Silicon Mountains-ն արդեն բրենդ է դարձել. հաջորդ տարի այն կգնա Սիլիկոնային հովիտ

18 նոյեմբերի, 2024 20:36

Silicon Mountains 2024 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովն ամբողջությամբ նվիրված է արհեստական բանականությանը (ԱԲ). սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱԲ-ն դառնում է արդեն մեր առօրյայի մի հսկայական մասը: Այս մասին Silicon Mountains 2024 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Silicon Mountains-ն արդեն բրենդ է դարձել. հաջորդ տարի այն կգնա Սիլիկոնային հովիտ

Հովիկ Մուսայելյանը նշեց, որ գագաթաժողովի ընթացքում քննարկվում էին հարցեր, որոնք վերաբերում էին ԱԲ գործիքակազմի կիրառմանը տնտեսության տարբեր ոլորտներում՝ ֆինանսներ, առողջապահություն, մեքենաշինություն և այլն: Այսինքն՝ չկա մի ոլորտ, որտեղ ԱԲ -ն չի ներթափանցել։ Նա վստահություն հայտնեց, որ թե՛ ունկնդիրների, թե՛ մասնակիցների համար շատ հետաքրքիր թեմաներ են քննարկվել, իսկ ամենակարևորը, ըստ նրա, այն է, որ մարդիկ հնարավորություն ունեին նաև հարցեր տալ կոնկրետ մասնագետներին, ստանալ դրանց սպառիչ պատասխանները։

«Silicon Mountains-ն արդեն բրենդ է դարձել և ես շատ ուրախ եմ դրա համար։ Հաջորդ տարի Silicon Mountains-ը գնալու է Սիլիկոնային հովիտ, արդեն նախապատրաստական աշխատանքներն արվում են: Սա նշանակում է, որ այս հավակնոտ ծրագիրն արդեն այն մակարդակի է, որ մենք կարող ենք արդեն, արտահանել։ Կարծում եմ, որ դրանից հետո կհետևեն նաև «Սիլիկոնային սարեր» ֆորումների կազմակերպում, նաև այլ երկրներում։ Այստեղ կարևոր չէ, որ անպայման Հայաստանից դուրս լինի, թիրախային պետք է լինեն այդ երկրները՝ Միացյալ Նահանգներ, Հնդկաստան, Չինաստան և այլն։ Արդեն դրա քննարկումներն ընթանում են»,- հայտարարեց Մուսայելյանը:

Հայաստանն ԱԲ ոլորտում մեծ դերակատարում կարող է ունենալ

«Հայաստանում կան 4000-ից ավելի ՏՏ ընկերություններ, որոնց շարքում են նաև մի քանի տասնյակ վերազգային բավական խոշոր ընկերություններ: Այդ 4000 ընկերություններից շատերը, կարծում եմ, մեծ մասամբ առանց արհեստական բանականության կիրառման գործունեությունը չեն կարող ապահովել, որովհետև կյանքը գնում է առաջ, խնդիրները շատ արագ փոխվում են և հարմարեցվում են այսօրվա պահանջների հետ: Միայն այս ընկերությունների ներկայությունը Հայաստանում արդեն իսկ հույս է ներշնչում, որ մենք լուրջ դերակատարում կարող ենք ունենալ այդ առումով»,-ասաց Մուսայելյանը:

Նրա խոսքով, այդ վերազգային ընկերություններում լուրջ աշխատանքներ են տարվում, ու թեև դրանք ավելի շատ վերաբերում են գլոբալ շուկային, բայց փաստը, որ մեր մասնագետներն են դրա մեջ ներգրավված, արդեն մեծ հաջողություն է։

ՏՏ ոլորտի «Նոբելյան մրցանակ»

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը բացառիկ է այդ ոլորտում Հայաստանի ճանաչելիության և հեղինակության բարձրացման, նաև, համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի հսկաներին և մեծ դերակատարում ունեցող մարդկանց մեր երկրի հետ ինտեգրելու առումով, ասում է Մուսայելյանը: Նրանք գալիս են այս մրցանակը ստանալու և շփումներ են ունենում մեր երիտասարդների, ուսանողների հետ, տեխնոլոգիական և գիտակրթական ոլորտի հանրության հետ:

«Մեծագույն հաջողություն է նման մարդկանց հետ ոչ ինտերնետով, ոչ օնլայն տարբերակով շփվելը, այլ տեսնել, զրուցել, իրենց կարծիքները, խորհուրդներ հարցնել: Կարծում եմ, որ շատ մեծ բան է տալիս Հայաստանին»,- ասաց նա՝ նկատելով, որ միայն Հայաստանում է նման ամենամյա մրցանակաբաշխություն կազմակերպվում:

Մուսայելյանը հիշեց, որ երբ Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը եկել էր ստանալու իր մրցանակը, ոգևորված ասել էր, որ ՏՏ ոլորտում չկա Նոբելյան մրցանակ և ինքը, այս մրցանակը ստանալով, համարում է, որ սա հենց Նոբելյան մրցանակ է այս ոլորտում։ «Պատկերացրե՛ք, փոքր Հայաստան, Սթիվ Վոզնյակ, Apple, մի ամբողջ թվային աշխարհ և նման հայտարարություններ։ Մեզ համար, իմիջիայլոց, շատ կարևոր էր, թե ովքեր էին առաջին հաղթողները լինելու, որովհետև հետո ավելի հեշտ էր լինելու: Մյուս հավակնորդները տարիներ հետո նայելու էին, թե ովքեր են իրենցից առաջ հաղթել և դրանով էին պատկերացում կազմելու այս մրցանակաբաշխության հեղինակության, տրամաչափի, ստատուսի վերաբերյալ»,- ասաց «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրենը:

Անդրադառնալով նրան, որ այս մրցանակաբաշխությունը գումարային բաղադրիչ չունի՝ նա ասաց. «Ի սկզբանե, երբ այս առաջարկն արեցինք, մեզ ասացին՝ գումարային բաղադրիչ պետք է լինի, գոնե մեկ միլիոն դոլար, որպեսզի մարդիկ գան: Սակայն մենք այնպիսի հավակնոտ ծրագիր էինք ուզում իրականացնել, որ այն մարդիկ, որոնք ակնկալում էինք, որ պիտի գային, այդ միլիոն դոլարը իրենց համար կարելի է ասել՝ փող չէր։ Շատերն իրենց սեփական ինքնաթիռներով են եկել այս 14 տարիների ընթացքում: Եղել է հաղթող, որ եկել է, միլիոն դոլարի չեկ է գրել մեր համալսարաններից մեկին, նվիրաբերել է այդ միլիոնը։ Խոսքը «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլայի մասին է, որը մեկ միլիոն դոլար նվիրաբերեց Ամերիկյան համալսարանին: Այսօր էլ, փաստը, որ Նարայանա Մուրտին Հայաստանում է, շատ մեծ բան է մեզ համար»: 

Մրցանակակիրը պետք է գա Հայաստան և մրցանակը ստանա ՀՀ ղեկավարից

Հովիկ Մուսայելյանն ասում է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունում հաղթողները դառնում են հայկական ակումբի անդամ ամբողջ աշխարհում, մեր տեխնոլոգիական յուրօրինակ դեսպանները: Իրենք դրա մասին խոսում են դրսում, իրենց երկրներում, իրենց շրջանակներում:

«Մենք այստեղ ի սկզբանե մի շատ կարևոր սկզբունք ենք որդեգրել, որ միջազգային հանձնաժողովը հաղթողին կորոշի միայն այն դեպքում, երբ այդ մրցանակակիրը նախօրոք կասի, որ ինքը մրցանակը ստանալու դեպքում անպայման կգա Հայաստան և պետության ղեկավարից կստանա այդ մրցանակը։ Մեր նպատակը այն չէ, որ իրենց մրցանակ տանք։ Մեր նպատակը այն է, որ իրենք գան Հայաստան։ Այդ նպատակն իրականացնելու համար մենք ստեղծել ենք մրցանակաբաշխություն։ Սա է տրամաբանությունը»,- ընդգծեց նա: 

Հայաստանը Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտն էր

Ամբողջ աշխարհում միայն Հայաստանում է իրականացվում մինչև 30 տարեկան երիտասարդների միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադա։ Այսինքն՝ այս ոլորտի մարդիկ գիտակրթական կենտրոնները, համալսարանները աշխարհում գիտեն, որ Հայաստանում է այդ օլիմպիադան: Եվ պատահական չէ, որ Հայաստանն ամեն տարի հյուրընկալում է 15-ից 20 երկրի օլիմպիադաների հաղթողներին:

Նրա խոսքով, դա Հայաստանին տալիս է ճանաչողություն. «Մենք հանդգնել ենք նման գաղափար ունենալ և իրականացնել, որովհետև մենք խորհրդային տարիներից սկսած ունեցել ենք լրջագույն ավանդույթներ այս ոլորտում։ Միկրոէլեկտրոնիկայի ինդուստրիան եղել է Հայաստանի առաքելությունը։ Եվ երբ հարցնում են՝ բայց ինչո՞ւ Հայաստանում, Հայաստանը որտե՞ղ է, ասում ենք. «Հայաստանը Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտն էր, ինչո՞ւ եք զարմանում»:

«Սինոփսիս Արմենիան» մտադիր է աշխատողների թիվը հասցնել 2000-ի

Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ երբ 2004-ին «Սինոպսիս»-ը մուտք գործեց հայկական շուկա, ի սկզբանե պարզ չէր, թե ինչքան երկարաժամկետ է լինելու նրա ներկայությունը, ի՞նչ զարգացումներ կունենա, քանի որ իրենց համար էլ դա փորձարարական բան էր: «Բայց հետո հասկացան, որ մենք համալսարանների հետ համագործության հնարավորություններ ունենք, նաև մինչ այդ ձեռք բերեց 4 ամերիկյան ընկերություններ, որոնցից մեկը Leda Design ընկերությունն է, որն արդեն 3-4 տարի է՝ Պոլիտեխնիկական համալսարանի հետ ամբիոն է ստեղծել: Հիմնական պատճառներից մեկը, որ «Սինոփսիսը» եկավ Հայաստան, նաև դա էր»,- ասաց նա։

Մուսայելյանը նշեց, որ դրանից հետո ընդլայնեցին համալսարանական ծրագրերը. «Մենք ամբիոններ ստեղծեցինք Երևանի պետական համալսարանում, Սլավոնական համալսարանում, Եվրոպական համալսարանում, անցյալ տարվանից արդեն Ֆրանսիական համալսարանում: Հիմնական նպատակն է՝ պատրաստել բարձրորակ կադրեր միկրոէլեկտրոնիկայի սխեմաների նախագծման ասպարեզում աշխատելու համար։ Ես շատ ուրախ եմ, որ մենք, ըստ էության, հիմա նախապատվորեն մեզ համար ենք պատրաստում կադրեր, որովհետև 100%-ով բոլորին աշխատանքի առաջարկ ենք անում, որը չէինք անում տարիներ առաջ: Հիմա պահանջարկը կա աշխատակիցներ ընդունելու, և մենք նույնիսկ մտածում ենք ընդունվողների քանակն ավելացնելու մասին։ Կան ամբիցիոզ ծրագրեր: Հիմա մենք 1300 աշխատող ունենք, ուզում ենք դառնալ 2000, որի համար պետք է ինքներս մեր որակյալ կադրերի պատրաստման մասին մտածենք»,- ասաց նա։

Մուսայելյանն ընդգծեց, որ ՏՏ ոլորտի հիմնական խնդիրն այսօր որակյալ կադրերի պակասն է. «Կադրերը կան, բայց որակյալ կադրերն աշխատանք ունեն տարբեր ընկերություններում: Երբ դու կարիք ես ունենում որակյալ կադր ընդունելու, տեսնում ես, որ դա խնդիր է։ Դրա համար դու պետք է ինքդ գումարներ ծախսես, ներդրումներ անես, ինքդ պատրաստես այդ կադրերին»:

Եթե ԱԲ-ն ճիշտ չօգտագործեն, կործանման կգնանք

Մուսայելյանն ասում է, որ տեղեկություն չունի, որ ԱԲ ներդրման արդյունքում Հայաստանում ՏՏ ոլորտում մարդկանց կրճատում են։ «Միգուցե ժամանակի ընթացքում լինի այդպես: Ամբողջ խնդիրն այն է, որ նման հարցադրումն անելիս մենք պետք է ասենք Տ ոլորտի որ ճյուղի մասին է խոսքը: Ինչ-որ ճյուղում կարող է իսկապես մարդկային գործոնը շատ դեր չունենալ, ինչ-որ ճյուղերում էլ առանց մարդկային գործոնի հնարավոր չէ: ՏՏ-ն ինքը բազմաճյուղ, բազմաֆունկցիոնալ համակարգ է իրականում»,- ասաց նա։

Մուսայելյանը նշեց, որ իրենց գործունեության մեջ ԱԲ-ն մեծ տեղ է զբաղեցնում և պետք է աշխատել հետ չմնալ ժամանակակից միտումներից, այլապես հետ կընկնես ամեն ինչից:

Մուսայելյանը խոսեց նաև ԱԲ վտանգներից. «Այդտեղ նաև վտանգավոր բաներ կան: Առաջ մենք կոնսպեկտներ էինք անում, լեկցիաներ էինք լսում: Հիմա արհեստական բանականության գործիքակազմը օգտագործելով, այդ լեկցիաները նստած տեղդ լսում ես, ինչ ուզում ես՝ ինքը գրում է: Ասում ես՝ այս ռեֆերատը գրի, ինքը քո տեղը գրում է, բայց այդ դեպքում դու ինչքանո՞վ ես խորանում առարկայի մեջ: Արհեստական բանականությունը շատ նուրբ և պայթյունավտանգ բան է: Եթե դու իրեն ճիշտ չօգտագործեցիր, մարդկության ընթացքը դեպի դրական հուն փոխելու ուղղությամբ, ինքը կարող է հակառակ ուղղությամբ աշխատել»:

Ըստ նրա՝ այս առումով մյուս մարտահրավերը ռազմաարդյունաբերությունն է. «Տարբեր կոնֆլիկտներում մենք այսօր տեսնում ենք դրա օրինակները, այդ հիբրիդային պատերազմը, անօդաչու թռչող սարքերի մոդեռնիզացիան: Վտանգները շատ-շատ են, բայց միաժամանակ ԱԲ-ն այնքան դրական բան կարող է ունենալ։ Այստեղ շատ կարևոր է, որ մարդիկ, որոնք այսօր պատասխանատու են համաշխարհային անվտանգային ամբողջ համակարգի համար, լինեն իմաստուն, լինեն բարեխիղճ, բարոյական որոշակի նորմեր ունենան, որ կարողանան սանձել, այդ ռիսկերը արագ գնահատել: Հակառակ դեպքում երկրագնդի կործանման ճանապարհով ենք գնալու»,- ասաց Հովիկ Մուսայելյանը: 

Այստեղ, ըստ նրա, մեծ դեր ունեն պետությունները. «Պետությունը պետք է մտածի իր մոտ այդ ամբողջ այդ կարգավորումն ունենալու մասին, և՛ կիբեռանվտանգության տեսանկյունից, և՛ ամբողջ պաշտպանական համակարգի անվտանգության տեսանկյունից, և՛ ֆինանսական անվտանգության, և՛ սննդի անվտանգության, բոլոր այդ անվտանգային համակարգերը պետության անձրևանոցի տակ պետք է լինեն: Պետությունն ինքը պետք է ստեղծի այնպիսի նորմեր, կատարի այնպիսի քայլեր, որ կարողանա ռիսկերը ճիշտ գնահատելով, խելամիտ որոշումներ ընդունելով, երկիրը զարգացնի: Ուրիշ տարբերակ չկա ուղղակի»: 

Նշենք, որ Silicon Mountains-2024 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը Երևանում անցկացվել է նոյեմբերի 15-ին։ Այս տարի միջոցառումն ունեցել է ավելի քան 1000 մասնակից։ Գագաթնաժողովն այս անգամ նվիրված էր տնտեսության մեջ ԱԲ կիրառությանը և մարտահրավերներին։ Միջոցառման ժամանակ եղան առանձին ելույթներ և պանելային քննարկումներ։

Առաջին քննարկման ժամանակ, որը վերնագրված է «Industry.ai», քննարկվեց ԱԲ զարգացումն ու կիրառումը արդյունաբերության տարբեր ոլորտներում: «Invest.ai» խորագրով երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր ԱԲ ֆինանսական ասպեկտներին, ԱԲ ստեղծման, զարգացման և կիրառման մեջ ներդրումներ կատարելու առավելություններին:  Երրորդ պանելային քննարկման՝ «Impact.ai»-ի ժամանակ, քննարկվեցին ԱԲ սոցիալական ազդեցությունը:

Միջոցառման հատուկ հյուրերն էին Infosys ընկերության հիմնադիր, ՀՀ պետական մրցանակի 2023-ի դափնեկիր Նարայանա Մուրտին և Կենտրոնական և հյուսիսային Եվրոպայում գործող SIEMENS EDA-ի տնօրեն Սաշա Ահնեն։

Գագաթնաժողովն անցկացվում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Գագաթնաժողովի պլատինե գործընկերը Ucom-ն է։

Միջոցառման մեդիա գործընկերը NEWS.am տեղեկատվական-վերլուծական գործակալությունն է:

Գագաթնաժողովի գործընկերների թվում են նաև EasyPay-ը, Visa-ն, Synospys-ը, Staffmedia-ն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, USAID-ն, UNICOMP-ը: 

Leave a comment