

Խմբագիր – Ուզում եմ զրույցն սկսենք մի քիչ հեռվից: Մասնագիտության բերումով խորհրդային տարիներին Հայաստանում նոր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ձեռնարկություններին ծանոթ էի, իհարկե` քիչ, որովհետև դրանք հիմնականում փակ հիմնարկներ էին, նաև հետևել եմ անկախությունից հետո տեղի ունեցած գործընթացներին, ոլորտի քայլ առ քայլ վերազարթոնքին: Դուք այսօր ոլորտում շատ հեղինակավոր դերակատարություն ունեցող անձանցից եք, սակայն մասնագիտությամբ բոլորովին այլ ճյուղի ներկայացուցիչ եք: Դուք կարողացել եք և ձեր առաջին մասնագիտությունն օգտագործել, և աշխատանքային կենսափորձը, և նոր ժամանակներում, նոր իրողությունների պայմաններում դառնալ տնտեսության համար առաջնային նշանակության ոլորտի առաջատար ղեկավարներից մեկը: Ահա արդեն տասնյոթ տարի է դուք ՏՏ ոլորտում եք, և այդ բոլոր տարիներին քայլ առ քայլ վերականգնվեց նախկին համբավը, նորահայտ բազմաթիվ խնդիրներ լուծվեցին, կառավարությունը հետևողականորեն մեծացնում է ճյուղի հանդեպ ուշադրությունը: Հայաստանի ու հայ ժողովրդի համար իր երկիրը զարգացնելու հեռանկարային ճանապարհը մեր աչքի առաջ նորովի հարթվեց:
Հովիկ Մուսայելյան – Ինչպես գիտենք, մոտ տասներկու տարի առաջ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակեց տնտեսության գերակա ճյուղ: Իհարկե, նման կարևոր որոշման համար լուրջ հիմքեր կային, և նոր իրավիճակում հաջողություն ուն ենալու ամենալավ հնարավորությունները հենց այս ճյուղում ունեինք: Ճյուղի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները աստիճանաբար կայացան, օրինակ, կայուն էլեկտրամատակարարում, հասանելի և մատչելի ինտերնետ, երկրում ներդրումներ անելու համար նպաստավոր թե’ աշխարհաքաղաքական, թե’ բիզնես միջավայր, երկրի նոր վարկանիշի ձևավորում և այլն: ՏՏ ոլորտն առանց միջազգային հանրահայտ ընկերությունների մուտքի, ներդրումների, առանց միջազգային չափորոշիչներին կրթության որակի համապատասխանեցման, աշխատանքային նոր մշակույթի ձևավորման հնարավոր չէ: Իսկ այս ամենին հասնելու համար և գործընկերներ էին հարկավոր, որոնք քո մեջ պիտի տեսնեին իրենց համար շահեկան հեռանկարը, և ժամանակ, որպեսզի քայլ առ քայլ այդ ամենը նորովի ստեղծվի: Continue reading →