրեն, կգցեն, Շատ կարևոր է մոտիվացիան, պետք է սովորող լինես, գիտելիք կրող լինես, լավ մասնագետ լինես: Դա լուրջ աշխատանք է, որին մղում է դրա արդյունքում ակնկալվող ձեռքբերումը, հնարավորությունները:

          Խորհրդային տարիներին գիտնական լինելը, գիտությամբ զբաղվելը գիտությունների թեկնածու դառնալը աշխատավարձիդ էական ավելացում էր նշանակում, երկրի փակ դռները բացվում էին, հնարավորություն էիր ստանում արտերկիր գնալ, տարբեր սիմպոզիումների մասնակցել: Նույնը արտադրությունում էր: Ես աշխատել եմ արտադրությունում, համահարթեցված հարյուր քսան հազար ռուբլի աշխատավարձ ստանալով ընտանիք պահելը հեշտ չէր: Բայց, լրացուցիչ վաստակի հնարավորություն էր նորարարական, ռացիոնալիզատորական առաջարկով հանդես գալը: Ամեն տեղ հատուկ հանձնաժողովներ կային, որոնք քննում էին  այդ առաջարկները, ու, եթե դրանք ընդունվում էին, լրացուցիչ գումար էիր ստանում, քո խելքով, քո անձնական շնորհների միջոցով փող վաստակելու մոտիվացիա էր:

       -Հաստատենք, որ այս ոլորտում պետություն-մասնավոր համագործակցությունը արդյունավետ է եղել: Բոլոր կառավարությունների հետ արդյունավետ երկխոսություն է իրականացվել: Սա շատ կարևոր եմ համարում, որովհետև պետությունը առաջարկներ է խնդրել, և մասնավոր հատվածից ստացել է դրանք, և համապատասխան որոշումներով կյանք մտցրել:

      Հովիկ Մուսայելյան-Դու դա անմիջապես տեսել ես, որովհետև երկար տարիներ ներկայացրել ես այս ոլորտի զարգացման ընթացքը: Այո, տեսել ես նաև այն, որ մեզ համար կարևոր է եղել պետության կողքին լինելը, քաղաքականությունից հեռու, բայց պետության կողքին համագործակցված աշխատանքի արդյունքը գոհացուցիչ է: Մենք սիրով ներկայացրել ենք այն կարևոր անելիքները, որոնք անհրաժեշտություն էին ոլորտի զարգացման համար, բոլոր իշխանությունները դրանց ընթացք են տվել, և իրականում համոզվել դրանում: Անկախ նրանից,  թե տնտեսության որ ոլորտի մասին է խոսքը, երբ պետական կառույցում որևէ որոշում է նախաձեռնվում, այն ցածր օղակից է սկսվում, հետո նոր բարձրանում վերև, և ավելի հաճախ այդ մարդիկ լավատեղյակ չեն լինում խնդիրներից: Բարեբախտաբար, մեր խոսքը լսելի է եղել, և հիմա էլ ակտիվ աշխատում ենք, հանդիպումներ ենք ունենում,նորահայտ լրջագույն  հարցեր ենք քննարկում, պետությունն էլ պիտի վստահ լինի, որ եթե ինչ որ տեղ զիջելու է, ապա երաշխիք պիտի ունենա, որ ապագայում մեծ վերադարձելիություն է ունենալու: Այդ քննարկումը ակտիվ գնում է, կողմերը պետք է կարողանան խնդիրը առավել խորքային ընկալեն: Հուսանք, որ կլինեն որոշումներ, որ ռելոկանտները չեն մտքափոխվի և այլ երկիր չեն ընտրի իրենց գործունեությունը իրականացնելու համար:

       Իհարկե սա հեշտ խնդիր չէ, ոլորտում կան վերազգային ընկերություններ, հայկական կապիտալի վրա հիմնվածներ, ստարթափեր, դրսից եկած ընկերություններ, և ներսում նույնպես շահերի բախում է առաջանում: Մենք ասում ենք, որ եթե որևէ առավելություն պիտի տրվի, ապա նրանց, որոնք կրթական, հետազոտական աշխատանքներ են անում, լրացուցիչ ոլորտներում են ներդրումներ անում, որից օգտվում են նաև մյուսները, և այդ կերպ միասնական դաշտը առավել արագ է վերափոխվում, դիմակայում մարտահրավերներին: Պետությունը պիտի կայացնի այնպիսի որոշումներ, որ շահերի բախումներ չլինեն, և ոլորտի զարգացումը շահեկան վիճակում լինի:

Լուսյա Մեհրաբյան

Leave a comment