Տնտեսության այս ճյուղն արձանագրում է տարեկան 20—25 տոկոս աճ
Հայաստանում ՏՏ ոլորտը համարվում է ամենադինամիկ զարգացող ճյուղերից, եւ ՀՆԱ—ում ոլորտի տեսակարար կշիռը կազմում է մինչեւ 4 տոկոս։ Ոլորտը տարեկան արձանագրում է 20—25 տոկոս աճ։ Զբաղվածությունը առհասարակ տեղեկատվական հեռահաղորդակցության ոլորտում եւս զգալիորեն մեծ է եւ գերազանցում է 15 հազարը։ Այս ցուցանիշները, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի համոզմամբ, բարձր են ե՛ւ տնտեսության մեջ, ե՛ւ ստեղծում են հավելյալ արժեք։
Ոլորտի ձեռ բերումների մասին կատարելով իր դիտարկումները, երեկ լրագրողների հետ հանդիպմանը ընկերության տնօրենը մի շարք փաստարկներ առաջ բերեց։ ՏՏ ասպարեզում մեր երկրի հաջողություններն ակնառու են եւ գոհացուցիչ։ Ըստ նրա, ուշագրավ է այն փասը, որ կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում շատ ավելին է։ «Այս ցուցանիշով մեր երկրի դիրքերը բավական բարձր են։ Օրինակ՝ ԱՄՆ—ում այս ցուցանիշը հասնում է մինչեւ 9,5 տոկոսի, իսկ Հայասատանում՝ 27 տոկոսի։ Այս ձեռքբերումը լուրջ հաջողություն է այն պարագայում, երբ ՏՏ ոլորտը բավական բարդ ինժեներական, ճարտարագիտական աշխատանք է պահանջում եւ լուրջ կենտրոնացում, մեծ աշխատասիրություն եւ բարձր պատասխանատվություն»,–նշեց Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ կանանց շրջանում բավական մեծանում է նոր տեխնոլոգիաների հետ առնչվելու ձգտումը, եւ ՏՏ ոլորտում կանանց ներգրավված լինելու տոկոսը աճելու միտում ունի։
Երկրի մրցակցային առավելություններից բանախոսը կարեւորում է մարդկային կապիտալի առկայությունը, որի ձեւավորման եւ զարգացման հիմքը կրթությունն է։ Ըստ որոշ հաշվարկների, տեխնիկական բուհերի շրջանավարտների մոտ 10 տոկոսն է կարողանում անմիջապես աշխատանք գտնել, ինչը պայմանավորված է երկու գործոնով։ Դրանցից առաջինը բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ոչ վերապատրաստված լինելն է՝ հաշվի առնելով ոլորտի դինամիկ զարգացման միտումները։ Իսկ երկրորդ խնդիրը՝ բուհերի տեխնիկական հագեցվածության խնդիրն է, լաբորատորիաների սակավությունը, ինչը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում։ Ուստի պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությունը, ըստ ոլորտի ներկայացուցչի, լավագույն միջոցն է առկա խնդիրները հաղթահարելու։